HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գործուղված դատավորների գործունեությունը հակասում է գործուղման իրական նպատակներին

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) տարին մի քանի անգամ դատավորներ է գործուղում այլ դատարաններ: ԲԴԽ-ն պատճառաբանում է, որ նպատակը գործուղվող դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է կամ այլ դատարանում դատավոր նշանակվելու դեպքում՝ կիսատ թողած գործերն ավարտելը: Սակայն ոչ միշտ են ԲԴԽ-ի որոշումները բխում այդ տրամաբանությունից:

«Հետքն» ուսումնասիրել է, թե 2023 և 2024թ. հուլիսի 8-ի դրությամբ ԲԴԽ-ի որոշումներով քանի դատավոր է գործուղվել այլ դատարաններ։ Պատահականության սկզբունքով ընտրել ենք 5 դատավոր՝ հասկանալու համար, թե գործուղման ամբողջ ժամանակահատվածում ինչ ծանրաբեռնվածություն են ունեցել նրանք: Ընտրել ենք նաև այն դատավորներին, որոնց գործուղման ժամկետը մի քանի անգամ երկարացվել է:

2023թ.-ին 12 դատավոր է գործուղվել այլ դատարան, որոնցից 7-ը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից, մյուսները՝ Սյունիքի, Արարատի և Վայոց ձորի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի առաջին ատյանի դատարանների դատավորներ են: 2024թ. հունիսի 8-ի դրությամբ 4 հիմնական դատավոր է գործուղվել այլ դատարան և 7 դատավոր, որոնք որոշումը կայացնելու օրվա դրությամբ ռեզերվայինի կարգավիճակ են ունեցել: Վերջիններս այդ կարգավիճակը ձեռք են բերել օրենքի ուժով:

2021թ. «Դատական օրենսգրքում» փոփոխություն կատարվեց և օրենքով նույն տարվա հոկտեմբերից մի խումբ դատավորներ ընտրվեցին, որպես «առանձին գործեր» քննողներ: Նրանք ընդհանուր քրեական գործեր չէին քննելու, նրանց վերապահված էր միայն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունը, այդ թվում՝ կալանավորելու, անձանց հեռախոսային խոսակցությունները վերահսկելու, խուզարկության թույլտվություններ ստանալու և այլնի մասին: Այդ դատավորներին ընտրել էին որպես մասնագիտացված դատավորների՝ պատճառաբանելով, թե ավելի որակյալ կքննեն միջնորդությունները։

Մեկ տարի անց Կառավարությունը որոշեց, որ այլևս պետք չեն «առանձին գործեր» քննող մասնագիտացված դատավորներ և նրանց ռեզերվայինի կարգավիճակ տվեց։ Միջնորդությունները, որոնք նրանք քննում էին, այժմ ընդհանուր քրեական գործեր քննող դատավորներին են վերապահվել: Ռեզերվում գտնվող դատավորների մի մասին ԲԴԽ-ն որոշել է գործուղել դատարաններ, որ պարապուրդի չմատնվեն։ Առանց այդ էլ, ռեզերվայինի կարգավիճակ ստանալու պահից այդ դատավորներն աշխատավարձ են ստացել՝ առանց աշխատելու։

Այժմ ռեզերվայինի կարգավիճակ ունեցող դատավորների մեծ մասը հիմնական դատավորներ են նշանակվել։

Դատավոր Վահագն Թորոսյանը վճիռներ է հրապարակել լիազորությունների բացակայության պայմաններում

Վահագն Թորոսյանը դատավորի կարիերան սկսել է 2020թ. հունիսից, երբ Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Պաշտոնավարումից երեք տարի անց, նախագահի մեկ այլ հրամանագրով Վ․ Թորոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ Սակայն, նշանակումից 3 օր անց, ԲԴԽ-ի որոշմամբ գործուղվել է Շիրակի մարզի դատարան՝ «շարունակելով քննել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»։

Ուշագրավ է, որ Վահագն Թորոսյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան գործուղվել է 7 ամսով՝ 2023թ․ հունիսի 12-ից մինչև 2024թ․ հունվարի 12-ը։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների հիման վրա ուսումնասիրել ենք, թե գործուղման 7 ամսվա ընթացքում ինչ գործեր է քննել դատավոր Թորոսյանը և ինչ զբաղվածություն է ունեցել։

Պարզվում է, որ գործուղման ժամանակահատվածում Վ․ Թորոսյանը ոչ միայն շարունակել է քննել իր վարույթում եղած գործերը, այլև նրան նոր գործեր են մակագրվել, քանի որ ԲԴԽ-ն նրա անունը չի հանել գործերի բաշխման ցանկից։ Մինչդեռ գործուղման նպատակը միայն կիսատ թողած գործերն ավարտելն ու Երևան վերադառնալն էր։

Այսպես, 2023թ․ հունիսի 12-ից մինչև 2024թ․ հունվարի 12-ը Վահագն Թորոսյանը քննել է 787 հայցային գործ և 21 վճարման կարգադրություն։ Բոլոր վճարման կարգադրությունները և 677 գործ դատավորին մակագրվել են գործուղման ժամանակահատվածում։ Փաստացի ստացվում է, որ նրա վարույթում ընդամենը 110 անավարտ գործ է եղել, որի համար էլ գործուղվել էր դրանք ավարտելու։

Թեև մակագրված գործերը բարդ գործեր չեն եղել և հիմնականում քննվել են պարզեցված կարգով, այսինքն՝ առանց դատական նիստ հրավիրելու, փաստաթղթերի հիման վրա, այնուամենայնիվ, դատավորի համար ծանրաբեռնվածություն են առաջացրել, և չի կարողացել նույնիսկ դատական ակտերը ժամանակին հրապարակել։

Դատավորի վարույթում եղած 787 գործից 661-ը քննվել է պարզեցված վարույթով։ 79 գործով վճռի հրապարակման օր է սահմանվել 3 ամիս հետո, իսկ 578 գործով՝ 4 ամիս հետո։ 60 գործով վարույթը կարճվել է։ Այսինքն դատավորը կայացրել է միայն կարճման որոշում, ինչը քիչ ժամանակատար է։ Սակայն, նույնիսկ այս պայմաններում Վ․ Թորոսյանը չի հասցրել ժամանակին վճիռները հրապարակել։

Պատահել է, որ դատավորը մեկ օրվա ընթացքում 100-ից ավել գործ է վարույթ ընդունել։ Օրինակ՝ 282 գործ վարույթ է ընդունվել 2023թ․ հուլիսի 24-ին, 135 գործ՝ օգոստոսի 1-ին և այլն։ Տեսականորեն դժվար է պատկերացնելը, որ մեկ օրվա ընթացքում դատավորը կարող է այդքան գործ ուսումնասիրել և վարույթ ընդունելու որոշում կայացնել։ Վճռի հրապարակման օրերը ևս խտացվել են։ Մասնավորապես, միայն 543 գործով վճռի հրապարակման օր է նշանակվել 2023թ․ նոյեմբերի 24-ը։

Պարզվում է՝ սահմանված օրը վճիռների գերակշիռ մասը չեն հրապարակվել։ Ընդհանրապես մի քանի տասնյակի է հասնում այն գործերի թիվը, որոնցով դատական ակտերը հրապարակվել են ճիշտ ժամանակին կամ առնվազն մինչև մեկ ամիս ուշացումով։ Օրինակ, թիվ ՇԴ/2072/02/23 քաղաքացիական գործով անձին մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը պետք է հրապարակվեր 2023թ․ հոկտեմբերի 24-ին, սակայն հրապարակվել է 7 ամիս անց՝ 2024թ․ մայիսի 18-ին։ Մեկ այլ գործով (ՇԴ/1707/02/23) վճիռը հրապարակվել է նշանակված օրից 6 ամիս անց և այլն։

Իրավական տեսանկյունից խնդրահարույց են դառնում բոլոր այն դատական ակտերը, որոնք հրապարակվել են 2024թ․ հունվարի 12-ից հետո։ Եթե դատական ակտը մինչ այդ ժամկետը չի հրապարակվել «Դատալեքսում», կարելի է ենթադրել, որ պատրաստ չի եղել, իսկ հունվարի 13-ից Վ․ Թորոսյանն արդեն լիազորություն չի ունեցել Շիրակի մարզի դատարանում, և մայիսին հրապարակված վճիռը, ստացվում է, կայացրել է արդեն լիազորությունների բացակայության պայմաններում։

Մուշեղ Արամյանին գործուղելու ժամկետը երկու անգամ է երկարաձգվել՝ գործերն ավարտելու համար  

Մուշեղ Արամյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2022թ․ ապրիլի 28-ին, իսկ 2023թ․ հունվարի 26-ին նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։ Նշանակման հենց հաջորդ օրը ԲԴԽ-ն որոշել է Մ․ Արամյանին հունվարի 27-ից մարտի 27-ը ներառյալ, գործուղել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի շարունակի քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:

Ուսումնասիրությամբ պարզել ենք, որ գործուղման ժամանակահատվածում Արամյանը ծանրաբեռնված է եղել 15 գործով, որից 7-ը մակագրվել է գործուղման ժամանակահատվածում։ Յոթ գործով դատավճիռ է կայացրել, երկու գործ կարճվել է, մեկն ուղարկել է այլ դատարան՝ ըստ ընդդատության։ Մնացած 5 գործով դատական ակտերը կայացվել են ավելի ուշ։

Նշված գործերով հրավիրել է 23 դատական նիստ, որից կայացել է 17-ը։ Մնացած նիստերը կամ չեն կայացել դատավորի վատառողջ լինելու, կամ այլ պատճառներով։

ԲԴԽ-ն 2023թ․ փետրվարի 23-ին որոշել է Մուշեղ Արամյանի գործուղման ժամկետը երկարաձգել մինչև նույն տարվա  մայիսի 29-ը ներառյալ։

«Դատալեքսում» հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մարտի 28-ից մինչև մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Մ․ Արամյանը զբաղված է եղել 9 գործով, որից 4-ը մակագրվել են գործուղման ժամանակահատվածում՝ ապրիլին։

Երկարացված ժամանակահատվածում հասցրել է միայն 3 գործով դատավճիռ կայացնել, մեկ գործ կարճել է, մեկն էլ ուղարկել այլ դատարան։ 4 գործով վճիռները հրապարակվել են ավելի ուշ։

ԲԴԽ-ն որոշել է երկրորդ անգամ երկարաձգել դատավորի գործուղման ժամանակահատվածը՝ մինչև 2023թ․ հունիսի 29-ը ներառյալ։ Այս ընթացքում դատավորը հասցրել է վարույթում եղած գործերով վճիռներ կայացնել։

Ստացվում է, որ թեև Արամյանը գործուղվել էր անավարտ գործերի քննությունը շարունակելու համար, սակայն այդ ընթացքում 11 նոր գործ է մակագրվել և երկու անգամ երկարաձգել ժամկետը, որ գործերի քննությունն ավարտի։ Օրինակ, թիվ ՍԴ1/0011/01/23 քրեական գործը դատավոր Արամյանին մակագրվել է գործուղման առաջին ժամկետի ընթացքում՝ մարտին, սակայն, վճիռը կայացրել է ապրիլին, երբ երկրորդ անգամ երկարացվել է գործուղման ժամկետը։ Մեկ այլ գործ (ՍԴ1/0035/01/22) վարույթ է ընդունվել փետրվարին, սակայն դատավճիռը կայացրել է հունիսին՝ գործուղման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելուց հետո։

Ալլա Քյուրքչյանին այլ դատարան տեղափոխելուց հետո գործուղել են իր վարույթում եղած գործերն ավարտելու համար

Ա․ Քյուրքչյանն առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակվել է 2022թ․ դեկտեմբերի 19-ին՝ Շիրակի մարզում։ Այնուհետև ԲԴԽ-ի առաջարկով 2024թ․ փետրվարի 29-ին նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։

Նախագահի հրամանագրից օրեր անց՝ մարտի 4-ին, ԲԴԽ-ն որոշել է արդեն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալլա Քյուրքչյանին, 2024թ․ մարտի 4-ից ապրիլի 12-ը ներառյալ, գործուղել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում քննված գործերը։ Այդ ժամանակահատվածում Ալլա Քյուրքչյանի անուն-ազգանունը հանվել է գործերի բաշխման ցանկից։

Մոտ մեկ ամսով գործուղված դատավորն այդ ժամանակահատվածում քննել ու ավարտել է 8 քաղաքացիական գործ, որից 7-ով կայացրել է վճիռ, իսկ մեկ գործ կարճել է։

ԲԴԽ-ն Սյունիքում դատավոր է նշանակել թոշակի անցնող դատավորին, նա այդպես էլ տեղ չի հասել

Դատավոր Արթուր Մկրտչյանը 2010թ․-ից նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Թոշակի անցնելուց 3 ամիս առաջ, ԲԴԽ-ի առաջարկությամբ՝ 2024թ․ մարտի 25-ին, Մկրտչյանը նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Սակայն, նա այդպես էլ Սյունիքում դատավոր չաշխատեց։ Հանրապետության նախագահի հրամանագրի հաջորդ օրը ԲԴԽ-ն որոշում է կայացրել Արթուր Մկրտչյանին 2024թ․-ի մարտի 26-ից գործուղել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ շարունակելով քննել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը։

Նշենք, որ Արթուր Մկրտչյանը Սյունիքի մարզից է, և Կապան քաղաքի հաշվառում ունի։ Թոշակի անցնելուց 3 ամիս առաջ նրան Սյունիքում դատավոր նշանակելով «լավություն» անելը ոչ մի ձևով արդարացված չէր։ Նախ՝ դատավորն ունեցել է անավարտ գործեր, հետևաբար դրանք պետք է ավարտեր, բացի այդ, Սյունիքում նրան գործեր մակագրելու դեպքում չէր հասցնի իր վարույթում եղած գործերի քննությունն ավարտել։

Արթուր Մկրտչյանի 65 տարին լրացել է 2024թ․ հունիսի 21-ին, հենց այդ օրն էլ դադարեցվել են լիազորությունները։ Ա․ Մկրտչյանն անավարտ է թողել մոտ մեկ տասնյակ քրեական գործ։ Ստացվում է՝ Ա․ Մկրտչյանին Սյունիքի մարզի դատարանի դատավոր նշանակելով լրացվել է թափուր հաստիքը, բայց այդպես էլ այդ հաստիքը չի զբաղեցվել։

Գագիկ Հովհաննիսյանին գործուղելուց մեկ տարի հետո հիմնական դատավոր են նշանակել Սնանկության դատարանում

Գագիկ Հովհաննիսյանը զբաղեցնում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, երբ ԲԴԽ-ի որոշմամբ 2022թ․ փետրվարի 14-ից մեկ տարի ժամկետով՝ մինչև 2023թ․ փետրվարի 14-ը, գործուղվել է Սնանկության դատարան։ Ժամկետը լրանալու հաջորդ օրը ԲԴԽ-ն որոշել է ժամեկտը երկարացնել մինչև փետրվարի 24-ը։

Գործուղման ժամկետը չլրացած՝ ԲԴԽ-ի առաջարկով, Գագիկ Հովհաննիսյանը փետրվարի 17-ին նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր, իսկ դրանից 2 ամիս անց նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով:

Գ․ Հովհաննիսյանի գործուղումը պատճառաբանվել է հետևյալ կերպ․ «Հիմք ընդունելով Սնանկության դատարանի նախագահի գրությունը՝ դատարանում ներկա դրությամբ առկա աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ, Սնանկության դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը»։

Փաստացի ստացվում է, որ Գագիկ Հովհաննիսյանը մեկ տարի ժամկետով գործուղվել է Սնանկության դատարան, մինչդեռ նրան Սնանկության դատարան տեղափոխելու նպատակ է եղել։

Ներկայացվածը ևս մեկ անգամ հիմք է տալիս եզրակացնելու, որ ԲԴԽ-ն երբեմն որոշումները կայացնում է առանց լուրջ հիմնավորումների և առանց հիմնական նպատակի իրագործման հետևողականության։ Մի դեպքում դատավորին կարող են գործուղել՝ ժամանակավոր նրա անունը հանելով գործերի բաշխման ցանկից, մեկ այլ դեպքում՝ անունը չհանել և գործուղման ժամկետում այնքան ծանրաբեռնել, որ ստիպված լինեն մի քանի անգամ երկարաձգել գործուղման ժամկետը։ ԲԴԽ-ն դատավորներին գործուղում է, որ թեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը, և գործերը քննվեն ողջամիտ ժամկետում։ Մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործուղված և համեմատաբար վարույթում շատ գործ ունեցող դատավորներն են խախտել դատական ակտերի հրապարակման ժամկետները։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter