HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում կայացել է Ռաշիդ Բեգլարյանի շինծու գործով դատավարությունը

Ադրբեջանում կայացել է Ռաշիդ Բեգլարյանի շինծու գործով դատական նիստը։ Ադրբեջանական կողմը Բեգլարյանին մեղադրում է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը (բազմաթիվ փաստեր, ականատեսներ և միջազգային լրագրողներ վկայում են, որ սեփական քաղաքացիներին սպանել է հենց ադրբեջանական կողմը) մասնակից լինելու մեջ»։ 

Ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ դատական նիստի ժամանակ Բեգլարյանը հայտարարել է, որ ծնունդով Արցախի Ասկերան քաղաքից է և աշխատել է որպես վարորդ։ Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, թե իբր «հետաքննության ժամանակ պարզվել է, որ Բեգլարյանի հաշվին Ֆրանսիայից փոխանցվել է մոտ 2 միլիոն եվրո»։ Ադրբեջանական այս լրատվամիջոցովի փոխանցմամբ՝ Բեգլարյանը պնդել է, որ Ֆրանսիայում բնակվող որոշ անձինք իրեն այդ գումարը նվիրատվություն են արել։

APA-ն գրում է, թե դատավարության ժամանակ Բեգլարյանն ընդունել է մեղքը՝ հայտարարելով, որ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը իրագործել են հայերը», սակայն հավելել, որ «ինքը այդ գործողությունների ուղիղ մասնակիցը չի եղել»։

Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մասին առաջին անգամ հայտնեց Արցախի տեղեկատվական շտաբը՝ անցած տարվա օգոստոսի 1-ին։ Ըստ շտաբի հաղորդագրության՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Բեգլարյանը ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:

Նա 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանվել էր Շուշի քաղաքից, իսկ դրանից հետո գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Այդ ժամանակ տարածված նախնական տեղեկությունների համաձայն՝ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 2-ին, Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ Ռաշիդ Բեգլարյանը, գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: 

Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետությունը Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ էր տրամադրել Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար։

2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ռաշիդ Բեգլարյանին։ Բեգլարյանին ադրբեջանական կողմը մեղադրում էր, այսպես կոչված, «Խոջալուի ջարդերին» մասնակցելու մեջ, և այդ մասին հարցաքննության ժամանակ իբրև թե խոստովանել էր հենց ինքը՝ Բեգլարյանը։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Ռաշիդ Բեգլարյանը տեղում ցուցմունք տալու ժամանակ մանրամասն ցույց էր տվել այն վայրերը, որտեղ իբրև թե հանցավոր գործողություններ են եղել քաղաքացիական բնակչության նկատմամբ։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter