HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սնանկության գործի շրջանակներում հետախուզվող նախկին պաշտոնյան ԱՄՆ-ում տուն է գնել եւ բիզնես է անում

Առողջապահության նախկին (2012-2014 թթ.) նախարար Դերենիկ Դումանյանի որդին՝ Գուրգեն Դումանյանը, որը 2012-2014 թթ. ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, իսկ 2014-2016 թթ. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը, հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ նաեւ անշարժ գույք է ձեռք բերել: Դատարանը սնանկության գործի շրջանակներում հետախուզում է հայտարարել նրա եւ նրա ունեցվածքի նկատմամբ, ու մինչ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դրանով է զբաղված, Դումանյանը ԱՄՆ-ում բիզնես է անում:

Կրտսեր Դումանյանը ԱԺ-ում ու Կառավարությունում պաշտոն է զբաղեցրել այն ժամանակ, երբ այդ կառույցները ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը: 2016-ի սեպտեմբերին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով Դումանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Հոր նման Գ. Դումանյանն էլ առողջապահական ոլորտի ներկայացուցիչ է, մինչեւ 2012 թ. ԱԺ տեղափոխվելը աշխատել է հենց այդ բնագավառում: Նրա անունը կարելի է գտնել ամերիկյան մի քանի ընկերություններում, որոնց մեծ մասը գործում են առողջապահական-սոցիալական ոլորտում:

Ամերիկյան ընկերությունները

Ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ Գուրգեն Դումանյանն ապրում է Լոս Անջելեսում եւ 2019 թ. դեկտեմբերից աշխատում է «All For Health, Health For All» շահույթ չհետապնդող առողջապահական կազմակերպությունում, որը հիմնադրվել է 1990-ականներին եւ հայկական արմատներ ունի: Այն գրանցված է Գլենդել քաղաքում, բայց գրասենյակներ ունի Կալիֆոռնիա եւ Նեւադա նահանգների տարբեր բնակավայրերում:  

2015 թ. հունիսին Գլենդելում հայերի կողմից հիմնադրվել է «Family Care CLHF, Inc.» կորպորացիան, որը ստացիոնար խնամքի ծառայություններ է մատուցում: 2022-ի սեպտեմբերին Գ. Դումանյանը դարձել է կորպորացիայի միանձնյա տնօրեն, ինչպես նաեւ գործադիր ու ֆինանսական ղեկավար, քարտուղար:

2015-ի հունիսին Լոս Անջելես քաղաքի Վան Նայս (Van Nuys) շրջանում կրկին հայերի կողմից հիմնադրվել է «Sunrise Congregate Corp»-ը: Ընկերության կայքում նշվում է, որ տնային պայմաններում ստացիոնար խնամքի ծառայություններ է մատուցում հաշմանդամություն ունեցող բոլոր տարիքի անձանց եւ նրանց, ովքեր տառապում են անբուժելի եւ/կամ կյանքի համար վտանգավոր հիվանդություններով:

«Sunrise Congregate»-ն առաջարկում է 6 սենյակ նույնքան անձի խնամքի համար: Գուրգեն Դումանյանը այստեղ եւս միանձնյա տնօրեն է, գործադիր ու ֆինանսական ղեկավար, քարտուղար:

2018-ի մարտին Կալիֆոռնիայի Փասադենա (Pasadena) քաղաքում կրկին հայկական նախաձեռնությամբ գրանցվել է խնամքի ծառայություններ մատուցող մեկ այլ ընկերություն՝ «Mountain View Congregate Living, Inc.»-ը, որը հետագայում տեղափոխվել է Լոս Անջելեսի Սանլենդ (Sunland) շրջան: Այս ընկերությունը եւս առաջարկում է 6 սենյակ 6 անձի խնամքի համար:

2019-ի աշնանը հարկային պարտավորությունների հարցում թերանալու հետեւանքով կորպորացիայի գործունեությունը կասեցվել է, սակայն շատ արագ էլ վերականգնվել է: Ներկայում ընկերության տնօրենը, գործադիր ու ֆինանսական ղեկավարը, քարտուղարը Գուրգեն Դումանյանն է: 2024-ի մայիսին կրկին հարկային պարտավորությունների թերացման պատճառով «Mountain View Congregate Living»-ի գործունեությունը կասեցվել է:

Վերը նշված 3 ընկերությունները գործում են առանձնատներում, որոնք պատկանում են հայերի, բայց ոչ Գ. Դումանյանին:

2020 թ. սեպտեմբերին վերջինս անձամբ Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) Լա Կրեսենտա-Մոնտրոուզ (La Crescenta-Montrose) բնակավայրում հիմնադրել է «AHG Home Health, Inc.» ընկերությունը, որը հետագայում տեղափոխվել է Գլենդել: Այն մատուցում է տնային խնամքի ծառայություններ: Կորպորացիայի տնօրենը, գործադիր ու ֆինանսական ղեկավարը եւ քարտուղարը նախկին պաշտոնյան է:

«AHG Home Health»-ի հետ նույն օրը Գուրգեն Դումանյանը Գլենդելում գրանցել է «AC Hospice Care, Inc.» ընկերությունը, որը հոսպիսային խնամքի ծառայություններ էր առաջարկում: Ինչպես մյուսներում, այստեղ էլ նա տնօրեն էր, գործադիր ու ֆինանսական ղեկավար եւ քարտուղար: 2023-ի փետրվարին ընկերությունը լուծարվել է:

Տակավին վերջերս՝ 2024-ի մայիսին, գրանցվել է առողջապահական «HealHaven Inc» ընկերությունը, որի ներկա հասցեն Գլենդելի այն նույն գրասենյակային շենքն է, որտեղ գրանցված է «AHG Home Health»-ը: Գ. Դումանյանը այստեղ զբաղեցնում է նույն պաշտոնները, ինչ որ մյուսներում:   

Եթե վերը նշված 6 ընկերությունները առողջապահական-սոցիալական ոլորտում են աշխատել կամ աշխատում, ապա 2020-ի հունվարին նախկին պաշտոնյան Լա Կրեսենտա-Մոնտրոուզում հիմնել է մի ընկերություն՝ «Armfoods LLC»-ն, որը, դատելով անունից, այդ բնագավառից չի եղել: Սակայն հիմնադրումից մեկ տարի անց՝ 2021-ի հունվարին ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ ընկերությունն ակտիվ չէ: Իսկ ահա 2022 թ. մայիսին «Armfoods»-ը լուծարվել է:

ՊԵԿ-ը ցանկանում է սնանկ ճանաչել Գուրգեն Դումանյանին        

«Հետքը» 2015-ին անդրադարձել է Դերենիկ Դումանյանի երկու որդիների՝ Գուրգենի ու Հրանտի հայկական բիզնեսներին, այդ թվում՝ պետական գնումներում ունեցած հաջողություններին:

Բայց առավել հետաքրքիր է Գ. Դումանյանին առնչվող դատական գործը: Այսպես՝ 2021 թ. ապրիլին ՊԵԿ-ը դիմել է դատարան՝ խնդրելով սնանկ ճանաչել քաղաքացի Գուրգեն Դումանյանին: Դատավոր Տիգրան Փոլադյանը դիմումը վարույթ է ընդունել: Բայց երբ հետո դատարանը դիմումն ուղարկել է Դումանյանին, առաջարկելով վիճարկել իր սնանկությունը, փաստաթղթերը փոստի կողմից վերադարձվել են «չպահանջված» մակագրությամբ: Դատարանը որոշել է հետախուզում հայտարարել պարտապան Գուրգեն Դումանյանի, նրան պատկանող գույքի, հաշվապահական եւ այլ փաստաթղթերի նկատմամբ, որն էլ պետք է իրականացնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: Այս պայմաններում դատարանը որոշել է սնանկության գործի վարույթը կասեցնել, մինչեւ որ ծառայությունը կավարտի կատարողական վարույթը: 2023-ի դեկտեմբերին դատավոր Փոլադյանի լիազորությունները ԲԴԽ-ն կասեցրել է, ինչից հետո՝ այս տարվա մարտին, Դումանյանի գործը մակագրվել է դատավոր Բագրատ Մկրտչյանին եւ վերջինիս կողմից վարույթ ընդունվել:

Բացի սրանից՝ Գ. Դումանյանի դեմ մեկ վճիռ կա քաղաքացիական գործով: Երեւանի դատարանը 2021-ի հունիսին բավարարել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի պահանջը նախկին պաշտոնյայից 22 հազ. դրամ բռնագանձելու վերաբերյալ, քանի որ նա չի մուծել իր 2 հեռախոսահամարների պարտքը: 

Այդուհանդերձ, ինչպես վերեւում տեսանք, առնվազն 2019-ից Գուրգեն Դումանյանն ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում, չնայած շարունակում է ՀՀ քաղաքացի մնալ:

Դումանյանը 1,4 մլն դոլարով առանձնատուն է գնել Լոս Անջելեսում

«Հետքը» պարզել է, որ 2021 թ. հունիսին Գ. Դումանյանը առանձնատուն է ձեռք բերել Լոս Անջելես քաղաքի Պորտեր Ռենչ (Porter Ranch) շրջանում:

Գործարքի գինը կազմել է 1.435.000 դոլար: Նախկին պաշտոնյան, ըստ առկա փաստաթղթերի, այդ նպատակով վարկ է վերցրել 1.148.000 դոլարի չափով: Տան վաճառողը եղել է Հյուն Ջոն (Hyun J Joe), որն, ըստ էության, ազգությամբ կորեացի է:

Ներկայում տան սեփականատերերն են Գուրգեն Դումանյանն ու կինը՝ Մարիաննա Դումանյանը:

Առանձնատունը կառուցվել է 1988 թ., մակերեսը 370 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքի չափը՝ 1273 քմ: Տունն ունի 4 ննջասենյակ եւ նույնքան լոգասենյակ, 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ:

Շուկայական գինը ներկայում գնահատվում է 1.780.000 դոլար: 2023-ին ընդհանուր գույքը (հողամասը եւ տունը) գնահատվել է շուրջ 1,5 մլն դոլար, որի հիման վրա հաշվարկվել է 18.500 դոլար հարկ: 

Առաջին նկարի ձեւավորումը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter