
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականին
Հունիսի 19-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ից պաշտոնական այցով Ֆրանսիայում է։ Պաշտպանության նախարարն այնտեղ մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
Մեկնաբանել