
Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց, սակայն համաներվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, մեղավոր է ճանաչել նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, սակայն առաջադրված քրեական հոդվածներից մեկով կիրառվել է համաներում, և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ մյուսով՝ դադարեցվել է քրեական հետապնդումը, քանի որ անցել է վաղեմության ժամկետը։
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Երանոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, հայտարարել է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։
2018թ․ իշխանափոխությունից օրեր առաջ՝ ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում, ոստիկանության կողմից իշխանությունների դեմ հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ՝ մասնավորապես «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ է կիրառել։
Նշենք, որ այս գործով տուժող է նաև այժմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դատարանը որոշել է 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) Երանոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել է։ Երանոսյանը մեղավոր է ճանաչվել 375-րդ հոդվածի (խշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Իսկ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով (նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) առաջադրված մեղադրանքը վերաորակվել է 375-րդ հոդվածի 2-րդ մասով (նույն արարքները, որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել) նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ Երանոսյանի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ 4 տարի ազատազրկում։ Սակայն, նրա նկատմամբ կիրառվել է համաներում, ինչը նշանակում է, որ Երանոսյանը նշանակված պատիժը չի կրի։
Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել