Բագրատ Սրբազանը և ակցիայի մասնակիցներն օրն ամփոփեցին Սբ. Աննա եկեղեցու բակում
Այսօր` ժամը 16։00-ից, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում էին, որտեղ տեղի էր ունենում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի (ERBD) միջազգային ֆորումը։ Այս միջոցառմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ոստիկանությունը 15։00-ից սկսած` փակ էր պահում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից բոլոր փողոցները: Շրջակայքում մեծաքանակ ոստիկանական զորք էր կուտակված։
Դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն տանող ճանապարհները բացվեցին 20։00-ի շրջանում։ Սակայն ակցիայի մասնակիցներին Ազատության հրապարակ գնալ թույլ չտվեցին, քանի որ ֆորումը երկարաձգվել էր մինչև 22։00-ն։ Նրանք շարժվեցին Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ սպասում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանը ամփոփեց անցած օրը։ Նա հայտնեց, որ այսօր 101 գիտնական, մշակույթի և արվեստի գործիչ իրենց աջակցությունն են հայտնել շարժմանը և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Սրբազանը խոսեց նաև այսօր աշխատանքից ազատված Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի մասին։
«Ինչո՞ւ է հեռացվել Սամվել Դանիելյանը։ Սամվել Դանիելյանը մեզանից մեկը կարող էր լինել, կամ մենք հավաքականապես»,- ասաց Սրբազանը։ Նրա խոսքով` Դանիելյանն ազատվել է աշխատանքից, քանի որ հանդիպել էր իրեն Դիլիջանում և որոշ ժամանակ քայլել իրենց հետ։
Խոսելով ապագա ծրագրերի մասին` Սրբազանը նշեց, որ իրենց նպատակը ոչ միայն տեղի ունեցող գործընթացը կասեցնելն է, այլև դրա պատճառը վերացնելը։
Մեկնաբանել