
Արմավիրի մարզում այս պահին հեղեղումների վտանգ չկա
Արմավիրի մարզում այս պահին հեղեղումների վտանգ չկա, սակայն համայնքներում զգոնությունը չեն թուլացնում: Մարզի տարածքով են անցնում Քասաղ, Սևջուր գետերը, իսկ Արաքսն անցնում է համայնքի մի շարք բնակավայրերի հարևանությամբ: Արմավիրի մարզը պարբերաբար տուժել է գարնանային հեղեղումներից: Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ համայնքներում նախապես միջոցառումներ են իրականացրել:
«Այս պահին վտանգավոր վիճակ չկա: ԱԻՆ մարզային վարչության հետ խորհրդակցելով՝ համայնքները նախապես մաքրման աշխատանքներ են իրականացրել»,- ասում է մարզպետ Խուդաթյանը:
Արմավիրի մարզի Արաքս գյուղը պարբերաբար տուժել է հեղեղումներից: Գյուղի վարչական ղեկավար Վարդան Գրիգորյանն ասաց, որ այսօր կիրակի է, հնարավորություն չունեն տեսնելու, թե ինչ վիճակում է գտնվում Արաքս գետը, սակայն, սահմանապահները վտանգի դեպքում անմիջապես կտեղեկացնեն:
«Ամեն դեպքում, այս պահին հեղեղման վտանգ չկա»,- նշեց Վ. Գրիգորյանը:
Նույնը հայտնեց նաև Ջանֆիդա գյուղի վարչական ղեկավար Կամսար Ղորղանյանը: Ըստ նրա՝ գյուղի հատվածում ամրացման աշխատանքներ են կատարվել: Նշենք, որ Ջանֆիդա գյուղը ևս Արաքսի վարարումների դեպքում հնարավոր վնաս կրող համայնքներից է:
Մեկնաբանել