HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերայի «Հույս» անունով հաշտարխանցին. Նադեժդա Պապայան (մաս 2)

սկիզբը

Կայսերական թատրոնների տնօրեն իշխան Վոլկոնսկու առաջարկը՝ տարեկան 10.000 ռուբլի և մի «աննշան» պայման

Նադեժդայի և Տոնչիկի (Նադեժդան այսպես կոչում է Տոնային) սիրավեպը շարունակվում էր: Մի գեղեցիկ օր Մարինյան կայսերական թատրոնից պատգամախոս է գալիս Թիֆլիս` մի ձեռնտու պայմանագիր առաջարկելու Նադեժդա Պապայանին: Նադեժդան տալիս է համաձայնությունը և մեկնում Պետերբուրգ: Առաջին բեմելը Մարինյան թատրոնում պետք է լիներ Լիզայի դերերգով՝ Չայկովսկու «Պիկովայա Դամա» օպերայից: Գլխավոր փորձի ժամանակ Նադեժդան այնքան բարձր նոտա է վերցնում, որ դիրժորը զարմացած ասում է. «Չայկովսկին այսպես չի գրել, բայց Դուք այնքան վիրտուոզ վերցրիք այդ նոտան, որ ես Ձեզ թույլ եմ տալիս այդ շեղումը»: Դրանից հետո շատ սոպրանոներ փորձեցին ընդօրինակել Պապայանին: Հոնորարի և պայմանգրի ժամկետի շուրջ երգչուհու հետ բանակցում էր անձամբ թատերական գործիչ, ռուսական կայսերական թատրոնների ընդհանուր տնօրեն իշխան Սերգեյ Վոլկոնսկին:

Երեք տարի, տարեկան 10.000 ռուբլի. հոյակապ պայմանագիր: Բայց այս գայթակղիչ առաջարկից հետո Նադեժդայի առջև պայման դրվեց՝ փոխել ազգանվան վերջավորությունը, դառնալ Պապաևա: Սա նման առաջարկի երկրորդ դեպքն էր: Առաջինը եղել էր Վրաստանում՝ համերգներից մեկի ժամանակ, որ կայացել էր Կոջորում: Տեղի իշխանությունները ոստիկանության հետ պահանջել էին երգչուհուց դառնալ Պապայանի: Նադեժդան երկու դեպքում էլ պինդ մնաց և չտրվեց ո՛չ վրացիների, ո՛չ էլ ռուսների հիվանդագին վերջնագրերին: «Ազգանունս չեմ փոխելու: Համաձայն չեք, չեմ երգի: Կորցնողը ես չեմ»: Մի խոսքով, Պետերբուրգում և ամենուր մեծ երգչուհին հանդես եկավ Պապայան ազգանունով: Նրա մասնակցությամբ ներկայացումներից հետո Մարինյան թատրոնի դահլիճից հանդիսականը չէր հեռանում: Ծափերը և բրավոները չէին դադարում: Իսկ բիսերից հետո Նադեժդայի կատարումները գրեթե մի ամբողջ համերգի տևողություն ունեին: Եվ ամեն անգամ թատրոնի տնօրինությունը ստիպված էր անջատել դահլիճի լույսերը՝ այս եղանակով դուրս հրավիրելով Պապայանի արվեստի սիրահարներին:

Ալեքսանդր Տոնան սլանում է Պետերբուրգ

Սպա Տոնան չդիմացավ իր սիրելի կնոջից բաժանմանը և շատ շուտով դասավորեց գործերը ու ընդունվեց Պետերբուրգի բարձրագույն սպայական հաստատություն: Իհարկե ոչ ռազմական արվեստի մեջ հմտանալու, այլ իր աննման սիրավեպը շարունակելու համար և Նադեժդային մենակ չթողնելու օտար քաղաքում և օտար հայացքների կիզակետում: Բայց կամաց-կամաց ինտրիգները սողոսկեցին Մարինյան թատրոնի հետնաբեմ: Հայտնվեցին մեկ-երկու անտաղանդ երգչուհիներ՝ ինչ-որ ազդեցիկ մարդկանց հովանավորյալներ. «Այժմ ինձ պարզ հասկացնել տվին, որ ես պետք է հովանավոր ունենամ: Այստեղ ամեն երգչուհի մեջքին մեկը ունի: Բայց ում կարող եմ ես դիմել, ես ոչ ոք չունեմ: Այս ամենը ինձ շատ է ճնշում»,- 1902-ի փետրվարի 12-ին գրում է ընկերուհուն՝ իշխանուհի Անաստասիա Ամիրաջիբիին: Նադեժդան արդեն զբաղված էր հիմնականում ցերեկային ներկայացումներում: Նրա հանդեպ վերաբերմունքը փոխվում էր: Բայց նա նույն բարի, առատաձեռն և ներողամիտ կինն էր: Մարինյան թատրոնի արտիստների երեխաներին քնքշանքով և ջերմությամբ պարուրողը, էլ չասած, նվերներով և քաղցրավենիքով երես տվողը Նադեժդա Պապայանն էր կամ Պապայաշին, ինչպես կոչում էին նրան ընկերները:

Հիվանդ աղջկա սնարի մոտ

Ֆիննական Խալելա առողջարանում թոքախտով հիվանդներ էին բուժվում: Առողջարանը պահվում էր ռուսական կայսրության փողերով, իսկ Կայսերական թատրոնների արտիստների գործն էր բարոյական և հոգևոր աջակցությունը: Թատրոններից ոչ ոք չէր գնում Ֆինլանդիա: Միայն Նադեժդա Պապայանը: Ամեն ամիս Պետերբուրգից նստում էր գնացք, հասնում Ուսիկիրկա կայարան, այնտեղից էլ սահնակներով  քսաներկու վերստ սլանում մինչև կհասներ առողջարան: Այցերից մեկի ժամանակ նրան ասացին, որ հարևան  մասնաշենքում մի մահամերձ հիվանդ կա: Նադեժդան գնաց նրա մոտ և երգեց: Հիվանդասենյակում թոքախտավոր աղջիկն էր, Նադեժդա Պապայանը ու երգը: Դա աղջկա վերջին օրն էր: Նադեժդան երբեք չմոռացավ նրան։

Աստրախանով՝ Փարիզ. թատերական բախտի հետևից

Պետերբուրգում օրերն էր հաշվում, թե երբ է լրանալու պայմանագրի ժամկետը: Այդ աստիճան զզված էր թատրոնի մթնոլորտից: Վերջապես եկավ այդ բաղձալի օրը և նա մեկնեց Աստրախան` առաջին անգամ համերգ տալու ծննդավայրում: Աստրախանի գավառական թատրոնը փշերով ընդունեց Նադեժդային: Դեպի Աստրախան ճամփորդության միակ դրական բանն այն էր, որ հանդիպեց ծնողներին: Շատ երկար տարիներ նրանք միմյանց չէին տեսել: Դա ընտանեկան վերջին երջանիկ հանդիպումն էր: Հաջորդ անգամ ընտանիքի անդամներին ի մի կհավաքի տխուր դեպքը, որ շուտով կվերափոխվի կատարյալ ողբերգության: Բայց դեռ ոչինչ չէր գուժում դժբախտության մասին: Հակառակը՝ Նադեժդան լի է ստեղծագործական ծրագրերով և Թիֆլիսի Նիժեգորոդյան գնդի սպա Ալեքսանդր Տոնայի նկատմամբ սիրով ու կարոտով: Նա մեկնեց Թիֆլիս, այնտեղից Փարիզ անցնելու մտադրությամբ: «Վաղվա իմ արվեստն այսօրվանից պիտի բարձր լինի, հակառակ դեպքում ես կսկսեմ հետադիմել»,- համոզված էր Նադեժդա Պապայանը: Նա սովորել էր Պետերբուրգում, ապա Նեապոլում և Միլանում, հիմա էլ հերթը Փարիզինն էր: Եվ նա մեկնում էր կատարելագործելու իր վոկալը՝ տարանցիկ կանգառ անելով Թիֆլիսում: Դա եղավ իր վերջին այցը Թիֆլիս և վերջին համերգը: Ամբողջ ծրագիրը կազմված էր Շիլլերի գրական ստեղծագործությունների հիման վրա գրված օպերաներից: Եվ երգացանկի վերջին գործը Նադեժդան ընտրել էր «Օրլեանի կույսից» Ժաննա դ’Արկի դերերգը: Այն ավարտվում էր հետևյալ բառերով «Иду от вас, иду от вас, и не приду к вам вечно, вечно.» («Հեռանում եմ ձեզնից, հեռանում եմ ձեզնից և չեմ վերադառնա ձեզ մոտ հավիտյան, հավիտյան»): Կարծես կանխազգում էր, որ դա իր վերջին բեմելն էր Թիֆլիսում և վերջին հանդիպումը հանդիսականի հետ: Ընդմիշտ: Եվ այդպես, իր չքնաղ կոլորատուրային սոպրանոյով տիեզերք ուղարկելով «Հեռանում եմ ձեզնից, հեռանում եմ ձեզնից և չեմ վերադառնա...» չարագույժ բառերը, մեկնեց իր երազանքների քաղաքը՝ կատարելագործելու վոկալը և ապագայի ծրագրեր մշակելու: Հետագայում վստահ կառանձնացնի Փարիզի կոնսերվատորիան որպես լավագույնը Եվրոպայում: «Իտալիայում երգել գիտեն, բայց սովորեցնել՝ ոչ: Այնտեղ գովեցին և շեշտեցին իմ արժանիքները: Բայց եթե չգնայի Փարիզ, երգեցողության հմտություններ ձեռք չէի բերի: Իսկ Ռուսաստանում միայն Պետերբուրգի կոնսերվատորիան է գնահատելի, պետք է պարզապես կարողանաս դիմանալ օդին»: «Օդ» ասելով, Նադեժդան նկատի ուներ թե՛ կլիման, թե՛ մարդկային հարաբերությունների մթնոլորտը: Դրանք երկուսն էլ բացասաբար էին ազդել նրա արվեստի զարգացման և դրսևորման վրա: Հենց Փարիզում ստանում է Օպերա Կոմիկում աշխատելու հրավեր: Նա շատ էր սիրում Փարիզը: Դա զգացվում է ընկերուհիներին գրած նամակներից: Նադեժդան չի հասցնում հավաքել մտքերը, կողմնորոշվել և պատասխանել հրավերին, երբ ստիպված է լինում հավաքել պայուսակը Աստրախան մեկնելու համար: Լուր էր ստացել մոր ծանր վիճակի մասին: Փարիզից Աստրախան ճանապարհը անցնում էր Մոսկվայով: Ալեքսանդր Տոնան Թիֆլիսից հատուկ ժամանել էր Մոսկվա Նադեժդային Աստրախան ճանապարհելու համար: Նրանք միասին գալիս են կայարան: Այստեղ նրանց ճանապարհները բաժանվում են, մեկընդմիշտ: Ալեքսանդրը նստում է Թիֆլիս շարժվող գնացքը, իսկ Նադեժդան` Աստրախան: Նրանց ուղիները այլևս երբեք չեն խաչվի: Ելիզավետա Կոտոյանի՝ Նադեժդայի մոր կյանքը բժիշկները փրկել չկարողացան: 1905-ի դեկտեմբերի սկզբին նա մեռավ: Նադեժդան մնաց Աստրախանում, քանի որ երկաթուղու աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, իսկ Վոլգան սառել էր, և նավարկությունն ընդհատված էր:

Աղախնի վկայությունից

Նոր տարվա նախաշեմին երեք երիտասարդ, ուսանողական համազգեստ հագած, ծեծում են Պապայանների տան դուռը: Իրենց այցի նպատակը, իբր Նադեժդա Պապայանին Ամանորյա հանդեսին հրավիրելն էր: Սա առաջին վարկածն է: Ըստ երկրորդ վարկածի՝ երեք երիտասարդները այցելել են Նադեժայի հոր հետ ալյուրի վաճառքի հարցերով խոսելու: Ամեն դեպքում երկու վարկածի պարագային էլ այցելության իրական նպատակը մեկն էր՝ կողոպուտը: Ասում են՝ իբր, մտահոգ լինելով քաղաքական անկայուն դրությամբ, նախօրեին Համբարձումը 40.000 ռուբլի է հանած լինում դրամատնից, մտածելով, թե այդ պարագային փողը տանը պահելն ավելի ապահով կլինի: Ամեն դեպքում երիտասարդները իրենց «կիրթ» են պահել: Անգամ այնքան վստահություն են ներշնչել, որ Նադեժդան թեյի սեղան է գցել: Այս ամենը Պապայանների աղախնի պատմածից է: Այն պահին, երբ Նադեժդան բարձրացել է աթոռից տղաներին թեյ լցնելու համար, նրանցից մեկը հարձակվել է Համբարձումի վրա և մետաղյա ծանր ձողով հարվածել նրան: Նադեժդան փորձել է հորը պաշտպանել: Բայց նա արդեն սպանված էր: Հարվածներ են իջել երգչուհու գլխին և նա ուշաթափվել է...

Նրա գանգը քսաներկու տեղից փշրվել էր: Նադեժդան քսան օր տանջվեց ցավերի մեջ: Լուրը հասավ Թիֆլիս` Ալեքսանդր Տոնային: Սպան ամեն միջոց ձեռնարկեց Աստրախան գալու, բայց ոչ մի կերպ չէր ստացվում՝ գործադուլ էր: Մի օր նա հեռագիր ստացավ իր սիրելի, վիրավոր մտերմուհուց.

«Սիրելիս, թույլ կտաս մազերս կտրեն»: Տոնան շատ էր սիրում Նադեժդայի փարթամ, երկար, սև վարսերը, իսկ բժշկական միջամտությունների համար հարկավոր էր դրանք կտրել: Եվ Նադյան իր սիրելի տղամարդուց թույլտվություն էր խնդրում: Տոնան էլ չդիմացավ և որոշեց թեկուզ ոտքով, բայց հասնե՛լ Աստրախան։

Երգ մահից առաջ

1906 թվականի հունվար 19. երգչուհու կյանքի վերջին օրն էր: Նման հոգեվարք բժիշկները չէին տեսել: Նադեժդա Պապայանը սկսեց երգել….. Վիոլետտայի դերերգը՝ «Տրավիատա»-ից: Հենց այս կատարումը լսելով էր ժամանակ առաջ Նիժեգորոդյան գնդի սպա Ալեքսանդր Տոնան ակամայից բացականչել` «Ես կորած եմ»:

Ամբողջ քաղաքը սգի մեջ էր: Սգում էին նաև Պետերբուրգը, Թիֆլիսը: Փարիզի «Օպերա Կոմիկից» հեռագիր է ստացվում: Կարծում էին, թե ցավակցական հեռագիր էր: Մինչդեռ Նադեժդա Պապայանը հրավիրվում է թատրոն իբրև պրիմադոննա:

«Անբախտ աստղի տակ էիր ծնվել դու»,- այսպես էր գրված Պետերբուրգից ուղարկված ծաղկեպսակի ժապավենի վրա: Նադեժդայի դագաղը հասարակությունը ձեռքերի վրա տարավ մինչև հայկական գերեզմանատուն: Ալեքսանդր Տոնան մեծ դժվարությամբ Աստրախան հասավ, հուղարկավորությունից հետո: Երևի այդպես ավելի լավ էր: Նա չտեսավ իր սիրելի կնոջը՝ խուզած մազերով և փշրված գլխով: Սպա Տոնան Նադեժդա Պապայանի վերջին սերն էր: Մի ազնիվ տղամարդ, որն իր սիրելիի մահից հետո իր իսկ տանը ի պահ տրված նրա ահռելի հարստությունից՝ ոսկեղենից, արծաթեղենից և թանկարժեք գոհարեղենից, ոչինչ չվերցրեց: Եթե Նադեժդան չկա, ի՞նչ արժեք ունեն ադամանդներն ու զմրուխտները: Ո’չ մի:

Նա այդ ամենը մեկ առ մեկ անդորրագրերով հանձնեց Նադյայի հորեղբորը, մի հարբեցող մարդու, ով նույնիսկ մեկ անգամ չէր այցելել հիվանդանոց՝ եղբոր մահամերձ զավակին տեսության:

Ինչ մնաց աշխարհին Նադեժդայից: Հրաշալի ձայնի արձագանքը ունկնդիրների հիշողության մեջ, նրա փառահեղ զուգերգերի տպավորություններն աշխարհահռչակ երգիչների հետ, այդ թվում Շալյապինի, մի քանի տարի բարեգործական համերգներից գոյացած գումարից երգչուհու անունով կրթաթոշակը՝ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանի հայազգի սաների համար, նյութական իրերի մեծ ցուցակը, որից միայն սադափե հովհարն է Երևանում՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, երեք տղամարդկանց հետ ունեցած սիրավեպերի դրվագները, արծաթահնչուն ծիծաղը, ինչպես նկարագրում է իշխանուհի Մարիամ Դոլուխանյան-Թումանյանը....

Հիմա արդեն ջարդված մահարձանը, որի վրա փակցված նկարի տակ գրված էր՝ «Կայսերական թատրոնների արտիստուհի Նադեժդա Պապայան, 38 տարեկան» և դատարկված տունը Աստրախանի կամ Հաշտարխանի Մոսկովյան փողոցում: Թաղիև, Մամեդով և ոմն Մաթևոս՝ երկու կովկասյան թաթար և մեկ հայ մի քանի վայրկյանում ոչնչացրին համաշխարհային օպերային արվեստի փայփայած հույսը, որ Նադեժդա Պապայանն էր: 

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter