HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել

Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում շատերը գիտեն, որ գյուղի նորակառույց անասնաֆերման պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ «Գյուղից դուրս գալիս՝ աջի վրա, մեծ պարսպապատ տեղ է, նայեք, միանգամից կհասկանաք»,- ֆերմայի տեղը մեզ բացատրում է գյուղացիներից մեկը։

«Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։ Շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։ Ֆերմայի հողամասը, «Հետքի» տրամադրության տակ առկա տվյալներով, Ռոման Խանամիրյանը ձեռք է բերել 130 հազար դոլարով։

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ Ռանչպար գյուղի «Նոր թաղամասի 12-րդ փողոց 39» հասցեի 3.5 հեկտար հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Ռոման Խանամիրյանին։ 2023 թ.-ի փետրվարին նա գույքը գնել է Ռանչպար գյուղի բնակիչներ Մարինե և Արթուր Սասունցյաններից։ Գործարքի գինը կազմել է 130 հազար ԱՄՆ դոլար։ Ռոման Խանամիրյանը հողը գնելուց հետո այն գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»։

Արբանյակից արված լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ գործարքից դեռ տարիներ առաջ՝ 2011 թ.-ին, հողամասում առկա է երկու անասնաշենք (500 և 1200 քմ մակերեսներով) և մեկ այլ շինություն (80 քմ), իսկ տարածքը ցանկապատված չէ։ Արդեն 2024 թ. լուսանկարներում երևում է, որ հողամասի վրա կառուցապատում է արվել։ Կառուցվել է նոր անասնաշենք, իսկ նախկին շինությունները վերակառուցվել են՝ մակերեսները մոտ 2.5 անգամ կրկնապատկելով։ Բացի այդ, ամբողջ 3.5 հեկտար հողամասը պարսպապատվել է։

Պարզվում է, որ Ռոման Խանամիրյանը կառուցապատումն իրականացրել է առանց շինթույլտվության։ Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում առկա համայնքի ղեկավարի երկու որոշումից տեղեկանում ենք, որ ապօրինի կառուցապատման փաստը արձանագրվել է 2023 թվականի օգոստոսին և նոյեմբերին։ Համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի՝ օգոստոսի 17-ին որոշումից տեղեկանում ենք, որ Ռոման Խանամիրյանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագոմ և պարիսպ։ Այդ արարքի համար նշանակվել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նույն տարվա նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավարը ևս մեկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրյանը տուգանվել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նույն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։ Նույն որոշման համաձայն՝ սեփականատերը պետք է քանդի ապօրինի շինությունները։ Քանի որ Ռանչպար գյուղ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ որևէ շինություն քանդված չէր, գրավոր հարցմամբ դիմեցինք Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին՝ պարզելու, թե ի՞նչ գործողություններ է ձեռնարկել համայնքապետարանը նշված որոշումները կատարելու համար: Համայնքի ղեկավարը մեզ գրավոր հայտնեց, որ որոշումներից մեկը Ռոման Խանամիրյանը վիճարկում է դատարանում, իսկ մյուսի մասով համայնքը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (ՀԿԱԾ)։

Մեզ տրամադրված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 800 հազար դրամ տուգանքի որոշումը կատարելու համար ՀԿԱԾ-ում վարույթ է հարուցվել։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց Ձորի մարզային բաժինը որոշել է հետախուզում հայտարարել Ռոման Խանամիրյանի գույքի նկատմամբ և 800 հազար դրամի չափով արգելանք դնել Խանամիրյանի գույքի և դրամական միջոցների վրա։

Ռոման Խանամիրյանն էլ իրավական գործընթաց է սկսել՝ 2.5 միլիոն դրամ տուգանքի որոշումը վերացնելու դեմ։ Նա դիմել է վարչական դատարան՝ համայնքի ղեկավարի որոշումը վերացնելու պահանջով։ Այդ գործով 2024 թ. հուլիսի 10-ին դատարանը պետք է վճիռ կայացնի։ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի բնակիչ Ռոման Խանամիրյանը 42 տարեկան է։ 2012 թ. նա Գետազատի գյուղապետարանում է աշխատել` զբաղեցրել է ֆիզկուլտուրայի և սպորտի կազմակերպչի հաստիքը։ Հետագայում գյուղացիները Խանամիրյանին հաճախ են տեսել Խաչատուր Սուքիասյանին ուղեկցողների մեջ, որից պարզ է դարձել, որ Ռոման Խանամիրյանը թիկնապահ է։

Հաշվի առնելով, որ թիկնապահի աշխատավարձով դժվար թե հնարավոր լիներ նման գույք ձեռք բերել, վերակառուցել, և նկատի ունենալով Ռանչպար գյուղի բնակիչների համոզվածությունը, որ անասնաֆերման իրականում պատկանում է Խաչատուր Սուքիասյանին, գրավոր հարցմամբ դիմեցինք պատգամավորին։ Խաչատուր Սուքիասյանին հետևյալ հարցերն էինք ուղղել.

  • Արդյո՞ք Ռոման Իշխանի Խանամիրյանը Ձեր թիկնապահն է։
  • Եթե ոչ, Դուք ճանաչու՞մ եք Ռոման Իշխանի Խանամիրյանին և ի՞նչ փոխհարաբերություններ ունեք։ 
  • Ռանչպար գյուղի բնակիչները մեզ հայտնել են, որ անասնաֆերմայի իրական սեփականատերը Ռոման Խանամիրյանը չէ, և գույքը պատկանում է Ձեր ընտանիքին։ Խնդրում եմ մեկնաբանել այդ պնդումը։

Պատգամավորի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն այս հարցերին ի պատասխան հայտնել է․ «Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է, և համաձայն ՀՀ Սահմանադրության՝ չի զբաղվում գործարարությամբ։ Ուստի, ձեր հարցադրումները տեղին չեն և Խաչատուր Սուքիասյանի հետ ոչ մի առնչություն չունեն»։

Փորձեցինք անձամբ Ռոման Խանամիրյանից պարզել, թե որտեղի՞ց նրան այդքան գումար հողամասը գնելու և կառուցապատում իրականացնելու համար, և թե ինչու է անօրինական կառուցապատում արել։ Ռոման Խանամիրյանը հեռախոսազրույցի սկզբում հաստատեց, որ Ռանչպար գյուղում անասնաֆերմա է կառուցել։ Այն հարցին, թե ինչու՞ է կառուցապատումն անօրինական արել, հայտնեց, որ երբ հանդիպենք, կմանրամասնի։ Վերջինս չհերքեց Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը լինելու փաստը։ Պարզաբանում տալու համար հանդիպման հստակ օր և ժամ Ռոման Խանամիրյանը չասաց։ Նշեց միայն, որ քաղաքում չէ, երբ գա Երևան, կզանգահարի, որպեսզի պայմանավորվենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter