«ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցը հեռացվել է իր խախտված իրավունքների մասին խոսելուց հետո
Շատերն են, հավանաբար, հիշում 2017 թ. ԱԺ ընտրություններից առաջ «ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովը, որի ձայնագրությունն արտահոսեց ու հրապարակվեց «Hayastan 24» կայքում: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ընկերության աշխատակիցներին հորդորում խորհրդարանական ընտրություններում «ձայն բերել» Արտակ Սարգսյանի համար, ապա սպառնում, որ «ձայն չբերողների հետ վատ են վարվելու»: Հատուկ քննչական ծառայությունում որոշ ժամանակ անց քրեական գործ հարուցվեց, սակայն հետո կարճվեց:
Հիմա մեկ այլ պատմություն ներկայացնենք հայտնի օլիգարխի ընկերության աշխատակիցներից մեկի նկատմամբ թույլ տրված ապօրինությունների մասին:
Գևորգ Բրուզյանը 2022 թվականի մայիսի 6-ից աշխատել է «ՍԱՍ-Գրուպ»-ի Հալաբյան 22/5 մասնաճյուղում, որպես անվտանգության աշխատակից։ Այս տարվա մայիսի 21-ին նա ազատվել է աշխատանքից։ Գևորգի պատմելով՝ աշխատանքի ընդունելիս իրեն ասել են, որ աշխատանքային գրաֆիկը 6-օրյա է, աշխատանքային պայմանագրի օրինակ նրան չեն տվել։ Ինչպես հետո պարզվեց «ՍԱՍ-Գրուպի» աշխատակիցների հետ զրույցներից, նրանց առհասարակ չի տրվում աշխատանքային պայմանագիրը:
Այս տարվա ապրիլի 15-ին վերադառնալով արձակուրդից՝ Գեւորգը պարզել է, որ ըստ պայմանագրի՝ ինքը 5-օրյա աշխատանքային գրաֆիկ պիտի ունենար, բայց երկու տարի շարունակ աշխատել է շաբաթական 6 օր։
«Ապրիլի 15-ն էր, արձակուրդից վերադարձա, անվտանգության համակարգը դեմքս չճանաչեց, մեզ մոտ դեմքի նույնականացմամբ է մուտքը, մեր մասնաճյուղի անվտանգության պետն եկավ, ասաց՝ երևի ինչ-որ ծրագրային խնդիր կա, կբացի անցնեմ, հետո օրվա մեջ էլի կփորձենք։ Էդ օրվա ավարտին էլի փորձեցինք, չստացվեց։ Մեր անվտանգության աշխատակիցն ասաց՝ զանգեմ հաշվապահություն, քանի որ իմ բացակայության օրերին անվտանգության հետ կապված նոր կարգավորումներ էին եղել, մտածեց՝ գուցե ես նոր կարգավորումներով չեմ անցել։ Հաշվապահություն դիմեցի, ասացին՝ քանի որ ըստ պայմանագրի ես 5 օրով եմ գրանցված, իմ տանը մնալու օրերը դեռ չեն լրացել, 3 օր էլ արձակուրդի մեջ եմ, դե ամեն շաբաթ մի օր տանն էի, դրան գումարվել էին արձակուրդիս օրերին, ասացին՝ գնա, երկու օր էլ հանգստացի։ Քանի որ այդ մի օրն արդեն աշխատել էի, գնացի տուն ու 18-ի փոխարեն 19-ին վերադարձա»,- պատմում է նա։
Աշխատանքի վերադառնալուց հետո Գևորգը փորձում է պարզաբանում ստանալ ղեկավարությունից, թե ինչու է երկու տարի շարունակ 5 օրվա փոխարեն 6 օր աշխատել, և թե ինչու այդ մասին չի իմացել։ Ապրիլի 21-ին Գևորգին կանչել են Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ-Գրուպ»-ի գրասենյակ։
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, նա հանդիպել է «ՍԱՍ-Գրուպ»-ի անվտանգության պետ Արթուրի հետ (ազգանունը չի հիշում)։ Արթուրը խոստացել է լուծել Գևորգի բարձրաձայնած հարցը։
«Եթե ոչ մի խնդիր չլիներ, կասեր, որ ինչպես կարգն է աշխատում ես, ըստ պայմանագրի ես աշխատում, ոչ մի խնդիր չկա, բայց, փաստորեն, ընդունել են, որ ես արտաժամ աշխատել եմ, աշխատել եմ ավելի շատ, քան իմ աշխատանքային պայմանագրով էր ու դրա համար չեմ վարձատրվել, միայն ես չէ՝ բոլորն էդ նույն սկզբունքով են աշխատում»,- պատմում է Գևորգ Բրուզյանը։
Դրանից հետո նա նույն գրաֆիկով վերադարձել է աշխատանքի՝ սպասելով գրաֆիկի վերանայմանը։ 3 օր սպասելուց հետո նորից է զանգել անվտանգության պետ Արթուրին՝ տեղեկանալու, թե արդյոք վերանայել են գրաֆիկը։ Վերջինս պատասխանել է, որ այդ հարցով զբաղվելու ժամանակ չեն ունեցել, մի փոքր էլ պետք է սպասի։ Գևորգը նորից համաձայնել է սպասել։
Ապրիլի 26-ին Գևորգն աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, երբ գործընկերը զանգել և հայտնել է, որ իրեն գրավոր նկատողություն են տվել։
«Նման բան երբեք չէր եղել, ես երկու տարի աշխատել եմ, բոլորին էլ բանավոր նկատողություններ արել են ինչ-որ բաների համար, բայց առաջին անգամ էի տեսնում գրավոր նկատողություն, պատճառը ավելի քան անհասկանալի էր։ Նկատողության բովանդակության մեջ նշված էր, որ ապրիլի 20-ին՝ ժամը 10։01-ին, խոչընդոտել եմ խանութի աշխատանքը, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Ես ընդամենը դրամարկղի աշխատողի խնդրանքով կողքի դրամարկղից 20 000 եմ մանրել ու տվել նրան, որպեսզի կարողանա սպասարկել։ Ինչպե՞ս ստացվեց, որ 20-ին են նկատողություն արել և 26-ին նոր ծանուցել են էդ մասին, ավելի շուտ ոչինչ չեն ասել»,- ասում է Գևորգը։
Հաջորդ օրը նա կրկին նկատողություն է ստացել: Ըստ նկատողության բովանդակության՝ այս անգամ Գևորգն ապրիլի 21-ին՝ ժամը 10:29-ին, աշխատանքային պարտականությունները կատարելիս զբաղվել է իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ անմիջականորեն կապ չունեցող գործողություններով։
«ՍԱՍ-Գրուպ»-ի ղեկավարությունը պահանջել է Գևորգից եռօրյա ժամկետում գրավոր բացատրություն տալ խախտումների պատճառների մասին։
Նա կրկին զանգահարել է անվտագության պետ Արթուրին՝ իմանալու նկատողության պատճառը։ Արթուրն ասել է, որ հեռախոսով չի կարող հարցերին պատասխանել, հարմար տեղում չէ, երկուշաբթի օրը կարող է գնալ ընկերության Արշակունյաց մասնաճյուղ ու ստանալ հարցերի պատասխանները։ Հասկանալով, որ դիտավորյալ նկատողություններ են տալիս աշխատանքից ազատելու հիմքեր ստեղծելու համար, Գևորգ Բրուզյանը որոշել է չներկայանալ աշխատանքի մինչև ղեկավարությունը չվերանայի իր աշխատաժամանակը՝ ըստ պայմանագրով սահմանված գրաֆիկի։
Օրեր անց Գևորգը փոստով զգուշացում է ստացել, որ եթե չներկայանա աշխատանքի, կհեռացվի։ Գրավոր պատասխանել է՝ եթե վերանայեն աշխատաժամերը, կշարունակի աշխատել։ Այդ նամակին Գևորգը պատասխան չի ստացել, փոխարենը մայիսի 21-ին ստացել է աշխատանքից ազատման գրությունը, որտեղ նշված էր, որ Գևորգ Բրուզյանը աշխատանքի չներկայանալու պատճառով հեռացվում է աշխատանքից։
Նախքան աշխատանքից ազատման հրամանը ստանալը՝ մայիսի 2-ին, Գևորգը դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին իր խախտված իրավունքների վերականգնման համար։ Տեսչական մարմինը վարույթ է հարուցել, ապա կարճել։ Վարույթի շրջանակներում լսումներ են կազմակերպվել, լսումներին մասնակցել է Գևորգ Բրուզյանը, ներկայացրել է իր հետ տեղի ունեցածը, որ 2 տարի շարունակ աշխատել է շաբաթական 6 օր՝ նախատեսված 40 ժամից ավելի։ Աշխատանքի ներկայանալու սկիզբը և ավարտը գրանցվել է իր դեմքի ճանաչման՝ էլեկտրոնային նույնականացման միջոցով։ Գևորգ Բրուզյանը միջնորդել է նաև, որ Տեսչական մարմինը լսի «ՍԱՍ-Գրուպ»-ի նախկին աշխատակից Արտյոմ Գրիգորյանին՝ որպես վկա։ Նա եւս ներկայացրել է «ՍԱՍ-Գրուպ»-ում աշխատանքային իրավունքների խախտումները։
Լսումներին «ՍԱՍ-Գրուպ»-ի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել։ Տնօրեն Սամվել Գզրարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել, որ լսումներն անցկացնեն առանց իր ներկայության։ Տեսչական մարմինը գործի հանգամանքները պարզելու համար 2024 թվականի մայիսի 22-ին գրությամբ «ՍԱՍ-Գրուպ» ընկերությունից պահանջել է ներկայացնել Գևորգ Բրուզյանի աշխատանքի ներկայանալու և աշխատանքն ավարտելու փաստն արձանագրող նյութերը։ Մայիսի 30-ին ընկերության տնօրեն Սամվել Գզրարյանը հայտնել է, որ ընկերությունում դիմումատուի հաստիքով նախատեսված չէ աշխատանքի ներկայանալիս մուտքի և ելքի գրանցման էլեկտրոնային համակարգ, իսկ տեսագրությունները պահպանվում են մինչև 10 օր։ Մինչդեռ Գևորգը պնդում է, որ ամեն օր դեմքի նույնականացման էլեկտրոնային համակարգի միջոցով էր գրանցվում իր աշխատանքի ներկայանալը։ Բացի այդ, լինելով անվտանգության աշխատակից, գիտեր, որ տեսագրությունները պահպանվում են 2-4 ամիս։
«Եթե դեմքի նույնականացման համակարգը չլիներ, ես չէի իմանա, թե քանի օրով եմ գրանցված, ըստ պայմանագրի՝ համակարգն ինձ ներս չթողեց, քանի որ 5 օրով էի գրանցված ու դեռ տանը մնալու օրեր ունեի, հենց նույնականացման համակարգի միջոցով իմացա ամբողջ եղելությունը»,- պատմում է Գևորգը։
«ՍԱՍ-Գրուպ»-ը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ուղարկված գրությամբ հայտնել է նաև, որ Գևորգ Բրուզյանը ոչ բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները, չի ներկայացել աշխատանքի, որի հետևանքով մայիսի 21-ին ազատվել է։ Ընկերության տնօրենը խնդրել է, որ Տեսչական մարմինն արժանահավատ չհամարի Գևորգ Բրուզյանի հայտարարությունները։ Ըստ «ՍԱՍ-Գրուպ»-ի՝ Գևորգ Բրուզյանն աշխատել է շաբաթական 5 օր։ Տեսչական մարմինն ուսումնասիրել է գործում առկա հանգամանքները և որոշել վարույթը կարճել։
Գևորգ Բրուզյանը կողմնակալ է համարում Տեսչական մարմնի գործողությունները։
«Բա էլ իրենց գործառույթը ո՞րն է, օրեր շարունակ տեսուչները, որոնք վարում էին իմ գործը, փորձում էին համոզել, որ բողոքս հետ վերցնեմ, քանի որ ոչ մի արդյունքի հասնել չէի կարող։ Եթե իրենք արդեն ամենասկզբում գիտեին, որ էդպես է, ինչու՞ էին առհասարակ վարույթ նախաձեռնել»,- ասում է Գևորգը։
«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Տեսչական մարմինը հայտնել է, որ իր վերահսկողության ընթացքում առաջնորդվում է բացառապես իրեն վերապահված լիազորություններով ու իրավասություններով։
«Հարուցված վարչական վարույթի ընթացքում Տեսչական մարմինն առաջնորդվում է օրինականության սկզբունքով, ինչպես նաեւ վարչական վարույթի բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարչական վարույթի մասնակիցների համար ստեղծում է հավասար եւ նպաստավոր պայմաններ՝ վերջինների լսված լինելու իրավունքն իրացնելու համար։
Դրա շրջանակներում, բացի նրանից, որ Տեսչական մարմինը ձեռք է բերում վարույթին առնչվող փաստաթղթեր եւ ապացույցներ, մասնակիցներին հնարավորություն է տալիս արտահայտվելու եւ ներկայացնելու գործին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր եւ ապացույցներ, որոնք ուսումնասիրվում եւ համապատասխան գնահատականի են արժանանում՝ գործին ամբողջական լուծում տալու համար»,-ասվում է Տեսչական մարմնի պատասխանում։
Տեսչական մարմնին հարցրել էինք, թե ինչու՞ է կարճվել վարույթը՝ առանց պարզելու՝ արդյոք խախտվել են աշխատողի իրավունքները։ Այս հարցադրմանը պատասխանել են հետևյալ կերպ. «Վարչական մարմինը, Գեւորգ Բրուզյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում, ուսումնասիրելով եւ համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, համադրելով վարչական վարույթի ընթացքում ստացված բոլոր ապացույցները, հաստատված է համարել, որ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման՝ իրավիճակի փոփոխման (աշխատանքային վեճի առկայության) հիմքով։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթը կարճելու մասին Ձեր հարցի պատասխանն, ըստ էության, ենթադրում է տվյալ վարույթում առկա փաստական հանգամանքների, ապացույցների վերլուծության վերաբերյալ տեղեկատվության ներկայացում, որը ենթադրում է տվյալ վարչական վարույթի նյութերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ինչը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի ուժով ենթակա է տրամադրման միայն վարչական վարույթի մասնակիցներին, ով դուք չեք հանդիսանում»:
Այս դեպքում դժվար է ասել` ինչպես է Տեսչական մարմինն օբեկտիվություն պահպանել, եթե առաջնորդվել է միայն «ՍԱՍ-Գրուպ»-ից ստացած պատասխաններով, ստուգումներ չի արել ընկերությունում ու չի պարզել՝ արդյոք այն պնդումները, որ դիմումատուի հաստիքի համար նախատեսված չէ դեմքի նույնականացում, իսկ տեսագրույթուններն էլ պահպանվում են 10 օրից ոչ ավելի, ճիշտ են։
Մենք զրուցեցինք «ՍԱՍ-Գրուպ» ընկերության անվտանգության մի շարք աշխատակիցների հետ. նրանք չգիտեն, թե իրենց պայմանագրում ինչ է գրված, բայց աշխատում են շաբաթական 6 օր: Եթե Տեսչական մարմինը ստուգեր այդ աշխատակիցների՝ ընկերությունում առկա պայմանագրերը եւ զրուցեր նրանց հետ, կպարզեր, որ Գեւորգ Բրուզյանի իրավունքները խախտվել են: Բայց Տեսչական մարմինն այդ քայլին չի դիմում, ենթադրում ենք՝ քանի որ իշխանության հետ սերտ կապեր ունեցող օլիգարխի ընկերության դեմ անզոր է:
Գևորգի պատմելով, աշխատակիցների իրավունքներն աշխատավայրում սահմանափակված են, նրանք չեն կարող իրենց հասանելիք օրական 1 ժամ ընդմիջումից օգտվել միանգամից, կարող են 2 կամ 3 անգամ 20 րոպեով ընդմիջում անել, բայց այդ հնարավորությունից ոչ բոլորն են օգտվում։ Անգամ աթոռին ոչ ուղիղ նստելու համար մի քանի անգամ բանավոր նկատողություն է ստացել։ Աշխատողները իրենց անմիջական վերադասից ավելի բարձր ղեկավարի հետ չեն կարող խոսել, առանց անմիջական ղեկավարին զգուշացնելու։ Ամեն օր աշխատանքից դուրս գալիս ընկերության աշխատակիցներն անվտանգության աշխատակիցների մոտ՝ տեսախցիկների առաջ բացում են իրենց պայուսակները, որպեսզի անվտանգության աշխատակիցները ստուգեն պարունակությունը, իսկ աշխատանքի մտնելիս իրենց անձնական օգտագործման բջջային հեռախոսները թողնում են մենեջերների սենյակում։
«Հետքը» հունիսի 21-ին գրավոր հարցմամբ դիմեց «ՍԱՍ-Գրուպ» ընկերությանը։ Նույն օրը զանգեցինք՝ ճշտելու, թե արդյոք ստացել են մեր հարցումը։ Ընկերության աշխատակիցներից մեկը, որ պատասխանեց հեռախոսազանգին, հայտնեց, որ հարցումը կուսումնասիրվի համապատասխան բաժնի կողմից և պատասխան կուղարկեն։ Օրեր անց, երբ նորից զանգահարեցինք, աշխատակիցներից Անի Թովմասյանը հայտնեց, որ տնօրեններն արձակուրդում են, և որ հարցումը վերահասցեագրենք իր էլեկտրոնային հասցեին։ Դրանից հետո Անի Թովմասյանը մեր հաղորդագրություններին չպատասխանեց։ Երկու օր անց նորից զանգեցինք, այս անգամ հեռախոսազանգին պատասխանեց Էլենը, որը չնշեց իր ազգանունը, ասաց, որ էլեկտրոնային տարբերակով չեն աշխատում եւ խոսակցության կեսից անջատեց հեռախոսը։ Հաջորդ զանգի ժամանակ մեկ այլ աշխատակից պատասխանեց՝ Տաթև Ղուկասյանը։ Նա ոչ մի հստակ պատասխան չտվեց եւ 3 օր շարունակ ասաց, որ կտեղեկացնի ղեկավարությանը։ Մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել։
Մենք փորձեցինք կապ հաստատել «ՍԱՍ-Գրուպ» ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանի հետ, բայց նա մեր զանգերին և նամակներին չպատասխանեց։
Հրապարակումից երկու ժամ առաջ մեզ զանգահարեց «ՍԱՍ-Գրուպ» ընկերության մարքեթինգի բաժնի աշխատակից Անի Թովմասյանը, որի հետ ավելի վաղ խոսել էինք։ Նա ցանկանում էր ճշտել մեր հեռախոսահամարը՝ Կադրերի բաժին փոխանցելու համար, որ կապ հաստատեն մեզ հետ։
Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել