HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության 14/3 հասցեում նախատեսվող շինարարությունն առաջացրել է բնակիչների դժգոհությունը

Երևանի Ազատության պողոտա 14/3 հասցեում նախատեսվում է շինարարություն իրականացնել։ Տարածքում ապրող բնակիչների հաղորդմամբ՝ այդտեղ բժշկական կլինիկա է կառուցվելու։ Նախատեսվող շինարարությունը առաջացրել է բնակիչների դժգոհությունը, քանի որ ըստ նրանց՝ շինաշխատանքները կարող են վնասել իրենց շենքերի սեյսմակայունությունը, ինչպես նաև տեղաշարժի դժվարություններ ստեղծել առանց այն էլ նեղ բակային տարածքում։

Այդ տարածքում նախկինում գործել է բնակելի շենքերի կաթսայատունը, շինությունն այժմ էլ կա։

Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ Ազատության 14/3 հասցեում գրանցված է սեփականության 2 իրավունք՝ Զավեն Օվսյան և «Առքոլաբ» ՍՊԸ։ Թե ով է տարածքում շինարարություն իրականացնելու, դեռևս չենք պարզել, սակայն այս թեմայի մասին առաջիկայում մանրամասն հրապարակում կունենանք։

Այսօր տարածք էին այցելել կառուցապատողի ներկայացուցիչները՝ չափագրում իրականացնելու։ Սեփականատիրոջ փաստաբան ներկայացած Արամազդ Կիվիրյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց ասել, թե ով է կառուցապատում իրականացնողը։

Կիվիրյանի խոսքով՝ բնակիչների բողոքն անտեղի է, քանի որ տարածքն ունի օրինական սեփականատեր, և կա շինթույլտվություն։

«Բնակիչներն ուղղակի ուզում են ուրիշի սեփականությունն օգտագործել, որպես իրենց մեքենաների ավտոկայանատեղի»,- ասաց Կիվիրյանը։

Տարածք էր այցելել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, որը բնակիչներին ասաց՝ եթե տարածքի սեփականաշնորհման վերաբերյալ ունեն անհամաձայնություններ, կարող են դիմել դատարան։ Բայց միևնույն ժամանակ շեշտեց, որ դատարանի որոշումից հետո ինքը ոչինչ չի կարող անել։

Ինչպես արդեն նշեցինք, առաջիկայում այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter