HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի առաջին զինվորական պարետն ու կերպարանափոխության արքան. Արշավիր Շահխաթունի

Նրա ձեռքերն անճանաչելիորեն փոխում էին ժամանակի մեծանուն կինոդերասաններին: Կինոաշխարհն Արշավիր Շահխաթունու մասին արտահայտվում էր հիացմունքով` այդքան էլ լավ չհասկանալով, թե ով է ‎ֆրանսերեն չխոսող, անդիմադրելի հմայիչ այս մարդը` իրենց համար տարօրինակ անուն-ազգանունով` Արշավիր կամ Աշո Շահխաթունի, ում նրանք հաճախ Շաքա էին ասում: Իրականում Շաքան հայ էր` հայի ընդհանրական ճակատագրով՝ ծնված 1885-ի փետրվարի 19-ին Ալեքսանդրապոլում, որի կյանքի մակընթացություններն ու տեղատվությունները  երեք հիմնական պատճառ ունեին` ռազմական արվեստը, թատերարվեստը և կինարվեստը` այսինքն՝ կանայք: Ճակատագրի երեք բաղկացուցիչ, որոնց հիման վրա կերտվեց այս մարդու կյանքը: 

Ծագումը 

Արշավիրը ծնունդով Ալեքսանդրապոլից էր, թեև տոհմը սերում էր Արմավիրի Շահրիար գյուղի մի նշանավոր տիկնոջից` Խաթունից, որը մեծ հարգանք էր վայելել Շահի կողմից և բացառիկ արտոնություններ էր ստացել նրանից: Մի խոսքով` Շահխաթունյանների տոհմի անվանադիրը հենց Խաթուն տիկինն էր:

Այս գերդաստանի հայտնի դեմքերից էր Էջմիածնի եպիսկոպոս Հովհաննես Շահխաթունյանը` Արշավիրի պապի եղբայրը: Եպիսկոպոսն անշուշտ ժառանգ չուներ` կուսակրոն լինելու հանգամանքով, այնպես որ Շահխաթունյանների տոհմը շարունակելու կարևոր գործն ընկած էր Արշավիրի պապի` Օհան Սուլթանի վրա: Եվ վերջինս արդարացրեց գերդաստանի հույսերը` այս ազնվական տոհմին պարգևելով երեք որդի` Գևորգ, Վաղարշակ և Տիգրան անուններով:

Գևորգը Պետերբուրգում ազնվական ծագմամբ տղաների համար հիմնված կադետական դպրոցում ուսանելուց հետո մտավ ռուսական բանակ և շուտով դարձավ զորավար: Տիգրանն ավելի հայտնի դարձավ իր զավակով` դաշնակցական հայտնի գործիչ, կովկասագետ և հրապարագիր Ավետիք Շահխաթունյանով: Տղաներից Վաղարշակ Շահխաթունյանը Լազարյան ճեմարանում կրթված մարդ էր եւ մեծ սեր ուներ թատրոնի նկատմամբ, անգամ խաղացել էր բեմում: Նրան մեծ ապագա էին խոստացել: Բայց հայրը` Օհան Սուլթանը, սպառնացել էր որդուն անիծել, եթե նա չթողնի, իր համոզմամբ, այդ «քյանդրբազությունը»: Վաղարշակը թողեց և դարձավ հրաշալի վարչական աշխատող` որպես գավառապետ գործուղվելով մե՛րթ Ալեքսանդրապոլ, որտեղ ծնվեց Արշավիրը, մե՛րթ Նոր Բայազետ, որտեղ ծնվեց նրա հաջորդ երեխան, մե՛րթ Գանձակ` արդեն որպես փոխնահանգապետ: Բայց բյուրոկրատական աթոռին նստած` նա միշտ էլ մնաց այն թատերապաշտը, որ ջահել ժամանակ երազում էր դերասան դառնալու մասին:

Ժամանակ առ ժամանակ այս կործանված երազը գլուխ էր բարձրացնում պետական պաշտոնյայի գլխում և սրտում` խոր ճգնաժամի մեջ գցելով նրան: Եվ միակ ելքը, ձերբազատվելու կամ մոռանալու համար իր այդ փլուզված երազի մասին, դառնում էր թղթախաղը: Արշավիրը երբեք չմոռացավ թղթախաղում անվերջ տանուլ տվող իր հոր կարմրած աչքերն ու այլայլված, խեղճացած հայացքը: Արշավիրն ատեց թղթախաղը: Նա երբե՛ք, երբե՛ք ձեռքը խաղաթուղթ չվերցրեց:

Թուղթ խաղալը միակ կործանիչ թուլությունն էր, որ ուներ Արշավիրի հայրը: Ընդհանրապես նա հրաշալի մարդ էր եւ արտակարգ հայր: Սիրում էր շքեղ ապրել, ոչինչ չէր խնայում երեխաների համար: Իսկ նրանք վեցն էին: Կինը, միշտ հանդիմանում էր ամուսնուն շռայլ, անտնտես լինելու և աջ ու ձախ փող ծախսելու համար: «Իմ երեխաները բոլորն էլ լավ մարդիկ կդառնան»: Գրկում էր նրանց և խորհուրդ տալիս. «Ինչ ուզում եք եղեք, միայն թե վաճառական չլինեք»: Խեղճը մահացավ երիկամների հիվանդությունից 48 տարեկան հասակում, երբ Արշավիրն ընդամենը 9-10 տարեկան էր:

Արշավիրը մեծացավ հորեղբայր Տիգրանի տանը` վերջինիս ուսյալ կնոջ հովանու տակ: Մի կին, որ հրաշալի գրադարան ուներ և դաստիարակում էր երեխաներին գրքերով` հատկապես Րա‎ֆֆու վեպերով: Տանը երեխաների ուժերով պարբերաբար բեմադրություններ էր կազմակերպում: Դրանք ուրախ տարիներ էին:

Րա‎ֆֆու հայրենասիրական վեպերը, ձիասպորտը, ընտանիքում ավանդաբար Վարդանանց պատերազմի օրը նշելը, վերջապես զորավար հորեղբայրը Արշավիրի համար նախանշեցին ապագան: Նա մեկնեց Թի‎ֆլիս` զինվորական դպրոց ընդունվելու: Երեք տարի ուսանելուց հետո մտավ մեծ կյանք` համազգեստը հագին:

Առաջին փորձությունը 

Իբրև զինվորական գործուղվեց Բաքու: Իշխան Գոլիցինի հրամանով զորագունդը, որտեղ ծառայում էր Արշավիրը, պետք է կասեցներ հակահայ քաղաքականության դեմ բողոքի ցույցի ելած Բաքվի հայ բնակչության երթը եւ կրակ բացեր ցուցարարների վրա: Բնականաբար, Շահխաթունին չէր կարող դա անել: Ուստի, հիվանդ ձևացավ և այդ օրը չներկայացավ ծառայության: Սուտը անմիջապես բացվեց և, եթե չլինեին իր զորավար հորեղբայր Գևորգ Շահխաթունյանի կապերը, ապա Արշավիրը կհայտնվեր զինվորական դատարանի առջև: Հորեղբայրը դիմեց իր համակուրսեցի զորահրամանատար իշխան Ամիրաջիբիին, և երիտասարդը փրկվեց վերահաս դատից ու հրաժեշտ տվեց ռազմական գործին, իր համոզմամբ` առհավետ:

Զորամասից՝ թատրոն

Թատրոն նա մուտք գործեց Բաքվում: Դա դերասանուհի Հրաչյայի ղեկավարությամբ գործող Բաքվի մշակութային ընկերությանը կից գործող թատերախումբն էր: Հովհաննես Աբելյան, Սիրանույշ, Հրաչյա…  Այս անունների կողքին հայտնված Արշավիրը յոթերորդ երկնքում էր: Շուտով նա այնքան վստահություն զգաց իր կարողությունների հանդեպ, որ տեղափոխվեց իր ծննդավայր Ալեքսանդրապոլ, խումբ կազմեց եւ նվիրվեց բեմին: Իր համոզմամբ` առհավետ:

Հովհաննես Աբելյանի բեմական գործի 25-ամյա հոբելյանն Արշավիր Շահխաթունու թատերախումբը նշեց մեծ շուքով: Այս հոբելյանից հետո Աբելյանը իր թատերախմբով երկարատև հյուրախաղերի մեկնեց Պոլիս` ջլատելով Կովկասյան թատերախմբերի ուժերը, հատկապես Թի‎ֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության կազմը:

Դերասանական թափուր տեղերից մեկը լրացնելու համար, Արշավիր Շահխաթունին եկավ Թի‎ֆլիս: 75 ռուբլի աշխատավարձով անմիջապես ընդունվեց կազմ: Դա 1908թ. էր, և հենց այս տարին էր նա համարում իր իրական մուտքը թատրոնից ներս: Սա նաև իր մուտքն էր ընտանեկան կյանք: Թի‎ֆլիսը նրան ոչ միայն բեմ, հաստատուն աշխատավարձ ապահովեց, այլև ամուսին դարձրեց: Առաջին անգամ և իր համոզմամբ` առհավետ: 

Առաջին ամուսնությունը

Վիկտորիա Աբովյան.BMP (1.19 MB)

Վիկտորյա Աբովյանը

Շահխաթունու սիրած կինը մանկավարժ,  թարգմանչուհի, դերասանուհի, վերջապես, թոռնուհին էր մեծ մտավորական և լուսավորիչ Խաչատուր Աբովյանի: Վիկտորյա Աբովյան. համակրելի մի տիկին, ում բախտը խաչվեց նույնպես անչափ համակրելի մի տղամարդու բախտի հետ Թի‎ֆլիսի թատերական շրջանակներում: Նրանք ամուսնացան: Ծնվեց նրանց որդին՝ Էրիկ կամ Կոտիկ անունով: Համենայն դեպս` Ավետիք Իսահակյանը երեխային Կոտիկ էր անվանում և անգամ դարձել էր նրա կնքահայրը:

Բեմը և ընտանիքը դժվար համատեղելի են, հատկապես, երբ ջահել  ես: 1910-ին Արշավիրը ջահել էր, ընդամենը 25 տարեկան: Եվ  բեմական հովերը շատ զորավոր էին: Իսկ հաջողությունը և հանդիսականի սերը՝ ոտքերը հողից կտրելու սադրանքներ: Հյուրախաղեր Հյուսիսային Կովկասում, միջին Ասիայում, Մոսկվայում, ծափեր, ժպիտներ, գլխապտույտ առաջացնող բոհեմ: Եվ մյուս կողմից տունը, որտեղ կինն էր և որդին` սիրունիկ տղան,  որի ուսերին էր փաստորեն դրվելու Աբովյան և Շահխաթունի ազնվական տոհմերի արժանի ժառանգը լինելու պատասխանատվությունը: Բայց երեխայի կյանքը չընթացավ հովվերգության մեջ: Մի սև կատու անցավ  ծնողների միջև: Նրանց համատեղ կյանքը չստացվեց: Գուցե թատրո՞նն էր պատճառը, գուցե ուրի՞շ կանայք, կամ ուրիշ տղամարդի՞կ:

Տարիներ անց, երբ Արշավիր Շահխաթունին քաղաքական պատճառներով վտարանդության մեջ կհայտնվի Փարիզում, կկորցնի իր երկրորդ սիրելի կնոջը, կծերանա և կհիվանդանա, դուրս կմղվի իր ասպարեզից, կարոտն առ իր որդին սաստիկ չափերի կհասնի: Եվ հեռավորության վրա կխնդրի Երևանում բնակվող իր մտերիմ ընկերներից մեկին` տաղանդավոր դերասան Արման Կոթիկյանին հետաքրքրվել տղայով:

«Սիրելի Աշո, կատարելով քո խնդրանքը՝ հատուկ այցելեցի որդուդ ապրած բնակարանը (իր մոր հետ), սակայն դժբախտաբար չկարողացա տեսնել նրան, որովհետև Երևանում չի ապրում ներկայիս, այլ իր գծով Սարատով է մեկնած...»: 1956թ., 17 հոկտեմբեր

Շահխաթունու և Վիկտորյա Աբովյանի որդին շինարար-ճարտարագետ էր: Մայրը, զգալով, որ տղան նույնպես թատերական հակումներ ունի, շուտափույթ կանխել էր դրանք՝ Էրիկին-Կոտիկին պարտադրելով կրթության տեխնիկական ուղղությունը:

«Մորիցը տեղեկացել եմ, որ առողջ է: Տանը հանդիպեցի նրա որդուն` այսինքն քո թոռանը, որը տատիկի մոտն է ներկայիս և օգնում է նրան: 17-18 տարեկան սիրուն երիտասարդ է: Մյուս թոռդ իր ծնողների մոտ է գտնվում: Ուրեմն` տեսնում ես, որ ամեն ինչ լավ է: Ոչ մի բանի մասին մի մտահոգվիր եւ միայն հետևիր քո առողջությանը: Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում: Ավ. Իսահակյանը հատուկ բարևում է քեզ: Քույդ` Արման Կոթիկյան»:

Խզում

1910թ., երբ Արշավիր Շահխաթունին սրընթաց վեր էր բարձրանում դերասանական արվեստի մեջ, հյուրախաղերով հայտնվում մեկ այս, մեկ այն քաղաքում, Վիկտորյա Աբովյանի կյանքում նույնքան սրընթաց տեղաշարժեր էին կատարվում: Նա սիրո ակնարկներով, ապա և ակնհայտ խոստովանություններով նամակներ էր ստանում ուրիշ տղամարդուց: Այդ նամակները և դեռ հեռավորության վրա գտնվող տղամարդը, այնքան պետք էին միայնության մեջ այդքան վաղ հայտնված կնոջը:

Ոչ մի նամակում կամ ինքնակենսագրականում Շահխաթունին չի պատմում իր և Վիկտորյայի մասին. ընդհանրապես չի խոսում այս կնոջից, կարծես նա չի էլ եղել իր կյանքում: Այնինչ, նա միակ կինն էր բազում մտերմուհիների և սիրելի կանանց մեջ, ով սերունդ պարգևեց իրեն:

Իրական կրքեր՝ իսկ և իսկ ֆիլմի սցենար

Եվ այսպես` Արշավիրը երազում է Մոսկվայում մտնել Ստանիսլավսկու դպրոցը, Բաքվում մեծ հաջողություններ է ունենում Սիրանույշի թատերախմբում, Աբելյանից լսում է` «Հիմա կարող եմ հանգիստ մեռնել, որովհետև հաջորդ ունեմ» խոստովանությունը: Վերջապես 1911-ին Կիսլովոդսկում հանդիպում է Հակոբ Ուզունյանին, որը տարիներ անց պետք է դառնար Բեռլինի կինոստուդիայի տնօրենը և ստանում ‎ֆիլմում նկարահանվելու գայթակղիչ առաջարկ: Մի խոսքով` նա տարված էր դերասանական արվեստով, իսկ իր կնոջով սկսում է տարվել Իսահակյանը:

«Ի՞նչ եք անում, Աշոն գնաց, թե վայելում է Ձեր մտերմությունը կամ Ձեր հարկի քաղցրությունը, որին նա այնպես բուռն էր ցանկանում…»: 1910թ., մարտ 22, Ղազարապատ

«Շատ սիրելի Վիկտորյա... Ապահարզան ստանալդ ինձ և՛ ուրախացրեց, և՛ տխրեցրեց, բայց ավելի տխրեցրեց... Սրտանց ցանկանում եմ քեզ բախտավորություն և ամեն լավ բան, ինչ որ դու կցանկանաս: … դու ինձ համար ամենաշքեղ երազն ես ու հեքիաթը, և կաս, և չկաս մոտիկ ես ինձ, շատ մոտիկ, բայց և չափազանց շատ ես հեռու….»: 1911թ., նոյեմբեր 24, Կ. Պոլիս

1910 թ․ Վիկտորիա Աբովյան-Շահխաթունին որդու հետ Թիֆլիսում (1).jpg (661 KB)

Վիկտորյա Աբովյանը որդու հետ

Ապահարզան, ընտանեկան անկում և մասնագիտական վերելք... Շահխաթունին մեկնում է Մոսկվա: 1913թ.-ն էր: Առաջին‎ համր ֆիլմերը «Խանժոնկովի» կինոստուդիայում. «Իսմայիլ բեյ», «Կովկասի նվաճումը», «Խանդ», «Փոթորիկ», Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպի հիման վրա նկարահանված «Բելա» և այլ շարժանկարներում ստանձնած դերեր: Առաջին խոշոր հոնորարներ և Ստանիսլավսկու գեղարվեստական թատրոնին կից Թատերական ակադեմիայում ուսանելու հնարավորություն: Բայց շատ ժամանակ չուներ սովորելու: Բացվում էր նոր թատերաբեմ՝ 1-ին աշխարհամարտը: Պատերազմելու ժամանակն էր:

1914-ին որպես նախկին սպա զորակոչվեց Կովկասյան ռազմաճակատ: Եղավ գեներալ Օգանովսկու համհարզը, կռվեց Վանում, Կարինում: Այստեղ էլ վիրավորվեց ձեռքից: Բեկորը զգացնել կտա իր մասին նաև շատ տարիներ հետո: Հաճախ, կինոնկարահանման հրապարակում դերասաններին շպարելիս, ստիպված կլինի ձեռքի ցավից սեղմել ատամները: Պատերազմը խափանեց նրա ծրագրերը: Քաջության և անձնվիրության համար ստացված շքանշանները միևնույն է չէին կարող ամոքել պատերազմի բերած ո՛չ ‎ֆ‎իզիկական, ո՛չ հոգեկան և, առավելապես, ո՛չ էլ ազգային ցավ:

Փոխգնդապետի Երևանը              

Երևանի պարետ եղած ժամանակ.png (136 KB)

1918-ին Արշավիր Շահխաթունին նշանակվեց Երևանի զինվորական պարետ.  ճերմակ նժույգի վրա փառավորապես բազմած, անչափ գեղեցիկ մի տղամարդ` սպիտակ չերքեզկան հագին, փոխգնդապետի ուսադիրներով, մոխրագույն զինվորական փափախը գլխին:

Քաղաքը  շունչը պահում էր, երբ Շահխաթունին սլանում էր Աստա‎‎ֆյան կամ Նազարովսկայա փողոցներով` ուղևորվելով դեպի իր աշխատավայրը` քաղաքային զբոսայգու դիմաց գտնվող այն շենքը, որի երկրորդ հարկում իր վարչությունն էր, իսկ առաջինում՝ «Բոմոնդ» ռեստորանը: Կամ էլ, երբ ոտքով քայլում էր մինչև պառլամենտի շենքը, որ տեղակայված էր այժմ Պարոնյանի անվան թատրոնի տեղում: Նա գեղեցկացնում էր քաղաքը:

Շահխաթունին Երևանի պարետի պաշտոնում ոչ միայն ցուցաբերեց ռազմական գործչի հմտությունները, այլև՝ դերասանական տաղանդը: Այստեղ նա հրաշալիորեն կերտեց Աբեղայի դերը Շանթի «Հին Աստվածներ»-ում, Սեյրանի դերը Շիրվանզադեի «Նամուս»-ում, Մարկոսի դերը Սենկեւիչի «Յո՞ երթաս»-ում: Թատրոնը՝ մասնավորապես Ստանիսլավսկու սիստեմը, նրան անչափ օգնեց դիվանագիտության մեջ: Դերասանական ձիրքը պետք եղավ ժողովրդին, հատկապես ամբոխին հիպնոսացնելու, իրեն լսել տալու և անմոռաց տպավորություն թողնելու համար: 

Շահխաթունի և սպայակույտ.png (839 KB)

Հասկելը և տիկինը Երևանում 

Տպավորված դերասան Գուրգեն Ջանիբեկյանը հիշում է. «Շքերթը կայարանից դանդաղ ընթացքով շարժվում էր Աստա‎ֆյան փողոցն ի վեր: Առջևից գնացող բաց ավտոմեքենայի մեջ, սպիտակ չերքեզկան հագին, զինվորական պատիվ բռնած կանգնել էր Շահխաթունին, որ ասես քանդակ լիներ: Նրա կեցվածքն այն աստիճան հանդիսավոր ու նույնիսկ խորհրդավոր էր, հայացքն այնքան բազմանշանակ, որ մարդիկ միայն նրան էին նայում, չհասցնելով աչքի անցկացնել հյուրերին և մյուսներին: ...Երբ շքերթը հասավ փողոցի ծայրին գտնվող մի տան, ուր պիտի օթևաներ ամերիկացի դիվանագետը, Շահխաթունի-քանդակը «հրաշքով» կենդանացավ, վար ցատկեց մեքենայից, մոտեցավ երկրորդ մեքենային, դռնակը բացեց ու պլաստիկ մի շարժումով ձեռքը մեկնեց տիկին Հասկելին: Սիրալիր մի ժպիտով իջեցրեց նրան մեքենայից և ուղեկցեց դեպի մայթ: Ապա մի քանի խոսք փոխանակեց նրա հետ: Վերջինս ծիծաղեց ու աչքերը հառեց Շահխաթունու վրա, իսկ սա առնական մի խոնարհանքով համբուրեց տիկնոջ ձեռքը…»: 

Արամը

Հայաստանի առաջին հանրապետության, Սարդարապատի և Երևանի փրկությունը Շահխաթունին կապում էր  հատկապես Արամ Մանուկյանի հետ: Տարիներ անց նա գրեց իր հուշերը Արամի մասին` անկեղծորեն և հիմնավորված մեծարելով այդ հսկա  քաղաքական գործչին:

Սարդարապատի հերոսամարտից հետո գերմանական և ավստրոհունգարական զինվորական պատվիրակությունը ժամանեց Երևան: Գերմանացիների գլխավորը Արամ Մանուկյանին տեղեկացրեց, որ դեռևս Վանից իր վաղեմի ծանոթը՝ Խալիլը, փափագում է գալ Երևան և հանդիպել իրեն: Նաև՝ վեհափառին: Արամը կանչում է Շահխաթունուն և հարցնում.

-Ինչքա՞ն զօրք ունես Երեւանում:

-Ունեմ երկու գունդ հետեւակ, երկու գունդ ընտիր հեծելազօրք... եւ երեք մարտկոց, որոնք կազմում են 12 թնդանօթ:

-Դու լավ դերասան ես: Կարող ես մի լաւ ներկայացում տալ գերմանացիներին և մանաւանդ Խալիլին: Նրանց պէտք է ցոյց տանք, որ Սարտարապատի զինադադարը դեռ չէ վերջացել, թէ մենք ուժ ունենք:

Եվ Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին անցնում է գործի: Խալիլին պետք էր պատշաճ ընդունելություն ցույց տալ: Եվ հիշել, ինչպես ասել էր Արամը, որ ոճրագործը օղի շատ է սիրում:

Արշավիրը հոգ տարավ, որ Աստաֆյան փողոցում գտնվող Եղիազարյանների գեղեցիկ առանձնատունը տրամադրվի Խալիլին: Սպարապետ Նազարբեկյանին էլ իր խղճուկ բնակարանից տեղափոխեց մեկ այլ շքեղ տուն՝ Սպայակույտի դրոշը ծածանելով վրան, ի տես և ի սարսափ գերմանցիների և Խալիլի: Արամն ու Արշաւիրը վստահ էին, որ Խալիլը պիտի՛ ուզենա հանդիպել Սպարապետին:

Հայկական և թրքական դրոշներով գնացքը Ալեքսանդրապոլից ժամանեց Երևան՝ իր հետ բերելով Էնվերի հորեղբայր Խալիլ փաշա Քութին: Իրենց ցեղակցին աղ ու հացով դիմավորելու համար կայարան էին եկել երևանաբնակ թուրքերը: Տաքարյուն Շահխաթունին քիչ էր մնում վտարեր սրանց, բայց Արամը հանդարտության կոչ արեց պարետին: Շահխաթունու ցանկությունը կատարեց ինքը՝ Խալիլը. «Թուրք էք, բայց երևանցի էք, ուրեմն, պէտք է հպատակուէք Երևանի իշխանութեանը, բայց ոչ ինձ: Կորսուեցէ՛ք»:

Լավ ընդունելություն, ժողովրդի կողմից «տգեղ ցոյցերի» բացառում, հայկական և թրքական քայլերգեր և դրոշներ՝ արարողակարգի բոլոր կանոններով:

Բայց հարկավոր էր նաև գերմանացիների և Խալիլի զրույցները գաղտնալսել:

Շահխաթունին հիշում է. «Անմիջապէս գնացի իմ պաշտօնատուն եւ խնդրեցի Էսքտիկեանից, որ հանի զինւորական զգեստը, հագնի սիվիլ եւ գնայ գերման զօրավարի բնակարանը, ինչպէս մէտր տ՛օտել՝ այնպէս ձեւացնելով, որ հասկանում է ֆրանսերէն եւ ռուսերէն, բայց չգիտէ գերմաներէն»: Ընդհանրապես Շահխաթունու վստահելի տեղեկատուները ուներ՝ հայտնի զուռնաչիներ Սոսը և Արմենը: «Քէյֆերի ժամանակ նրանք աւելի շատ լուր էին հաւաքում, քան զինւորական բիւրոյում»: Նաև՝ Ջաֆար անունով մի թուրք:

Խալիլն իսկապես ցանկություն հայտնեց հանդիպել Նազարբեկյանին:

Շահխաթունին հիշում է, թե Խալիլը՝ ձեռքը գլխին տանելով և զինվորական բարև տալով, ինչ ասաց Նազարբեկյանի. «Ձերդ Բարձր գերազանցութիւն, երջանիկ եմ, որ ընդունում էք ինձ այսպէս: Երջանիկ եմ, որ այսօր սեղմում եմ ձեռքը ինձ հաղթողի»: Ակնարկում էր Դիլմանի ճակատամարտում  կրած պարտությունը:

Խալիլի հաջորդ ցանկությունը՝ հանդիպել Վեհափառին, ևս իրագործվեց: Ճաշկերույթի ժամանակ Կաթողիկոսը հարցրեց Խալիլին` արդյո՞ք հավանեց Էջմիածնի շրջակայքը և տեսա՞վ անթիվ հայ գաղթականներին, որոնք իրենց քաղաքացիներն են եղել:

Խալիլի առաջին այցը Երևան ավարտվում էր: «Աստուած տայ, որ հայ ժողովուրդը վերականգնի, որովհետեւ ձեր ժողովուրդը ես մօտիկից եմ ճանաչում, իբրեւ շինարար եւ աշխատաւոր տարր»:

Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին լավ էր հիշում նենգ ու խորամանկ, անպատկառ և ստոր ոճրագործի այս մաղթանքը:

Գաղտնի հեռագիր, Կարսում պահվող զենքի դիմաց՝ գործարք Խալիլի հետ

Առաջին այցից շատ չանցած` Խալիլից ստացվում է գաղտնի թվագրյալ հեռագիր, Արամ Մանուկյանին ծածուկ հանդիպելու և կարևոր տեղեկություն հայտնելու մասին: Շահխաթունին իբրև ժամադրավայր ընտրում է մի լքված ամայի վայր Երևանից դուրս, համաձայնեցնում Արամի հետ և հեռագրում Խալիլին: Նշված օրը գիշերը` ժամը երկուսին, վերջինիս ինքնաշարժը հասնում է տեղ: Արշավիրը և Արամը նկատում են, որ Խալիլն անհանգիստ էր և մտահոգ: Պատմում էր, որ անգլիացիները հայերի հետ Արարայում մեծ հարված են հասցրել թուրքերին: Թուրքական բանակը ջախջախված է: Ամերիկացիների հարձակումներից ջախջախված է նաև գերմանական բանակը: «Մենք որոշել ենք այս ճակատից բոլորովին հեռանալ և Էրզրում քաշուել: Մեր քաշուելուց յետոյ, դուք կարող էք գրաւել բոլոր մեր թողած վայրերը: Թերևս Էրզրումը եւս ստիպուենք թողնելու ձեզ: Այս գաղտնիքները ձեզ եմ տալիս, իբրեւ ձեր հին բարեկամը»:

Ի՞նչ էր այս թուրքի ուզածը, ինչո՞ւ էր բացահայտում գաղտնիքը: Շահխաթունին փորձում էր գտնել այս հարցերի պատասխանը, երբ ինքը՝ Խալիլը, բացահայտեց իր ուզածը: Նա խնդրում էր, որ Արամը երկու-երեք վստահելի թիկնապահ տա՝ իրեն Էրզրում փախցնելու համար:

Շահխաթունին հիշում է Արամի պայմանը՝ Խալիլի առջև.

-Գիտեմ, որ դուք Կարսում ահագին թիւով փամփուշտ ունէք: Այդ փամփուշտները ամբողջապէս իմ ցոյց տուած տեղը մեզ կը յանձնէք: ...Կարելին արա՛, Խալիլ: Ստանալուց յետոյ, ես էլ երկու-երեք հաւատարիմ պահակներ կը տամ քեզ, որ առաջնորդեն մինչեւ Էրզրում՝ ողջ և առողջ:

Գործարքը բարեհաջող գլուխ եկավ: Չորս սնդուկ փամփուշտը Կարսից հասավ Երևան, Խալիլն էլ՝ Էրզրում:

Երջանկության մի կարճատև շրջան. Հայաստանն անկախ է, կողքին սիրելի կինն է

«1920թ. յունուար 23-ին հայկական պետութեան դէ ‎ֆակտոյ ճանաչման լուրը ստացուեց Երեւանում եւ կայծակի արագութեամբ տարածուեց հասարակութեան մէջ,- հիշում է Սիմոն Վրացյանը։ -Մի ժամ յետոյ ամբողջ քաղաքն արդէն ոտքի վրայ էր: Ժամը 3-ին քաղաքի պարէտի շէնքի առջեւ խռնուեց ահագին բազմութիւն: Եկաւ եւ զօրքը նուագախմբով: Պարէտ Արշաւիր Շահխաթունին ոգեւորուած, բոցաշունչ ճառ խօսեց օրուայ նշանակութեան մասին, եւ զօրքն ու բազմութիւնը մի մարդու պէս լուռ իջան ծունկի` յարգանս Հայաստանի ազատութեան զոհերի…»:

Հայաստանի անկախությունը Շահխաթունին նշեց ոչ միայն Երևանի բնակիչների հետ, այլև տանը` իր սիրելի կնոջ հետ: Նա երկրորդ անգամ էր ամուսնացել: Եվ երջանիկ էր: Տիկինը Երևանի Մելիք Աղամալյանների հայտնի տոհմից էր` Նինա Մելիք-Աղամալյանը` Երևանի նախկին քաղաքագլուխ Իսահակ Մելիք-Աղամալյանի դուստրը: Տարօրինակ զուգադիպությամբ Նինայի հորական պապը Արշավիրի պապի` Օհան Սուլթանի, ազգային հարցերով օգնականն էր:

Նինա Մելիք Աղամալյան 2-րդ կինը (1).jpg (1.18 MB)
Նինա Մելիք-Աղամալյանը  

Բայց սիրելի հայրենիքի անկախության բերկրանքը տևականորեն վայելել չստացվեց:

Եկան ուրիշ գաղափարներով մարդիկ և խլեցին անկախ հայրենիք ունենալու հույսը, վերաձևեցին Հայաստանը ըստ իրենց պատկերացումների և ճաշակի: Ինչևէ, բոլշևիկների իշխանության գալուն պես, Արշավիրը ստիպված եղավ հեռանալ հայրենիքից:

Շահխաթունին 1955 թվականին իր աշակերտ և լավագույն բարեկամ Արման Կոթիկյանին կգրի հետևյալը.  «...զգում եմ, որ կյանքումս գործել եմ մի ոճրագործություն. դա այն է, որ թողել եմ իմ հայրենիքս և հեռացել նրա սուրբ հողից»:

Հայաստանից մեկնեց Կոստանդնուպոլիս, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ եղերական մահվան էր դատապարտվել հայոց սերուցքը: Պետք էր բավական մեծ ներքին ընդվզում հաղթահարել 1921թ. այստեղ ապրելու և գործելու համար: Ավելին` փորձելու վերստին կերտել հայ Պոլիսը: Շահխաթունին հաղթահարեց այդ ներքին ընդվզումը և տեղափոխվեց Պոլիս Հայ դրամատիկական ընկերության արտիստը լինելու համար: Եվ այստեղ էլ բեմական հաջողությունից զատ ունեցավ գլխապտույտ հաջողություն Իսթամբուլի տիկնանց կողմից և մի թեթև անմիտ արկածային սիրավեպ, որ պատճառ դարձավ իր հանդեպ Պոլսի հայ հասարակության  պարսավանքի և ատելության:

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

շարունակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter