HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի առաջին զինվորական պարետն ու կերպարանափոխության արքան. Արշավիր Շահխաթունի (մաս 2)

սկիզբը

«Սալոմե»-ի մեղքը

Եվ այսպես` Հայ դրամատիկական ընկերությունը բեմադրեց «Սալոմե» ներկայացումը: Պոլսի մեծահարուստ հայերից մեկն այս բեմադրության մեկենասն էր: Նա մեծ հարգանք ուներ Շահխաթունու նկատմամբ, հաճախ էր հյուրընկալում իր տանը: Ոչ ոք չնկատեց, թե ինչպես այդ բարեկամությունը սահուն վերածվեց իր բարերարի կնոջ նկատմամբ սիրահարության:

Դա մեծ սկանդալ էր Պոլիս քաղաքի և հայկական շրջանակների համար: Երեխաներ ունեցող կինը կապվեց իր ամուսնու կողմից պատվի և աջակցության արժանացած դերասանի հետ, որն իր հերթին կին ուներ` հմայիչ և ազնվական Նինա Մելիք Աղամալյանը: Թվում էր, թե սիրավեպի մասին քաղաքում պտտվող կասկածների և խոսակցությունների տարածումից հետո, Արշավիրը և իր մտերմուհին կդադարեցնեն հարաբերությունները` հարթելու համար այն ահռելի անհարմարությունը, որ առաջացել էր երկուսի համար: Սակայն՝ ոչ: Հակառակը՝ Շահխաթունին գնաց վաբանկ: Դե, զինվորական էր, և այս կնոջ հարցում նրա մարտավարությունը  զավթողական էր: Եթե մինչ այդ նվաճել էր կնոջ սիրտը, ապա հիմա ամբողջապես նվաճեց նրան՝ առևանգելով: Սա իր կյանքի ամենից անխոհեմ քայլն էր:

Պոլիս դեպքերի ծաղրանկար.jpg (294 KB)

Շուտով Եշիլգյուղի այն պանդոկում, որտեղ պատսպարվում էին սիրահարները, սպանություն տեղի ունեցավ: Սպանվողը ոմն Մուշեղ էր: Դիակի մատից անհետացել էր մատանին: Կասկածն ընկավ Արշավիրի վրա. սպանություն` գողության դրդապատճառով: Ասում են, թե իբր սպանությունը և կորած մատանու պատմությունը կազմակերպել էր բարերարը` կնոջը հետ բերելու և անպատկառ սիրեկանից վրեժը լուծելու համար: Համենայն դեպս, դատարանն անմեղ ճանաչեց ամբաստանյալ Արշավիր Շահխաթունուն և արդարացրեց նրան: Բայց հասարակությունը երբեք չարդարացրեց, ոչ էլ փորձեց հասկանալ ամուսնացած կնոջ հետ ունեցած իր սիրահարությունը: Նրան շուտով ցույց տվեցին քաղաքի դարպասները։

Նա լքեց Պոլիսը գլխիկոր` այստեղ թողնելով մինչև հոգու խորքը վիրավորված իր բարերարին, հոգեկան խոր ապրումների և զղջումի մեջ հայտնված նրա կնոջը` իր սիրուհուն: Արժե՞ր արդյոք խառնել այսքան մարդու կյանքի անդորրը, նեղացնել նրանց, լինել կարճատև երջանիկ առնվազն ուրիշ երկուսի` սեփական տիկնոջ և սիրուհու սեփական ամուսնու հաշվին: Այս հարցերի պատասխանները երբեք էլ չեն տրվում: Որովհետև դրանց պատասխանները չկան: Կա մեկ բացատրություն. սա կյանք է, մարդիկ են, և երբեմն լինում են պահեր, երբ չես մտածում, այլ միայն զգում ես:

Փարիզ, Փարիզ...

Բուլղարիայով Շահխաթունին հասավ Փարիզ՝ այդ ահռելի, խելագար քաղաքը: 1924 թ․ նոյեմբեր ամիսն էր: Փարիզը դուր չեկավ Շահխաթունուն և նա ցանկություն հայտնեց վերադառնալ Սո‎ֆիա: Նինան նրան հետ պահեց այդ մտքից` ասելով, թե Փարիզը շանս է, մեծ ասպարեզ իր պես մեծ արտիստի համար: Նինան սիրում էր ամուսնուն և ներում նրա մարդկային բոլոր մեղանչումները:

ինքնակենսագրական ինքնագիր.jpg (5.30 MB)     

Տարիներ անց իր ինքնակենսագրականում, որ անտիպ է, հետահայաց նետելով իր անցած կյանքին՝ Շահխաթունին կգրի. «Իմ միակ, իսկական բարեկամը նա էր և արժանի՞ էի ես նրան արդյոք: Քանի անգամ իմ դերասանական հաջողությունների պահին մոռացել եմ նրան, դավաճանել, խաբել: Մտածմունքների և արցունքների ենթարկել: Հարկավ, ես արժանի չէի նրան: Հիմա այս ալեկոծված տխրահռչակ հսկա քաղաքում, ուր մեքենաներ էին վազվզում, ես մենակ էի կնոջս հետ: Եվ հույս է տալիս նա ինձ՝ ասելով, որ հավատում է իմ տաղանդին»: 

SHAF 171 (2).jpg (1.74 MB)  

Շահխաթունին հայկական շրջանակներում սկսեց բեմադրություններ անել: Կամաց-կամաց այս քաղաքում էին հավաքվում Պոլսի Դրամատիկական ընկերությունից հեռացած արտիստները` Արման Կոթիկյանը, Տրդատ Նշանյանը, Արտաշես Գմբեթյանը, Էլիզ Գովանը, նաև Կովկասից տարագրված դերասանները: Բայց փարիզահայությունը շատ խանդավառված չէր հայ բեմով: Եվ թատերական արվեստին նվիրվելու որոշումը չեղյալ հայտարարվեց: Շահխաթունին սկսեց շփվել իր հայրենակիցների հետ և որքան շատ էր շփվում, այնքան շատ էր հիասթափվում:

Զինվորական Արշավիր Շահխաթունին, որ կռվի դաշտում տեսել էր իր հայրենակիցների կամքը և ոգին, հիմա ականատես էր այդ ոգու փլուզմանը: Այստեղ նա տեսավ հայի ուրիշ տեսակը: Եվ չսիրեց այդ տեսակը: «Հայ սրբազանները մինչեւ անգամ սողում էին պօլշեւիկների մօտ: Նրանք հայհոյում էին կղերականներին, անպատւում հաւատը, քրիստոնէութիւնը, եկեղեցին: Սողում էին, ոտքերը լիզում, որպէսզի կարողանան վիզա ստանալ` Էջմիածին երթալու եպիսկոպոս դառնալու համար: Որքան զազրելի էր ինձ համար այս, որքան կեղտոտ էր այս տիղմը, որքան կեղծաւոր այս բոլորը: Այդ իմ ժողովուրդը չէր, որին ես ճանաչում էի, այդ չէր Մշոյ դաշտի հայ ժողովուրդը, Երեւանի եւ Սարդարապատի հայը այլասերուած, բամբասող, կեղծիքով լի Փարիզի մէջ» :

Եվրոպական համր կինոյի հմայիչ տիպարը

SHAF 225 koms Podzodi Borgoyi derum ,,Napoleon,, 1924t..jpg (612 KB)

Շահխաթունին «Նապոլեոն» ֆիլմում

Նա դադարեց ներկայացումներ բեմադրել համայնքի համար և նորից  ընկավ հուսահատության գիրկը: Բայց, ինչպես միշտ նման դեպքերում, կինն իր կողքին էր: Եվ Արշավիրը` գոտեպնդված Նինայի հոգեթերապևտիկ քաջալերանքով, իր տաղանդն ու տիպարն առաջարկեց ֆրանսիական կինեմատոգրա‎ֆիստներին: Եվ չսխալվեց: «Սինէմա ‎ֆրանսէ» ստուդիայում շուտով նկարահանվեց «Միշել Ստրոքով», «Նապոլեոն» ֆիլմերում, աշխատանքային հրավերներ ստացավ Գերմիանիայից և Իտալիայից:  Ֆրանսիական, ընդհանրապես եվրոպական, համր կինոն մեծապես շահեց Արշավիրի շնորհիվ: Շարժանկար շարժանկարի հետևից, հռչակ, ճանաչում, թևեր, անցյալի անհաջողությունների և գայթումների մոռացում: Եվ ամեն մի բարոյական և նյութական ձեռքբերման հետ նոր «ուհիներ» իր շուրջը:

Նինան արել էր իր գործը` փրկել էր ամուսնուն հոռետեսության ճիրաններից, հրել էր նրան մեծ կինոյի հորձանուտը: Եվ նոր մարտահրավերների մեջ Արշավիրը սկսեց ժամանակ առ ժամանակ մոռանալ նրան: Մինչ այս Նինան եղել էր նրա համար քույր, մայր, բարեկամ և հետո միայն կին: Հիմա արդեն, հաջողության ընթացքը բռնած Շահխաթունուն, նախ հարկավոր էր կին, հետո միայն քույր, մայր, բարեկամ:

Նինան ցնծության մեջ էր, երբ Փարիզով քայլելիս, ամենուրեք տեսնում էր գովազդային վահանակներից նայող իր տաղանդավոր ամուսնու դեմքը: Կարծես Արշավիր Շահխաթունին հսկում էր Փարիզը գիշերուզօր, ինչպես բոլորովին վերջերս հսկում էր Երևանի անդորրը: Շահխաթունին ոնց որ հիմա էլ Փարիզի պարետը լիներ: Սկսված էր «Փառքի շլացուցիչ ճառագայթում մը միջազգային հորիզոնին վրա»` «Մարմարա»-ի էջերին գրում է հրապարակագիր Արամ Պետրոսյանը: Նրանով սկսում են հետաքրքրվել: Լուրջ լրագրողներին հետաքրքրում էր նրա արվեստը և ճակատագիրը, բուլվարային ամսագրերի աշխատակիցներին` նրա արկածներով լեցուն կյանքը:

Թուրքերի կատաղության պատճառը

Անդրանիկի դերում.jpg (2.33 MB)

Շահխաթունին Անդրանիկի դերում

Շուտով ֆրանսահայ մեծահարուստներ Արմենակ Համբարձումյանը և Խաչիկ Սըվաճյանը, ոգևորված Անդրանիկ զորավարի մասին ‎ֆիլմ նկարահանելու Շահխաթունու գաղափարով, ‎նյութական աջակցություն ցույց տվեցին արտիստին: Արշավիրը ստանձնեց ոչ միայն  բեմադրիչի պաշտոնը, այլև մարմնավորեց զորավարի կերպարը: Ֆիլմը Շապին Գարահիսարում սկսված Անդրանիկի մանկությունից մինչև Ամերիկա մեկնելու և ազգային կյանքից մեկուսանալու ընթացքն էր ներկայացնում: Այս համր ‎ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 2500 հանդիսականի առջև, Սան Փլեյել կինոդահլիճում: Համր ‎ֆիլմի երաժշտական ուղեկցումը վստահվեց խմբավար Պատմագրյանին:

Ֆրանսիայում թրքական դեսպանատունը րոպե առաջ բողոքի նոտա հղեց տեղի իշխանություններին և ապառիկ սպառնալիքներ այն երկրներին, որոնք կհանդգնեն ցույց տալ այս ‎ֆիլմը: Ֆիլմն այնուամենայնիվ ցուցադրվեց մի շարք երկրների հայ համայնքներում:

Le Quotidien”-ը 1929-ի ապրիլի 5-ին գրեց. «Շահխաթունու գործը տեխնիկական ճարտարությունից եւ տպավորություն գործելու հետամտությունից բոլորվին զերծ է: Հանդիսականի սրտի հետ խոսում է իր պարզությամբ և այն խորին անկեղծությամբ, որով տոգորված է: Այն նպատակը, որ իրենց առջև դրել են ‎ֆիլմ իրականացնողները միանգամայն հաղթահարված է: Այս ‎ֆիլմը մեծ տպավորություն է գործում հեղինակների հայրենակիցների վրա, իսկ մյուսների առջև բացում է պատմության մի էջ և միջավայր, որ բավական անծանոթ է»: 

1929, 12 ապրիլ, “Le Matin”. «Պարոն Շահխաթունին իր ‎ֆիլմի մեջ երկյուղածորեն վերստեղծել է այս ճշմարիտ ասպետի դերը: Նույնքան լավ բեմադրիչ, որքան տաղանդավոր արտիստ Շահխաթունին այս ‎ֆիլմը ստեղծել է հուզիչ մի վեհությամբ: Շահխաթունին ինքն է կատարում Անդրանիկի դերը, պե՞տք է ասել, որ իր ամբողջ հոգին է դրել այդ գործի մեջ»:

Շահխաթունին իր դերասանական փառքի գագաթնակետին էր: «Ես նպատակ ունէի յաղթել եւ ես յաղթեցի»,- հետո կգրի նա, մի քիչ մոռանալով, որ հաղթեց, քանի որ կողքին անդադար քաջալերանքներով և սատարումներով իր կինն էր: Հաղթեց Նինայի շնորհիվ: Փառքից և հանրաճանաչությունից արբած՝ նա կմոռանա  այդ մասին, բայց կհիշի, երբ նեղն ընկնի, և այդ փառքը վերածվի մի սին հասկացության: «Ես ճանաչել եմ հազարաւոր կանանց Փարիզ, Նիցցայ, Բեռլին եւ ուրիշ տեղեր: Բայց մոռանալ իմ կինը, լքել նրան, օ՜հ, երբեք: Նրա հաւատն էր իմ յաղթանակը, նրա անասելի պաշտամունքը»: Ազնիվ խոստովանություն է: Իսկ առայժմ նա շարունակում էր փայլել կինոխցիկի եւ կանանց առջև:

Իր փառքի ժամանակները հիշելով` գրում է. «Ես ապրում էի ամենալիւքս օթելում, ուր ապրում էր ամերիկուհի Պ.-ն: Երիտասարդ եւ շատ գեղեցիկ: Սքանչելի իր ծերունի հոր հետ միասին: Պ.-ն սիրում էր ինձ խենթի պէս եւ աղաչում էր, որ ես ամուսնանամ իր հետ: Եւ հոր կարողութիւնը 5 միլիոն դոլար իմ տրամադրութեան տակ էր դնում: Ես մերժեցի: Ամուսնանալ եւ լքել իմ կնոջը չէի կարող: Նինային մոռանալ չէի կարող երբեք-երբեք»:

Ժամանակն անողոք է

դիմահարդարման ժամանակ 1.jpg (3.39 MB)

Շահխաթունին դիմահարդարելու ժամանակ

Շահխաթունու համար ավարտվեց գործնական մի ծանրակշիռ փուլ: Ընդհանուր առմամբ այն ավարտվեց շարժանկարի պատմության մեջ: Բայց անմիջապես սկսվեց նորը: Համր կինոն իր տեղը զիջեց մարդկային ձայնի ողջ հմայքով հարստացած հնչուն կինոյին: Եւ Շահխաթունու համար որպես դերասան փակվեցին կինոնկարահանման հրապարակները: Ոչ թե որովհետև լավ ձայն չուներ, այլ որովհետև ֆրանսերեն չգիտեր: Սկսեց ելքեր փնտրել կինոյում մնալու համար և գտավ: Նա սկսեց օգնել դերասաններին կերպարանափոխվել:

Ֆիլմերի լուսագրերում դերակատար Արշավիր Շահխաթունուն փոխարինեց դիմահարդար Արշավիր Շահխաթունին: Շուտով որոշ դերասաններ, Արշավիրից զատ, ոչ մի ուրիշ դիմահարդարի թույլ չէին տա դիպչել իրենց դեմքին: Օրինակ` հանրաճանաչ դերասան Միշել Սիմոնը: Ինքը` Արշավիրը, դիմահարդարման մեջ իր մեծ հաջողությունը բացատրում էր այսպես. «Ես Նաիրեան երկրից եմ սերուած»: Շահխաթունու մտապատկերից Նաիրեան երկիրը երբեք չի հեռացել: Այն միշտ եղել է նրա մտքերի, հույզերի, կարոտների, ափսոսանքի հետ: Նաիրին մի ցավ էր, որ միշտ իր հետ էր: Եվ դա ոչ միայն հայրենիքն էր, որի անկախության կերտմանը ինքն անձամբ էր մասնակցել, այլև իր զավակն էր: Միակն աշխարհում, ում թողել էր ի՛ր Նաիրիում:

«Տէր Աստուած, տէր Աստուած, որքան եմ ես տառապել: Ինչպէս կարօտով եմ յիշում բեմը, որի վրայ անկարող էի խաղալ: Գիշերներն անկողին եմ մտնում, մտքովս սլանում եմ դէպի իմ հայրենիքը: Ես յիշում եմ իմ հօր հարստութիւնը: Ի՛մ հարստութիւնը` իմ փոքրիկ Շահխաթունուն»:

«1955, դեկտեմբեր 5, Փարիզ.…իմ թանկագին Արման ջան, մի խնդիրք քեզանից. դու գիտես, որ զաւակս այդտեղ է, Երեւանում: Նրանից ոչ մի լուր չունէի, բայց անցեալ տարի ստացայ երկու նամակ. դրանից յետոյ դարձեալ դադար, դարձեալ ոչ մի լուր: Եթէ կարողանաս ինձ տեղեկութիւն տալ նրա մասին շատ գոհ կը լինէի»:

Իզուր էր Շահխաթունին նեղվում, որ որդուց առաջին նամակը ստացել է միայն 1954-ին: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ, որդին չէր կարող արտասահմանում ապրող հորը նամակ գրել: Ստալինյան ահավոր տարիներն էին: Միայն 1953-ից հետո Էրիկ Շահխաթունին համարձակվեց փնտրել հորը: Իսկ թե ինչո՞ւ միայն երկու նամակ: Ի՞նչ իմանանք: Նա Արշավիրին չէր ճանաչում որպես հայր: Չէր հասցրել ստանալ նրա ջերմությունը: Նրան պահել, մեծացրել, հայրություն էր արել մոր երկրորդ ամուսինը` բժիշկ Ասլանյանը: Բացի այդ, նա արդեն հասուն մարդ էր, իր ընտանիքն ուներ, իր գործերը: Եվ բնակվում էր Հայաստանից դուրս: Արման Կոթիկյանը կատարեց Շահխաթունու խնդրանքը:

1911-ին, երբ Արշավիրը ջահել էր և բաժանվում էր առաջին կնոջից ու հեռանում 2-3 տարեկան որդուց, դժվար էր պատկերացնել, որ քաղաքական կյանքը, պատմական իրադարձությունները, բոլշևիզմը, ստալինիզմը նրանց բաժանելու են մեկընդմիշտ:

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

շարունակություն

Մեկնաբանություններ (1)

Շուշան Ղազարյան
Հրաշալի հոդվսծ է՝ արխիվային փաստաթղթերով: Հզճոտյքով կարդացի: Կսպասեմ շարոընզյութհանհ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter