HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարչապետի թեկնածուն չպիտի լինի որևէ կուսակցության կամ խմբի անդամ»․ Բագրատ Սրբազան

Այսօր՝ մայիսի 12-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը, որին միացան Մատենադարանի մոտից քայլերթ սկսած երիտասարդները, Արթիկից ավտոերթով Երևան հասածները։

Հանրահավաքի սկզբում ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Դանիելյանի խոսքով՝ այս շարժման շուրջ համախմբվել են տարբեր քաղաքական հոսանքներին պատկանող մարդիկ, և նրանց միավորել է հայրենիք ունենալու նպատակը։

«Այսօր մեր առջև խնդիր է դրված՝ լինել Արևմտյան Ադրբեջան, թե Հայաստան։ Մենք ընտրում ենք Հայաստանը»,- ասաց նա։

Նախորդ հանրահավաքաի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդը հանձնարարել էր «Դիվանագետների խորհրդին» մշակել Ադրբեջանի հետ բանակցությունների հայեցակարգ։ Այսօր ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը ներկայացրեց իրենց մշակած հայեցակարգը։ Ըստ Մելիքյանի՝ Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հանդիսանալ բանակցությունների հիմք, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր։

«Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնելու պահանջ»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այժմ տեղի ունեցող գործընթացը խախտում է նաև ԵԱՀԿ ընդունած սահմանազատման և սահմանագծման սկզբունքները։ Այս սկզբունքները ենթադրում են սահմանազատման գործընթացում առաջնային կարևորություն տալ բնակչության կենսաապահովմանը, տրանսպորտի և այլ կարևոր ենթակառուցվածքների անընդհատելիությանը։

Վահագն Մելիքյանից հետո ելույթ ունեցավ Բագրատ Սրբազանը։ Նա հայտարարեց, որ այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է անցումային կառավարություն։ Սրբազանը երկար և հանգամանալից ներկայացրեց այդ կառավարության մասին իր պատկերացումները և սպասելիքները։

«Այն պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ, բարձր մասնագիտական ընդունակությամբ մարդկանցով, հնարավորություն տալով անկախ կուսակցական և այլ պատկանելիությունից մարդկանց ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ»,- հայտարարեց նա։

Նա ասաց, որ իր պատկերացմամբ՝ վարչապետի թեկնածուն չպիտի լինի որևէ կուսակցության կամ խմբի անդամ։ Բագրատ Սրբազանը կրկնեց իր՝ ավելի վաղ արած հայտարարությունը, որ Աստծո կամոք, Վեհափառի օրհնությամբ և ժողովրդի ցանկությամբ պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն։ «Սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք են և անհրաժեշտ են իրավական դաշտում, իրավաբանների հետ քննարկումները, որոնք վստահ եմ, որ երկու օրվա ընթացքում կհստակեցվեն»,- ասաց Սրբազանը։

Բագրատ Սրբազանը խոսեց նաև շարժման հետագա գործողությունների մասին։ «Վաղն առավոտյան ժամը 08։00-ից տոտալ փորձում ենք դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնենք ամբողջ քաղաքը և Հայաստանի Հանրապետության մյուս մարզերը՝ անհամաձայնություն հայտնելով ստին ու չարիքին»,- հայտարարեց նա։

Սրբազանը նաև տեղեկացրեց, որ մեծ հանրահավաքներ մոտակա օրերին չեն անի, միայն յուրաքանչյուր օրվա վերջում կհանդիպեն Սբ․ Աննա եկեղեցու բակում՝ անցած օրն ամփոփելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter