
Սլովենիան որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունը
Սլովենիայի խորհրդարանը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այդ մասին հայտնում է Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը։
Որոշումը կներկայացվի Սլովենիայի Ազգային ժողովի քննարկմանը։ «Պաղեստինի ճանաչումը երկու պետությունների և ժողովուրդների համար խաղաղության մեջ գոյակցության միակ ճանապարհն է։ Եվրոպական երկրների շրջանում համախոհների թիվն աճում է, ու դա ակնհայտ նշան է այն բանի, որ Եվրամիությունը ավելի ու ավելի ակտիվ դեր է ստանձնում հակամարտության կարգավորման գործում»,- ասված է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանի Ֆայոնի մեկնաբանության մեջ։
Today, the Government of #Slovenia 🇸🇮 adopted the decision on the recognition of the independence and sovereignty of #Palestine and submitted it to the National Assembly. pic.twitter.com/EO8PUVVz0d
— MFEA Slovenia (@MZEZ_RS) May 30, 2024
Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը հավելել է, որ Սլովենիայի կառավարությունը որոշում է ընդունել Պաղեստինը ճանաչել «ՄԱԿ-ի բանաձևով սահմանված սահմաններում կամ այն սահմաններում, որոնք կհամաձայնեցվեն ապագա խաղաղության պայմանագրին մասնակցող կողմերի միջև»:
Նրա խոսքով՝ Պաղեստինի ճանաչման մասին որոշումը «ուղերձ է պարունակում այն մասին, որ մենք ցանկանում ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ազատել (իսրայելցի` խմբ.) պատանդներին»:
Դեռ մայիսի 22-ին եվրոպական երեք երկրներ՝ Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան, պաշտոնապես հայտարարեցին, որ ճանաչում են Պաղեստինի անկախությունը։ Այդ որոշումն ուժի մեջ մտավ մայիսի 28-ին։ Փոխարենը Պաղեստինի անկախությունը հրաժարվել է ճանաչել Դանիան։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ այս քայլի միակ նպատակը «օգնել իսրայելցիներին և պաղեստինցիներին հասնել խաղաղության»: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն էլ հիշեցրել էր, որ Նորվեգիան ավելի քան 30 տարի եղել է «պաղեստինյան պետության ամենավճռական կողմնակիցներից մեկը»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս որոշումներն անվանել էր «ահաբեկչության համար ընծա» ու հետ կանչել այդ երկրներից Իսրայելի դեսպաններին։
Պաղեստինի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը։ Հայաստանն այդ երկրների թվում չէ։ Բացի մեր երկրից, Պաղեստինի անկախությունը չեն ճանաչում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, և Իսրայելը։ Փոխարենը, Պաղեստինի անկախությունը ճանաչում են Հայաստանի հարևան բոլոր երկրները։
Լուսանկարը՝ Luka Dakskobler/SOPA Images/SIPAPRE/Getty Images
Մեկնաբանել