HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազգեն Շուշանյան. Ի՛նչ որ կը մնայ ներկայէն յիշատակներու ոսկէփոշին է…

Փարիզ, Ժան Գուժոն 15, 1941 թվական հունիս 5, հինգշաբթի, ժամը 14:00, Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցի:

Փարիզ, Բանյո գերեզմանատուն: Փոսն արդեն վաղուց պատրաստ էր: Գերեզմանափորը երազում էր տուն գնալու մասին: Բայց չէր կարող: Ժան Գուժոն փողոցից թափորը դեռ չէր ժամանել:

Նրա մահը խառնիխուռն հուշեր արթնացրեց իր սիրած և գրկած կանանց մոտ: Հուշերի գիրկն ընկավ նաև ‎ֆրանսիայի հայ գաղութը: Բառարանագիր Մեսրոպ Գույումճեանի մահախոսականն ավարտվեց հետևյալ ցանկությամբ. «...երբ ընկերներդ վերադառնան հայրենիք, քեզ չձգեն այստեղ մինակ, տրտում ու խռով: Ալ հայրենի հողին յանձնեն քեզ: Անոր արժանի ես ոչ միայն իբրեւ ուժգին տաղանդ մը, այլ նաեւ իբրեւ որբ մը…»:

Կյանքի խարդավանքները ճանաչելուց և որոշակի փորձառություն ձեռք բերելուց հետո, Վազգեն Շուշանյանը դարձել էր ավելի հանդարտ, լայնախոհ, ներողամիտ: Դարձել էր իմաստուն մարդ: Նա գտել էր իր նկատմամբ բացասական զգացմունքներին հակադարձելու սկզբունքը: Դա սերն էր: Եվ երկրի վրա կատարվող դեպքերին կյանքի վերջին շրջանում արդեն նայում էր բարձրից: Իսկ մեռնելուն պես, բառի բուն իմաստով և հիմնավորապես, բարձրացավ վեր և հիմա Փարիզի երկնքից հետևում էր իր դիակի շուրջ կատարվող իրարանցմանը:

Ծաղիկները, որ կենդանության օրոք նա այդքան սիրում էր և դրամ չունենալու պատճառով չէր կարողանում գնել, հիմա խառնիխուռն լցված էին իր աճյունի վրա: Իր կյանքի կանայք ևս  խառնիխուռն հայտնվում էին դագաղի մեջ դրված իր սառը դիակի շուրջ, ինչպես մի ժամանակ հայտնվում էին իր տաք անկողնում: Բայց դա անցյալ էր: Նա արդեն չկար, մեռել էր մարմնի 40 աստիճան ջերմության մեջ 38 տարեկան հասակում, թոքերի ծանր հիվանդությունից, անժառանգ, ամուրի, Փարիզի Քոշեն հիվանդանոցում` «Յայտնի է, որ այլեւս պիտի չդիմանամ» ասելով: Ափսոս, որ մեռավ` իր գեղեցիկ ցեղի և անձամբ իր տաղանդավոր գենը չշարունակած: Ափսոս, որ իր մահով կասեցվեց մի նոր հոյակապ գրականության ծաղկումը: Ափսոս, որ Հայաստանում բնակվող իր հայրենակիցների մեծ մասի համար, նա ունի ընդամենը մեկ բնորոշում`սփյուռքահայ գրող: Ընդ որում՝ անփող: Վազգեն Շուշանյանը դրամ չուներ, բայց ուներ իր գրչի տակից դուրս եկած հրաշալի գրականություն՝ նյութի առումով համամարդկային, ոճի առումով բացառիկ, լեզվի առումով հոյակապ: Շահան Շահնուրի պես բաց, սեքսուալ, երբեմն անամոթ, բայց այնուամենայնիվ՝ Շահնուրից տարբեր: Թվում է, թե նա անցնում է թույլատրելիի սահմանները, բայց երբեք չի անցնում գեղագիտության սահմանը, և իր գործերն ընթերցող կանայք գրեթե միշտ թաքուն երազում են հայտնվել Շուշանյանի պես մեկի գրկում, զինաթափ անող նրա հայացքի կամ, ինչպես ասում են արևմտահայերենում` ակնարկին տակ: Դե, տղամարդիկ էլ դեմ չեն ունենալու Շուշանյանի  դյուրազգացությունը: «Հնարաւոր չէ ճանչնալ մարդուն, նրա էութիւնը հասկնալ, առանց մօտաւոր գաղափար մը ունենալու անոր սիրային կեանքի վրայ… Ուրիշ ոչ մէկ պարագային տակ, բացի մահէն գուցէ, մարդը կ’երեւայ իր բուն կէանքով, իր ողբերգութեամբ, իր տկարութիւններով, իր ողջ նկարագրով վերջապէս»: Այսպես` Վազգենը մեզ հուշել է իրեն ճանաչելու և հասկանալու ճանապարհը: Եվ դա անցնում է իր գրականության մեջ գաղտնագրված սիրահարությունների միջով՝ առաջին աղջիկներից-առաջին վտանգներից սկսած մինչև կյանքի բովում հայտնված վերջին կանայք-վտանգները:

Քա՛ բոզը ի՞նչ է...

«Զգաեասիրութեան ու հեշտութեան ծարաւը շատ կանուխէն փրփրած են արեանս մեջ, երբեմն գիշերները արթուն պահելով զիս»: Շուշանյանը իր գրական գործերի մեջ, ինքնակենսագրականում, իր օրագրերում գեղեցիկ, հանգիստ ձեռագրով անկեղծորեն խոստովանում է անսանձ բնազդներ ունենալը: «Մօրս պէս, որ խիստ պարկեշտ ու վայրենօրէն պատուախնդիր ըլլալով հանդերձ, որոշապէս սիրոյ կին մըն էր, ես ալ հեշտասէր եմ ու բնական հակում ունիմ սեռային չափազանցութեան: Այս հակումը յաճախ յաղթած է ինձ ու անշուշտ իր անդրադարձումը ունեցած է առողջութեանս վրայ: Թեև երբեք անձնատուր չեմ եղած իրեն, կռուած եմ յուսահատօրէն, ամբողջ հոգեկան ուժովս: Ու ամէն անկումէ յետոյ` դառնօրէն յուսաբեկուած տեսնելով մարդուն տկարութիւնը բնութեան և բնազդին առջեւ»: 

Շուշանյանի ծնողները.jpg (2.75 MB)

Շուշանյանի ծնողները

Հիշում է մոր խոսքերը. «Ա՜խ, քաշելիք ունիմ այս տղուն ձեռքէն: Աղուոր կին մը տեսածին պէս փէշերէն չի զատուիր, ամօթ է, ծէ՛, մանչս»:

Չէր կարողանում աչքը կտրել իրենց քաղաքում հայտնված պոլսեցի մատամ Անկոյից, երբ իբր գուլպաների ծնկակապը ամրացնելու համար, փեշը վեր էր բարձրացրել՝ սադրելով իրեն ակնդետ նայող տղային՝ «Ապտակ մը կ'ուզես, թէ համբույր մը»: Մեծ քաղաքից գավառական քաղաք եկած Անկոն և ուրիշ կանայք քննարկման նյութ էին Վազգենի ծննդավայրում: Տղամարդիկ իրենց ձևով էին քննարկում, կանայք՝ իրենց: Փոքր տղան առաջին անգամ մեծերից լսեց բոզ բառը: Իմաստը չգիտեր, բայց ներքուստ զգում էր, «թէ բոզը աղուոր ու առասպելական կին մըն է՝ մարդոցմէ տարբեր ու կեանքէն դուրս էակ մը»: Ամեն դեպքում որոշեց հարցնել մորը՝ «Մայրիկ քա՛, բոզը ի՞նչ է»:

Շուշան տիկինը՝ լեռների հակառակ կողմից

Ծնվեց 1903 թվականի փետրվար 9-ին՝ շաբաթ առավոտյան դեմ՝ ժամը  չորսին, չքնաղ քաղաք Ռոդոսթոյում: Դա Արևելյան Թրակիայի մի քաղաք էր՝ փռված Մարմարայի ծովեզերքին, հոծ հայությամբ բնակեցված: Շուշանյանները քաղաքի ամենահարուստ ընտանիքներից էին: Նրանք բնակվում էին աքասիաների մեջ կորած Սուրբ Խաչ թաղամասում, և փողոցն էլ կոչվում էր իրենց անունով` Շուշանյանների փողոց: Իրենց տոհմի հիմնադիրը՝ հարուստ, ազնվական և գեղեցիկ տիկին Շուշանն էր՝ Բալկանների մյուս կողմից: Նա եկել էր Ռոդոսթո ամուսնանալու Հովհաննես անունով մեկի հետ: Շուշանի զորությունն այնքան մեծ էր, որ  համաքաղաքացիները նրանց երեխաների մասին խոսելիս ասում էին՝ Շուշանենց Պետրոսը ,այլ ոչ թե Հովհաննեսի որդի այսինչ:

Այս գերդաստանում ընդունված էր աղջիկներին կոչել Շուշան, իսկ տղաներին՝ Հովհաննես: Վազգենը բազում Շուշան զարմուհիներ ուներ: Ինքն էլ ավազանի անունով Հովհաննես էր՝ Օննիկ: Հայրը` Գրիգոր աղան, ազնվական դիմագծերով, բարձրահասակ մարդ էր` կրթությամբ իրավաբան, բայց գործով կալվածատեր և քաղաքապետարանի խորհրդի անդամ էր: Վազգեն Շուշանյանի  ինքնակենսագրականում, որի ինքնագիրը պահվում է Երևանի Գրականության և արվեստի թանգարանում, Շուշանյանը անդրադառնում է իր հորը հատուկ շեշտով: Եվ հոր կերպարի մասին պատմող այդ տողերի մեջ կարելի է և պե’տք է փնտրել իր` Վազգենի, ճակատագրի հիմքերը:

«Եփենոսի» գույնի մազերով և կաս-կարմիր, թմբլիկ այտերով այս տղան, անդրանիկ զավակն էր իր ծնողների: Իրենից հետո լույս աշխարհ եկան տեր և տիկին Շուշանյանների երկրորդ որդին` Գևորգը և դուստրը` Մարին: Երբ ինքը ծնվեց, հայրը 48-49 տարեկան էր՝ փոքրիկ Վազգենի համար մի ծեր հայր, որ «իր կեանքի լավագոյն տարիները,- ինչպես գրում է ինքնակենսագրականում,- անց էր կացրել ամուրիութեան մէջ»: Եվ  ամուսնացել էր երիտասարդ և գեղեցիկ, իր պես բնիկ ռոդոսթոցի Նարիկ Դանիելյանի հետ, միայն սերունդ ունենալու և ծերությունը խաղաղությամբ անցկացնելու համար: Այս մասին Վազգենը իմացել է դեռ փոքր հասակում: «Դանիելեանը աւելի տիրական էր մէջս, քան թե Շուշանեանը: ...Երբ հօրս մասին խոսեր, կըսեր Գրիգոր է‎ֆենդի: Մօրս շուրթերէն երբեք էրիկս կամ ամուսինս բառերը  չեմ լսած»: Ինքն նույնպես հայրիկ  բառը հազվադեպ է արտաբերել: Հայրը նրա համար խստության տիպար էր: Մինչև կյանքի վերջ Վազգենի աչքի առջև իրենց պարտեզի սալահատակե արահետով քայլող հոր ծանր և քմահաճ կերպարն էր` օսլայված բարձր օձիքով, որի հետևից, պարանոցի վրա երեխան նշմարում էր ծերության նշանները, գունատ շուրթերը և ճերմակող բարակ բեղերը: «Աչքերուն խորը տրտում հիվանդութիւն մը կար, ու շրթունքներու անկիւնը հաճախ հմայաթափ ժպիտ մը»:

Միակ զմայլանքը, որ նա ուներ հորից, վերջինիս անչափ գեղեցիկ ձեռքերն էին: Բայց դրանք միայն գեղագիտական զմայլանք են պատճառել տղային, ո՛չ փաղաքշանք, ո՛չ գգվանք, ո՛չ շոյանք: Երբեմն նաև՝ հակառակը. «Որքան կը յիշեմ երբէք այդ ծեր մարդու ձեռքերը չէին գգուած ապերասան մանկութեանս: Կը յիշեմ սակայն ստացած հարուածները»: Շուշանյանների տանը  իշխում էր Գրիգոր աղայի շունչը և խստությունը: Նա հաստատել էր իր կարգը և բոլորը, ուզած-չուզած, ենթարկվում էին իրեն: Զգացմունքների մեջ ժլատ կամ երկչոտ այս մարդը, եթե երևակայեր, որ իր դասավորած կյանքը, կյանքում իր հաշվարկած քայլերը, իր ստացածը, իր աշխարհը շատ շուտով փլուզվելու է, կհամառե՞ր մնալ նույն չոր ամուսինը և հայրը, կզլանա՞ր արդյոք սիրառատ լինել ընտանիքի անդամերի նկատմամբ: Բայց ոչինչ չէր  գուժում Ռոդոսթոյի ավարտը:

Ուրիշ, ուրիշ էր կեանքը, երբ ես դատարկապորտ էի…

Ինչևէ, կյանքի բնականոն ընթացքը, քաղաքի անխաթար հանդարտությունը Գրիգոր աղայի հույզերը ևս կարծես թե դարձրել էին անփոփոխ և միապաղաղ: Սակայն առերևույթ սառնությամբ հանդերձ, ներքուստ ուրախ էր և պարծենում էր իր ավագ զավակով: Իսկ պարծենկոտության առիթը հետևյալն էր. Ռոդոսթոյում կար մի սրճարան` քաղաքի մեծահարուստների հավաքատեղին: Բնականաբար, Վազգենի հայրը այստեղի մշտական այցելուն էր: Գաւաթ մը սուրճ ըմպելուն, թավլու կամ  թուղթ խաղալուն զուգընթաց, աղաները այստեղ նաև վիճում էին քաղաքականությունից, աշխարհի անցուդարձից տեղեկություն փոխանցում միմյանց: Ամեն օր դասից հետո Վազգենն այստեղ էր և ակամա՝ այս զրույցների ունկնդիրը: Մի անգամ հայրը բոլորի ներկայությամբ որդուն ասաց. «Սա ղազեթան ձեռքդ առ, նայինք կրնաս կոր կարդալ»: Այդ օրվանից Վազգենը դարձավ սրճարանի «պաշտոնական մունետիկը»: «Բիւզանդիոն»-ի տեսությունների, կամ «Ժամանակ»-ի էջերին տպագրվող Երվանդ Օտյանի գործերի բարձրաձայն ընթերցումը Վազգենի ամենից սիրած գործն էր: «Փաստօրէն ընթերցումի կիրքս սկսած եմ այդ օրերէն»: Մի անգամ զավեշտական, բայց և վտանգավոր մի դեպք պատահեց: Հերթական անգամ լրատվություն կարդալիս «Օսմանեան Բ Դուռ» արտահայտությունը կարդաց այսպես. «երկրորդ Դուռ», հայրը բարկացավ՝ երևի վախից: Այդ օրվանից երեխան հասկացավ, որ տվյալ դեպքում այբուբենի երկրորդ տառը ոչ թե թիվ է նշանակում, այլ «բարձր» և պետական հաստատության անվանում է:  Հայոց պատմությունը դարձավ Վազգենի մանկության «գլխաւոր կիրքերէն մէկը»: Կիրքերից մյուսը Դանիել Վարուժանի «Հեթանոս երգեր»-ն էին:

Ուղղակի հովվերգություն էր. Ռոդոսթոյում տիրող հանդարտ կյանքը, Մարմարայի անաղմուկ ալիքները, աքասիաների բույրը, գեղեցիկ, «մանիշակ հոտող» ճերմակ աղջիկները, իր մանկական, բայց արդեն տղամարդկային հետաքրքրությունը այդ աղջիկների հագուստների տակ պարփակված բարեմասնությունների նկատմամբ: Վերջապես Արուսյակը՝ նրա հետ գրկախառնվելու առաջին փորձը՝ անհաջող ավարտով. հակառակի պես, հենց այդ պահին հայտնվեց ուսուցիչը, որի «մօրուքին թելերուն մէջ...գէշ ժպիտ մը կը դողար»: Տուն սլանալով՝ Վազգենը՝ քաշված իր սենյակը, սկսեց երևակայել, թե ինչ կլիներ, եթե 3-րդ ավելորդը, չհայտնվեր. «...Արուսեակ իր փափուկ մատներով ներսի ճերմակեղէնը կը քակէր, անառակ համարձակութեամբ մը ցույց տալով իր լի ազդրերը: Կը պլլուէր մարմնիս, կը զգայի իր պզտիկ ու աղուոր որովայնին զովութիւնը ու...կ'սէր...ինչո՞ւ չես պագներ, յա...»:

Մի խոսքով՝ այս ամենը, նաև բարեկեցիկ կյանքը` չհաշված հոր խստությունը, ուղղակի հրաշալի, կատարյալ կյանքի վկայություն էին: «Ամէն ինչ կը շնչէր քաղցր ապրելու հրճուանքով մը… Երկիրը զուարթ, գիշերը թեթեւ, կեանքը երջանիկ կթուէր»: Բայց այս երջանիկ թվացող կյանքին տրված էր ժամկետ` մինչև  1915 թվականը:

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից 

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter