
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում են ձախերը. Մարին Լը Պենի կուսակցությունը միայն երրորդն է
Ֆրանսիայում ավարտվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլը։ Դրա նախնական արդյունքները խիստ տարբերվում են ընտրությունների I փուլի արդյունքներից։
BFM TV-ն և Le Figaro-ն, հղում անելով Ifop-ի հարցումների տվյալներին, փոխանցում են, որ աջատարը ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է, որը կստանա 180-215 մանդատ։ Երկրորդ տեղում նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» դաշինքն է, որն էլ կստանա 150-180 մանդատ։ Իսկ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում»-ը, որը հաղթել էր ընտրությունների I փուլում, այս անգամ միայն երրորդն է ու կարող է ստանալ միայն 120-150 մանդատ։
Ստացվում է, որ քաղաքական ուժերից և որևէ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ունենա, իսկ դա նշանակում է, որ ուժերը կպայմանավորվեն կոալիցիայի շուրջ։ Ամենահավանական սցենարն այն է, որ նախագահ Մակրոնի դաշինքն ու ձախերը կկազմեն կոալիցիա՝ գործադիր իշխանություն ձևավորելու համար։
«Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքի մաս կազմող «Անսասան Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը, արձագանքելով էքզիթփոլի արդյունքներին, հայտարարել է, որ Մակրոնը պետք է վարչապետ նշանակի ձախակողմյան դաշինքի ներկայացուցչին:
«Նախագահը պետք է «Նոր ժողովրդական ճակատ»-ին իշխանության կանչի»,- հայտարարել է Մելանշոնը՝ հավելելով, որ Էմանուել Մակրոնը «պետք է ընդունի իր պարտությունը»։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում ընթանում էր խորհրդարանական ընտրությունների II փուլը։ Ընտրություններին մասնակցության ցուցանիշը գերազանցել է 67%-ը։
Ազգային ժողովի 577 մանդատների համար հիմնական պայքարը ծավալվում էր Էմանուել Մակրոնի գլխավորած կենտրոնամետ նախագահական կոալիցիայի, աջ «Ազգային միավորման» և ձախ «Նոր ժողովրդական ճակատի» միջև։
Նախորդ շաբաթ տեղի ունեցած ընտրությունների I փուլի արդյունքներով՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունն ստացել էր ձայների 33,15 %-ը: Ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն էլ ստացել էր ձայների 27,99 %-ը, մինչդեռ «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիան հավաքել էր ձայների 20,04 %-ը:
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել