HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիթեռներն Էրիկին օգնում են մոռանալ պատերազմի ցավը

23-ամյա Էրիկի աշխատանքային սեղանին գրքեր են, որոնցով նա պարապում է՝ աշնանը համալսարան ընդունվելու համար: Աշխատասեղանից վերեւ զինվորի կիսադեմն է: Աշակերտներն են նվիրել «Զինվորի տան» տղաներին: Նրանք էլ այն կախել են պատից: Զինվորի աչքում արտացոլված ցավն ու տխրությունը իրենք են հասկանում, բայց նախընտրում են չխոսել այդ մասին:

«Հիմնականում չենք խոսում պատերազմից, որովհետեւ ամեն մեկիս համար դա կարող ա մի մեծ ցավ լինել: Չենք ուզում տեսնեն այդ ցավը, ու նաեւ մոռանանք դա: Ինչքան քիչ խոսենք, էդքան լավ»,- ասում է վանաձորցի Էրիկ Մկրտչյանը։

Նա «Զինվորի տանը» շարունակում է վերականգնողական բուժում ստանալ, զուգահեռաբար աշխատում է:

Ամեն աշխատանքային օր՝ ժամը 11-ին, Էրիկը «Զինվորի տան» արհեստանոց է գնում: Այստեղ տղաները թիթեռներով կոմպոզիցիաներ են պատրաստում: Սենյակի մի հատվածում էլ խանութ-սրահն է, որի ցուցափեղկերում նրանց աշխատանքներն են:

Լուսավոր ու կոկիկ աշխատանքային սենյակում գույնզգույն թիթեռները, կարծես, միանգամից փոխում են պատերազմի մասին մեր խոսակցությունը: Էրիկն ասում է՝ մինչեւ բանակ գնալը չէր էլ պատկերացնում, որ մի օր թիթեռների հետ գործ կունենա:

Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, նա մեկ տարուց ավելի արդեն ծառայության մեջ էր: Սեպտեմբերի 27-ին զորամասւոմ էին: Զորամասը տագնապով տարել են Ջրական, որտեղ զբաղեցրել են իրենց դիրքերը: Սկզբում առաջնագծից հետ էին՝ երրորդ պաշտպանական գծում, բայց ռազմաճակատում իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ երրորդ գծում երկար չմնացին՝ երկրորդ, ապա առաջին գիծ հասան:

Էրիկը հրաձիգ էր, բայց ասում է՝ այդտեղ հրաձիգի կռիվ չէր, այլ օդի: Ինքն էլ հենց անօդաչու թռչող սարքից է վիրավորվել: Հոկտեմբերի 16-ն ամենածանր օրն էր: Այդ ժամանակ արդեն Ջրական-Իշխանաձորի հատվածում էին: Ասում է՝ ե՛ւ զոհեր, ե՛ւ վիրավորներ ունեցան: Երբ դեռ լույսը նոր էր բացվել, անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվեց ողնաշարի հատվածում: Էրիկին մյուս վիրավորների հետ նախ Գորիս, այնուհետ Երեւան են տեղափոխել; Վիրահատություններից ու բուժումներից հետո «Զինվորի տուն» է տեղափոխվել: Հիմա էլ պարբերաբար վերականգնողական բուժումների է գալիս:

2021 թ., երբ «Զինվորի տանը» պառկած էր, սովորեց թիթեռներով աշխատել: Սկզբում դա ժամանց էր, հետո դարձավ աշխատանք:

-Ընդհանրապես չէի մտածի, որ թիթեռներով եմ սկսելու հետաքրքրվել: Մի փուլ եկավ, որ պետք է անեի: Հանգստացնում է աշխատանքը, դրական ինչ-որ շարժ կա՝ թե՛ հոգեբանական, թե՛ կտրվում ես առօրյայից,- նշում է Էրիկը:

-Օգնեցի՞ն թիթեռները,- հարցնում եմ:

-Հա, որոշ չափով իր դերն ունեցել է:

-Հետաքրքիր է, չէ՞, պատերազմ ու թիթեռներ:

-Մի քիչ անհամեմատելի է, բայց կարա լինի,- ժպտալով պատասխանում է Էրիկը:

Թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելն այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Էրիկը ցույց է տալիս արդեն լաքած ճյուղը: Ասում է՝ նախ պետք է գեղեցիկ ճյուղ ընտրել, հետո լաքել այն: Ապա ընտրում են թիթեռը՝ նախընտրած ձեւի ու գույնի: Իսկ դրանից հետո համադրում են, ապա ծածկում ապակով:

Թիթեռները բնական են: Որպեսզի դրանք չվնասեն, դիպչելիս գույները չթափվեն, աշխատում են քորոցներով: Թիթեռները Կանադայից են գնում, որտեղ բուծարաններ կան: Դրանք չորացված եւ փակ վիճակում են գալիս: Աշխատանքի բարդ կողմերից մեկն էլ թիթեռի թեւերը բացելն է: «Մեծ համբերություն պիտի ունենաս, որ չջարդես,- նկատում է Էրիկը,- որ նայում ես, տեսնում՝ սիրուն աշխատանք է, մտածում ես՝ արժե էդքան տանջվես, որ դառնա սիրուն աշխատանք»:

Հիմա Էրիկը հայոց լեզու եւ մաթեմատիկա է պարապում՝ համալսարան ընդունվելու համար: Եթե ընդունվի, հեռակա է սովորելու, որ զուգահեռաբար հասցնի նաեւ աշխատել:

«Ամեն դեպքում կյանքը շարունակվում է: Ինչ իրավիճակում էլ լինենք, պիտի ապրենք այդ կյանքը: Որոշեցի ինքնակրթվել, ընդունվել համալսարան, ապագայի հետ կապված լիքը հարցեր կան, որ պիտի անել, չնայել կարգավիճակին: Հետո կարող է ուշ լինել»,- ասում է Էրիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter