HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք դժոխքի միջով ենք անցել, բայց պիտի կարողանանք շարունակել ապրել». Ատոմ Էգոյան

Վեցամյա դադարից հետո կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը Հայաստան է վերադարձել իր վերջին՝ «Յոթ քող» ֆիլմով, որի ցուցադրությունը հաջորդեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի բացման արարողությանը։ Ռեժիսորն ասում է, որ ֆիլմի գաղափարն առաջացել է «Սալոմե» օպերան բեմադրելիս։ Օպերան առաջին անգամ բեմադրել էր 1996-ին և վերջին տարիներին որոշել էր վերականգնել այն։ Իմանալով, որ Սալոմեի կերպարն ու պատմությունն արդեն երկար տարիներ ուղեկցում են Էգոյանին՝ հարցազրույցի համաձայնությունը ստանալուց հետո հստակ էր, թե որտեղ այն պետք է տեղի ունենար։ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ, մեր հարցազրույցը առիթ դարձավ կինոռեժիսորին անակնկալ մատուցելու և իրականություն դարձնելու երկար սպասված մի հանդիպում. Ատոմ Էգոյան և Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»։ 

Օսկար Ուայլդի` աստվածաշնչյան մոտիվներով գրված պիեսը պահել է բուն պատումը. Սալոմեն՝ Հերովդիայի և Հերովդես Անտիպասի խորթ դուստրը,  որպես վարձատրություն յոթ քողերի պարի համար, արծաթե սկուտեղի վրա հորից պահանջում է Յոքանանի (Հովհաննես Մկրտչի) գլուխը, որին սիրահարված է անպատասխան։ Պիեսի կենտրոնական տեսարանը յոթ քողերի պարն է՝ Սալոմեն պարի ընթացքում հանում է հերթով քողերը և մնում է մերկ՝ հոր առաջ։

Ինչպիսի՞ն է «հայկական» Սալոմեն։ 

Պետք է ասեմ, որ Սալոմեի այս մեկնաբանությունը շատ յուրահատուկ է, քանի որ սովորաբար նրան պատկերում են Հովհաննես Մկրտչի կտրված գլխի հետ։

Սա շատ խոսուն և հոգեբանորեն խորաթափանց դիմանկար է, շատ տպավորիչ է։

Կարծես նրան տեսնում ենք այն պահին, երբ նա որոշում է կայացնում, իսկ մենք գիտենք, թե որն է որոշումը (Հովհաննես Մկրտչին գլխատելու մասին), բայց դա նաև բխում է իր սեփական կյանքից և փորձառություններից, նրա ցանկությունից․․․

Շատ բարդ կերպար է, բայց այստեղ բուն գործողության վրա չէ շեշտը, գուցե սա այն պահին է, երբ արդեն գլխատումից հետո նա նայում է (Հովհաննես Մկրտչի) գլխին և մտածում, թե ինչ է արել…

Մենք պետք է հիշենք, որ այս պատմությունը շատ տարբեր շերտեր ունի․ այն գալիս է Աստվածաշնչից։ Աստվածաշնչում Սալոմեի մայրը՝ Հորոդիոսը,  խնդրում է դստերը պահանջել գլուխը յոթ քողերի պարից հետո, բայց երբ Օսկար Ուայլդը գրեց «Սալոմե» պիեսը, նա Սալոմեին ինքնուրույնություն տվեց։ Պիեսում Սալոմեն մի խոսք ունի, որով ընդգծում է, որ դա իր որոշումն է, և կապ չունի իր մոր հետ։

Այնպես որ, հստակ է, որ նա է կայացրել այս որոշումը՝ իր իսկ ցանկությամբ։ 

Այս կտավն իրականում շատ է ոգեշնչված Օսկար Ուայլդի՝ Սալոմեի պատկերմամբ և վերլուծությունով։

Տղամարդ գրողների մի ամբողջ փունջ էլ մեկնաբանում է Սալոմեի կերպարը՝ որպես ճակատագրական կին։ Ռիխարդ Շտրաուսը, տեսնելով գերմանացի անվանի ռեժիսոր Մաքս Ռայնհարդտի բեմադրությունը, ոգեշնչվում է՝ հեղինակելու այս հեղափոխական օպերան, որը ես բեմադրեցի և ապա նկարահանեցի այս ֆիլմը... Իսկապես համարում էի, որ ժամանակն է, որ «Սալոմե»-ին կանացի զգայունություն հաղորդենք։ Քանի որ օպերան վերաբեմադրելիս կրկին տղամարդու մեկնաբանությամբ էի առաջնորդվել, ֆիլմում ստեղծեցի այս կին բեմադրիչի կերպարը,  որին մարմնավորում էր Ամանդա Սեյֆրիդը։

Բայց ես կցանկանայի, որ նա տեսներ այս նկարը, որովհետեւ, կարծում եմ, դա նրան հատուկ ոգեշնչում կհաղորդեր։

Դուք մի թեմայի անդրադարձաք, որի մասին ես ցանկանում էի հարցնել. պատասխանատվության մասին։ Պիեսում, փաստորեն, կա տող, որտեղ ասվում է, որ դա հերոսուհու որոշումն է՝  նրա պատասխանատվությունը։ Մինչդեռ ֆիլմում տեսնում ենք քննարկում, թե ով է իրականում կտրում գլուխը՝ զինվորակա՞նը, մա՞յրը…

Հերոսուհու բեմադրության մեկնաբանության մեջ մայրն է իջնում և կտրում գլուխը։

Այնպես որ, սա Ջանինի ընտրությունն է։ Փոքր-ինչ ներկայացնեմ սյուժեն. նա հրավիրված է վերաբեմադրելու մի օպերա, որը նրա նախկին սիրեցյալը, ուսուցիչն է բեմադրել 15 տարի առաջ։ Դա էլ, իր հերթին, ոգեշնչված է  Ջանինի պատմությունից, որը պատմել էր ռեժիսորին՝ Չարլզին։ Եվ Չարլզը այն յուրացրել էր, և մահվանից առաջ իր կտակում ասել, որ Ջանինը պետք է նորից բեմադրի օպերան։ Մենք չգիտենք՝ Չարլզը դա արել էր որպես շռայլության քայլ կամ որպես տարօրինակ անեծք, սակայն մենք հասկանում ենք, որ բեմադրելու գործընթացում

Ջանինը ինչ-որ հոգեկան բարդ ապրումներ է ունենում, որովհետև նա ավելի է խորացնում իր տրավման՝ ստեղծելով այս արվեստի գործը։ Այսպես, արվեստը և՛ բուժելու, և՛ վերքեր բացելու կարողություն ունի, և հենց այս երկակի բնույթն է ինձ հետաքրքրում ֆիլմում։

Ֆիլմում կա նաև հղում, կրկին պատասխանատվություն ստանձնելու կամ գործողությունը մեկ ուրիշին պատվիրակելու վերաբերյալ. այնպես, ինչպես Սալոմեն իրականում ինքը չի անում գլխատումը, Ջանինը ևս պատվիրակում է ընտանեկան նկարից ջնջել իր հոր գլուխը, անձամբ չիրականացնելով գործողությունը, բայց գուցե, իր վրա վերցնելով պատասխանատվությունը։

Իրականում դա գուցե ամենաուժեղ ցուցումն է, որը նա տալիս է որպես ռեժիսոր, երբ իր մոր խնամողին ուղղորդում է ջնջել գլուխը։ Նա գիտի, թե ինչ է ներկայացնում այդ կերպարը, և այն փաստը, որ նա կարող է կառավարել այդ կերպարը, ով սիրավեպ ունի իր ամուսնու հետ, ինչպես պարզվում է,  դա ուժ է տալիս նրան և թույլ է տալիս ուղղորդել այդ գործողությունը։ Դա գուցե ամենաիմաստալից բանն է, որ նա անում է որպես ռեժիսոր՝ ուղղորդել ջնջել հոր գլուխն ուրիշի ձեռքով։

Դուք շատ եք շոշափում Ձեր ֆիլմերում հիշողության և մոռացումի թեման։ Այսօր դիտում էինք «Արարատը»՝ շատ հատուկ ֆիլմ առաջին հերթին մեզ՝ հայերիս համար։ Ու նորից մոռացումի հասկացությունը և նորից կտավի նմանօրինակ ջնջում «Արարատ»-ում՝ Արշիլ Գորկին ջնջում է մոր ձեռքերի պատկերը: Այսպիսով, նորից հիշեցնում եք դրա մասին բոլորիս՝ հայերիս, այդ ցավը, հիշողության ջնջումը։

Տեսեք, մենք հիմա այնքան խոցելի ենք, սա այնքան խոցելի պահ է։ Ես Հայաստան եմ գալիս ավելի քան 30 տարի և երբ առաջին անգամ եկա, այն դեռ Խորհրդային հանրապետություն էր։ Եվ ով կմտածեր, որ անկախություն կունենանք։ Մենք այդ ժամանակ պատերազմում էինք,  և շատ մութ օրեր էին էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Գիտե՞ք, հիմա էլ, երբ քայլում եմ փողոցներով, տեսնում եմ, թե որտեղ էին ծառերի կոճղերը, քանի որ մարդիկ փայտ էին կտրում տաքանալու համար։

Շատ մութ ժամանակ էր, և հենց այդ շրջանում մենք նկարահանեցինք «Օրացույց» ֆիլմը։  Պատերազմը դեռ շարունակվում էր,  թվում էր, թե հուսալու շատ բան չկար։ Մենք դեռ երկրաշարժի հետևանքներն էինք հաղթահարում, և իսկապես մութ, մութ օրեր էին։ Հետո, կարծես, այնպիսի շրջան էր, երբ հարաբերական կայունություն եկավ։ Եվ երբ 2002թ.-ին նկարահանեցի «Արարատ» ֆիլմը, իհարկե, ես խոսում էի մեր արևմտյան տարածքների՝ Վասպուրականի կորստից։ Այդտեղ շոշափում եմ նաև այն գաղափարը, որ դեռ կար մի սերունդ, որը հավատացած էր, որ մենք կարող ենք նորից տեր լինել այդ հողին, բայց, իհարկե, դա պարզապես խաբկանք էր։ Սակայն հիմա մեր արևելյան հողերի ջնջմանն ենք ականատես լինում, և սա դեռևս շատ թարմ իրողություն է մեզ համար։

Պետք է անկեղծ լինենք, շատ քիչ հույս կա, որ երբևէ կվերականգնենք այս կորուստը, և դա աղետալի է։ Սա աղետալի պահ է։

Այսօր «Եռաբլուր» գերեզմանատանն էի և ես ուղղակի արցունքն աչքերիս նայում  էի այդ երիտասարդ տղաներին, որոնց մենք կորցրել ենք։ Անհավանական է, որ մենք պետք է նորից անցնենք այս ամենի միջով և հաշտվենք կորստի հետ, մինչդեռ ամեն բան այդքան թանկ է մեզ համար։ Մեր ընտանիքներն այնքան կարևոր են մեզ համար, մեր երեխաները մեզ համար սուրբ են։ Այս կորուստը… գրեթե անհավատալի էր, որ նման բան կարող է պատահել մեզ հետ։

Եվ, այնուամենայնիվ, մենք պետք է դիմագրավենք,  սա այն է, ինչ մենք մշտապես արել ենք։ Պետք է կարողանանք շարունակել… Եթե արվեստը կարող է ինչ-որ կերպ սկսել պատմել այս իրողությունների մասին, տարեգրություն կազմել, որպեսզի մյուս սերունդները հասկանան ողջ ընդգրկումը։ «Արարատ»-ը նպատակ ուներ ցույց տալ  ցեղասպանության ժամանակներից ապրած չորս սերունդ՝ Արշիլ Գորկին, ով վերապրող է, Շառլ Ազնավուրը՝ վերապրածի զավակի դերում, Արսինե Խանջյանի կերպարը վերապրածի թոռ է եւ հետո Րաֆֆին՝ նրա որդին, վերապրողի ծոռ է։ Բայց եթե հիմա նկարահանեինք ֆիլմը, մենք պետք է լիներ նաև ծոռի զավակը,  բայց, փաստորեն, նա էլ ծնվում է մեկ այլ աղետի ժամանակ՝ Արցախի յուրացման, էթնիկ զտման։

Ինձ համար տարօրինակ է վերադառնալ այստեղ և հասկանալ, թե որքան մոնումենտալ է այս կորուստը։ Եվ, այնուամենայնիվ, դա մեր ինքնության մի մասն է։ Եվ մենք հասկանում ենք, թե որքան մենակ ենք մենք, մենք հասկանում ենք, որ միայն ինքներս մեզ ունենք։ Սակայն մենք հնարամիտ ենք և կարող ենք վերականգնվել։ Եվ կարծում եմ, որ սա այն բաներից մեկն է, որ  «Արարատ»-ը ցույց է տալիս. այդ կարողությունը՝ ըմբռնել այն աշխատանքի դերն ու նշանակությունը, որը մենք անում ենք որպես արվեստագետներ, որպես մտավորականներ, որպես փայլուն ուսանողներ, որովհետև մենք կարևորում ենք կրթությունը. պատմականորեն սա է եղել մեր ուժը։

Երկար տարիներ մենք պայքարում էինք ցեղասպանության ժխտման դեմ, և թուրքական կառավարությունը միլիոնավոր ու միլիոնավոր դոլարներ էր ծախսում համալսարանների ամբիոնների հետ՝ փորձելով ժխտել ցեղասպանությունը, և մենք հաղթեցինք այդ ճակատամարտը։ Այսօր ճանաչում կա ամենուր՝ բացի Թուրքիայից և Իսրայելից, տարօրինակ կերպով։  Հիմա մենք մեկ այլ կռիվ ունենք. մենք գործ ունենք այդ ծիծաղելի թեզի հետ, թե Արցախը հայկական քաղաքակրթություն չէ, ինչ-որ նախաաղվանական մշակույթ է։ Եվ դա էլ կֆինանսավորեն, կստեղծեն ամբիոններ, կկարողանան գտնել ծուռ ակադեմիկոսների և կվճարեն նրանց՝ այս տեսակետը պնդելու համար։ Ինչը, ակնհայտորեն, անհեթեթ է, և դա նույնպես կտապալվի։ Եվ ինչքան էլ դրա վրա փող նետվի, ճշմարտությունն իրականում հաղթելու է։ 

Բայց մենք գործ ունենք նաև միջազգային հանրության բարձր աստիճանի ցինիզմի հետ։ Բոլորը հիմա խոսում են ինքնորոշման իրավունքի մասին, Արցախը դրա օրինակն էր 80-ականների վերջին։ Հայ բնակչությունը հանրաքվե է անցկացրել, հանրաքվեն ներկայացվել է տապալվող խորհրդային պետությանը։  Կար դրա օրինականության ըմբռնումը, և, այնուամենայնիվ, աշխարհը ոչինչ չարեց այս ուղղությամբ։

Գիտե՞ք, Ստալինն, իհարկե, բացարձակ չարիք էր ստեղծել, սակայն ինքնավար մարզի կարգավիճակ տալով՝ նա ընդունել էր, որ Արցախում գերակշռող հայ բնակչություն է եղել և որ այդպես է եղել պատմականորեն։ Այնպես որ, իհարկե, այն պետք է ինտեգրվեր պետությանը շատ ավելի վաղուց, բայց որ տեսակետից էլ նայենք, այդ մարդկանց ինքնության հաստատման իրավունքի մասին խոսք անգամ չի կարող լինել։ Սակայն, աշխարհը դա այդպես թողեց 30 տարի։

Եվ այսպես, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է հասկանանք, որ մենք մենակ ենք այս հարցում, որ եթե մենք մեզ չպաշտպանենք, ոչ ոք չի շտապի մեզ օգնության։ Մենք առատ ռեսուրսներով օժտված չենք, բացառությամբ մեր սեփական մարդկային ռեսուրսների՝ որպես անհատներ և որպես համայնք՝ միասին աշխատելու համար։

Ես շատ եմ խոսում, բայց կարծում եմ, որ սա շատ անսովոր պահ է։  Որպես մեկը, ով արդեն երկար ժամանակ գալիս է այստեղ և ես գիտեմ… Կինս՝ Արսինեն, իսկապես ներգրավված էր,  քանի որ նա իսկապես հավատում էր, որ ժողովուրդը փոփոխություն է ուզում, և որ իսկապես կարևոր էր ցույց տալ, որ սփյուռքը աջակցում էր ժողովուրդի ձգտումներին մեր երկրում։ Բայց հետո ամեն բան այնքան շփոթեցնող դարձավ։ Ոչ ոք չէր սպասում, որ այս պատերազմը կլինի, և ոչ ոք չէր սպասում, որ այս ծավալները կստանար, որ դա տեղի կունենա այսպես արմատապես։

Իհարկե, մեզ պետք էր ապրել մեր պատրանքներով, մենք պետք է հավատայինք, որ կարող ենք պաշտպանել այս հողը, բայց պարզ դարձավ, որ մենք չկարողացանք։ Եվ մենք պետք է ստանձնենք որպես պատասխանատվություն այն, որ մենք ճիշտ չէինք պլանավորել և չէինք պատկերացնում, որ այս արդյունքը հնարավոր է։  Բայց հաշվի առնելով, որ սա այն է, ինչ տեղի է ունեցել մեզ հետ, հաշվի առնելով այն փաստը, որ մենք անկեղծորեն հպարտ ենք այս երկրով, որ ունենք և մենք հասկանում ենք, թե որքան յուրահատուկ է այս նվերը, որ մեզ տրվել է, բոլոր ուժերը պետք է հիմա կենտրոնացնենք պետության պահպանման վրա։

Դա չի կարող հարցականի տակ դրվել։ Պետք է օգտագործենք մեր ինտելեկտուալ ներուժը՝ հասկանալու համար,  թե ինչպես պաշտպանվել և հասկանալ, որ մենք իսկապես մեկուսացված ենք։ Սա է մեր պետությունը, եկեք հասկանանք և օգնենք և կարողանանք համագործակցության ձև գտնել։ Քանի որ մենք համառ ժողովուրդ ենք, մենք շատ, շատ տոկուն ժողովուրդ ենք և, ի վերջո, մենք բացարձակապես եզակի ենք համաշխարհային մշակույթի համատեքստում։ 

Դուք ոչ միայն ասում եք այդ մասին, այլև փաստում եք դա նաև գործով։ Շատ առումներով ներգրավված եք հայաստանյան տարբեր նախաձեռնություններում։ Հիմա Հայաստանում եք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, որի ակունքներում եք կանգնած: Եվ ես այն հաջողակներից մեկն եմ, ովքեր եղել են կինոդասընթացների մասնակից, որ Դուք այստեղ սկսել էիք։ Ինչպես նաեւ, Դուք կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի մեջ եք, և մենք ունենք հայկական նոր… 

…արտասովոր աշխատանքներ։ Ես դիտել եմ բոլոր ֆիլմերը և չեմ կարող նկարագրել, թե որքան ոգևորված եմ ֆիլմարտադրության որակով։ Դա հսկայական թռիչք է նախկինի համեմատ։ Տեխնոլոգիաների և մեր երիտասարդ արվեստագետների փայլուն կարողությունների շնորհիվ։ Այդ թվում՝ մեր օրերի խնդիրների հետ առնչվելու նրանց կարողությունը: Բոլոր այս տրավմաները, որոնց մասին մենք խոսում ենք, ֆիլմերից շատերը հասցեագրում են դրանք, և այնքան գեղեցիկ են դա մատուցում, այնպես նրբորեն ու նորարար կերպով:

Ես շատ, շատ տպավորված եմ աշխատանքի որակով, և թեև մենք կարող ենք միայն մի քանի մրցանակ տալ, բայց շատ լավ ընտրություն ունեինք, շատ ուժեղ ընտրություն։ 

Իհարկե, կշարունակեմ ներգրավվել այն ամենով, ինչ կարող եմ։ Քիչ առաջ հանդիպում ունեցա օպերայի տնօրենի հետ, և ո՞վ գիտի՝ կարող են լինել այլ նախագծեր այստեղ բերելու համար։

Արսինեն և ես իսկապես… երիտասարդ տարիքում մենք անգամ երազել չէինք կարող, որ անկախ Հայաստան է լինելու։ Մենք հանդիպեցինք 1984 թվականին իմ առաջին խաղարկայինի ստեղծման ժամանակ։ Հայաստանը պարզապես այնքան հեռու էր թվում։ Երիտասարդ տարիքում փորձել եմ գալ Հայաստան, բայց չէի կարողանում վիզա ստանալ: Առաջին անգամ, երբ մենք եկանք, Մոսկվայի կինոփառատոնին էինք մասնակցում իմ երրորդ լիամետրաժ ֆիլմով։ Մենք վիզա ստացանք Մոսկվայում՝ Հայաստան գալու համար և երկուսս էլ սաստիկ հուզված էինք։ 

Մի զվարճալի պատմություն կա, սա շատ զվարճալի պատմություն է։ «Ապահովագրական գործակալը» ֆիլմը (1991) արժանացել է Մոսկվայի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, այդ մրցանակի հետ նաև 1 մլն ռուբլի էին տրամադրում՝ Խորհրդային Միությունում ֆիլմ նկարահանելու համար։ Երբ ստացա այս մրցանակը, ասացի՝ Աստված իմ, ես կարող եմ Հայաստանում ֆիլմ նկարել, քանի որ այն Խորհրդային Միության մի մաս է։

Մեկ միլիոն ռուբլին դոլարով՝ դա կլիներ իմ երբևէ ունեցած ամենամեծ բյուջեն Հայաստանում ֆիլմ նկարահանելու համար։ Ես այնքան էի ոգևորվել այս կապակցությամբ։ Դրա համար էլ եկանք Հայաստան, բայց հետո մի քանի ամսվա ընթացքում Խորհրդային Միությունը փլուզվեց, իսկ ռուբլին լրիվ արժեզրկվեց այնպես, որ այս նախագիծը գոլորշիացավ։

Եվ հրաշքով ZDF Duskline Fernschaspiel-ի մի գերմանացի կինոարտադրող լսեց այս նախագծի մասին Ռոտերդամում և ասաց՝ եթե մենք քեզ փոքրիկ գումար տանք, կկարողանա՞ք նկարահանել այս կինոնախագիծը։ Այդպես ես ստեղծեցի «Օրացույցը», որը մենք նկարահանել ենք 1992թ․-ին։ Այն անցյալ տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի փակման ֆիլմն էր։

Փաստորեն, այդ ֆիլմը նկարահանեցինք այս փլուզման մոխրի մեջ՝ մրցանակով, որը նվաճել էինք Մոսկվայում։

Տարօրինակ է, թե ինչպես է աշխարհն աշխատում, ինչպես մեր կատարած այս առաջին այցելության ժամանակ մենք երբեք չէինք մտածի, որ Խորհրդային Միությունը քանդվում էր։ Մենք գիտեինք, որ պատերազմ է ընթանում, մենք գիտեինք, որ այդ սարսափելի ջարդերը եղել են Սումգայիթում, մենք գիտեինք այդ ամենը, հասկանում էինք, որ ինչ-որ բան փոխվում էր, բայց չէինք սպասում, որ դա այդքան արմատական ​​կլիներ։

Պարզապես, նորից կրկնեմ՝ պատմական տեսանկյունից դիտելով, այդ ժամանակ հանրաքվեն արդեն ստորագրված էր, և եթե այդ պահին դա ճանաչվեր, հնարավոր կլիներ խուսափել հետագա շատ աղետներից։

Մենք հիմա այլ խնդիրներ ունենք, մենք շրջապատված ենք թշնամիներով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս անսուրբ դաշինքով, և սա շատ իրական սպառնալիք է։ Միանգամայն բացառիկ է, որ մի երկիր՝ մեր ունեցած նվազագույն ռեսուրսներով, կարողացել է իրականում դիմակայել այսպիսի ճնշմանը։ Բայց սա այժմ մեր սուրբ պարտականությունն է, մենք պետք է բոլոր ձեռքերը դնենք տախտակամածի վրա, ինչպես ասում են անգլերեն, և մեր բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն մեր սահմանների պահպանմանը այն տեսքով, ինչպիսին հիմա կան։

2017 թվականին, երբ Դուք այստեղ էիք՝ մասնակցելու ընտրությունների դիտորդական առաքելությանը, մի խոսք ասացիք, և ես հիշում եմ այդ ​​մեջբերումը՝  «ժողովրդավարությունը մկան է, և որ մենք պետք է մարզենք մկանները, որքան էլ դժվար լինի»: Մենք դեռ հավատու՞մ ենք դրան։

Դե, իհարկե, մենք հավատում ենք դրան: Իհարկե, լինելու են ամեն տեսակ հարցեր, տարաձայնություններ և զայրույթ, բայց ժողովուրդը քվեարկել է, և մենք պետք է հասկանանք, որ այսպես է գործում ժողովրդավարությունը։

Մկանն, իսկապես, զարմանալիորեն լավ է աշխատում, բայց այդ մկանների մի բաղադրիչն այն է, որ հասկանանք, որ անկում էլ կարող է լինել, որ կլինեն տարբեր տեսակետներ։ Ժողովրդավարական մոդելի հիմնական պատասխանատվությունն այն է,  որ քաղաքացին պետք է կրթված լինի  և իրազեկվի բոլոր հնարավորությունների մասին քվեարկելուց առաջ: Որ քվեարկենք ոչ միայն սրտով և զգացմունքներով, այլև քվեարկենք վերլուծությամբ և տեսնենք, թե ով է լավագույն թեկնածուն ներկայացվող ծրագրի առումով։

Կարծում եմ, որ այդ մկանը մարզվում է։ Մեր հիմնական մարտահրավերն այն է, որ մենք անցել ենք․․․ զգացմունքային առումով մենք դժոխքի միջով ենք անցել, մենք նման աղետի միջով ենք անցել, և դա մեր ամենամռայլ մղձավանջն է։ Ուստի, դժվար է լինել սթափ և ռացիոնալ, երբ գործ ունենք շարունակական տրավմատիկ իրավիճակի հետ։ Դժվար է գնալ և տեսնել այս բոլոր գերեզմանները, ինչպես ես այս առավոտ, երբ այցելեցի մեր երիտասարդների շիրիմներին։

Երբ ես գնացի «Եռաբլուր», նախ նայում էի հին գերեզմանները՝  սկսվում են Անդրանիկից ու բավականին շարունակվում, իսկ հետո անցնում ես Քառօրյա պատերազմը,  և տեսնում ես ծավալները,  բայց հանկարծ, երբ քայլում ես դեպի այս նոր տարածքը և տեսնում ես դրոշների ծովը, այդ երիտասարդների ծովը․․․ Ես ուղղակի փլվեցի այդտեղ, քանի որ դա շատ զգացմունքային է, դա աղետալի է․․․

Պարզապես անհնար է պատկերացնել, որ այս ամենը տեղի ունեցավ:

Սակայն երբ խոսքը վերաբերում է քվեարկության սկզբունքին, պետք է փորձել մի կողմ դնել էմոցիոնալ արձագանքը և մտածել այն մասին, թե որն է լավագույնը երկրի համար։ Ամենակարևորն այս պահին այն է, որ մենք պաշտպանվենք, և ինքներս մեզ պաշտպանելու մի բաղադրիչն այն է, որ համոզվենք, որ մենք ճիշտ ենք վարվում՝ ժողովրդավարական ընտրությունների մեր ընտրած կառավարության մասով, և որ մենք հարգում ենք այդ ընտրությունը։

Նախկինում, երբ մենք եկանք դիտորդական առաքելությամբ, խնդիրներ կային ընտրական գործընթացի վերաբերյալ, բայց ես կարծում եմ, որ մենք հաղթահարել ենք այդ հարցերը, կա պարզություն և կա թափանցիկություն, բայց հետո մենք պետք է հարգենք այդ որոշումը:

Հարցազրույցի ավարտին Ատոմ Էգոյանն անդրադարձավ Պարույր Սևակի հայտնի մեջբերմանը՝ «Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց», որով ամփոփել էր կինոփառատոնի բացման արարողության իր ելույթը։ 

Պետք է ասեմ, որ երբ այդ խոսքերը դուրս էին գալիս իմ բերանից, ես մտածում էի՝ ճի՞շտ եմ անում արդյոք,որովհետև դա պոեզիա է, որը ես գիտեմ և սիրում եմ։ Որովհետև դա այն է, ինչ ես զգում էի, բայց հետո ես մտածում էի զինվորների մասին, գուցե դա չափազանց անհարգալից է նահատակների նկատմամբ՝ նրանց հավասարեցնել մեր նոր նահատակներին․․․ Հետո մտածեցի, որ ոչ՝ սա այն է, ինչ ես զգում եմ, և  մարդիկ դա հասկացան, կարծում եմ:

«Հետքը» շնորհակալություն է հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենությանը՝ հարցազրույցի կազմակերպմանն աջակցելու և հյուրընկալելու համար։ Տեսանյութի ստեղծմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում բեմադրող օպերատոր Ալբերտ Սարգսյանին և «Ազատություն» ռադիոկայանին։

Մեկնաբանություններ (1)

Drtad
Egoyan should limit his commentary to the world of filmmaking. When he says "no one expected this war" (referring to the 2020 Artsakh War), who is he referring to? Many realized the status-quo couldn't continue, that Azerbaijan was preparing to resolve the Karabakh issue by force. Maybe he had his head in the sand. Does he take responsibility for this failing of his? Egoyan then says "We need to live with our illusions." Really???? So what is he proposing? That Armenians continue to live in a dream world of their own making, a mindset that will ultimately lead to further national failures? He again floats the myth that Armenians are unique in this world, blah, blah. Is he trying to score talking points with gullible Armenians who swallow such crap? As an artist, I would have expected a much more informed perspective from Egoyan regarding Armenians' contribution to world culture. Atom jan, stick to talking about your trade, making movies!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter