HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանը դատի է տվել տնօրենների խորհրդին

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը դատի է տվել ընկերության տնօրենների խորհրդին:

Փափազյանը ԱՆԻՖ-ի ղեկավար էր նշանակվել 2019-ի մայիսին, երբ ֆոնդը պետական գրանցում ստացավ, եւ այդ պաշտոնում մնաց մինչեւ 2024 թ. հունվար:

Հիշեցնենք, որ այդ ընթացքում՝ 2019-ից մինչեւ 2023 թ. նոյեմբեր, տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը սկզբում նաեւ ՀՀ փոխվարչապետ էր, հետո դարձավ Երեւանի փոխքաղաքապետ, իսկ երբ 2023-ի հոկտեմբերին ընտրվեց Երեւանի քաղաքապետ, նրա լիազորությունները որպես ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ դադարեցվեցին:

ԱՆԻՖ-ի 100 % բաժնետոմսերը պատկանում են պետությանը: Բաժնետոմսերի կառավարումը 2019-2021 թթ. հանձնված էր Էկոնոմիկայի նախարարությանը (նախկինում՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն), 2021-ին այդ լիազորությունը հանձնվեց վարչապետի աշխատակազմին, իսկ 2023-ի մայիսին հերթական փոփոխությունը եղավ, եւ ԱՆԻՖ-ը նորից անցավ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ: Երեկ էլ Կառավարությունը որոշեց բաժնետոմսերի կառավարումը հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին:

Քանի որ ընկերության միակ բաժնետերը պետությունն է, իսկ վերջինիս անունից 2023-2024 թթ. հանդես էր գալիս ԷՆ-ն, էկոնոմիկայի նախարարն էր նշանակում եւ ազատում ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներին: Ավինյանն ու խորհրդում նրան «փոխկապակցված» երկու անդամ՝ Անետա Բաբայանն ու Սոնա Թեւանյանը (նախկինում եղել են փոխվարչապետ Ավինյանի խորհրդական ու օգնական, իսկ հետո տեղափոխվել են Երեւանի քաղաքապետարան՝ նշանակվելով քաղաքապետի օգնականներ) պաշտոնից ազատվել են էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի 2023 թ. նոյեմբերյան հրամանով:

Այս երեքի փոխարեն Քերոբյանը նշանակել էր նոր անդամների՝ Էդգար Մկրտչյանին (փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար), Արման Ադիլխանյանին (փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար), Անի Իսպիրյանին (էկոնոմիկայի այն ժամանակվա փոխնախարար): Խորհրդում էին մնացել Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը եւ իտալացի Իսիդորո Լուչիոլան:

Դեկտեմբերի 22-ին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նոր նախագահ էր ընտրել Անի Իսպիրյանին: Եվ ահա Իսպիրյանի ղեկավարած խորհրդի կամ ավելի ճիշտ՝ երեք նոր անդամների առաջին քայլերից մեկը եղավ 2024 թ. հունվարի 5-ին ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունների դադարեցումը, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ֆոնդի աշխատակից Տիգրան Ղազարյանը: Դրանից հետո դը Վիլպենն ու Լուչիոլան հրաժարական տվեցին խորհրդի անդամի պաշտոններից: 

Փափազյանի ազատումը մեծ հաշվով անակնկալ չէր, քանի որ ԷՆ-ում դժգոհություն կար ԱՆԻՖ-ի ղեկավարությունից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել ֆոնդում, որոնք առնչվում էին դրա ղեկավար կազմի գործունեությանը: Քննչական կոմիտեում էլ ներկայում նախաքննություն է ընթանում քրեական վարույթով, որը վերաբերում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների:

Քրեական պատմությունից զատ՝ 2023-ին ԱՆԻՖ-ում խնդիրներ էր հայտնաբերել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որոնք առնչվել են հաշվետվողականությանը, թափանցիկությանը եւ կորպորատիվ կառավարմանը: Այդքանից հետո՝ 2023-ի մայիսին, Կառավարությունը որոշեց փոխել ԱՆԻՖ-ի մանդատը՝ սահմանափակելով այն ոլորտները, որոնցում ֆոնդը կարող է ներդրումներ կատարել, բացի դրանից՝ փոփոխություններ կատարվեցին ընկերության ղեկավար կազմում. ոչ միայն խորհրդի կազմը փոխվեց, այլեւ պաշտոնից ազատվեց գործադիր տնօրեն Փափազյանը:

Եվ ահա, ինչպես տեղեկանում ենք datalex.am տեղեկատվական համակարգից, Դ. Փափազյանը մարտի 5-ին դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան՝ խնդրելով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով անվավեր ճանաչել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի հունվարի 5-ի նիստի արձանագրությունը: Մարտի 18-ին հայցադիմումն ընդունվել է դատավոր Թաթուլ Ղուկասյանի վարույթ: Նիստի օրվա մասին տեղեկություններ datalex.am-ում այս պահին չկան:

Ամբողջ հարցն այն է, որ եթե Դավիթ Փափազյանի նպատակը նախկին պաշտոնում վերականգնվելն է, ապա Կառավարության երեկվա որոշման հիմնավորումից հայտնի է դարձել, որ ԱՆԻՖ-ը փակվելու է: Այդպիսի որոշում է կայացվել այս տարվա մարտի 14-ին, երբ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ֆոնդի հաշվետվությունը: ԷՆ-ն նաեւ հայտնել է, որ ներկայում ընթանում են ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ:

Հաշվի առնելով, թե ներկայում որքան երկար է ձգվում դատական գործերի քննությունը, որքան ուշ են նշանակվում դատական նիստերը՝ չի բացառվում, որ մինչեւ Փափազյանի հայցով վճիռ կայացվի, եւ այն մտնի օրինական ուժի մեջ, ԱՆԻՖ-ն արդեն լուծարված կլինի:

Լուսանկարները՝ primeminister.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter