
Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
Ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Այս մասին «Հետքին» հայտնեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Հայկ Քոչինյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, երբ «Հետքում» հրապարակվեց «Ի՞նչ է եղել չտեսնող քաղաքացուն ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածը, ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը ծառայողական քննություն նշանակեց:
Հոդվածում Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանը, ով 15-16 տարեկանում կորցրել է տեսողությունը, հայտնել էր, որ Նաիրա Բարսեղյանը իրեն արգելել է բաժանմունքից նոր անձնագիր ստանալիս, ստորագրելու փոխարեն, դնել անհատական կնիք, և գոռացել է իր վրա` ասելով` «գնա, որտեղ ուզում ես, քո իրավունքները պաշտպանի»: Իսկ անձնագրային բաժանմունքի պետն ասել էր, որ ընդհակառակը՝ քաղաքացին և իր մայրն են գոռացել բաժանմունքում, շպրտել փաստաթուղթը և ասել, որ իրենց անձնագիր պետք չէ:
Հայկ Քոչինյանը տեղեկացրեց, որ Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 60.17 հոդվածի (Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները) 1-ին մասի 1-ին ենթակետի պահանջները անհարգելի պատճառով չկատարելու համար:
Վերոնշյալ ենթակետը սահմանում է. «1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են՝ 1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը»:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին՝ մինչև ընթանում էր ծառայողական քննությունը, Ալինա Հարությունյանը վերականգնեց իր ոտնահարված իրավունքը: Այդ օրը նա Էրեբունու անձնագրային բաժանմունքից վերցրեց իր անձնագիրը՝ ձեռքով ստորագրելու փոխարեն անձնագրում ու ևս 2 փաստաթղթում դնելով իր անհատական կնիքը: Ալինայի խոսքերով՝ Նաիրա Բարսեղյանն ինքը կնիքը դրեց փաստաթղթի՝ պետք եղած մասում, և Ալինան կնքեց, իսկ անձնագրի ստորագրության դաշտում, Ալինայի առաջարկով, բաժանմունքի պետն ինքն ամուր սեղմեց կնիքը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել