HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորս օր` 96 ժամ, լինելու ենք փողոցում և մեր կամքը պարտադրենք». Բագրատ Սրբազան

Երկշաբաթյա դադարից հետո այսօր` հունիսի 9-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։

Ելույթի ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորելով նրանց հունիսի 11-ին անցկացնել ԱԺ արտահերթ նիստ Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով։

«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ի պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով եւ համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։ Մեր պահանջով, այս ժողովրդի պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները պետք է նախաձեռնեն խորհրդարանի նիստ հունիսի 11-ին՝ 16:30-ին՝ Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանը դիմեց նաև իր աջակիցներն՝ հորդորելով նրանց վաղվանից սկսած ամբողջ Հանրապետությունում իրականացնել անհնազանդության ակցիաներ։ «Այս պահին մենք միասին պետք է որոշում ընդունենք, մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը չորս օր՝ 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի, առանց երկար-բարակ քնելու լինենք փողոցում և մեր կամքը պարտադրենք»,- ասաց նա։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոսեց նաև խաղաղության գործընթացի մասին՝ շեշտելով, որ իրենք կողմ են արժանապատիվ խաղաղությանը։ «Միայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության, որն ինքնին պատերազմի ամենամեծ սպառնալիքն է՝ իր ժողովրդի նվաստացման գնով»,- ասաց նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Գալստանյանն ասաց, որ անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները բոլոր դաշնակիցների հետ և միաժամանակ նոր բարեկամաներ գտնել։ «Այս իմաստով վերստին ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը չի կարող լինել աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ, որն այս իշխանությունների ձեռագիրն է, այլ պետք է գործի շահերի համադրման, գործընկերային կապերի փոխգործակցության սկզբունքով»,- հայտարարեց Բագրատ Գալստանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter