HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չեմ հավատում, որ դա մենակ բնական վարարում էր»,- ասում է 67-ամյա ալավերդցին

Ալավերդու Սանահին կայարան թաղամասում ապրող Սուսան Վարդանյանը մայիսի 25-ի ուշ երեկոյան հավերին ու խոզերին տեղավորել էր Դեբեդ գետի ափին գտնվող իրենց հողամասում կառուցված հավաբնում ու գոմում եւ բարձրացել տուն՝ հարեւանությամբ գտնվող բազմաբնակարան շենք: Այդ ժամանակ Դեբեդը վարար չէր, ջրերը հանգիստ էին: Չնայած շենքը եւս գետի ափին է, Սուսան Վարդանյանի ընտանիքին պատկանող հողամասից ու այդտեղ կառուցված շինություններից ավելի բարձր մակարդակի վրա է:  

Գիշերվա ժամը 1-ին տիկին Սուսանն արթնացել էր անձրեւի ձայնից ու իջել հողամաս: Շունը՝ Ջեկոն, արդեն կիսով չափ ջրի մեջ էր, երբ տիկին Սուսանը բացել էր հողամասում գտնվող իրենց առանձնատան դուռը: Արագ գրկել էր շանն ու հանել բակ: Շունը դողում էր, թաթերը դրել էր տիրոջ ուսերին ու չէր ուզում բաժանվել: Քիչ անց տիկին Սուսանի որդին էր եկել, գրկել էր շանն ու փորձել հանգստացնել:

Գիշերը զանգել էր տեգոր աղջիկն ու ասել, որ Սանահին կայարանի երկու հատվածներն իրար կապող կամուրջը փլուզվել է, չի կարողանում կապ հաստատել հայրական ընտանիքի հետ: Տիկին Սուսանի տեգոր ընտանիքն ապրում է նրանց տան դիմաց՝ Դեբեդի մյուս ափին: 67-ամյա կինն ասում է՝ սովորական օրերին երբ իրար ձայն են տալիս, լսում են միմյանց:

Հիշում է, որ մայիսի 26-ի գիշերը հորդառատ անձրեւի տակ վազում էր իրենց ափի երկայնքով ու կանչում տեգոր ընտանիքին՝ հույս ունենալով, որ իրեն կլսեն: Բայց վարարած գետի ձայնը խլացնում էր ամեն ինչ: Հետո այդտեղ ժամանած պարեկների մի խմբի խնդրել էր, որ բարձրախոսով կանչեն իր հարազատներին: Ի վերջո, միայն լուսաբացին էին տեգոր ընտանիքից լուր ստացել, որ ամեն ինչ կարգին է:

Իսկ լույսը ծանր էր բացվում: «Էնքան զզվելի էր, չէր լուսանում գիշերը»,- հիշում է տիկին Սուսանն ու հավելում, որ ափերից դուրս եկած Դեբեդը երկու մասի էր բաժանել իրենց հողամասը. հավաբունն ու այգին մնացել էին մի մասում, իսկ մյուսում՝ անասնագոմն ու առանձնատունը:  

Ջուրը հասել էր մինչեւ տան երկրորդ հարկ: Գետը քշել-տարել էր 30 թեւ հավերին, 14 գլուխ խոզերին ու նախորդ տարի տան համար ձեռք բերված շինանյութը: Տիկին Սուսանը պատմում է, որ նախորդ աշնանն էին 800 հազար դրամի շինանյութ գնել. մտածում էին, որ մայիսի անձրեւներից հետո տունը կարգի կբերեն, եւ որդիներից մեկը կտեղափոխվի այդտեղ բնակվելու: Սակայն այսօր, բացի ջրով լցված սենյակներից, ոչինչ չի մնացել. ջրհեղեղը քշել տարել է թե՛ գույքը, թե՛ առաջիկա ծրագրերը:

Տիկին Սուսանը հիշում է, որ իրենց բնակարան էր մտել մայիսի 26-ի կեսօրից հետո միայն: Այնքան էր մնացել դրսում, որ թաց հագուստը չորացել էր հագին: Այդ պահին ո՛չ գլխացավն էր զգում, ո՛չ հագուստի խոնավությունը:

«Վարարումը անբնական երեւույթ էր: Մենակ առատ անձրեւով հնարավոր չէր,- ասում է ավելի քան 40 տարի Ալավերդիում բնակվող 67-ամյա Սուսան Վարդանյանը,- չգիտեմ՝ պաշտոնապես հայտարարվել է, թե չէ, բայց ինձ թվում է՝ հէկերի ջրերն են խառնվել: Էսքան տարի էստեղի բնակիչ եմ, շատ վարար անձրեւներ եմ տեսել, չեմ հավատում, որ դա մենակ բնական վարարում էր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter