HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի առաջին զինվորական պարետն ու կերպարանափոխության արքան. Արշավիր Շահխաթունի (մաս 3)

Սկիզբը

Փշրված ջութակի այլաբանությունը

«Իմ ջութակս փշրուել է, եւ ես չեմ կարող նուագել»: Այս նախադասությունն իր պատկերավորությամբ նրան շատ էր դուր գալիս: Այն դարձել էր իր այցեքարտը, իր նոր ձեռագիրը: Տիկնոջ մահից հետո աննշան խմբագրումներով Շահխաթունին այն կզետեղի իր գրած բոլոր նամակներում:

Արշավիր Շահխաթունու սենյակում, որտեղ փակցված  էր աներոջ` Երևանի նախկին քաղաքագլուխ Իսահակ Մելիք Աղամալյանի դիմանկարը, հայտնվեց ևս մեկը` իր համակրելի ազնվական վաղամեռիկ կնոջ դիմանակարը: Շահխաթունու կյանքում սա վերջին ճակատագրական հարվածն էր: Նա շատ փորձություններով էր անցել, բայց սա ուրիշ էր, գուցե որովհետև վրա հասավ, երբ արդեն 65 տարեկան էր, և կյանքը նորից սկսելու հնարավորությունը չուներ: Նա հոգնել էր բառի իսկական իմաստով: Հոգնել էր կյանքի ‎‎անհաղթահարելի իրավիճակներից: Նինայի մահը լցրեց հուսահատության բաժակը:

Abelyani fond 904 Datoyi derum ,,Davatchanutyun,,.jpg (186 KB)

Բարձրաստիճան զինվորական կոչումով ազնվատոհմիկ մարդ` կռված Վանում և Կարինում, անկախության տարիներին Երևանի համակրելի եւ ազդեցիկ պարետ, փայլուն դերասան, ում Քինի դերակատարումը նույնիսկ ավելի են գնահատել Վահրամ Փափազյանից: Հետո արդեն աշխարհի քառուղիներում վտարանդի մարդ, որ ստիպված էր բեմը փոխարինել կինոյով` խորին համոզմամբ, որ «սինեմայի արուեստը վար է թատրոնի արուեստից...»: Բայց այս անգամ էլ հնչուն կինոն խափանեց նրա ստեղծագործական ծրագրերը, ապա` երկրորդ աշխարհամարտ: Նա հոգնել էր պատերազմներից ու, թեև ռազմաճակատ չմեկնեց, բայց լիուլի զգաց պատերազմի գոյությունը իր կյանքում: Կինը` Նինան, դեռ ողջ էր: Գրում է Արաքս Զարի‎ֆյանը` մեծանուն դերասան Հովհաննես Զարիֆյանի տիկինը:

«1945, յուլիս 13, Նիւ Եօրք. Աշոյ ջան, ջան, ջան…ուղարկում եմ 5 կիլոանոց մի կապոց: Գրեմ ինչ է դրուած մէջը: Ասում են, որ բաց են անում ու թռցնում: 3 քառանկիւն շոքոլայ, հաւկիթի դեղնին` չորացած, շատ լաւ օմլեթ է լինում: Մի կապոց կակաօ, մի կապոց սուրճ, թէյ, քաղցր կաթ, սարդին, թունայ, թուզ, պանիր, մի կտոր օճառ եւ 2 շիշ սախարին: Մաղթեմ որ հասնի Ձեր ձեռքը:  Ջաան, գրիր ինձ, թէ ինչ ուղարկեմ, գիտեմ, որ Եւրոպայում բան չկա…իմ ջերմ բարեւները տիկին Շահխաթունուն: Համբուրում եմ քո` Արաքս»:

Նրա կյանքում միշտ մի էջ փակվում էր և անմիջապես սկսվում էր մեկ ուրիշը: 1950-ի հուլիսից Նինա Մելիք Աղամալեան-Շահխաթունու մահից հետո միակ նորը, որ սկսվեց Արշավիրի համար` առողջության վատթարացումն էր և զգացողությունների գերսրումը: Նա դարձել էր ջղային մարդ: Ապրելու մնացած 7 տարին  Արշավիրը կանցկացնի մի կերպ: Նրա հիվանդության բուն պատճառը բժիշկներն այդպես էլ չհասկացան: Ինքը` Շահխաթունին, ասում էր, որ հիվանդությունը սրվեց, երբ Գերմանիայում մի անգամ իրեն ներարկեցին, այսպես կոչված, Բոգոմոլեցի շիճուկը: Ոչինչ նրան չէր օգնում, նույնիսկ շատերին օգնած հռոմեացիների կողմից հիմնած ջերմուկները: Բայց նա գիտեր իր հիվանդության բուն պատճառը և ամեն անգամ զայրանում էր գիտնական բժիշկների վրա, ովքեր, լուրջ դեմք ընդունած, փորձում էին ‎‎մարմնական մակարդակում գտնել պատճառը: Նա զայրացած հասկացնել էր տալիս. «Միթէ կարելի է ջղային հաւասարակշռութիւնը պահել՝ սիրելիներից հեռու գտնուելով»:

Շնիկի անունն էլ կդնենք Քեմալ

Մտասևեռումը մի փոքր թուլանում էր, երբ Փարիզի, Լիսաբոնի և Հռոմի իր իսկ հիմնած դպրոցներում  աշակերտներին էր փոխանցում դիմահարդարման գաղտնիքների մասին իր ամբողջ գիտելիքները: Կամ կինոնկարահանման հրապարակում, դիմահարդարման հայելու մոտ, շպարը ձեռքին, անճանաչելիորեն կերպարանափոխում էր դերասաններին` ամեն նրբերանգ ավելացնելիս ձեռքի մեջ զգալով Կարինում ստացած գնդակի ցավը:

«Ինչպէ՞ս է Ձեր ձեռքը: Չի՞ խանգարում գրիմ անելիս: Ես ցաւակցական նամակ եմ ուղղել Ձեր ահաւոր կորստեան, Ձեր անուշիկ կնոջ մահուան կապակցութեամբ: Բայց բնութեան օրէնքներին դէմ չես գնայ: Մենք բոլորս կանգնած ենք այդ ճանապարհին: Աստուած Ձեզ պահապան»,- գրում է հայտնի կինոբեմադրիչ Ռուբեն Մամուլեանի մայրը` Վերժինէ Մամուլեանը:

Շահխաթունու ձեռքերը մոգական էին: Փարիզում դրա վկան են եղել Վիգեն Իսահակյանը` Ավետիք Իսահակյանի որդին և Երվանդ Քոչարը: Ահա թե ինչ է գրում Վիգեն Իսահակյանը իր «Փարիզ, Քոչար, անցած օրեր» հրաշալի գրքում: «Հանկարծ գրիմանոց մտավ տիկին Արլեթին, այն տարիների կինոյի ամենամեծ «աստղը», այսպես ասած, ‎ֆրանսիական Գրետա Գարբոն ու ասաց դրամատիկ ձայնով: «Շաքա, մոն շեղ, ահռելի գլխացավ ունեմ, միգրեն, փրկեք, մի բան արեք»: Շահխաթունին «Սինեմա  Ֆ‎րանսեզ» ստուդիայում կախարդի, մոգի համբավ էր ստացել, ամեն ցավի դարմանող էր: Արլեթին շարունակում է. «Հիմա պիտի 8 ժամ լուսարձակի լույսի տակ նկարահանվեմ, Ժան Գաբենն էլ խաղընկերս է լինելու, օգնեք»: Շահխաթունին նստեցրեց տիկնոջը բազկաթոռին և իր գեղեցիկ ուժեղ ձեռքերով հմտաբար շփեց տիկնոջ վիզը, ծոծրակը, պարանոցը և երբեմն ձեռքն ավելի խորն էր մոտեցնում դեպի իրանամասը, տիկինը նվաղոտ նայում էր Շահխաթունու աչքերին և ասում` «օ՜հ, Շաքա…»»:

Մերսումից հետո Արշավիրը իր ձեռքով համեղ սուրճ է պատրաստում և հրամցնում դերասանուհուն: Սա էլ ասում է, որ սիրով նրան կնվիրեր մի գեղեցիկ նժույգ` իմանալով, որ իր դիմաց երբեմնի զինվորական է: Բայց դ‎ա  անել չի կարող, և նժույգը կփոխարինի չինական շնիկով, եթե ինքը դեմ չէ: «Մեծ հաճոյքով: Տիկինս կուրախանա, զավակ չունենք, կորդեգրենք, անունն էլ կդնենք Քեմալ»: Հազիվ թե տիկին Արլեթին հասկանար Շահխաթունուն:

Շահխաթունի Սքանչելին. հուշեր

Հիշում է Շահխաթունու դիմահարդարման դպրոցի լավագույն աշակերտուհիներից մեկը՝ թեհրանահայ Արաքս Մակարյանը. «Աջ ձեռքը լաւ չէր աշխատում եւ չէր ենթարկւում իրեն: Մի գիծ շտկելու համար, աջ ձեռքի դաստակը ձախ ձեռքով բռնած, արագ քաշել էր տալիս գիծը: Քաշում էր եւ հոգոց հանում իր անցած կեանքի փառքի օրերը յիշելով»:

Ռուբեն Մամուլյանը իր «Շահխաթունին սքանչելի» հոդվածում տպագրված 1966-ին «Սփյուռք» թերթում հիշում է. «Թի‎ֆլիս վերադարձաւ (խոսքը ռազմաճակատից վերադառնալու մասին է) 15 օրուան արձակուրդով: Կառախումբէն իջնալէ առաջ իր աջ ձեռքը դրաւ սեւ մետաքսեայ կերպասէ վիրակապի մը մէջ եւ այդպէս յայտնուեցաւ: Իրեն ուղղուած մտահոգիչ հարցումներուն պատասխանելով ըսաւ, որ վիրաւորուած է ճակատամարտի մը ընթացքին ու պատմեց, թէ ինչպէս թուրքերը, հարիւրներով, շատ սուղ վճարեցին իրեն հասցուած այս վէրքը»:

Շահխաթունուն ճանաչողները նրան գիտեին որպես փառահեղ պատմող և մեծ երևակայող: Միևնույն պատմությունը նա ամեն անգամ ներկայացնում էր մի նոր գունեղությամբ և երևակայության անսպասելի թռիչքով՝ ինչպես բեմի վրա իր դերերն էր կատարում ամեն անգամ մի նոր շնչով: Մարդիկ տարակուսանքի մեջ էին հայտնվում, չգիտեին պատմության որ մի տարբերակին վստահել, բայց ամեն անգամ էլ լսում էին նրան կախարդված: Դա Շահխաթունու արտիստիզմն էր: Դա Շահխաթունի Սքանչելին էր: Բայց ‎ֆրանսահայ համայնքը կամաց-կամաց մոռանում էր նրան: Այդ անտարբերությունը ևս մի ցավ էր, որ գումարվում էր եղածին:

1955թ., դեկտեմբեր 5, Փարիզ. Նամակ հասցեագրված Արման Կոթիկյանին. «Երեւակայիր, երբ ‎ֆրանսական թերթերը, սինեմայի նուիրուած հանդէսները նկարագրում են իմ չարչարանքի ենթարկուած դրութիւնս եւ ինձ յաճախ այցելում են, ոչ մի հայ դերասան կամ մտաւորական չի հոգում գալ զիս տեսնել եւ գաղափար կազմել վիճակիս մասին: Երբ յիշում եմ, որ իմ առողջ ժամանակում ամէնքին էլ օգնել եմ իմ ուժերիս ներածին չափով եւ անձնուիրաբար, առանց որեւէ սանտիմ ստանացած ըլլալու որեւէ մէկից, այդ լքումը զօր ցոյց են տալիս ինձ աւելի տանջալի է թւում եւ աւելի մեծ ցաւից եմ տանջւում: Այդ է իմ մեծագոյն ցաւը»:   

Զղջում

Հիմա, երբ զգացողությունները սրված էին, երբ կյանքն անցել էր, երբ կար մահվան տագնապ, Արշավիր Շահխաթունին կգրի. «Ես չեմ վախենում մահից, մօտից շօշափել եմ այն մարտի դաշտում: Բայց սա ինչ ահաւոր դրութիւն է, որքան բան կար դեռ անելու»: Կնոջ մահը, հայ համայնքից մեկուսանալը նրան արագորեն ծերացրին: Իր կյանքի վերջին փուլը մեղքի զգացման շրջանն էր: Շահխաթունին սկսեց զղջալ 35 տարվա վաղեմություն ունեցող փաստի առնչությամբ:

«Սիրելի Արման, իմ հիւանդութեան գլխաւոր պատճառը եւ ջղային դրութեան քայքայման շարժառիթը այն է, որ ես զրկուել եմ իմ պաշտելի հայրենիքից եւ ես լրջօրէն մտածում եմ, զգում եմ, որ կեանքումս գործել եմ մի ոճրագործութիւն. դա այն է որ թողել եմ հայրենիքս եւ հեռացել նրա սուրբ հողից:  …եւ դուք ուզում էք, որ հիմա վերադառնամ հիւանդ վիճակում, երբ թողել եմ իմ հայրենի հողը առողջ վիճակի մէջ: Իմ հայրենի երկրի մէջ, եթէ իբրեւ մշակ ծառայէի եւ բնակուէի մի խրճիթում, դա ինձ համար պիտի լինէր մեծագոյն երջանկութիւն, որի մօտ ոչինչ էր լինելու օտարականներից ունենալ յարգանք եւ մեծ անուն իբրեւ արտիստ` ինչպէս հիմա օտար երկրում: Էհ Արման ջան, վերջացնում եմ նամակս. կրկին շնորհակալ եմ, որ յիշեցիր զիս: Կը համբուրեմ քեզ իբրեւ զաւակիս: Բարեւներս եւ եղբայրական զգացմունքներս բոլոր այն դերասաններին, որոնց ճանաչում եմ եւ նաեւ նրանց, որոնց չեմ ճանաչում: Բայց ցանկանում եմ ամենամեծ յաջողութիւնը եւ հաւատարմութիւնը Հայ բեմին: Իսկ ես այստեղ մենակ, կոտրուած ջութակով, որի վրայ մնացել է մի լար, դրանով ուզում եմ իմ սրտից նուագել հայրենիքի եւ Սովետական միութեան վերելքը: Համբուրում եմ քեզ ջերմօրէն եւ սպասում եմ քո նամակներին: Միշտ քեզ սիրող` Աշոյ Շահխաթունի»: 

Ես դեռ կամ

Ի՞նչ էր դարձել այս մարդը… գեղեցիկ այս տղամարդը` կանանց խելքահան անող արտիստը, ով, երբ ջահել ժամանակ հայտնվում էր բեմում, մինչ կսկսեր խաղը, դահլիճն արդեն իրենն էր: Նա նվաճում էր այն անմիջապես և դահլիճի մթության միջից լսվող կանանց հոգոցները, ո՜նց էին դուր գալիս իրեն: Բայց նաև զարմանում էր, թե ինչու իր համար խենթացող կանայք սկսում էին ձևեր թափել իր հստակ առաջարկի ժամանակ: «Երբ որ կնիկ եմ ուզել, մէջքի ցաւ են կեղծել»: Նա ամեն ինչ գիտեր կանանց մասին, գիտեր, երբ են անկեղծ, երբ են սուտ: Իսկ երբ որպես պարետ հայտնվում էր Երևանի փողոցներում, իր սպիտակ չերկեզկան հագին, անցորդներն ակամա  ծափահարում էին: Նա սովոր էր մշտապես ուշադրության կենտրոնում լինել: Հիմա ուշադրությունից դուրս էր և մարդկանց ուշադրությունը իր վրա դարձնելու փորձեր էր անում: Եթե տարիներ առաջ դա լինում էր ինքնըստինքյան, հիմա ինքն էր ջանում հասարակական կյանք մտնել` առիթը բաց չթողնելով լրագրերում մեկին շնորհավորելու կամ ցավակցելու: Նա ուզում էր ամեն կերպ հայտնել, որ ինքը` մեծ դերասան, ‎ֆրանսիական համր կինոյի փայլուն աստղ և բացառիկ դիմահարդար, երիտասարդացնելու և ծերացնելու le grand maître Արշավիր Շահխաթունին դեռ կա:

Մի անգամ ‎ֆրանսիական ձայնասփյուռով անհարգալի բաներ լսեց հայերի մասին: Վերցրեց ատրճանակը և գնաց տնօրենի մոտ. կա՛մ հրապարակայնորեն հետ կվերցնեք իմ ժողովրդի հասցեին ասված նախատինքը, կա՛մ ես ձեզ մենամարտի կհրավիրեմ, և զենքը դրեց տնօրենի սեղանին: Նա միշտ էր քաջ:

SHAF 178 (2).jpg (407 KB)

«1950-ից հետո շատ թուլացավ: Շուտով գրեթե անկողնային անդամալույծ դարձավ: Կողքին մարդ չկար. երբեմն այցելող սակավաթիվ մտերիմները: «Առանց աղօթքի անկողին չէր մտնում փոքրիկ Աստուածամօր առջեւ, որ դրուած էր պահարանին: Գիշերը մոմ էր վառում բիւրեղեայ ծաղկամանի մէջ: Գիշերը զգոյշ վեր էր կենում եւ մօտենում սեղանին` համտեսելու մեղրը, տանձը, խաղողը: Քանի ոտքի էր ամէն կիրակի թաքսիով ժամ էր գնում եւ մոմ վառում գաւթի Տիրամօր առջեւ»,- գրում է Ասյա Հովհաննիսյանը:

Երբ արդեն իսկապես վիճակը շատ ծանրացավ, իր մոտ կանչեց Սևանի ափերին ծնված Ասյա Հովհաննիսյան անունով մի կնոջ և առաջարկեց …ամուսնանալ: Բայց սա այլևս սրտակեր տղամարդու առաջարկ չէր, այլ՝ կյանքից պարտվածի: Այս կինը մեծ հոգածությամբ խնամել էր իր տիկնոջը` Նինային, երբ վերջինս ծանր հիվանդ էր և մահամերձ: Ինքը, այս կնոջ թևն ընկած, Նինայի մահից հետո ամեն կիրակի գնացել է եկեղեցի` պատարագի և սիրելի տիկնոջ շիրիմին: Ասյան ազնիվ, հոգատար և անշահախնդիր կին էր: Այսպես նվիրված լինելու համար, Արշավիր Շահխաթունին որոշեց իր երախտագիտությունը հայտնել՝ նրա հետ ամուսնանալով և իր բնակարանը, թոշակը և քիչումիչ ունեցվածքն ամբողջությամբ կտակելով տիկին Հովհաննիսյանին և նրա դստերը:

Մի խոսքով կյանքի վերջին 2 տարին Արշավիր Շահխաթունին ապրեց հենց այս կնոջ օգնությամբ: Եվ մահացավ 1957 թվականին:

Շառավիղները 

Որդին՝ Էրիկ Շահխաթունին, հոյակապ դաստիարակություն ստացավ մոր կողմից: Ուրախ, կենսախինդ մարդ էր: Ամուսնացավ Նինա Մարչենկո անունով մի կնոջ հետ, ունեցավ 2 որդի` Վիկտոր և Եվգենի: Արշավիր Շահխաթունու ավագ թոռը` Վիկտորը, Երեւանում օդաչու էր, բազմաթիվ օդանավերի, նաև` «Տու- 154»-ի հրամանատար, որ բազմաթիվ անգամ սավառնել է Փարիզի վրայով և ամեն անգամ, գուցե մտովի, խոսել իր պապի հետ, ում երբևէ չէր տեսել։ Արշավիրի կրտսեր թոռը` Եվգենի Շահխաթունին, Լոս Անջելեսում հաշվողական մեքենաների մասնագետ էր: Արշավիրի թոռները ոչ միայն Շահխաթունիների գենն են կրում, այլև Խաչատուր Աբովյանի՝ լինելով վերջինիս թոռնուհու թոռները:

Արշավիրը, որ վաղամեռիկ հոր մահից հետո ապրեց հորեղբայր Տիգրանի տանը, մեծացավ նրա որդու՝ ապագա դաշնակցական գործիչ Ավետիսի հետ: Ավետիսն էլ ունեցավ Ելիզավետա անունով դուստր: Այս Շահխաթունի աղջիկը դարձավ խորհրդային առաջին կին ավիակոնստրուկտորը, եղավ գլխավոր կոնստրուկտոր տարբեր բյուրոներում և մասնակցեց ЯК օդանավերի ստեղծմանը, հետո ամուսնացավ ավիակոնստրուկտոր Անտոնովի հետ: Շահխաթունի-Անտոնով «գիտաամուսնական» զույգից ծնվեցին Ան օդանավերը և 2 աղջիկ, ովքեր մինչև վերջերս ապրում էին Կիևում... 

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter