HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Չվճարված հարկեր, չերաշխավորվող գործարքներ․ կրիպտոտերմինալների «ազատ-անկախ» շուկան

Կրիպտոակտիվների ոլորտը Հայաստանում կարգավորված չէ, բայց շուկան զարգանում է՝ խնդիրներ և ռիսկեր առաջացնելով։ 

Երևանի փողոցներում, առևտրի կենտրոններում, խանութներում կամ հյուրանոցներում տեղադրված են տերմինալներ, որոնցով հնարավոր չէ սովորական վճարումներ կատարել, օրինակ՝ կոմունալ վճարներ կամ հեռախոսահամարը լիցքավորել։ Այդ տերմինալները նախատեսված են կրիպտոարժույթներով գործարքներ կատարելու համար։ Կա՛մ գնում եք կրիպտոարժույթ, կա՛մ այն կանխիկացնում։ Ըստ coinatmradar.com կայքի՝ Հայաստանում 19 կրիպտոտերմինալ կա, որոնցից 1-ը Գյումրիում է, 18-ը՝ Երևանում։ Երևանում կան նաև այլ կրիպտոտերմինալներ, որոնք նշված չեն coinatmradar.com կայքում։ frog-atm.am կայքում նշված է 11 կրիպտոտերմինալի հասցե: Տարբեր առցանց աղբյուրներից օգտվելով՝ Հայաստանում գրանցել ենք 30 կրիպտոտերմինալ։ Իհարկե, հնարավոր է, որ դրանք չերևան առցանց հարթակներում, և այդ թիվն ավելի մեծ լինի: 

Մենք ուսումնասիրեցինք Հայաստանում տեղադրված կրիպտոտերմինալների աշխատանքը՝ հասկանալու համար, թե ինչ սկզբունքով են դրանք շահագործվում:

«Հետք»-ը դեռևս 2022-ին էր ուսումնասիրել Երևանում տեղադրված տերմինալների թեման և պարզել, որ տերմինալները շահագործող ընկերությունները, բացառությամբ մեկի, Երևանի քաղաքապետարանի հետ չունեն հողօգտագործման պայմանագիր և հարկ չեն վճարում։ «Հետք»-ի հոդվածի հիման վրա դատախազությունը ուսումնասիրոթյուն սկսեց և պարզեց, որ համայնքին մոտ 1 մլրդ դրամի վնաս է հասցվել, քանի որ հողօգտագործման վճարներ չեն գանձվել։ Դատախազությունը հաղորդագրության համաձայն՝ մեկ տերմինալի տեղադրման ամսական վճարը 19 860 դրամ է։

30 կրիպտոտերմինալներից 9-ը տեղադրված են համայնքային հողի վրա՝ մայթերին։ Երևանի քաղաքապետարանին խնդրեցինք տեղեկատվություն տրամադրել համայնքային տարածքներում տեղադրված կրիպտոտերմինալների վերաբերյալ։ Իրավական ի՞նչ հիմքով են պայմանագրեր կնքվել կրիպտոտերմինալներ տեղադրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ: 

Այս հարցերին Երևանի քաղաքապետարանից կարճ պատասխան ստացանք. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների կողմից համայնքային հողատարածքներում  կրիպտոտերմինալներ տեղադրելու թույլտվություններ չեն տրվել: Չեն կնքվել նաև հողի վարձակալության պայմանագրեր»։

Ստացվում է, որ այս կրիպտոտերմինալները չունեն հողօգտագործման վերաբերյալ պայմանագիր Երևանի քաղաքապետարանի հետ և փաստացի անօրինական են տեղադրված համայնքապատկան տարածքում։ Մեկ ամսվա համար 9 կրիպտոտերմինալի վճարը կկազմի մոտ 180 հազար դրամ, տարեկան՝ մոտ 2 մլն 145 հազար դրամ։ Մեզ հայտնի չէ, թե որ կրիպտոտերմինալը երբվանից է տեղադրված, այդ իսկ պատճառով չենք կարող հաշվել, թե որքան վնաս է հասցվել։

Քարտեզի միջոցով կարող եք տեսնել Հայաստանում տեղադրված կրիպտոտերմինալների հասցեները։ Երևանում համայնքային հողին տեղադրված կրիպտոտերմինալները առանձնացված են կարմիրով։

Կրիպտոտերմինալները աշխատում են հետևյալ սկզբունքով՝ ընտրում եք, թե ինչ կրիպտոարժույթ եք ցանկանում գնել, QR կոդը սքանավորելով` նույնականացնում եք էլեկտրոնային դրամապանակի հաշիվը և մուտքագրում եք կանխիկ դրամը, այսպիսով գործարքն ավարտվում է։ Գործարքի համար գանձվում է միջնորդավճար, որը տատանվում է 1-2%-ի սահմաններում։ Մենք կրիպտոտերմինալներից մեկի միջոցով գնեցինք Bitcoin տեսակի կրիպտոարժույթ և ինքներս անցանք այս փուլերով։ Երաշխիք չկա, որ ֆինանսական կորուստներ չեք ունենա, քանի որ օրենսդրությամբ կարգավորված չէ այս ոլորտը։ Կրիպտոտերմինալների շահագործման, ֆինանսական ապահովագրության և կրիպտոտերմինալներ շահագործող ընկերությունների հարկային դաշտում ներկայացվածության վերաբերյալ հարցումներ ենք արել պետական կառույցներին։

Կրիպտոտերմինալների աշխատանքը չի վերահսկվում Կենտրոնական բանկի կողմից 

«Հետք»-ը Կենտրոնական բանկից փորձել է պարզել, թե  պետական որ մարմինը ունի վերահսկող գործիքակազմ, և արդյոք պետությունը ինչ-որ կերպ երաշխավորում է մարդկանց ֆինանսական միջոցները։

ԿԲ-ից տեղեկացնում են, որ գործող օրենսդրությամբ կրիպտոակտիվների ոլորտի առանձնահատուկ կարգավորում դեռևս նախատեսված չէ։ 

«Հաշվի առնելով, որ կրիպտոակտիվների հիմքում ընկած տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են ստեղծում միևնույն կրիպտոակտիվը միաժամանակ տարբեր հարաբերությունների առարկա դիտարկել (ֆինանսական ակտիվ, ոչ նյութական ակտիվ, ապրանք, ծառայություն)` կրիպտոակտիվներով գործարքները կարող են գործող օրենսդրությամբ որակվել որպես ֆինանսական ծառայությունների մատուցում և ենթակա լինել համապատասխան օրենքներով նախատեսված կարգավորման»,- նշված է ԿԲ-ի պատասխանում։

Չնայած այս հանգամանքին, Հայաստանում կրիպտոարժույթների շուկան դեռեւս չի կարգավորվում։ Այսօր կրիպտոարժույթներով գործարքների անվտանգությունը չի երաշխավորվում պետության կողմից, և ֆինանսական կորուստներից մարդիկ ապահովագրված չեն, այդ թվում՝ կրիպտոտերմինալներով կրիպտոարժույթ գնելիս կամ վաճառելիս։

ԿԲ-ն կրիպտոարժույթներին անդրադարձել է դեռ 2018-ին՝ հայտարարությամբ, որի հիմնական ուղերձն այն էր, որ կրիպտոարժույթները կարող են ֆինանսական կորուստներ հասցնել և անվտանգ չեն։

Ինչպե՞ս են հարկվում կրիպտոտերմինալներ շահագործող ընկերությունները 

ՊԵԿ-ին խնդրել էինք հայտնել՝ արդյոք կրիպտոտերմինալների միջոցով կատարվող առքուվաճառքից ստացված եկամուտը հարկվում է։ ՊԵԿ-ից տեղեկացրել են, որ «ՀՀ հարկային օրենսգրքով կրիպտոակտիվների հետ կապված գործառույթների մասով հարկման առանձնահատկություններ սահմանված չեն։ Իսկ կրիպտոարժույթների մասով հարկումը իրականացվում է ներկա հարկային օրենսգրքին համապատասխան։ Օրինակ՝ ԱԱՀ հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան»։ 

Կրիպտոակտիվներով զբաղվող իրավաբանական անձինք չեն կարող նշել իրենց իրական գործունեության տեսակը, քանի որ այն բացակայում է։ Տերմինալները վճար ընդունում են բացառապես կանխիկով, որը վերածվում է կրիպտոակտիվի։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ ՊԵԿ-ին խնդրել ենք պատասխանել հետևյալ հարցերին

1. Ինչպես է ՊԵԿ-ը վերահսկում այն կրիպտոտերմինալների աշխատանքը, որոնք գործարք են կատարում բացառապես կանխիկով։

Ի պատասխան՝ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ-ում վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գծով վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, և հարցը դուրս է ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներից։ Իսկ ԿԲ-ից հայտնել էին, որ վերահսկողությունն իրականացվում է ԿԲ-ի կողմից լիցենզավորված, գրանցված և (կամ) վերահսկվող անձանց նկատմամբ, մինչդեռ կրիպտոտերմինալներ շահագործող ընկերությունները լիցենզավորման ենթակա որևէ գործունեության տեսակի լիցենզիա Կենտրոնական բանկից չեն ստացել:

2. Ինչպե՞ս է ՊԵԿ-ն ապահովում կրիպտոտերմինալներ շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մուտքը հարկային դաշտ։

ՊԵԿ-ից տեղեկացրեցին, որ այս հարցի պատասխանը պետական գաղտնիք է պարունակում, և պահանջվող տեղեկատվությունը ձեռք է բերվում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հետևաբար հրապարակման ենթակա չէ։

Ինչպես արդեն նշել ենք, կրիպտոարժույթների վերաբերյալ Հայաստանում օրենսդրական կարգավորումներ չկան, բայց 2024-ի ապրիլի 25-ին Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց օրենսդրական փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնք հավանության արժանացան։ Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են նաև կրիպտոակտիվներին։ Այս փոփոխությունների վերաբերյալ կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է՝ «որոշ երկրներ կրիպտոակտիվների առնչությամբ չունեն որոշակի օրենսդրական կանոնակարգումներ։ Այլ կերպ ասած՝ նրանք, ընդունելով նման արժույթների գոյության և շրջանառության փաստը, լռելյայն, արգելքի չսահմանմամբ թույլատրել են դա»։ Հիմնավորման մեջ «որոշ երկրներ»-ի շարքին է դասվում նաև Հայաստանը։ 

ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծում նշվում է՝ «Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք)»։ 

Նախագծում նաև նշվում է՝ կրիպտոակտիվը գույք է. «Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը և վճարման ստացումը իրականացվում է անկանխիկ եղանակով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից»։

Այս կետը ամենաշատն է մտահոգել այն ընկերություններին, որոնք կրիպտոտերմինալներ են շահագործում։ Օրենքի ընդունումը կնշանակի, որ այդ տերմինալները պետք է չօգտագործվեն, քանի որ դրանցով գործարք հնարավոր է անել բացառապես կանխիկով։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter