HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես են ծախսվում կլիմայի փոփոխությունները մեղմելու նպատակով միջազգային դոնորների հատկացրած միջոցները

Տաշիր․ գովազդվող էներգաարդյունավետություն՝ կիսադատարկ շենքերում

Լոռու մարզի Տաշիր քաղաքի Անի թաղամասը էներգաարդյունավետության չափանիշ է դարձել։ Այստեղ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ էներգախնայողության մի ծրագիր է իրականացվել, որի վերաբերյալ գովազդն ավելի շատ է, քան իրական արդյունքներն են։  

Լոռու մարզի Տաշիր քաղաքը Երևանից շուրջ 160 կմ է հեռու։ Տաշիրից 12 կմ դեպի հյուսիս հայ-վրացական սահմանն է։ Քաղաքի բնակչության թիվը չի գերազանցում 12 հազարը։ 

Քաղաքից դուրս չեկած՝ աջ կողմում Անի թաղամասն է` 16 նույնանման շենքերով։ Վրացի հարևանները, որպես 1988 թվականի երկրաշարժից տուժածներին աջակցություն, 1990-ին արագ կառուցել են պանելային շենքերը։ Թաղամասը մարդաշատ չէ, ամեն մուտքում 2-3 ընտանիք է ապրում։ Շենքերից մեկում ընդամենը 2 բնակարան է բնակեցված։ Բնակիչները պատմեցին, որ շատերը թողել են տները և հեռացել, մի մասը Ռուսաստանի Դաշնությունում է, մի մասն էլ տեղափոխվել է Երևան կամ այլ թաղամաս Տաշիրում, և որոշ բնակարաններ այժմ վարձակալությամբ տրամադրվել են Արցախից բռնագաղթած ընտանիքներին։ 

Տաշիր քաղաքի Անի թաղամասը էներգաարդյունավետ է դարձել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2017 թ.-ին և պետք է ավարտվեր 2023-ին։ Սակայն ինչ-ինչ պատճառներով ծրագիրը չի ավարտվել և շարունակվելու է մինչև 2026 թվականը։  

Կանաչ կլիմայի հիմնադրամը 20 մլն դոլար է տրամադրել դրա իրականացման համար։ Ծրագիրը, սակայն, շատ ավելի մեծ է և համաֆինանսավորվել է նաև ՄԱԶԾ-ի՝ 1 մլն 420 000 դոլար, Երևանի քաղաքապետարանի՝ 8 մլն դոլար, Հայաստանի կառավարության՝ 400 000 դոլար և Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ 86 մլն 250 000 դոլար։ Ընդհանուր բյուջեն կազմել է 116 մլն դոլար։ 

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագիրը միտված է նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից և, այդ միջոցով, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և ապահովել կայուն զարգացման օգուտները:

ՇՄՆ-ն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ծրագրի մեկնարկից՝ 2017 թվականից ի վեր, համաֆինանսավորվել են Հայաստանի 19 համայնքում իրականացվող բազմաբնակարան բնակելի և հասարակական շենքերի էներգաարդյունավետության միջոցառումներ։ 

Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ներառում են՝

  • պատերի ջերմամեկուսացում,
  • տանիքի ջերմամեկուսացում, 
  • նկուղի ջերմամեկուսացում, 
  • արտաքին պատուհանների և դռների փոխարինում
  • լուսավորման համակարգի արդիականացում,
  • ջեռուցման/օդափոպության/օդորակման համակարգերի արդիականացում,
  • արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում,
  •  արևային ջրի ջեռուցման համակարգի տեղադրում։ 

Էներգաարդյունավետության լիարժեք վերազինման դեպքում սովորաբար իրականացվում են վերը նշված բոլոր միջոցառումները, մասնակի վերազինման դեպքում օգտագործվում է ցանկից ընտրված միջոցառումների համակցությունը։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան տրամադրել է այն շենքերի և կառույցների հասցեները, որտեղ ամբողջությամբ կամ մասնակի իրականացվել  է ծրագիրը։ Համաձայն այդ ցանկի՝ Անի թաղամասի 4 շենքում 2020 թվականին էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրն իրականացվել է բոլոր բաղադրիչներով։ Եվս 6 շենքում ծրագիրն իրականացվել է մասնակի։  

Մենք այցելեցինք Անի թաղամաս, որպեսզի հասկանանք, թե որքան արդյունավետ է եղել շենքերի էներգաարդյունավետության ծրագիրը: Մեր այցելության արդյունքում պարզեցինք, որ Անի թաղամասի ծրագրի շահառու 4 շենքերում (որտեղ ծրագիրը պետք է ամբողջությամբ իրականացվեր) թվարկված 8 միջոցառումներից առնվազն 3-ն իրականացված չէր․ շենքերի նկուղները ջերմամեկուսացված չէին, արևային ֆոտովոլտային և ջրի ջեռուցման համակարգեր տեղադրված չէին։ 

Ջերմամեկուսացվել են պատերը, մուտքերում տեղադրվել են պատուհաններ և նոր դռներ, նորոգվել և ջերմամեկուսացվել են տանիքները, տեղադրվել է լուսավորության համակարգ։ 

Անի թաղամասի 2-րդ շենքի 9-րդ բնակարանի բնակիչ Գայանե Ադամյանը պատմեց, որ իրենք առաջին հարկում են ապրում, և նկուղի ջերմամեկուսացումը զգալիորեն կտաքացներ իրենց բնակարանը, և առհասարակ՝ առաջին հարկերի բնակարանները։ 

«Մենք այս տարի ենք էլեկտրաէներգիայով ջեռուցում կազմակերպել, մինչ դա փայտե վառարանով ենք ջեռուցել, չեմ կարող տարբերությունն ասել նախորդ տարիների համեմատ։ Կուզենայինք, որ նկուղն էլ վերանորոգեին ու ջերմամեկուսացնեին, դրանից առաջին հարկերն ավելի տաք կլինեին, բայց նկուղը չարեցին, չնայած՝ սկզբից որ եկան, ասացին, որ նկուղն էլ են անելու»,- պատմեց Գայանե Ադամյանը։  

Նկուղի ջերմամեկուսացում չիրականացնելը Տաշիրի համայնքապետի խորհրդական Սևադա Սարգսյանը բացատրում է առաջնահերթությունների պայմանով․ 

«Համայնքը՝ որպես պատվիրատու, նախագծման մրցույթ է հայտարարել, որի արդյունքում լիցենզավորված ընկերությունը կազմել է նախագիծը, որտեղ նկուղի համար նպատակահարմար չի գտել իրականացնել ջերմամեկուսացում, հետո այդ ծրագիրը մի քանի օղակներում հաստատվել է և Կառավարությունում հավանության արժանացել, հետևաբար այս մասով ո՛չ համայնքը, ո՛չ էլ նախագծողը բացթողում չունի։ Հնարավոր է, որ հաջորդիվ նկուղների ջեմամեկուսացում էլ անենք, ուղղակի այս փուլում կարևորել ենք փոխել մեկ մասնաշենքի տանիքը, երկու այլ մասնաշենքի նկուղի փոխարեն, քանի որ ծախսը գրեթե նույնն է»,-ասում է Սարգսյանը։

«Անցյալ տարվա վրա ամեն ամիս 5-6 հազար դրամ քիչ ենք վճարել ձմռանը։ Փոփոխություն զգում ենք, բայց մուտքի ներսի կոսմետիկ ռեմոնտը չեն արել, եկան նայեցին, որ պիտի անեն, չարեցին, բայց կողքի շենքը արել են»,- հավելում է Գայանե Ադամյանի հարևանը՝ 3-րդ հարկից։  

Անի թաղամասի ամբողջությամբ էներգաարդյունավետություն իրականացրած շենքերից յուրաքանչյուրի համար 3,5 մլն դրամ հատկացվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի միջոցներից, որը այդ շենքի էներգաարդյունավետությանն ուղղված ընդհանուր բյուջեի շուրջ 20 %-ն է կազմում։ Մնացածը ներդրել է համայնքապետարանը։ 

Ծրագրին մասնակի մասնակցած շենքերում նորոգվել են տանիքները, որոշներում տեղադրվել են արևային պանելներ, փոխարինվել են մուտքի դռներն ու պատուհանները։ 

Մի քանի շենքերում էներգաարդյունավետության միջոցառումները դեռ նոր պետք է իրականացվեն։ 

Տաշիրում իրականացված ծրագիրը ՇՄՆ-ն վերջին շրջանում սկսել է գովազդել սոցիալական ցանցերի իր էջերում՝ որպես ավելի քան 30 տոկոսով էներգիայի խնայման օրինակ։ 

Ծրագրի շրջանակում ջերմամեկուսացվել են նաև շենքերի այնպիսի մասնաշենքեր, որտեղ բնակեցված է եղել ընդամենը 2 բնակարան։ Սակայն Անի թաղամասի շենքերի էներգետիկ անձնագրի հաշվետվություններում նշվում է, որ բոլոր շենքերն ունեն 4 հարկ, 1 մուտք, 897 քմ ընդհանուր մակերես, 8 բնակարան և 28 բնակիչ:  

«Անի թաղամասում 16 շենք ունենք, որոնք կիսով չափ են բնակեցված՝ 500-600 մարդ, ի սկզբանե մեր խնդիրը եղել է թաղամասի ջերմամեկուսացումը, և կապ չունի, թե քանի մարդ է էնտեղ ապրում, սրանով հնարավոր է գուցե խթանենք թաղամասի բնակեցումը, գուցե մարդիկ վերադառնան էնտեղ ապրելու կամ տունը վարձով տան»,-ասում է Սևադա Սարգսյանը։

Մանկապարտեզների տնօրենները տեղյակ չեն, որ մասնակցում են նման ծրագրի

Երևան քաղաքի մեծ թվով մանկապարտեզներ են ներառված այն  ցանկում, որտեղ էներգաարդյունավետության մասնակի միջոցառումներ են իրականացվել։ Մենք այցելեցինք մի քանի մանկապարտեզ, որտեղ ամենամեծ գումարներն են ծախսվել։ Նորաշեն 47/2 հասցեում գործող թիվ 50 մանկապարտեզի տնօրեն Արմինե Բաղդասարյանը նշեց, որ իրենց դպրոցն ամբողջությամբ վերանորոգվել է, սակայն էներգաարդյունավետության ծրագիրը դեռ չի իրականացվել։ ՄԱԿ-ի գրասենյակից մասնագետները եկել են, զննել, ուսումնասիրել ու գնացել, իսկ այդ ծրագիրը, իր տեղեկություններով, նոր պետք է իրականացվի։ 

Այս մանկապարտեզի էներգաարդյունավետությունը մասնակի բարձրացնելու համար, ըստ Շրջակա միջավայրի նախարարության, 29,5 մլն դրամ է ծախսվել՝ ԿԿՀ-ի միջոցներից։ 

Դավթաշեն 1-ին թաղամասի 27/2 հասցեում գործող թիվ 58 մանկապարտեզը նորոգվել է 2021-22թթ.։ Այստեղ շուրջ 15 մլն դրամի ներդրում է կատարվել էներգաադյունավետության միջոցառումների համար։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Վարաժյանը մի քանի ամիս է այս պաշտոնում և ասաց, որ եթե նույնիսկ ինչ-որ միջոցառումներ իրականացվել են, ինքը տեղյակ չէ։

Չեխովի 100 հասցեում գործող  թիվ 143 մանկապարտեզը վերանորոգվել է 2022-23թթ․։ Տնօրեն Ռուզաննա Դանիելյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ օրերս քաղաքապետարանից այցելել են իրենց այդ հարցով, ստուգել են, թե ինչպես կարող է իրականացվել այդ ծրագիրը, բայց դեռևս գործողություններ չեն կատարվել։ 

Միայն Հասրաթյան 1 հասցեում գործող թիվ 160 մանկապարտեզի տնօրեն Սոնա Շամախյանը հաստատեց, որ իրենց մոտ լեդ լամպեր են տեղադրվել, պատերի մասնակի, ջերմամեկուսացում, տանիքի նորոգում և ջերմամեկուսացում է կատարվել։ Այստեղ ընդամենը 12,4 մլն դրամ է ծախսվել։ 

Ցանկում ներառված 4 մանկապարտեզներ էլ այս պահին նորոգման փուլում են, դրանց բացումը նախատեսվում է սեպտեմբերին։ 

Դպրոցներ և մշակույթի կենտրոններ

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրի շրջանակում պետք է 150 հանրային շենքերում էներգաարդյունավետության միջոցառումներ իրականացվեին, սակայն մինչ օրս այդ միջոցառումներն անցկացվել են 54 հասարակական շենքերում, որից յոթը դպրոցներ են։ Հերացու անվան դպրոցը դեռևս վերանորոգման փուլում է: 

Ամենաշատ գումարը բաժին է հասել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի միջնակարգ դպրոցին՝ 69 մլն դրամ։ Դպրոցը, 2021 թ․-ից սկսած, հիմնանորոգվում է, ընդհանուր բյուջեն 1,8 մլրդ դրամ է։

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Հասմիկ Եգորյանն ասաց, որ դպրոցը ըստ ժամկետի պետք է հանձնվեր 2023թ․-ի հոկտեմբերին, սակայն շինարարությունը դեռ ընթացքի մեջ է, խոստացել են դպրոցը հանձնել 2024-ի դեկտեմբերի 24-ին։ Ժամկետի վերաբերյալ տնօրենը, սակայն, թերահավատ է։ Եգորյանն ասում է, որ  դպրոցը 2021թ․-ից սկսած՝ կիսված է եկու մասի․ տարրական դասարանների աշակերտները հաճախում են Արարատի մարզի Սիփանիկ գյուղի դպրոց, իսկ 5-րդ դասարանից սկսած՝ Արմավիրի մարզի Գայ գյուղի դպրոց։ 

Տնօրենը նշում է, որ այս գործընթացի կազմակերպման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում, իրենք ստիպված են ամեն օր դպրոցից դպրոց գնալ կրթական պրոցեսն ապահովելու համար։ 

«Դպրոցի նախագծի մեջ տեսել եմ, որ նախատեսվում է շենքի էներգաարդյունավետությանն ուղղված որոշ գործողություններ իրականացնել, ինչպես, օրինակ, պատերի ջերմամեկուսացում, սակայն այլ ինֆորմացիա և գնահատական տալ չեմ կարող, քանի որ շենքը դեռևս կառուցված չէ»,-ասում է տնօրենը։

Մեծ ֆինանսավորում ստացած հասարակական շենքերից երկրորդը Էրեբունու թիվ 3 «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն» է։ Այս կենտրոնին տրամադրվել է մոտ 47 մլն դրամ։ 

Կենտրոնի տնօրեն Ռուբեն Խնկոյանը պատմում է, որ շենքի շինարարությունը սկսվել է 2017-ին ու տևել մեկ տարի 3 ամիս։ Ծրագրի շրջանակում փոխվել է լուսավորությունը ու էապես կրճատվել գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը։ 

«Ամբողջ շենքը ջերմամեկուսացվել է, ինչի շնոհիվ շենքը բավականին տաք է ձմռանը, իսկ ամռանը՝ հով։ Տանիքը մասնակի է ջերմամեկուսացվել, բայց այնքան էլ արդյունավետ չի ստացվել, երրորդ հարկ բարձրանում ենք, ջերմությունը կորում է»,-ասում է տնօրենը։

Խնկոյանի խոսքով՝ մինչև նորոգումը ջեռուցվում էր կենտրոնի տարածքի ընդամենը 1500 մետրը և կար վեց կաթսա, իսկ հիմա արդեն ամբողջ շենքը՝ 6500 մետրն է ջեռուցվում՝ երեք կաթսայով, ու գազի համար վճարվող գինը գրեթե նույնն է։

Օրինակ` 2016թ․-ին՝ մինչև շենքի նորոգումը, փետրվար ամսին կենտրոնի գազի ծախսը 562 հզր դրամ է եղել, իսկ այս տարվա փետրվարին՝ 582 հզր դրամ։ Էլեկտրաէներգիայի ծախսը նվազել է մոտ 42%-ով։ Եթե 2016-ի փետրվարին այն կազմել է 345 հզր դրամ, ապա այս տարվա նույն ամսվա համար 198 հզր դրամ է եղել։

«Տեղադրված սարքավորումները շատ որակյալ են, մինչև հիմա մենք մի լույս անգամ չենք փոխել, բայց կաթսաները, չնայած իրենց շքեղ անվանը՝ «Լամբորջինի», անընդհատ նորոգում ենք, ճիշտ է՝ խնայող են, բայց երկրորդ տարվանից սկսած՝ խնդիրներ են ունենում պարբերաբար, ու ստիպված մեր միջոցներով նորոգում ենք»,-ասում է Ռուբեն Խնկոյանը։

Ծրագրի ամբողջական իրականացման դեպքում թեև նախատեսվում է շենքի նկուղի ջերմամեկուսացում և արևային կայանների տեղադրում, սակայն տնօրենն ասում է, որ այդ միջոցառումները չեն իրականացվել, քանի որ նախագծով դրանք նախատեսված չէին։

Այն շենք-շինությունները, որտեղ ծրագիրն ավարտվել է, փակցված են այդ մասին փաստող ցուցանակներ, ասել է թե՝ էներգաարդյունավետության սերտիֆիկատներ։ Մեր այցելած մանկապարտեզներում, սակայն, այդ ցուցանակները բացակայում էին։ 

Ծրագրի շրջանակներում ստեղծված mershenq.am կայքում կատարված  ծրագրերի մասին հատուկ քարտեզ է մշակվել, որից երևում է, որ էներգաարդյունավետ է դարձել 50 շենք, 41 շենքում աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, իսկ 15-ը՝ նախատեսվածների ցուցակում։ 

Շենքերի էներգաարդյուանվետության ծրագիրը չնայած իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը, համակարգում է ՄԱԶԾ-ն։ Դրա անմիջական համակարգող Վահրամ Ջալալյանի հետ զրուցել չհաջողվեց, մինչդեռ պատրաստակամություն հայտեց հարցերին գրավոր պատասխանել։ Նրա պարզաբանումներն ու մեր հարցերի պատասխաններն ամբողջությամբ կարդացեք այստեղ։ 

Ինչպես ենք դիմակայում կլիմայի փոփոխություններին

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կատարումն ու ընթացակարգերը կարգավորող Փարիզյան համաձայնագիրը Հայաստանի  Հանրապետությունը վավերացրել է 2017 թվականին։ 

2018-ից Շրջակա միջավայրի նախարարությունը Կլիմայի փոփոխության մեղմմանը  միտված և միջազգային կառույցներից ֆինանսավորվող 13 ծրագիր է իրականացրել։ Դրանցից 5-ն ավարտված է, մնացածներն ընթացքի մեջ են։ 

13 ծրագրի համար Հայաստանի կառավարությունը, ըստ ՇՄՆ տրամադրած ցուցակի,  ստացել է ավելի քան 35 մլն դոլար։ Այդ ծրագրերը համաֆինանսավորվել են նաև ՀՀ կառավարության, միջազգային բանկերի կամ այլ կառավարությունների ու կազմակերպությունների կողմից։ 

Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի

Հիմնական ֆինանսավորողները 3 միջազգային կազմակերպություններ են
 

1 ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կանաչ կլիմայի հիմնադրամը (GCF) 5 ծրագրի համար տրամադրել է 29 մլն դոլար։

  1. ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամը 3 ծրագրի համար տրամադրել է մոտ 4 մլն դոլար (4 218 600)։

3 Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը(GEF) 3 ծրագրի համար հատկացրել է մոտ 2 մլն դոլար (1 967 202)։ 

Երկու ծրագիր ֆինանսավորել են այլ դոնորներ 1 մլն դոլար արժեքով «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն իրականացվել է Եվրամիության տրամադրած 930 365 եվրո աջակցությամբ, իսկ «Աջակցություն Հայաստանում ազգային մակարդակով սահմանված ներդրումների ուղղությամբ՝ կլիմայական ռիսկերի հանդեպ դիմակայունության հասնելու նպատակով» ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարության 900 000 դոլար և ՄԱԶԾ  50 000 դոլար համաֆինանսավորմամբ։  

Կլիմայի փոփոխության մեղղմանը միտված կառավարության, մասնավորապես ՇՄՆ ստացած դրամաշնորհների մեծ մասն ուղղված է եղել ավելի շատ փաստաթղթերի, օրենսդրական ակտերի, ռազմավարությունների մշակմանը կամ Հայաստանի օրենսդրությունը կոնվենցիաներին համապատասխանեցնելուն։ Դրամաշնորհներից մեկն, օրինակ, միայն մեկ զեկույց պատրաստելու համար է նախատեսվել․ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 352 000 դոլար գումարով պատրաստվել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույցը։ 

Ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանի պարզաբանումները կարդացեք այստեղ: 

Մեկնաբանություններ (1)

Արմեն
բարև Ձեզ իսկ կարող է հետաքննություն անեք նորակառույց շենքերի ուշացնելու դեպքով, օրինակ նայեք Գոգոլ Պլազայի շենքը որը պետք է հանձվներ շահագործման 2022թ բայց մինչև հիմա ավարտին չի հասել, իսկ ըստ սկզբնական նախագծի 12 հարկ է եղել բայց հետո հրաշալի կերպով դարձել է 16

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter