HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Արդեն երեք օր է՝ Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում

Մայիսի 9-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան։ Երթը սկսվել էր մայիսի 4-ին՝ Կիրանցից։ Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների հիմնական պահանջը հատվածական սահմանազատման գործընթացի դադարեցումն էր։

Մինչ Երևան հասնելը թե՛ Սրբազանը, թե՛ Սուրեն Պետրոսյանը, ով ևս առաջնորդում էր երթը, վստահեցնում էին, որ Փաշինյանի հրաժարականի պահանջ իրենց օրակարգում չկա։ Մայիսի 9-ին հասնելով Երևան՝ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մեկ ժամ տվեց Փաշինյանին հեռանալու համար։

«Պատրաստ եմ մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու հեռանալու բոլոր պայմանավորվածությունները: Դուք այլևս իշխանություն չունեք, և Ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց Եռատոնը»,- ասաց Սրբազանը:

Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց այս պահանջին։ Դրանից հետո Սրբազանը հայտարարեց, որ Փաշինյանի հեռացմանը հասնելու են Խորհրդարանում նրան իմպիչմենտի ենթարկելու միջոցով։

«Առաջին քայլը, որ անելու ենք, բնականաբար, լինելու է Ազգային ժողովում նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ-ի երեք խմբակցությունների հետ»։

Հանրահավքի վերջում Բագրատ Սրբազանը հայտարարեց հաջորդ օրվա անելիքների մասին։ Նա հորդորեց խաղաղ անհազանդության ակցիաներ իրականացնել:

«Դիմում եմ ողջ ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու»-, ասաց Սրբազանը։

Հանրահավաքից հետո, երբ դեռ ժողովրդի մի մասը հրապարակում էր, մի բեռնատար ավտոմեքենա մտավ հրապարակ և սկսեց ընթանալ ցուցարարների ուղղությամբ։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չտուժեց։ Ոստիկանները բերման ենթարկեցին վարորդին։ Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր․ «Նախնական  տվյալներով վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում և ըստ իր խոսքերի՝ եկել էր հրապարակ ցույցին մասնակցելու համար»։

Մայիսի 10-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։ Մի խումբ ուսանողներ ակցիա էին իրականացնում ԵՊՀ-ում՝ կոչ անելով ուսանողներին միանալ Բագրատ Սրբազանի շարժմանը։ Սրբազանը քայլերթ սկսեց Հանրապետության հրապարակից։ Նա քայլերթի մասնակիցների հետ գնաց Երևանի պետական համալսարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Բրյուսովի անվան պետական համալսարան։ Քայլերթի ընթացքում լրագրողները փորձեցին ճշտել՝ արդյոք Տավուշի թեմի առաջնորդը հավակնում է դառնալ վարչապետ։ Սրբազանը պատասխանեց․ «Ո՛չ այդպիսի հավակնություններ ունեցել եմ, ո՛չ էլ ցանկություն ունեմ, բայց եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, Հայոց հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ»։ Սակայն Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է և ըստ ՀՀ գործող սահմանադրության՝ չի կարող դառնալ վարչապետ։

Ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում սկսվեց նախատեսված հանրահավաքը։ Հանրահավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հաջորդ օրը հանրահավաք չի լինելու, անցկացվելու են միայն անհնազանդության ակցիաներ։ «Հավաքվում ենք կիրակի օրը՝ երեկոյան ժամը 6-ին, հանդիպում ենք ու կոնկրետ պայմանավորվում, թե ինչ ենք իրականացնելու»,- հայտարարեց նա:

Այսօր՝ մայիսի 11-ին, մասշտաբային ակցիաներ տեղի չունեցան։ Առավոտյան ցուցարարները փոքր խմբերով փորձեցին փակել մի քանի ճանապարհ։ Սակայն ոստիկաններին հաջողվեց կարճ ժամանակ անց վերականգնել երթևեկությունը։ Բագրատ Սրբազանն այսօր տեսաուղերձ հղեց սփյուռքահայերին՝ կոչ անելով նրանց կազմակերպել հանրահավաքներ և ակտիվ մասնակցել դրանց։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ և միևնույն ժամանակ քաջալերում, որպեսզի մեծ թվերով ներկայանաք ձեր կազմակերպած հանրահավաքներին։ Եվ ձեր ձայնը բարձրացնեք՝ այսպիսով այն դարձնելով համահայկական մեծ շարժում»,- ասաց Սրբազանը։

Վաղը՝ մայիսի 12-ին՝ ժամը 18։30-ին, նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter