HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի քաղաքապետների դեմ քրեական վարույթներն անընդունելի են․ Գեղամ Ստեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անընդունել է համարում Արցախի համայնքների ղեկավարների դեմ մեկնարկած քրեական վարույթները՝ նշելով, որ դրանք «քաղաքական ենթատեքստ ունեն»։ Այս մասին Ստեփանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է:

Արդյոք պատահակա՞ն է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:

Ինչ վերաբերում է փաստական ու իրավական հիմքերին, ապա այդտեղ էլ լրջագույն հարցեր են ծագում: Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ ՀՀ լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել:

Սա հերթական օրինակն է, թե ինչ է լինում, երբ ՀՀ իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքներն ու կարիքները և խուսափում են համակարգային լուծումներից»,- գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, տնային կալանք էր կիրառվել Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ։ Քիչ առաջ հաղորդվեց նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին ձերբակալելու որոշման մասին։

«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ևս «Հետքին» հայտնել էր, որ այս ամենում տեսնում է քաղաքական ենթատեքստ։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter