HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գորիսի օդանավակայանի վերագործարկման հարցը կլուծվի ուսումնասիրության ավարտին

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն, որի գնահատումից հետո վերջնական լուծում կտրվի այս օդանավակայանի շահագործման հարցին:

Այս մասին «Հետքին» հայտնել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: 

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 13-ին ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից ԱԺ-ում հետաքրքրվել էր, թե որ փուլում է օդանավակայանի վերագործարկման հարցի ուսումնասիրությունը, ինչի վերաբերյալ Սյունիք կատարած այցի ժամանակ հանձնարարական էր տվել վարչապետը: 

Ի պատասխան՝ Սանոսյանը հայտարարել էր, որ որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են. աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք եւ տեղում ծանոթացել իրավիճակին: Նախարարն անելիքները երկու մասի էր բաժանել. բուն թռիչքուղու եւ շենք-շինությունների նորոգում: Պլանավորվել է առաջինը թռիչքուղին կարգի բերել, հետո՝ մնացածը: Գ. Սանոսյանն նաեւ նշել էր, որ Գորիսի օդանավակայանը կարող է նույնիսկ ռեզերվային օդանավակայան օգտագործվել, երբ եղանակային պայմաններով պայմանավորված հնարավոր չլինի Կապանում վայրէջք կատարել: 

Նախարարից օրերս հետաքրքրվել էինք, թե մինչեւ հիմա ինչ աշխատանքներ են իրականացվել Գորիսում, մասնավորապես՝ արդյոք թռիչքուղու վրա կատարվել են կամ նախատեսվում է կատարել աշխատանքներ: Սրան, սակայն, փոխնախարար Սիմոնյանը չի արձագանքել, փոխարենը օդանավակայանում իրականացվող ուսումնասիրության մասին նրա պատասխանից բխում է, որ բանը չի հասել վերանորոգմանը: 

1970-ականների վերջին շահագործման հանձնված Գորիսի օդանավակայանը, որը հայտնի է նաեւ Շինուհայր գյուղի անունով, փաստացի գտնվում է Խոտ գյուղի վարչական տարածքում (ներկայում Խոտն ու Շինուհայրը եւս 6 գյուղի հետ միավորված են Տաթեւ խոշորացված համայնքում, որի կենտրոնը Շինուհայրն է): 1997 թ. պաշտպանության ու տրանսպորտի եւ կապի նախարարների համատեղ հրամանով Գորիսի օդանավակայանը հանձնվել է ՊՆ-ին, որի հաշվեկշռում էլ գտնվում է մինչ օրս: Այսինքն՝ այն քաղաքացիականից վերածվել է ռազմական կառույցի: 

Այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ արծարծվել է Գորիսում քաղավիացիայի գործունեությունը վերականգնելու թեման:

Այսպես՝ 2009-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ կառավարությունը դիտարկում է Գորիսում նոր օդանավակայան ունենալու հարցը: Այն ժամանակ քաղաքաշինության փոխնախարար, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ նախ ուսումնասիրվել է Ջերմուկում այլընտրանքային օդանավակայան կառուցելու հարցը, բայց հետո եկել են այն հետեւության, որ Ջերմուկը «փակուղի» է՝ գտնվում է հիմնական մայրուղուց դուրս: 

«Կապված Հայաստանը որպես տարանցիկ երկիր զարգացնելու հեռանկարային ծրագրերի հետ, որով ՀՀ-ն պետք է հյուսիս-հարավ կապ հանդիսանա, եզրակացվել է, որի Գորիսի օդանավակայանը կարող է հանրապետությունում դառնալ այլընտրանք «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների համար՝ հաշվի առնելով դրա հեռավորությունը եւ կապերը թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի հարավային շրջանների հետ»,- նշել էր պաշտոնյան ու հավելել, որ վարչապետի հանձնարարականով ՔԱԳՎ-ի (Քաղավիացիայի գլխավոր վարչություն, ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե - հեղ.) ու նախարարության մասնագետները պիտի ուսումնասիրություններ կատարեն: Ըստ այդմ՝ անհրաժեշտ էր հաշվի առնել քամիների տարեկան ուղղությունները, տեղումների քանակը, ռելիեֆային պայմանները, ինքնաթիռների տեսակներից կախված՝ վայրէջքի ու վերելքի բարձրությունները, մթնոլորտային ճնշումը եւ այլն: Ըստ Ն. Սարգսյանի՝ չնայած Գորիսը հարմար տարբերակ էր, միայն նշված հարցերի հստակեցումից հետո պարզ պիտի դառնար, թե արդյոք այնտեղ հնարավոր է ունենալ տարածաշրջանային նշանակության օդանավակայան: Փոխնախարարն ասել էր, որ մինչեւ 2009-ի տարեվերջ ուսումնասիրություններն արված կլինեն, իսկ կառույցի շինարարության ժամանակն ու անհրաժեշտ միջոցների հարցը կհստակեցվի ավելի ուշ՝ ծրագրերում ներգրավելով նաեւ մասնավոր ներդրողների: Այս ծրագիրը, սակայն, իրականություն չդարձավ:

2017-ի աշնանն էլ, երբ Կառավարությունը ներկայացրել էր իր գործունեության անցած մեկ տարվա (2016-2017 թթ.) հաշվետվությունը, քաղավիացիայի ոլորտի մասին նշել էր. «ՀՀ-ում փոքր ավիացիայի ոլորտի զարգացման պոտենցիալը գնահատելու նպատակով 2017-ին ՔԱԳՎ-ն ՀՀ մի շարք գերատեսչությունների հետ համատեղ ուսումնասիրել է տարբեր ուղղություններով տրանսպորտային հոսքերը, ինչպես նաեւ գլխավոր վարչության կողմից ուսումնասիրվել են Ստեփանավան, Ջերմուկ, Սիսիան, Գորիս, Կապան եւ Մեղրի (Ագարակ) քաղաքների օդանավակայանների վերագործարկման հնարավորությունները եւ գնահատումները»: 

2018-ի սկզբին Կառավարությունից հետաքրքրվել էինք, թե նշված օդանավակայանների վերագործարկման վերաբերյալ ինչպիսի եզրահանգումներ են արվել: 

«ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիր հանդիսացող «ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից ուսումնասիրվել են Ստեփանավանի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու եւ Կապանի օդանավակայանների շահագործողական վիճակը եւ վերագործարկման հնարավորությունները, հաշվարկվել են օդանավակայանների վերագործարկման մոտավոր ծավալները, կատարվել է շուկայի վերլուծություն, ինքնաթիռի տիպի նախնական ընտրություն: Կատարված վերոնշյալ ուսումնասիրություններն ամփոփվել են համապատասխան գրությամբ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն եւ շահագրգիռ գերատեսչություններին»,- «Հետքին» հայտնել էին ՔԱԳՎ-ից: 

Նկատենք, որ Սյունիքի մարզում գտնվող 4 օդանավակայաններից ներկայում միայն Կապանի «Սյունիք» օդանավակայանն է ծառայում քաղաքացիական ավիացիային, Սիսիանի, Գորիսի ու Մեղրու կառույցները հանձնված են ՊՆ-ին: Երբ 2018-ի տարեսկզբին Կառավարությանը հարցրել էինք, թե հնարավոր է արդյոք, որ այս 3 օդանավակայանները հետ վերցվեն ՊՆ-ից կամ նվազագույնը դառնան համատեղ բազավորման եւ կիրառվեն թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական բորտերի կողմից, ՔԱԳՎ-ից հայտնել էին. «Փոքր ավիացիայի զարգացման եւ շուկայի աճին զուգահեռ չի բացառվում նաեւ Գորիսի, Սիսիանի եւ Մեղրու օդանավակայանների վերագործարկման հնարավորությունը»:

Փաստորեն, նախորդ փորձերից հետո հիմա էլ Փաշինյանի կառավարությունն է դիտարկում Գորիսի օդանավակայանը քաղաքացիական նպատակներով վերագործարկելու տարբերակը: Բայց հարկ է նշել, որ այս հարցը քննարկվել է մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումն ու Արցախի հայաթափումը, ինչից հետո Սյունիքում եւ ՀՀ հարավարեւելյան սահմաններին ստեղծվեց նոր իրավիճակ, եւ Գորիսը, ինչպես ժամանակին Ջերմուկը, ըստ էության, դարձավ «փակուղի»:

Ելնելով սրանից՝ Գնել Սանոսյանին հարցրել էինք, թե արդյոք 2023 թ. սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիան որեւէ կերպ փոխել է Կառավարության ծրագրերը Գորիսի օդանավակայանի մասով: Սրան փոխնախարար Սիմոնյանը չի պատասխանել: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, 19.01.2018 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter