HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Քաղաքացու գույքը 2 տարի մնացել է Հարկադիրի պահեստում. նրա խոսքով՝ ապրանքների մեծ մասը չկա

Տիգրան Խանջյանն ասում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) պահեստը մի խոնավ շինություն է, որտեղ գտնվող իր գույքի մեծ մասը չկա, մի մասն էլ՝ փչացել է:

2022 թվականի հուլիսի 22-ին ՀԿԱԾ աշխատակիցները մտել էին Տիգրան Խանջյանի տուն, առգրավել տան գրեթե ամբողջ գույքն ու տեխնիկան։ Առգրավել են նաեւ Տիգրան Խանջյանի որդուն պատկանող մթերային խանութի ապրանքները։ Այդ օրը Տիգրան Խանջյանի ընտանիքը տանը չի եղել։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրել են դռան փականն ու ներս մտել։

Դեպքից երկու տարի անց՝ 2024 թվականի հուլիսի 5-ին Տիգրան Խանջյանը Քննչական կոմիտեի քննիչի, ՀԿԱԾ-ի աշխատակցի հետ գնացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանման տարածք և տեսել, որ առգրավված ապրանքների 80%-ից ավելին չկա, իսկ խանութից առգրավված ամբողջ մթերքն, իհարկե, փչացել է։ Հուլիսի 4-ին Քննչական կոմիտեից զանգել են Տիգրան Խանջյանին ու ասել, որ հաջորդ օրը պետք է գնան հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանման տարածք և հաշվեն ապրանքները։

«Ես մտա ներս, դուռը ընդամենը բանալիով էր փակ, կնքված չէր, էնտեղ մենակ մի պահակ կար, եկավ, դուռը բացեց, ավտոտնակի պես տարածք էր՝ մութ, խոնավ։ Առնետները վազվզում էին, ոչ մի սանիտարական պայման չկար։ Ամբողջ գույքս փչացած, շարքից դուրս եկած էր։ Էն կարգի վիճակ էր, որ ոչ մեկ չէր ուզում երկար մնալ այդտեղ։ Ապրանքներիս 80 %-ը չկար, եղածն էլ՝ շարքից դուրս եկած»,- ասում է Տիգրան Խանջյանը։

2022 թվականի դեկտեմբերի 3-ին «Հետքը» ներկայացրել է Տիգրան Խանջյանի վարկային պատմությունը: Ըստ Խանջյանի՝ Կոնվերս բանկի աշխատակիցը խաբել է իրեն, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին աշխատակիցը գնել է բանկում գրավադրված իր տունը։

Քրեական վարույթի պայմաններում Տիգրան Խանջյանը չէր կարող Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանման տարածքից վերցնել իրեն պատկանող գույքը։

Առգրավումից հետո 2 տարի նրա ողջ գույքը մնացել էր ՀԿԱԾ պահեստում։

«Աթոռներիս կեսը չկար, ամբողջ խանութիս մթերքը փչացած էր, խմիչքների մեծ մասը չկար, վարագույրներն ամբողջը առնետները կրծել էին։ Ու ամենակարևորը՝ չկար սառնարանում պահվող տնից անհետացած գումարը՝ աղջկաս ուղարկած 11․500 եվրոն։ Սառնարանս բացեցին, մեջը ոչինչ չկար, հարցնում եմ՝ լավ սա տան սառնարան է եղել, դուք, որ սա տարել եք, մեջը էսպես դատա՞րկ է եղել, մի կտոր պանիր, խմիչք, միս չի՞ եղել սառնարանում, ի վերջո տան սառնարան էր, մեջը մթերք չկա՞ր, էդ ամբողջը քննիչը արձանագրեց, ես ասում էի, ինչ չկա, նա հերթով գրում էր»,- պատմում է Տիգրան Խանջյանը։

Հարկադիր ծառայողը, որը հուլիսի 5-ին ներկա է եղել գույքի հաշվարկին, Գագիկ Հովհաննիսյանն էր, որը նաև առգրավման օրն է Տիգրան Խանջյանի տանը եղել։

Տիգրանը իր վրդովմունքն է հայտնել, Գագիկին ասել է, որ իրենց արած գործողությունները հակաօրինական են եղել և տնից առգրավվել է ավելի շատ ապրանք, քան Տիգրան Խանջյանի խաբեության արդյունքում կուտակած պարտքն էր։

Առգրավման օրը գույքի մի մասը հարկադիր ծառայողները դրել էին Գագիկ Հովհաննիսյանի մեքենան։ Տիգրան Խանջյանը քննիչին նաև այդ լուսանկարն է ցույց տվել։

«Ես նաև ասացի, որ տղայիս՝ Հովհաննես Խանջյանին պատկանող խանութի ողջ ապրանքն էլ է առգրավվել այդ օրը։ Տղային խանութին ձեռք տալու իրավունքը չունեին, եթե խանութն իմ անունով չէր, ինչու՞ են էդ խանութի եղած-չեղածին ձեռք տվել, կարող է իմ բակի խանութը վարձով տվել եմ մեկին, նույն բա՞նն էին անելու»,- ասում է նա։

Բացի իր տան և որդու խանութի գույքից, նույն պահեստում են եղել նաև մեկ այլ անձի պատկանող իրեր, որոնք սակայն իրարից առանձնացված չէր, Տիգրան Խանջյանի խոսքով՝ պահպանման տարածքի վիճակն անմխիթար է եղել, ու այնտեղ եղած ոչ մի ապրանք այլևս օգտագործման պիտանի չէ։

Քննչական կոմիտեի քննիչը արձանագրել է ամեն ինչ, ապա պահեստից մի քանի լուսանկար է արել։ Երբ Տիգրան Խանջյանն է ուզել նկարել իր գույքը, թույլ չեն տվել, ասել են, որ դրա իրավունքը չունի։

«Ասենք մաքսայինի պահեստում ինչքան կոկիկ ա ամեն ինչ, ապրանքդ ինչքան էլ մնա, դժվար փչանա։ Էստեղ էդպես չէր, դռները կնքված չէին, որ քաղաքացին մտածի, իր ապրանքն ապահով է, մի պահակ էր ընդամենը այնտեղ, պահեստի գետնին խոտեր էր աճած, խոնավ, ամբողջ ապրանքը փոշու մեջ կորած, մեշոկները, արկղերը գետնին լցված իրար վրա, քննիչը մի պարկ վերցրեց, էնքան փտած էր, որ տակից ծակվեց»,- ասում է Տիգրան Խանջյանը։

«Հետքը» դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն մեկնաբանություն ստանալու համար։

«Առգրավված գույքը հանձնվել է պահատվության Ծառայության հատուկ պահպանվող տարածքում: Պարտապաններին բազմիցս առաջարկվել է ստանալ իրենց պատկանող գույքը, սակայն վերջիններս գույքը ստանալու նպատակով Ծառայությանը չեն դիմել»,- ասվում է ՀԿԱԾ պատասխանում։

Մինչդեռ պարտապան Տիգրան Խանջյանը նշում է, որ քրեական վարույթի պայմաններում նա չէր կարող իրեն պատկանող գույքը պահպանվող տարածքից վերցնել։ Բացի այդ, Տիգրան Խանջյանի խոսքով, նրան երբևէ չի առաջարկվել այդ գույքը վերցնել։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է նաև, որ Հովհաննես Խանջյանի (Տիգրան Խանջյանի որդին է) նկատմամբ գումարի բռնագանձման պահանջով հարուցված կատարողական վարույթի շրջանակում Ծառայության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված առգրավված գույքերից ուղղակի վաճառքի միջոցով իրացվել է 16 անուն գույք՝ լվացքի փոշի, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, գազավորված ըմպելիքներ։

«Ինչ վերաբերում է քաղաքացու այն պնդմանը, թե Ծառայության պահպանվող տարածքում գտնվող իր գույքի 80 տոկոսը չկա, մյուս մասն էլ վնասված է, առաջարկում ենք, որ քաղաքացին ներկայացնի Ծառայության պահպանվող տարածքում գտնվող գույքի ցանկը, որը, համադրելով առգրավված գույքերի ցանկի հետ միայն, հնարավոր կլինի պարզել՝ արդյո՞ք կա բացակայող կամ վնասված գույք, թե՞ ոչ»,- ասվում է ՀԿԱԾ պատասխանում։

Չնայած ԿՀԱԾ-ն հայտնում է, որ քաղաքացին բողոքի դեպքում կարող է դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որ պահպանվող տարածքում գտնվող գույքի ցանկը համադրեն առգրավված գույքի ցանկի հետ և պարզեն՝ ճիշտ է նրա պնդումը, թե ոչ, Տիգրան Խանջյանը դեռ առգրավման օրից նշում էր, որ ծառայության աշխատակիցները արձանագրել են առգրավված գույքի միայն կեսը՝ մի մասի մասին արձանագրությունում ոչինչ նշված չի եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter