
Անտեղյակ գյուղապետը
Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավար Պապիկ Առուշանյանը արդեն 15 տարի ղեկավարում է փախստականներով բնակեցված գյուղը: Մեր կարճատեւ շփումից ակնհայտ էր, որ Պապիկ Առուշանյանը հոգնել է իր աշխատանքից:
Մեծ Այրումը համարվում է մարզի աղքատ գյուղերից մեկը: Երեկ՝ ժամը 14:30-ին գյուղի խոտհարքներում և ցորենի դաշտերում շրջելուց հետո փորձեցի գյուղապետարանից տեղեկություն ստանալ: Ժամը 15:00-ին Մեծ Այրումի գյուղապետարանի դուռը փակ էր:
Գյուղապետին հանդիպեցի գյուղի փողոցներից մեկով իր ավտոմեքենայով անցնելիս: Ավտոմեքենան կանգնեցնելուց հետո Պապիկ Առուշանյանին հարցրի գյուղի մշակված եւ անմշակ հողերի, խոտհարքների և գյուղացիներին աջակցելու համար իր կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին:
«Ինչու չեք այդ մասին հարցնում վիճվարչությանը»,-հարցրեց գյուղապետը:
![]() |
Մեծ Այրումի գյուղապետարան |
Պապիկ Առուշանյանին բացատրեցի, որ վիճվարչությունը հարցի հետ կապ չունի, իսկ քանի որ գյուղապետարանի աշխատանքը, «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի համաձայն, թափանցիկ է, գյուղապետը պարտավոր է պատասխանել հարցերին:
«Ոչ միայն խոտի, այլև ցորենի վիճակն է գյուղում շատ ծանր»,- ավտոմեքենայի պատուհանից ասաց գյուղապետը: Հետո էլ ավելացրեց, թե ինքը թվերը չգիտի, դա կարող է մեզ ասել Գայանը:
«Ո՞վ է Գայանը»,- զարմացած հարցրի Առուշանյանին: «Մեր քարտուղարն է: Հիմա ստեղ չի: Գյուղապետարանում մարդ չկա: Վաղը առավոտյան եկեք, Գայանը Ձեր հարցերին կպատասխանի»,- ասաց Պապիկ Առուշանյանը և չսպասելով հաջորդ հարցիս` ավտոմեքենայով պոկվեց տեղից:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել