HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Երևանի մայթերին տերմինալներն ապօրինի են տեղադրված․ համայնքը զրկվում է միլիոնավոր դրամների մուտքերից

Թարմացված 

Հոդվածի հրապարակումից հետո գլխավոր դատախազությունում ուսումնասիրություն նախաձեռնվեց։ Դրա արդյունքում պարզվեց, որ տերմինալների զբաղեցրած տարածքների համար վճարներ չգանձելու հետևանքով, նախանական հաշվարկով, Երևան համայնքը զրկվել է մոտ 1 միլիարդ դրամ եկամուտից։ Բացի այդ քրեական վարույթ է նախաձեռնվել, որպեսզի իրավական գնահատական տրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների արարքին։

Երևանի Աբովյան փողոցի երկու մայթերին, խաչմերուկներին և գետնանցումում տեղադրված է ընդհանուր 45 վճարային տերմինալ։

Եթե յուրաքանչյուր տերմինալի տարածքի վարձակալության համար Երևան համայնքի բյուջե վճարվեր ամսական 9 հազար 344 դրամ*, ապա 1 տարվա համար այդ գումարը կկազմեր 5 միլիոն 45 հազար դրամ։ Միայն Աբովյան փողոցի տերմինալների համար վարձ չվերցնելով՝ Երևան համայնքի բյուջեն 10 տարվա կտրվածքով զրկվում է մոտ 50 միլիոն դրամ եկամտից (128.000 ԱՄՆ դոլար)։

Երևան համայնքի մայթերին և համայնքային այլ սեփականություն համարվող տարածքներում տեղադրված են հազարավոր տերմինալներ։ Եթե դրանց տեղադրման և շահագործման համար համայնքի բյուջե համարժեք մուտքեր լինեին, կկարողանայինք հաշվել, թե քանի հին վերելակ կփոխարինվեր նորով, քանի նոր ավտոբուս կգնվեր, քանի մանկապարտեզ կնորոգվեր, քանի շենքի տանիք կամրացվեր։ Այս տրամաբանությունը կիրառելի է Հայաստանի բոլոր բնակավայրերի դեպքում։ 

«Հետք»-ն ուսումնասիրել է Երևան քաղաքում վճարային տերմինալների տեղադրման օրինականությունը, տեղադրման հիմքերը և պարզել, որ մայթերը, գետնանցումները, հանրային այլ տարածքները տնտեսական գործունեության նպատակով օգտագործող մի շարք ընկերություններ Երևան քաղաքին վարձավճար չեն տալիս (որոշ վերապահումներով՝ բացառությամբ մեկից):

Երևան քաղաքի մայթերին, գետնանցումներում, հանրային նշանակության ընդհանուր օգտագործման այլ վայրերում տարբեր ընկերություններ տարիներ շարունակ տեղադրել և այսօր էլ տեղադրում են վճարային տերմինալներ։ Դրանք օրը 24 ժամ վճարումներ են ընդունում։ Քաղաքացիների կատարած վճարումների դիմաց տերմինալները շահագործող ընկերությունները միջնորդավճարներ են գանձում։ Այն դեպքում, երբ քաղաքացուց չեն գանձում միջնորդավճար, գանձում են վճարումն ընդունող ընկերությունից։ Այդպես գոյանում է տերմինալներ շահագործող ընկերությունների շահույթը։ Տարիների ընթացքում շահույթն  աճում է, մեծանում է բաժնետերերի կարողությունը, իսկ Երեւանը ոչինչ չի ստանում: 

Մայրաքաղաքի փողոցներում վերջին ամիսներին նոր տիպի տերմինալներ են ի հայտ գալիս։ Սպիտակ և մանուշակագույն դիզայներական լուծումներով, գոյություն ունեցողներից չափերով մեծ տերմինալները տեղադրվում են նախկինում տեղադրված տերմինալների միջտարածություններում կամ արդեն գործող տերմինալների հարևանությամբ։ Գործող տերմինալների մի մասը տեղադրված է մայթերին, խանութների ճակատային պատերի տակ։ Նորամուծություն են շենքերի պատերին ամրացված տերմինալները։ Տերմինալներ են տեղադրված նաև Երևանի մայթերին կառուցված թերթի կրպակներում, որոնք  հասանելի են քաղաքացիներին նաև կրպակների փակվելուց հետո։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին գրավոր հարցրինք, թե ինչ հիմքով են տեղադրվել և տեղադրվում տերմինալները մայթերին, արդյոք տեղադրումը համաձայնեցվում է քաղաքապետարանի հետ, մայթերը վարձակալում են, թե ոչ։ 

Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության ծավալն ու որակը հիշեցնում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակները։ 

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից տրամադրել են համայնքի ղեկավարի 6 որոշում, որոնցով տերմինալների տեղադրման նպատակով հողամասեր են առանձնացվել, որպեսզի դրանց վրա տեղադրվեն տերմինալներ՝ համայնքային ավտոկայանատեղիների («կարմիր գծերի» համար) համար վճարում կատարելու նպատակով։

«Սակայն, վճարային ավտոմատ սարքավորումների միջոցով ծառայությունների մատուցման գործընթացներն օրենքով դեռևս կանոնակարգված չեն, ուստի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթ, որի ընդունումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ բարձրացված հարցերին»,- հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Երևանի քաղաքապետարանը չի պատասխանել ամենակարևոր հարցերի մեկին՝ ինչպե՞ս է վերահսկում, որ տերմինալներն ապօրինի չտեղադրվեն մայրաքաղաքի մայթերին։

Փաստացի, քաղաքապետարանի վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումները կամ անփութություն են ցուցաբերում և չեն տեսնում գոյություն ունեցող և նոր տեղադրվող տերմինալները, կամ հանցավոր համագործակցությամբ թույլատրում են դրանց անօրինական տեղադրումը և չեն խոչընդոտում արդեն տեղադրվածների գործունեությանը։

Ըստ քաղաքապետարանի վկայակոչած իրավական ակտերի՝ ավտոկայանատեղիների գումարի վճարման համար տերմինալներ տեղադրելու արտոնությունը տրվել է «Իզի փեյ» ՍՊԸ-ին։ Երևանի մայթերին տերմինալներ տեղադրելու իրավունքն այս ընկերությանը տրվել է 2017 թ.-ի դեկտեմբերին, իսկ հիմնավորումը ընդունվել է դեռևս 2015 թ.-ին։ «Իզի փեյ» ՍՊԸ-ին հնարավորություն են տվել տերմինալներ տեղադրել «կարմիր գծերի» համար վճարներ գանձելու պատրվակով։ Մինչ օրս այս ընկերության հետ տերմինալների տեղադրման համար հողամասի վարձակալության պայմանագիր չի կնքվել։Հայաստանում այսօր քաղաքացիները տարբեր ծառայությունների, այդ թվում` ավտոկայանատեղիի ծառայության (այլ հարց է՝ մատուցվում է, թե ոչ) համար վճարում են բազմաթիվ եղանակներով։ Տարածված են բջջային հեռախոսի «SMS»-ներով, առցանց դրամապանակների և բանկային հավելվածներով վճարումները։ Հայտնի չէ, թե այսօր քանի հոգի է «կարմիր գծերի» համար վճարում կատարում բացառապես «Իզի Փեյի» տերմինալներով։

Երևանի հանրային տարածքներում տեղադրված տերմինալներով վճարահաշվարկային գործունեության ծավալողները մեր գրավոր հարցերին խուսափել են ուղիղ պատասխանել։ Հիմնականում իրավաբանական ձևակերպումներով հագեցած գրության մեջ  չկա ամենակարևոր հարցի պատասխանը՝ ընկերությունները Երևանի հանրային տարածքներն օգտագործելու համար գումար վճարո՞ւմ են Երևանի բյուջե, թե ոչ։ Մինչ վճարահաշվարկային ընկերությունների պարզաբանումներին անդրադառնալը, տեսնենք, թե Երևանի քաղաքապետարանն օրենսդրական փոփոխությունների ինչ փաթեթ է մշակել, որի մասին գրավոր հայտնել է մեզ։

Պարզվում է՝ Իրավական ակտերի նախագծերի հարթակում տերմինալների ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնություն իսկապես կա, բայց այն հեղինակել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Մի շարք օրենքներում փոփոխություն ենթադրող նախագիծը վերաբերում է Հայաստանի բոլոր համայնքներին, այդ թվում՝ Երևանին։ Փաթեթի հիմնավորման համաձայն՝ մինչ օրս ոլորտը չի կարգավորվում, տպավորություն է, թե տերմինալները 2022 թ.-ին հայտնվեցին Երևանի և մյուս համայնքների մայթերին։ Նախագծում ոչ մի խոսք՝ համայնքային հողերը զավթելու մասին։ Փաթեթով առաջարկվում է շենք-շինություններից դուրս գտնվող տերմինալների գործունեության համար համայնքի ղեկավարի թույլտվություն սահմանել։ Առանց թույլտվության տերմինալ շահագործելը վարչական պատասխանատվություն է ենթադրում։ Նախագիծը 2022 թվականի ապրիլից մայիս դրվել է հանրային քննարկման և ըստ ՏԿԱԻ նախարարության, փաթեթը հոկտեմբերին ուղարկվել է Ազգային Ժողով, սակայն դեռ օրակարգ չի մտել։   

Վճարահաշվարկային կազմակերպությունների դիրքորոշումը

Կենտրոնական բանկը Հայաստանում վճարահաշվարկային 8 կազմակերպության լիցենզիա է տրամադրել, որոնից 4-ն են հանրային տարածքներում գործում։ Դրանք են՝ «Իզի փեյ» ՍՊԸ-ն, «Թել-Սել» ՓԲԸ-ն, «Իդրամ» ՍՊԸ-ն և նորահայտ «Ֆասթ շիֆթ» ՍՊԸ-ն։

Սկսենք վերջինից։ «Ֆասթ շիֆթ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արագած Ասատրյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունները հրապարակված են, իսկ պարտադիր հրապարակման ոչ ենթակա տեղեկությունն ընկերությունը նպատակահարմար չի գտնում հրապարակել։ Պարզ ասած, ՍՊԸ-ի տնօրենը հրաժարվել է պատասխանել մեր բոլոր, այդ թվում գլխավոր հարցին՝ ի՞նչ հիմքով են տերմինալները տեղադրել Երևանի սեփականություն համարվող մայթերին։

«Ֆասթ շիֆթ» ՍՊԸ-ն հիմնադրել են 2018 թ.-ին Մալթայի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող Վիգեն և Վահե Բադալյան եղբայրները։ Նրանք առավել հայտնի են որպես առցանց բուքմեյքերական և խաղատնային խոշորագույն բիզնեսի՝ «Վիվառոյի» հիմնադիր-սեփականատերեր։ «Ֆասթ շիֆթ» ՍՊԸ-ի բաժնեմասերը հավասարապես պատկանում են Բադալյան եղբայրներին։ Կենտրոնական բանկը 2020 թ.-ին «Ֆասթ շիֆթ»-ին վճարահաշվարկային գործունեության լիցենզիա է տրամադրել։ Նախորդ տարի ընկերությունը 15 աշխատակից է ունեցել։ 2021 թ.-ի դրությամբ «Ֆասթ շիֆթ»-ն ունեցել է 70 մլն դրամի հասույթ (տերմինալները Երևանի փողոցներում դեռ չէին տեղադրվել)։ «Ֆասթ շիֆթ» ՍՊԸ-ի բաժնետեր Բադալյան եղբայրներն աչքի են ընկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապով։ Բոլորովին վերջերս էլ civilnet.am-ը բացահայտեց, որ Վահե Բադալյանի որդին գնել է ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող, կասկածելի ծագում ունեցող բնակարանը (քրգործի առկայության պայմաններում)։

«Իդրամ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Քդենյանը մեր նույնաբովանդակ(բոլոր ընկերություններին նույն հարցերն են տվել) հարցերին պատասխանել է, որ «Իդրամ»-ի տարբերանշանով տերմինալները իրենց սեփականությունը չեն։ Քդենյանի խոսքով, «Իդրամ»-ի տերմինալների սեփականատերերի հետ պայամնագիր ունի, որով նրանց համար ծրագրային ապահովման ծառայություն է մատուցում, որի միջոցով նրանք կարողանում են գումաների հավաքագրում իրականացնել։ Ամբողջացնելով «Իդրամ»-ի դիրքորոշումը կարող ենք նշել, որ այս ընկերությունը իրավաբանորեն գտել է այն ձևը, որով իրեն չի դիտարկում Երևան համայնքի հետ ուղիղ իրավահարաբերությունների սուբյեկտ, հետևաբար՝ վարձավճարի և այլ հարցերի մասով իրենք իրենց կողմ չեն դիտարկում և ընդունում են կրավորական կեցվածք։

2008 թ.-ին հիմնադրված «Իդրամ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը պատկանում են մեկ այլ ընկերության՝ «Դիջիթլ հոլդինգս լիմիթեդ» ՍՊԸ-ին։ Վերջինիս բաժնետոմսերի առյուծի բաժինը՝ 95%-ը, պատկանում է Կիպրոսում գրանցված «Դրիվելիո հոլդինգս լիմիթեդ»-ին, իսկ 5%-ը` Ավետ Միրաքյանին։ Միրաքյանն «Այդի» բանկի խորհրդի անդամ է, աշխատել է մի շարք ֆինանսական կառույցներում, իսկ կարիերան սկսել է Կենտրոնական բանկից։

Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ «Իդրամ»-ը Երևանի փողոցներում ամենաքիչ տերմինալներ ունեցող ընկերությունն է, նրահասույթը  հիմնականում ձևավորվում է առցանց ծառայությունների դիմաց գանձած միջնորդավճարներից։ Ընկերությունը 2021 թ.-ի դրությամբ ունեցել է 116 աշխատակից։ Նույն տարում «Իդրամը» մատուցած ծառայություններից ստացել է 7.9 մլրդ դրամ եկամուտ։

«Թել-Սել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Համբարձում Դանիելյանը մեր հարցերին պատասխանելու փոխարեն ներկայացրել է ընկերության գործունեությունը։ «Ինչ վերաբերում է համայնքին վճարվող գումարի մասին հարցմանը, նշենք, որ այն առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություն է, ուստի ընկերությունն իրավասու չէ հրապարակել նման տվյալներ»,- պատասխանել է ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։ Հետաքրքիր է՝ համայնքային հողի համար Երևանի բյուջե վճարելիք գումարի ո՞ր տվյալն է առևտրային գաղտնիք։

Տերմինալների ոլորտում խոշոր ընկերությունները «Թել-սել»-ն ու «Իզի փեյն» են։

2007 թ.-ին հիմնադրված «Թել-Սել» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Lendasy Trading» Ltd (56.28%) ընկերությանը։ Փոքր բաժնեմասեր ունեն մինչև 2019 թ-ն ՊԵԿ-ում բաժնի պետի պաշտոն զբաղեցրած Արամ Սարգսյանը (4.91%) և 2009-2014 թթ-երին տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Արտաշես Ավետիսյանի դուստրը՝ Տաթևիկ Ավետիսյանը (5.81%): ՓԲԸ-ի բաժնեմասերի մյուս և նոր սեփականատերերին՝ Արամայիս Բադալյանին (13.00%), Արտակ Գաբրելյանին (10.00%), Տիգրան Նահապետյանին (10.00%) կանդրադառնանք այլ առիթով։ «Թել-Սել» ՓԲԸ-ն 2021 թ.-ին 10 մլրդ  դրամի հասույթ է ստացել։

«Իզի փեյ» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Գաբրիելյանն էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ընկերության տերմինալները Երևանում տեղադրվել են քաղաքապետի 03.02.2016թ. «270-Ա» որոշմամբ («Կարմիր գծերի» համար հեշտ վճարելու տրամաբանությամբ-հեղ․)։ Որոշումից պարզվում է, որ այն վերաբերում է ընդամենը 68 տերմինալի համար հողամաս հատկացնելուն։ Իսկ ընկերության տարբերանշանով Երևանի սեփականություն համարվող տարածքներում անզեն աչքով նկատելի է՝ բազմապատիկ անգամ շատ տերմինալ է տեղադրված։ Այդուհանդերձ, տերմինալների զբաղեցրած տարածքների համար վճարների հարցը «Իզի փեյ» ընկերության տնօրենն առաջարկում է ուղղել «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին, որի 100 % բաժնեմասերը պատկանում են Երևան համայնքին։ Վերևում արդեն գրել ենք, որ Երևանի քաղաքապետարանը նույն հարցի վերաբերյալ հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել։

«Իզի փեյ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թ.-ին, դրա բաժնետերերը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի կինն ու զոքանչն են։ 20%-ը պատկանում է կնոջը՝ Նարինե Նազարյանին, իսկ 80%-ը՝ զոքանչին՝ Կարինե Փաշինյանին։ «Իզի փեյ» ՍՊԸ-ի 2021 թ.-ի հասույթը 6.2 մլրդ դրամ է։

 Ինչպես են սնուցվում տերմինալները

Երևան համայնքին եկամուտներից զրկելու պատմությունն այսքանով չի ավարտվում։ Տերմինալների էլեկտրաէներգիայի սնուցման հարցը պարզաբանման կարիք ունի։ Երևանի սեփականություն համարվող հողամասերի վրա տեղադրված բոլոր տերմինալները աշխատում են էլեկտրաէներգիայով։ Արդյոք տերմինալները ՀԷՑ-ի օրինական բաժանորդներ են, վճարո՞ւմ են Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից մի շարք իրավական ակտերի հղումներ են ուղարկել՝ նշելով․ «․․․պահանջվող տեղեկատվությունը համարվում է գաղտնի տեղեկատվություն և ենթակա չէ տրամադրման»։ Այս պատասխանը չի փարատում մեր այն կասկածները, որ հնարավոր է՝ տերմինալների էլեկտրական սնուցման համար օրինական գանձումներ չեն կատարվում։

Հ․Գ․ Իրավապահ մարմինները, կամքի առկայության դեպքում, կարող են պարզել, թե Երևան համայնքի բյուջե չվճարած գումարները տերմինալ շահագործողները տարիներ շարունակ ո՞ւմ և ինչպե՞ս են վճարել։ Իրավապահները կարող են քննել նաեւ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց անգործության հարցը՝ ինչու են շարունակում չնկատել տեղադրվող տերմինալները։

*Հոդվածի սկզբում ներկայացված հաշվարկի համար 1 տերմինալի զբաղեցրած տարածքի վարձակալության արժեքի համար հիմք ենք ընդունել պետական գույքի կառավարման կոմիտեի սահմանած՝ Երևանի կենտրոնում 1 տերմինալի տարածքի վարձակալության մրցույթի մեկնարկային գինը՝ 9344 դրամը (1 ամսվա համար)։

Հեղինակ՝ Տիրայր Մուրադյան

Տեսանյութի նկարահանումն ու մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Ինֆոգրաֆիկաները՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter