HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շինարարության բումը Երևանում թուլանում է

Հայաստանում կազմակերպությունների կողմից արվող շինարարության ծավալներն այս տարվա առաջին հինգ ամսում (2024 հունվար-մայիս) կազմել են 70 մլրդ դրամ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն 11.9%-ով նվազել է։ Ավելի պարզ ասած՝ կառուցապատողները, որոնք վերջին մոտ տասը տարիներին «կատաղի» արագությամբ բազմաբնակարան շենքեր ու տներ են կառուցում հատկապես Երևանում, այս տարի նվազեցրել են տեմպերը։

Շինարարական այս բումը Երևանում, որը սկսվել է 2015-2016 թվականներից՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի մեկնարկին զուգահեռ, ըստ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանի, աստիճանաբար թուլանալու միտում ունի։

Առաջին պատճառը եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումն է Երևանում նոր կառուցվող շենքերի համար։ Այն ծրագիրը, որը ժամանակին շինարարության ոլորտի շարժիչ ուժն է եղել, այժմ հակառակ ազդեցություն է թողնում։

«Գաղտնիք չէ, որ քաղաքաշինական ծրագրի տևողությունը 2-4 տարի է։ Կառուցապատողները գիտակցում են, որ երբ այլևս չլինի եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, նոր քաղաքաշինական ծրագրի դեպքում ինչպե՞ս են ապահովելու դրա իրացվելիությունը։ Քանի որ եկամտային հարկն այլևս չի վերադարձվելու, նորակառույց շենքերի բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է։ Մեր հարցումներն եւ ուսումնասիրությունները վկայում են, որ որպես այդպիսին, նոր ներդրումներ կատարելու պլանները կառուցապատողների շրջանում էականորեն նվազել են։ Մարդիկ այլևս նպատակահարմար և տնտեսապես գրավիչ չեն համարում տնտեսության այս ճյուղի մեջ ներդրումներ կատարելը, որը հղի է լուրջ վտանգներով»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է Գուրգեն Գրիգորյանը։

2015 թվականից մեկնարկած ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է առաջնային շուկայից՝ կառուցապատողից գնվող բնակարանի կամ տան հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ Գրանցված աշխատողները, որոնք եկամտային հարկ են վճարում,  որոշ սահմանափակումներով, հնարավորություն են ունենում իրենց վճարած եկամտային հարկը հետ ստանալ և այն ուղղել հիպոթեքային վարկի տոկոսավճարներին։

Մի կողմից սրանով զարկ է տրվել հիպոթեքային շուկայի զարգացմանն ու բնակարանաշինությանը, մյուս կողմից՝ տարիների ընթացքում բեռ է դարձել բյուջեի համար։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ 2023 թվականի տարեկան տվյալներով՝ այս ծրագրի շրջանակներում պետական բյուջեից վարկառուներին է վերադարձվել մոտ 52 մլրդ դրամ, այս տարվա առաջին կիսամյակում՝ 32 մլրդ դրամ։

Դեռևս հինգ տարի առաջ արդեն հայտնի էր, որ եկամտային հարկի վերադարձը «գլխացավանք» է դարձել բյուջեի համար։

Ծրագրի մեկնարկից ի վեր՝ Կառավարությունը տարբեր փոփոխություններով փորձեց զսպել վերադարձվող եկամտային հարկի ծավալները։ Նախ սահմանափակումներ ընդունվեցին վերադարձվող գումարի առավելագույն շեմի (երեք ամսում առավելագույնը 1.5 մլն դրամ, 2025 թվականից՝ 750 հազար դրամ) և տան կամ բնակարանի արժեքի մասով (առավելագույնը 55 մլն դրամ)։  Նոր սահմանափակումներ մշակվեցին 2021 թվականից և հաջորդող տարում ուժի մեջ մտան, ըստ որոնց՝ ծրագիրը Երևանում աստիճանաբար դադարեցվում էր մինչև 2025 թվականը և գործելու էր միայն մարզերում:

Հետագայում արդեն նոր նախագծով սահմանափակումներ ներառվեցին նաև մարզերի վերաբերյալ։ 2027 թվականից այն չի կիրառվի Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում։ 2029-ից հետո՝ նաև մյուս մարզերում։

Ըստ Գուրգեն Գրիգորյանի՝ այս փոփոխությունների արդյունքում կառուցապատողների կողմից շինարարության ծավալների նվազումը կհանգեցնի ոչ միայն ամբողջ շինարարության ոլորտի նվազմանը, այլև՝ շղթայական բացասական ազդեցություն կթողնի ամբողջ տնտեսության վրա։

«Եկամտային հարկի վերադարձի դադարեցմանը զուգահեռ դրան փոխարինող այլ օրենքներ չեն ընդունվել։ Կառուցապատողների կողմից հարկային մուտքերը կնվազեն, աշխատատեղերը կպակասեն, դեմոգրաֆիկ խնդիրներ կառաջանան։ Ցավոք սրտի, ականատես ենք լինելու կրկին հայ տղամարդկանց կողմից արտագնա աշխատանքի ճանապարհի որդեգրմանը։ Մինչդեռ այսօր օտարերկրացիներ են գալիս Հայաստան արտագնա աշխատանքի»,- ասում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Ըստ նրա՝ հասարակության այն խավը, որն իսկապես ունի բնակարանի կարիք, առանց եկամտային հարկի վերադարձի չի կարողանա բնակարանի խնդիր լուծել։ Դրան գումարած՝ հնամաշ բնակֆոնդի հարցն է ավելի դանդաղում։

Կառուցապատողները համոզված են, որ եկամտային հարկի վերադարձի արդյունքում պետական բյուջեն գումարներ չի կորցնում, քանի որ իրենց գործունեության արդյունքում հարկեր են հոսում բյուջե։ Սակայն, պետության հաշվարկներով՝ ծրագիրը չի կարող երկար շարունակվել, այլապես անտանելի բեռ կդառնա բյուջեի համար։

Կազմակերպությունների կողմից արվող շինարարության ծավալների նվազման մյուս պատճառն, ըստ Գուրգեն Գրիգորյանի, Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերն են։ Շինարարական թույլտվության գործող տուրքերը 2024 թվականից փոփոխվել են, դա լրացուցիչ բեռ է դարձել կառուցապատողների համար։

Գրիգորյանի խոսքով՝ շինարարության ոլորտի վրա բացասական ազդեցություն են թողնում նաև պետական վարչարարության անհիմն և երկարատև ձգձգումները, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների ձգձգումները։ Խնդիրներ են առաջանում նաև մատակարար կազմակերպությունների հետ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի։

Չնայած կառուցապատման տեմպերի նվազմանը և կանխատեսումներին, որ դրանք առաջիկայում էլ ավելի կնվազեն, նորակառույց շենքերի բնակարանների գնիջեցում, ըստ Գրիգորյանի, չի սպասվում։

«Շինարարության ինքնարժեքը միայն թանկանում է, և կառուցապատողը չի կարող ինքնարժեքից ցածր վաճառել։ Եթե ստանդարտ էկոնոմի դասի բնակարանի 1 քմ-ի ինքնարժեքը, որը չունի որևէ լրացուցիչ հարմարավետություն, նախկինում 500-600 դոլար կարող էր արժենալ և վաճառվել 700-800 դոլարով, ապա հիմա նման դասի բնակարանի  միայն ինքնարժեքը 900 դոլարի սահմաններում է։ Հետևաբար, նախկին ցածր գներով վաճառք լինել չի կարող։ Գաղտնիք չէ, որ ինչպես ցանկացած շուկայական հարաբերություններում, այստեղ էլ ներդրողները պետք է հետաքրքրություն ունենան»,- նշում է Գրիգորյանը։

Շինարարությունն աճում է բնակչության միջոցների և պետական բյուջեի հաշվին

Այս տարվա առաջին հինգ ամսում (2024 հունվար-մայիս) Հայաստանում, ընդհանուր առմամբ, 151 մլրդ դրամի շինարարություն է արվել։ Ըստ Վիճակագրական ծառայության (ՀՀ ՎԿ)՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շինարարության ծավալներն աճել են 14.9%-ով։

Հակառակ կազմակերպությունների կողմից շինարարության՝ աճել է բնակչության միջոցների և պետական բյուջեի հաշվին կատարվող շինարարությունը։

Շինարարության գրեթե մեկ երրորդը բնակչության միջոցներով է։ Այս տարի այն աճել է 58.3%-ով՝ հինգ ամսում կազմելով մոտ 44 մլրդ դրամ։

Ոլորտի մյուս խոշոր ուղղությունը պետական բյուջեի հաշվին կատարվող շինարարությունն է, որը հիմնականում կապիտալ ծախսերի ծրագրերով է իրականացվում։ Հինգ ամսում պետական բյուջեի հաշվին 29 մլրդ դրամի շինարարություն է արվել, որը 82.8%-ով աճել է։

 

Շինարարությունն այս տարի աճել է Երևանին հարակից մարզերում՝ բացառությամբ Կոտայքի

Վիճակագրությունն ըստ մարզերի և մայրաքաղաքի ևս վկայում է, որ Երևանում շինարարության ծավալների աճը դանդաղում է։ Այս տարվա առաջին եռամսյակում  (Երևանի և մարզերի տվյալերը առանձին բացվածքով հրապարակվում են եռամսյակը մեկ անգամ)՝ Երևանում շինարարության ծավալները կազմել են 32 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ շինարարության ծավալները Երևանում 2.9%-ով աճել են։ Համեմատության համար՝ 2023-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճը 47.7% է կազմել։ Երևանը ապահովում է հանրապետությունում արվող շինարարության ուղիղ կեսը։

Ծավալներով Երևանին հաջորդում է Կոտայքի մարզը։ Առաջին եռամսյակում այստեղ շինարարության ծավալները կազմել են մոտ 8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազելով 5.2%-ով։

Փոխարենը շինարարության ծավալների աճ է արձանագրվել Արարատի մարզում (5.5%,8.4 մլրդ դրամ), Արագածոտնում (3.1 մլրդ դրամ, 88.4%) և հատկապես Արմավիրի մարզում (3.4 մլրդ դրամ, 2 անգամ)։

Չնայած, որ մարզերում շինարարության աշխուժացում է նկատվում՝ դրանց ծավալները անհամեմատ փոքր են մայրաքաղաքից։

Ըստ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանի՝ մարզերը չեն կարող ապահովել շինարարության այն ծավալները, որոնք գրանցվում էին Երևանում։

«Միայն Երևանին մոտ մարզերում է որոշակի աճ գրանցվում։ Դրանով, ըստ էության, Երևանի սահմաններն են ընդլայնվում։ Այդ մարզերում էլ եկամտային հարկի վերադարձը կդադարի 2027 թվականին։ Ժամանակը շատ կարճ է էական արդյունքներ տեսնելու համար»,- ասում է Գրիգորյանը։ 

Շինարարության կշիռը Հայաստանի տնտեսության մեջ 6.9% է 

2023 թվականի տարեկան տվյալներով շինարարության տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում (համախառն ներքին արդյունք) կազմել է 6.9%։ 2018 թվականից ի վեր այն չի գերազանցել 7%-ը։ Անշարժ գույքի հետ կապված գործունեության տեսակարար կշիռը  8.4% է։

Անկումային 2020 թվականից հետո շինարարութան ծավալների աճ է գրանցվում։ Միևնույն ժամանակ, շինարարությունը անգամ եկամտային հարկի վերադարձի ամենաակտիվ տարիներին չի հասել մինչև 2009 թվականը ընկած ժամանակահատվածին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռևս չէր հասել այս ոլորտին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter