HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Երկրորդ դատավորն է փորձում խուսափել «Սիլ պլազան» պետությանը վերադարձնելու գործը քննելուց

Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնը պետությանը վերադարձնելու Դատախազության պահանջի դատաքննությունը 1.5 տարի է առաջ չի գնում։ Վարչական դատարանի արդեն երկրորդ դատավորն է փորձում խուսափել հայցը քննելուց։

Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բիզնես կենտրոնի տարածքն ապօրինի սեփականաշնորհելու մասին «Հետքը» 2021 թ․-ին էր գրել։ ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնես կենտրոնի տարածքը նկարների վաճառատուն ստեղծելու պատրվակով ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհվել էր 90-ականներին՝ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ։ Դատախազությունում հրապարակումն ուսումնասիրվելուց հետո քրեական վարույթ նախաձեռնվեց։ Զուգահեռ՝ պետական շահերի պաշտպանության շրջանակում դատարան հայց ներկայացվեց, որպեսզի Սուքիասյանները զրկվեն գույքի նկատմամբ սեփականության իրավունքից։

Մայիսի 16-ին վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ սկսվեց Դատախազության հայցի քննությունը։ Մինչ Կարեն Զարիկյանին այդ գործը մակագրելը, այն մակագրվել էր դատավոր Անի Հարությունյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել։ Դատավորին նման միջնորդություն էր ներկայացրել «Գրզո պլազա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը այն բանի համար, որ Անի Հարությունյանի վերաբերյալ առկա քրեական վարույթ կա, և հնարավոր է դատավորը կաշկանդվի դրանով և արդար չքննի Դատախազության հայցը։ Ըստ այդ վարկածի՝ իբր դատավորը կարող էր այդ քրեական վարույթի պատճառով Դատախազության հայցը, օրինակ, բավարարել։ Անի Հարությունյանը, որը կարող էր չհամաձայնել այդ պնդման հետ, որոշել էր բավարարել միջնորդությունը և իրեն ազատել գործի քննությունից։ Հետագայում դատավորի կայացրած բացարկի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր, սակայն արդյունքի չէր հասել։ Վերջնարդյունքում գործը վերամակագրվել էր նոր դատավորի՝ Կարեն Զարիկյանին։

Կարեն Զարիկյանը մայիսի 16-ի դատական նիստը բացելուց հետո, կարծես նախապես ունենալով իր որոշումը, Դատախազության ներկայացուցչից փորձեց պարզել, թե արդյոք ճի՞շտ հայցատեսակով է Դատախազությունը դատարան դիմել։ «Ինչո՞ւ է ձևակերպված հայցը իրավահարաբերությունների ճանաչման հայցատեսակին համապատասխան։ Արդյոք հնարավոր չէ՞ պետության և համայնքի շահերը պաշտպանել այլ հայցատեսակներով»։

Ստանալով բացասական պատասխան՝ դատավորը փորձեց գործի հետ կապ չունեցող օրինակով հիմնավորել հարցի կարևորությունը և շարունակեց․ «Դատարանը մատնանշում է հայցվորին, որ հայցապահանջի ձևակերպումը չի համապատասխանում Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակների համակարգին։ Մասնավորապես՝ հայցի էությունից և նաև լսելով ձեր բացատրությունները, բխում է այն, որ ըստ էության, դուք վիճարկում եք Կադաստրի գրանցումները, ինչը Վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց է ենթադրում, սակայն ձեր հայցապահանջը ձևակերպված է 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցին համապատասխան։ Հետևաբար, դատարանն առաջարկում է հայցվոր կողմին ճշտել հայցատեսակը, ճշտել հայցի առարկան և համապատասխանեցնել հայցապահանջը վիճարկման հայցին»։

Դատախազության ներկայացուցիչ, Պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Սոնա Հովսեփյանն առարկեց․ «Դատախազությունը Վարչական դատարան ներկայացրած բազմաթիվ հայցեր ունի իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։ Ձևավորվում է պրակտիկա։ Դատախազությունը նման բազմաթիվ հայցեր ունի, նաև ԱՕԿՍ-ի գործով նման հայց ուներ հարուցած, որտեղ փաստական հանգամանքներն ամբողջությամբ նման էին։ Հետևաբար, չեմ կարծում՝ մեզ մոտ որևէ փոփոխություն լինի։ Բայց ամեն դեպքում, եթե մեկ-երկու օր տրամադրեք, ես նորից կքննարկեմ։ Ամեն դեպքում, Դատախազության կարծիքով, իրավահարաբերությունների բացակայության պահանջը ճիշտ է ներկայացված, և մենք պնդելու ենք դատական ակտ կայացնել այդ հայցատեսակի շրջանակներում»։

Այնուամենայնիվ հայցվոր կողմին դատարանը երկու օր ժամանակ տվեց հարցը քննարկելու և վերջնական դիրքորոշում ներկայացնելու համար։ Դրանից հետո միայն պարզ կդառնա՝ այս գործի քննությունն ինչ ընթացք կունենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter