
Օրբանը Ֆլորիդայում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Ֆլորիդա նահանգում կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպումը կկայանա Թրամփի Մար-ա-Լագո կալվածքում։
Անցած շաբաթ Օրբանն արտասահմանյան մի քանի այցեր էր կատարել՝ «Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու նպատակով»։ Հուլիսի 5-ին նա Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել էր խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու հնարավոր պայմանները: Դրանից երեք օր առաջ նա եղել էր Կիևում, որտեղ այդ մասին խոսել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կիև և Մոսկվա ուղևորություններից հետո Օրբանն այցելել էր Պեկին և այնտեղ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Հունգարական կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ մտադիր է շարունակել իր խաղաղասիրական առաքելությունը և դրա համար օգտագործել նաև ՆԱՏՕ-ի հարթակը։
Գործակալության աղբյուրներից մեկն ընդգծել է, որ Թրամփը Օրբանին չի խնդրել հիմքեր ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության որևէ պայմանագրի համար:
Առաջիկա հանդիպման այլ մանրամասներ չեն նշվում:
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել