HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերայի «Հույս» անունով հաշտարխանցին. Նադեժդա Պապայան

«Դուրաչկին» միակ թղթախաղն էր, որից գլուխ էր հանում: Նադեժդան երեխայի պես ուրախանում էր հաղթելու դեպքում և երեխայի պես էլ տխրում` պարտվելիս: Ընդ որում պարտվում էր հաճախ՝ չկարողանալով ժամանակին օգտագործել ունեցած հաղթաթուղթը: Փոխարենը չէր պարտվում կյանքում և բեմում, քանի որ 2 հզոր զենք ուներ՝ մարդկային պարզությունը և արտիստիկ ճոխությունը: Չնայած դրանցից և ոչ մեկը նրան չփրկեց անժամանակ, անհեթեթ մահից: Նադեժդան ոչ հիվանդ էր, ոչ էլ, այդ ընթացքում, ինչ-որ բանից ընկճված: Կյանքն այնքան բարեհաճ էր իր նկատմամբ: Եվ այնքան գործ կար անելու, և այնքան սիրելի տղամարդ կար իր կյանքում: Նա ժամանակ չուներ անգամ հիվանդանալու, ուր մնաց թե մեռնելու: Պետերբուրգում, Թիֆլիսում, Հռոմում, Փարիզում նրան սպասում էր բարձր արվեստը գնահատող հանդիսականը: 19-րդ դարավերջի և 20-ի սկզբի հռչակավոր օպերային թատրոնների հույսն էր «Հույս» անունով հաշտարխանցի այդ հայ աղջիկը:

Նադեժդան մեծ սերն էր իշխան Բորիս Արղության-Երկայնաբազուկի, տենչանքն էր լեհ կալվածատեր Կորյանսկու, անհույս սպասումն էր զինվորական Ալեքսեյ Սլիվիցկու և հրաշքն էր Թիֆլիսի Նիժեգորոդյան գնդի սպա Ալեքսանդր Տոնայի: Նա իր ժամանակվա բացառիկ հայուհիներից էր, ում ճանաչում էր աշխարհը, և ում անունը շրջանառվում էր նույնքան հաճախ, որքան Պետրոս Ադամյանինը: 1905թ. դեկտեմբերի 30-ին կովկասյան երկու թաթար և մեկ հայ մի քանի վայրկյանում ոչնչացրին գեղեցիկ մի կյանք, հմայիչ մի կնոջ և անզուգական մի երգչուհու: Կիսատ մնացին համաշխարհային օպերային արվեստին ծառայելու նրա հոյակապ ծրագրերը, կիսատ մնաց ոչ միայն Նադեժդայի կնոջական երջանկության պատմությունը, այլև սպա Տոնայի տղամարդկային երջանկությունը: Թե ինչու և ինչպես կատարվեց 1905-ի դեկտեմբերի այդ ոճրագործությունը՝ հետո: Նադեժդա Պապայանի պատմությունը չսկսենք մահվան մանրամասներով: Մահը նրան չէր սազում: Նրան վայելում էր կյանքը, որ սկսվեց 1868-ին Հաշտարխանում՝ երբեմնի Ոսկե Հորդայի պետության Հաջի Թարխան քաղաքում՝ այսօր՝ Աստրախան:

Հայկական Հաշտարխանը 

Ընդհանրապես հայկական ներկայությունը Հաշտարխանում հիշատակվում է 17-րդ դարից: Պետրոս առաջինը և Ռուսիո մյուս միապետ-միապետուհիները հայերին հատկապես Նոր Ջուղայից, Ղարաբաղից, Շամախիից հատուկ պայմաններով բնակեցրին Աստրախանում՝ իսպառ ազատելով նրանց հարկային պարտավորություններից, տալով համայնքային ինքնավարություն, լեզվի, դավանանքի ազատություն, անգամ սեփական հայկական դատարան՝ Ռատհաուզ, ունենալու իրավունք, որտեղ դատավորներն առաջնորդվում էին բացառապես «Աստրախանի Հայոց դատաստանագրքով»: Ի միջի այլոց, այս դատաստանագիրքը գործում էր նաև Ռուսաստանի հայկական այլ համայնքներում՝ Նոր Նախիջևան, Մոզդոկ, Ղզլար: Այս բոլոր արտոնությունները տրվել էին հայերին, որ նրանք հավատարմորեն ծառայեն Ռուսաստանին և զարգացնեն կայսրության Վոլգա-Կասպյան այս շրջանի առևտուրն ու արհեստները: Անգամ 1718-ին Զմյուռնիայից այստեղ եկան հայեր և հիմնեցին մետաքսի գործարան: Սա հարմար քաղաք էր վաճառականության համար: Այստեղ էին խաչվում արևելքից դեպի Ռուսաստան ձգվող ճանապարհները: Հատկապես գրավիչ էր Իրանից Ռուսաստան երթուղին նաև, բնականաբար, Ռուսաստանով անցնող արևելյան և հարավային տարանցիկ ճանապարհները: Հայերի առևտրական քարավանները ձգվում էին Հնդկաստանից մինչև Հոլանդիա և Շվեդիա:

Ինչ վերաբերում է Հաշտարխանում հայկական մշակութային ներկայությանը, ապա այն շատ հարուստ չէր: Ամենահիշարժանը 1795-ին արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի հիմնադրած հայկական տպարանն էր, չորս առաքելական եկեղեցիները՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Կատարինե, Սուրբ Պողոս-Պետրոս և Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ: Հենց այս քաղաքում է 1810թ. հիմնվել Ռուսաստանում առաջին հայկական կրթօջախը՝ Աղաբաբյան դպրոցը, որն ավելի հին է, քան Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Այստեղ գործել է նաև հոգևոր ուսումնարան, տպագրվել են թերթեր: 1813թ. ոմն Կղեմես Շահվերդյան հրատարակել է արևելահայ տիրույթում թերևս ամենից հին առևտրային թերթը՝ «Արեւելեան Ծանուցմունք»-ը՝ գրաբարի և ռուսերենի տարօրինակ խառնուրդ մի լեզվով, որը հիմնումից 3 տարի անց՝ 1816 հուլիս 5-ին, մեկ նախադասությամբ ծանուցեց. «Որովհետեւ հեղինակն Արեւելեան ծանուցմանց վախճանեցաւ վասն որոյ այսուհետեւ ոչ եւս լինին ի լոյս  ածեցեալք»: Ահա այսպես, մեռավ Կղեմիս Շահվերդյանը, մեռավ և «Արեւելեան Ծանուցմունք»-ը: Ինչևէ:

Ապակե աչքի գաղտնիքը

Ահա այս քաղաքում Համբարձում Պապայան անունով մեկը բացեց հրուշակեղենի և ծխախոտի մի փոքրիկ խանութ, կնության առավ համքաղաքացի Ելիզավետա Կոտոյանին և ունեցավ երկու զավակ՝ Նադեժդա և Վոլոդիա: Թեև տեր և տիկին Պապայաններն առանձնապես կրթված չէին, բայց մի յուրահատուկ սեր ունեին արվեստների նկատմամբ, հատկապես թատերական և երգեցողական: Ոչ մի համերգ կամ հյուրախաղ չէր անցնում առանց այս ընտանիքի ներկայության: Նադեժդան իր եղբոր հետ միշտ էլ ստանում էր արվեստի այն չափաբաժինը, որ առկա էր լինում Հաշտարխանում:

Հայտնի չէ, թե ովքեր են եղել Համբարձումի և Ելիզավետայի նախնիները: Բայց կարելի է ենթադրել, որ հատկապես տիկին Կոտոյանի ցեղում եղել են տաղանդավոր մարդիկ՝ բեմական արվեստի հակումներով: Բացի այն, որ Նադեժդայի մայրիկը  բնատուր անուշիկ ձայն է ունեցել և քթի տակ անընդհատ երգել Գլինկայի և Դորգոմիժսկու ռոմանսները, մորեղբայրը նույնպես օժտված է եղել հոյակապ ձայնով: Նա իր հիասքանչ տենորը ի սպաս է դրել Աստծուն փառաբանելու և ծխականների հոգիները մաքրելու համար. Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու Տեր Հովհաննես քահանան էր: Նրա որդին՝ Տեր Խաչատուր քահանան, նույնպես բացառիկ գեղեցիկ ձայն ուներ: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Պապայան ընտանիքի երեխաների տաղանդը մորական կողմից էր ժառանգված: Նադեժդան յոթ-ութ տարեկանից արդեն իրեն օպերային արտիստուհի էր երևակայում: Հագնելով մոր հագուստները և կոշիկները` ներկայացումներ էր տալիս ազգականների համար: Եղբայրը՝ նույնպես: Բայց խեղճը տասնհինգ տարեկանում մեռնում է թոքախտից: Վոլոդիայի հանպատրաստից ներկայացումների ականատեսները պնդում էին, որ տղայի մահով հայ բեմը կորցրեց ապագա մեծ կատակերգակի: Քիչ էր մնում համաշխարհային օպերային արվեստը կորցներ նաև իր ապագա բացառիկ կոլորատուրային սոպրանոյին, որ մեծանում էր Հաշտարխան քաղաքի Մոսկովյան փողոցի համեստ տանը: Դա մի շատ անհեթեթ դեպք էր, որ իսկապես կարող էր ճակատագրական լինել Նադեժդայի համար ոչ միայն որպես ապագա երգչուհի, այլև պարզապես որպես կին: Մի անգամ Նադեժդան՝ երեխա եղած ժամանակ, զարմուհու հետ տան միջանցքում խաղալիս, ընկնում է խոշոր գամերով ամրացված տախտակի վրա և ցավալիորեն վնասում աչքը: Հայրը միջոցներ չի խնայում երեխային Փարիզ՝ վիրահատության տանելու համար:

Մանկության տարիներին կատարված դեպքի մասին մատնող ապակե աչքը, բացարձակապես չնվազեցրեց Նադեժդայի բեմական համարձակությունը և առավելապես չխանգարեց, որպեսզի նրա համար տղամարդիկ խելքները թռցնեն: Նա բացառիկ գրավչություն ուներ: Անգամ ընկերուհիները կամ ծանոթուհիները խոստովանում էին, որ թեպետ նա գեղեցկուհի չէր, բայց օժտված էր մեծ մարդկային հմայքով, ինչը չեզոքացնում էր արտաքին ինչ-ինչ թերությունները՝ դրանք առավելության վերափոխելով: Նադեժդայի աչքերի փոքրիկ շլությունը չէր խանգարում, որ նա կյանքը և մանավանդ իրեն սիրահարված տղամարդկանց տեսնի  ճիշտ անկյան տակ:

Հոր ձեռքը բռնած՝ դեպի Պետերբուրգ

Եվ այսպես՝ Հաշտարխան հյուրախաղերի եկած օպերային և օպերետային արտիստները մեկընդմիշտ հստակեցրին և ձևակերպեցին Նադեժդայի ցանկությունը: Ընտանիքի դիմադրությունը ոչինչ չփոխեց նրա որոշման մեջ: Նա կարողացավ փոխել, ավելի’ն, հեղափոխել հորը: Եվ ավանդապահ այդ մարդը, Համբարձում անունով, ով, սիրելով օպերային արվեստը, այնուամենայնիվ չէր պատրաստվում հանդուրժել սեփական աղջկա բեմելը, շուտով ստիպված եղավ նրա ձեռքից բռնած ճանապարհվել Պետերբուրգ` ուղիղ Անտոն Ռուբինշտեյնի ղեկավարած կոնսերվատորիա, վոկալի՝ ազգությամբ չեխ ուսուցիչուհի տիկին Ռաաբի դասարան:

Նույն ժամանակ Պետերբուրգում էին ուսանում նաև երկու ուրիշ հայ ուսանողուհիներ՝ սոպրանոներ Մագդաղինա Գենջյանը և Զավրիևան: Բայց Նադեժդան ուրիշ էր: «Նուվելլիստ» հանդեսը 1889 թ․ փետրվարի 26-ի համարում գրում է. «Մեր կոնսերվատորիայում բեմադրվեց Մոցարտի «Կախարդական սրինգը»: Կանացի դերերը կատարողներից անհրաժեշտ է հիշատակել Ռաաբի աշակերտուհի Ն. Պապայանին (Գիշերային թագուհի): Այս աշակերտուհին պատիվ է բերում իր ուսուցչին: Գովեստի արժանի է նաև Մագթաղինա Գենջյանի կատարումը»:

Նադեժդան իր տաղանդով հարստացում էր նաև պետերբուրգյան հայ կյանքը` Մակար Եկմալյանի, Մագթաղինայի հետ կազմակերպելով հայկական ռոմանսի երեկոներ և անպայման մեկ-երկու հայերեն երգ ընդգրկելով ցանկացած համերգի երգացանկում: Բայց նա չավարտեց Պետերբուրգի կոնսերվատորիան: Երկու պատճառ կար. մեկը՝ մայրաքաղաքի անբարենպաստ կլիման, որ արդեն ազդում էր ձայնի վրա և կոնսերվատորիայի տնօրեն՝ Անտոն Ռուբինշտեյնի կոպիտ վերաբերմունքը: Նադեժդան հավաքեց սնդուկը և ուղևորվեց Իտալիա: Ռուբինշտեյնը նման քայլի չէր սպասում: Իր կոնսերվատորիայի ամենից խոստումնալից աշակերտուհին հեռանում էր: Դա էժան չէր նստելու ռուսական բեմի վրա: Ռուբինշտեյնը խորապես զղջաց Պապայանին անհարկի վիրավորելու համար և եկավ կայարան` գնացք նստող Նադեժդայից ներողություն խնդրելու նաև հույս հայտնելու, թե Իտալիայից նա այնուամենայնիվ կվերադառնա Պետերբուրգ: Նադեժդան անշուշտ ներեց ծեր պրոֆեսորին: Հետագայում նրանք դարձան լավ բարեկամներ, Ռուբինշտեյնը՝ նաև օրիորդ Պապայանի արվեստի մեծ սիրահար:

Իտալիա. Bel canto-ի գաղտնիքներն այստեղ են

Իտալիա՝ Նեապոլ մաեստրո Սոբոստիանիի դասարան, ապա Միլան՝ հռչակավոր Ֆիորիտոյի վարպետության դասեր: Այս պրոֆեսորի արվեստանոց ընկնելը բացառիկ հաջողություն էր: Շատերն էին երազում, բայց նա քչերին էր ընտրում: Նադեժդա Պապայանի ձայնի որակը և ձիրքը նրան ուղղակի ապշեցրին և սկսեց աշխատել՝ Նադեժդայի համար բացելով Bel canto-ի գաղտնիքները: Տարիներ անց իշխանուհի Մարիամ Դոլուխանյան-Թումանյանը Նադեժդայի երգարվեստի մասին կգրի. «Նրա ձայնը հավասար է հնչում բոլոր ռեգիստրներում, նա շատ հեշտ է երգում, առանց զոռ տալու»:

Նա հեշտ էլ ապրում էր: Խոսքը նյութականի մասին չէր, այլ կյանքի հանդեպ ունեցած դիրքորոշման. ուրախ, թեթև սրամիտ, չափազանց ինքնաբուխ ու հուզառատ կին էր: «Երբ մի բան ուրախացնում էր իրեն, իսկույն ծափ էր տալիս և ծիծաղում իր արծաթահնչյուն ձայնով: Եվ չնչին պատճառով էլ լաց էր լինում»,- hիշում էր իշխանուհի Մարիամ Դոլուխանյան-Թումանյանը։

Իտալիայում Նադեժդան մնաց 3 տարի, ընկերացավ այնտեղ սովորող հայ երգիչների հետ: Իսկ նրանք քիչ չէին․ Արշակ Կոստանյան, Ներսես Շահլամյան, Մակար Վարդիկյան, Բեգլար Ամիրջանյան, Ծովակ կամ Մկրտիչ Ծովինյան, ում ձայնը ի դեպ Իտալիայում ադամանդ են անվանել: Նաև հայուհիների մի հոյակապ բույլ՝ ի դեմս Ղորղանյան քույրերի և Ելիզավետա Խոջայանի… Այնպես որ, միայն 19-րդ դարի ավարտին և 20-ի սկզբին Իտալիայում և Ռուսաստանում վոկալ արվեստ սովորող հայ երգիչները և երգչուհիները լիովին կարող էին միավորվել և հիմնել հայկական օպերային խումբ: Բայց նման բան չեղավ: Եվ նրանք ցրվեցին աշխարհով մեկ՝ առանձին-առանձին զարդարելով Փարիզի, Նեապոլի, Միլանի, Պետերբուրգի, Բաքվի և, վերջապես, Թիֆլիսի օպերային և կամերային բեմերը: Իտալիայում Ֆիորիտոյի արվեստանոցում Նադեժդա Պապայանը սովորեց  օպերային լուրջ պարտիաներ, օրինակ՝ Վիոլետտայի, Մարգարիտայի, Ջիլդայի, Ռոզինայի, Ջուլիետի: Եվ բեմ բարձրացավ Միլանի «Ալհամբրա», Նեապոլի «Սան Կարլո» թատրոններում: Հետո էլ այս երկու թատրոններից, ինչպես նաև Միլանի «Լա Սկալայից» ստացավ գայթակղիչ հրավեր՝ հանդես գալ իրենց բեմերում որպես պրիմադոննա: Սա մի բան էր, որի մասին չէին հանդգնում անգամ երազել արտիստները: Այդ երազի իրականացման հնարավորությունը բացվեց Նադեժդա Պապայանի առջև: Առանց ծանոթի, առանց հովանավորչության: Որպեսզի այն տեղի ունենար հարկավոր էր մեկ բան միայն՝ օրիորդ Պապայանի Այո-ն: «Ալհամբրա» թատրոնին նա մերժեց, «Սան Կարլոյի» հույսերը մեծացան, բայց` իզուր, հաջորդ մերժումը հենց այս թատրոնին տրվեց: «Լա Սկալան» արդեն սկսեց Նադեժդայի համար խաղացանկ մտմտալ: «Ես հայրենիք եմ վերադառնում»,- մի օր անսպասելիորեն հայտնեց երգչուհին: Ի՞նչն էր նրան հետ կանչում` գավառական Աստրախա՞նը, իր ձայնի համար այդքան վտանգավոր խոնավ Պետերբու՞րգը, կամ գուցե ինչ-որ մե՞կը: Իրականում Նադեժդան ծրագրեր չուներ: Նա մասնագիտական առումով չգիտեր իր հետագա անելիքը: Միայն գիտեր, որ կարոտել էր ծնողներին: Բայց Իտալիայից վերադարձավ ոչ թե Աստրախան՝ ծնողների մոտ, այլ երգիչ Ամիրջանյանի՝ համատեղ համերգներ ունենալու առաջարկով, ճանապարհը շեղեց Թիֆլիսի կողմ:  

Բ.Ա.Ե. + Նադեժդա Պապայան=Սեր

Դա Նադեժդայի համար ճակատագրական ճամփորդություն էր, որ ձգվեց տարիներ: Եվ պատճառը ոչ միայն հրաշալի ընդունելությունն էր Թիֆլիսի արվեստասեր հասարակության կողմից, այլև ինքնամոռաց սիրահարությունը Բ.Ա.Ե.-ին: Իսկ Բ.Ա.Ե.-ն ոչ այլ ոք էր, քան Արղության-Երկայնաբազուկների իշխանական զարմից մի երիտասարդ: Նա երկար տարիներ ապրել էր Օդեսայում, այստեղ ծանոթացել հայ ուսանողների հետ և նրանց շնորհիվ ճանաչել իր պատմական հայրենիքը, սիրել այն և դարձել իսկական հայասեր: Արագորեն սովորել էր հայերեն և ընկերների հետ խոսել բացառապես մայրենի լեզվով, մինչդեռ ընտանիքում հնչել էր հիմնականում ռուսերենը: Ճիշտն ասած՝ այս երիտասարդի մասին Նադեժդայի ընկերուհիները լավ չէին արտահայտվում: Իշխանուհի Մարիամ Թումանյանը իր հուշերում գրում է, որ նա՝ այսինքն՝ իշխանը, իրենից բան չէր ներկայացնում: Նադեժդայի մյուս ընկերուհին, ում հետ նա հարուստ նամակագրական կապ է ունեցել՝ նկարչուհի, նույնպես իշխանուհի Անաստասիա Ամիրաջիբին, էլի մեծ կարծիք չուներ իշխան Բ.Ա.Ե.-ի մասին, թեև զարմիկներ էին: Այս զույգ իշխանուհիները կանացի նախանձից ելնելով չէ, որ նման կարծիք էին կազմել վերոհիշյալ Երկայնաբազուկի մասին: Եվ, այնուամենայնիվ, այս տղամարդու մեջ կար մի բան, որ գրավել էր Նադեժդային: Այն, ինչը բառերով չես կարող բացատրել: Նադեժդան սիրահարված էր: Ընդ որում առաջին անգամ: Արդեն քսանհինգ տարեկան էր և գիտեր, որ շատերն են երազում ընկերանալ իր հետ, շատերն են կորցնում քունը իր պատճառով: Բայց այդ երկրպագուներից և ոչ մեկի համար ինքը դեռ անքնություն չէր ունեցել: Սա առաջին դեպքն էր:

Իշխան Արղության-Երկայնաբազուկը աղջկան տեսավ բեմի վրա: Նադեժդան երգում էր, Բորիսը՝ սիրահարվում, Նադեժդան երգում էր, Բորիսը՝ կորցնում գլուխը: Քանի Նադեժդան նվաճում էր հանդիսականի սիրտը Աբասթուման, Կոջոր, Բորժոմ, Թիֆլիս գծի վրա, իշխան Բորիսը ավելի էր համոզվում իր զգացմունքների խորության և անկեղծության մեջ: Մի խոսքով, սեր տոհմիկ իշխանի և «անտոհմ» բեմի իշխանուհու միջև: Դա չէր կարող արտոնվել ազնվական ընտանիքի կողմից: Եվ տեր և տիկին Արղության-Երկայնաբազուկները սկսեցին թունավորել իրենց որդու միտքը: Ոչինչ չէր կարող փափկեցնել նրանց սիրտը՝ ո’չ Նադեժդայի տաղանդը, ո’չ նրա փշաքաղեցնող ձայնը, որ այդքան գնահատում էին նաև իրենք, ո’չ մարդկային գեղեցիկ որակները: Այդ ամենը շատ լավ էր, բայց թող լիներ իրենց ընտանիքից դուրս, միայն բեմի վրա, միայն հեռվից: Քանի-քանի դար նրանք զգուշորեն և հաշվենկատորեն պահպանել էին իրենց ազնվականությունը. տղաներին ամուսնացրել են իշխանական այլ ընտանիքների աղջիկների հետ, իսկ աղջիկներին կնության են տվել ուրիշ ազնվական տոհմերի: Օրինակ՝ Բորիսի քույրերից մեկը ամուսնացել էր Լորիս-Մելիքյանի հետ, մյուսը ևս մի ինչ-որ բարոնի կինն էր դարձել՝ հանուն տիտղոսի: Բորիսի ծնողները ոչինչ չունեին Նադեժդայի դեմ իբրև կին, երգչուհի, բայց դեմ էին նրա ընտանիքի հետ խնամիական կապ հաստատելուն: Դեմ էին իշխանուհի դարձնելու ծագումով ոչ իշխանուհուն:

Բորիսը զոհեց իր սերը և Նադեժդային՝ հանուն Արղության-Երկայնաբազուկների զտարյուն տոհմի: Անաստասիա Ամիրաջիբին այս բաժանությունը համարում էր դրական մի բան: Նա գրում է, որ շատ էլ լավ եղավ, որ Բորիսը թողեց նրան, քանի որ այդ կապը Նադեժդային խանգարելու էր իր արվեստի մեջ նորանոր բարձունքներ գրավելու:

Ընդ որում, նկարչուհին ճիշտ այսպես կարտահայտվի նաև ընկերուհու մյուս դարպասողների վերաբերյալ: Իշախանուհի Ա.-ն սպառում էր Նադեժդայի արվեստը և վեհանում դրանով: Եվ որևէ մի տղամարդ, ով  հայտնվում էր նրա կողքին, դառնում էր օպերային արվեստի և աննման կոլորատուրային սոպրանոյի գլխին կուտակվող վտանգ՝ ամուսնու տեսքով: Նադեժդան շատ ծանր տարավ բաժանումը, բայց զարմանալիորեն դա նպաստեց իր երգարվեստին: Իր առաջին սիրավեպը և դրա անարդար վախճանը ոչ միայն նրան հասունացրին որպես կին, այլև որպես արտիստուհի: Նա իր անձնական հույզերը միացրեց իր հերոսուհիների ճակատագրերին, և արդյունքում կերտվեց հրաշալի արվեստ՝ ապրումի և դրա վերարտադրման տեխնիկայի չտեսնված մի համադրություն: Թիֆլիսը ցնծության մեջ էր: Ամեն ներկայացումից հետո, դեռ վարագույրը չփակված՝ դահլիճից և օթյակներից բեմ էին թափվում սերպանտիններ և ծաղիկներ: Նադեժդայի շպարման սենյակը լցվում էր ծաղկե զամբյուղներով, որոնց մեջ նաև թանկարժեք նվերներ էին լինում՝ արծաթե իրերից սկսած մինչև ադամանդակուռ ապարանջանները: Թերթերը չէին խնայում գովեստի խոսքեր շռայլել մեծ արտիստուհուն: Թիֆլիսը կարողացավ գնահատել Նադեժդա Պապայանին: Իսկ ծնողների կողմից արտասահման, այսպես ասած, աքսորված իշխան Բորիս Արղության-Երկայնաբազուկը հեռվից հետևում էր իր սիրելի կնոջ հաջողություններին և սաստիկ կարոտում նրան: Բայց այդպես էլ իրավունք չվերապահեց իրեն խախտել ընտանեկան օրենքը: Դրժեց ազգանվան առաջին բաղադրիչի իմաստը՝ Արղութ, որ նշանակում էր թիկունք, մեջք: Նա փաստորեն հրաժարվեց Նադեժդայի համար թիկունք լինել: Եվ այդ պատվին արժանացավ ուրիշ մեկը: Ընդ որում` անմիջապես:

Պան Կորյանսկին կորցնում է քունը

Այդ ուրիշ մեկը ազգությամբ լեհ էր, մեծահարուստ կալվածատեր: Թիֆլիս էր եկել գործի բերումով և նախապաշարումներ չուներ: Պան Կորյանսկին Նադեժդային տեսավ բեմում և այդ օրվանից կորցրեց քունը: Նրա ականջներում անդադար հնչում էր նրա ձայնը, իսկ աչքի առաջ, տեսիլքի պես, երևում էր պատկերը: Կալվածատերը սկսեց շատ գեղեցիկ և նուրբ կերպով զմայլել երգչուհուն: Նրան մի շքեղ կառք տրամադրեց, որպեսզի ոչ միայն երթևեկության հետ կապված խնդիր չունենա, այլև երթևեկի իրեն վայել թանկարժեք փոխադրամիջոցով: Ամեն ներկայացումից հետո պան Կորյանսկին ծաղկեփնջեր և ճոխ նվերներ էր ուղարկում իր սիրելի արտիստուհուն, հրավառություն կազմակերպում թատրոնի մուտքի մոտ: Անգամ շուտով կառուցեց մի շքեղ առանձնատուն Թիֆլիսում՝ հույս փայփայելով, թե Նադեժդա Պապայանը մի օր կդառնա պանի Կորյանսկայա: Պանի Կորյանսկայա դառնալու միտք Նադեժդան դեռ չուներ: Նրա ծրագրերը ավելի շատ օպերային բեմի հետ էին կապված, քան կալվածատիրոջ: Ամեն դեպքում երեք-չորս տարի նրանք ապրեցին միասին՝ քաղաքացիական ամուսնությամբ: Բայց կատարվեց մի բան, որ կտրուկ փոխեց համատեղ կյանքի ընթացքը: Նույն ժամանակ, երբ Նադեժդան և պան Կորյանսկին կապված էին քաղաքացիական ամուսնության կապով, Նադեժդային է սիրահարվում գեղեցիկ արտաքինով, չափազանց հարուստ մի սպա՝ Ալեքսեյ Սլիվիցկի անունով: Այս երիտասարդը այնքան բուռն է սիրահարվում Պապայանին և այնքան տաքարյուն է լինում, որ իմանալով անգամ վերջինիս՝ Կորյանսկու հետ ունեցած կիսապաշտոնական հարաբերությունների մասին, սկսում է ակնհայտորեն հետապնդել և անթաքույց սիրային խոստովանություններ անել: Կալվածատեր Կորյանսկու համբերությունը հատում է: Եվ նա այդ թեթևսոլիկ ամբարտավան սպային մենամարտի է հրավիրում, չնայած հարցեր լուծելու այս տարբերակը արգելված էր օրենքով: Նադեժդա Պապայանի մասին տարբեր հուշագրություններում առկա է այս դրվագը: Հուշագրություններից մեկում նշվում է, որ մենամարտի վայր է ընտրվում իբրև թե Էրիվանը`աչքից հեռու մի տեղ: Նադեժդան մենամարտի մասին տեղյակ չէր մինչև վերջին պահը: Նա այդ օրը բարեգործական համերգի էր: Երկրորդ մասում պետք է երգեր Եվգենի Օնեգինից «Նամակի տեսարանը»: Հետնաբեմում նրան լուր են տալիս, թե այսպես-այսպես` քո պատճառով Կորյանսկին և Սլիվիցկին մենամարտելու են, այսինչ տեղում: Նադեժդան համերգի կազմակերպչին պատմում է իրավիճակը և խնդրում հանդիսականին հայտնել, թե իբր հիվանդության պատճառով երգչուհին չի կարող մասնակցել համերգին և որ «Նամակի տեսարանի» փոխարեն կկատարվի Օնեգինից «Մենամարտի տեսարանը»: Հանդիսականը նեղվում է, չէ որ համերգի էր եկել առավելապես Նադեժդային ունկնդրելու համար, բայց ըմբռնումով է մոտենում հարցին: Իսկ երբ շշուկները իրական մենամարտի և Նադեժդայի դեպքի վայր մեկնելու մասին սպրդում են դահլիճ, հանդիսականը պարզապես ցնցվում է: Նադեժդան նստում է գնացք և սլանում երկու գազազած տղամարդու հանգստացնելու: Տեղ է հասնում, երբ մի քանի րոպե առաջ արդեն ատրճանակների ձգանները քաշվել էին: Պան Կորյանսկին ծանր վիրավորված էր: Այս դեպքի շարունակության մասին ոչ մի հուշագրության մեջ տեղեկություն չկա: Ի՞նչ եղավ Կորյանսկին, ի՞նչ եղավ սպա Սլիվիցլին:

Մենամարտից հետո

Գուցե այս միջադեպի ծանր նստվածքից ազատվելու, կամ երկու տաքգլուխ սիրահարներին վերջնականապես  մոռանալու համար, Նադեժդան շուտով ընդունեց մեկ այլ տղամարդու՝ Թիֆլիսի նիժեգորոդյան գնդի սպա Ալեքսանդր Տոնայի մտերմությունը: Սպա Տոնան թոռն էր Մոսկվայի Ամենափրկիչ եկեղեցին կառուցած  ճարտարապետի: Երիտասարդը շատ զարգացած էր, արվեստասեր: Նա սիրահարվել էր Նադեժդային «Տրավիատայի» ժամանակ: Հենց ներկայացման ընթացքում շատ անկեղծ և ինքնաբուխ բացականչել էր՝ «Ես կորած եմ»: Դա երկուստեք գեղեցիկ սեր էր՝ քնքուշ, խոր, արվեստային, որը նույնպես չէր կարող հանգել ընտանեկան հարաբերության․ միևնույն պատճառով՝ սիրելի կինը երգչուհի էր: Անաստասիա Ամիրաջիբին այս անգամ էլ համոզված էր, որ այդպես ավելի ճիշտ էր:

Իսկ Ալեքսանդր Տոնայի «Ես կորած եմ» արտահայտությունը ճիշտ դուրս եկավ: Այդ սերը Տոնային տվեց ոչ միայն ահռելի բերկրանք, այլև նույնպիսի ցավ։

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից  

Շարունակելի                                                                                                       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter