HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազգեն Շուշանյան. Ի՛նչ որ կը մնայ ներկայէն յիշատակներու ոսկէփոշին է… (մաս 2)

սկիզբը

Կ'ըսէին թէ՝ Տիրոջը գութն ու ողորմութիւնը մանանայի պէս կ'իջնէ բո՛լոր արարածներուն վրայ... Եղկելի ու խոշոր սուտ մըն է ատիկա...

11-12 տարեկան էր, երբ ամեն բան գլխիվայր շրջվեց: Եթե մինչ այդ տարեթիվը Վազգենի և շատ շատերի համար կար ընդամենը մեկ հասցե, և դա ծննդավայրն էր, ապա հիմա նա ստիպված էր անցնել աքսորի ճանապարհով, իսկ եթե բախտը բերեր և չսպանվեր, նաև կդառնար գաղթական: Բայց կյանքի այս նոր հանգրվանները սոսկ հասցեներ կամ փուլեր չէին, այլ ճակատագրի հարվածներ, կնիքներ, վերքեր, փոթորիկներ: 1915 թվականի սեպտեմբերին Սուրբ Խաչի տոնից 4 օր անց Շուշանյանների ընտանիքը քաղաքի մյուս հայ բնակչության պես հանկարծակի տարագրվում է Փոքր Ասիա: Նոյեմբերին Ռաճուում՝ տարագրյալի իրենց վրանում, 12-ամյա Վազգենի ձեռքերի մեջ հոգին է ավանդում հայրը` իրողությունից ապշած Գրիգոր աղան: Շուտով ընտանիքը հասնում է Հալեպ: Եվ 1916-ի մարտին մայրը, քույրը և եղբայրը հորեղբոր ընտանիքի հետ տարագրվում են Դեր էլ Զօր: Վազգենին ձեռք չեն տալիս, քանի որ այդ ժամանակ որպես աշակերտ մտած է լինում երկաթգծի արհեստանոց: Մայիսի 1-ին, անապատում հարյուր հազարավոր ուրիշների պես Նարիկ Դանիելյան-Շուշանյանը ավանդում է հոգին: Այդ մասին նամակով Վազգենին հայտնում է եղբայրը: 2 ամիս անց Վազգենը ստանում է եղբոր սպանության լուրը ու նաև մի հուսադրող տեղեկություն այն մասին, թե իբր քույրը` Մարին, որդեգրվել է մի Ադանացի մեծահարուստ հայի կողմից և ապահով է: Մինչև սեպտեմբեր ամիս Վազգենը կապրի քրոջ ողջության հույսով: Մինչև որ փախստական հայրենակիցներից կլսի հակասական լուրեր Մարիի մասին. մեկ՝ որ նա  սպանվել է Դեր էլ Զօրում, մեկ էլ, թե առևանգված է արաբների կողմից: Միայն 1917-ին իրապես կիմանա քրոջ ճակատագրի մասին: Սպանված էր անապատում:

Ես ալ այսպէս մէկն եմ․ մնայուն աղքատը...

Մեծ ոդիսականից հետո, այստեղ-այնտեղ թափառելով, ամենատարբեր սև և ծանր աշխատանքներ կատարելով՝ Հալեպի որբանոցում «...թշվառութեան, աղտին, մահուան ամէնօրեայ յայտնութիւններուն մէջէն» հանդիպել էր ՝ տիկին Արմենուհիին: Որբանոցի այս պատասխանատուն կարծես մի տարաշխարհիկ երևույթ էր այն մեծ ողբերգության մեջ, որտեղ մեծանում էր Վազգեն Շուշանյանը: Միայնակ և որբ: Հետո անվերջ երևակայում էր այս կնոջը՝ «անկողնին վրայ կիսամերկ՝ վարսերու այդ հեղեղը ճոխ կուրծքին վրայ, բերանը հաճելիօրէն բոսոր էր....Ողջ մարմինը կը յայտնէր տիրապետելու ուժգին կիրք մը ու նաեւ արհամարհանք արուներու հանդէպ»:

1918թ. հոկտեմբերի վերջին` Մուդրոսի զինադադարից օրեր առաջ, գերմանացի զինվորականները նրան բերեցին Պոլիս: Հալեպ-Պոլիս ճանապարհը անցնում էր Գոնիայով: Որբության 2-3 տարվա ընթացքին առաջին անգամ այստեղ նա հանդիպեց հարազատ մարդու` մորաքույրն էր. «Ծէ՛, մեր Օննիկն է, ինտոր իս, նայինք…»: Սրանք  ցեղասպանությունից ի վեր Վազգենի համար առաջին անգամ հնչած հոգատար խոսքերն էին: Բայց միևնույն է՝ «Մանկութեան վրայ տապանաքար էր նետուած»:

Հետո, արդեն Պոլիս հասնելով, շարունակեց բնականաբար կարեկից վերաբերմունք փնտրել այս ու այնտեղ: Պոլիսը զարմացրեց գավառական գողտրիկ քաղաքում ծնված տղային իր մեծությամբ, աղմուկով, շվայտությամբ, կանանցով, վավաշոտությամբ: Գաղթի ճանապարհ անցած որբի համար այս ամենն այնքան հրապուրիչ էր:

Քաղաքը մեկընդմիշտ մնաց նրա հիշողության մեջ, որպես առաջին մեղքի քաղաք: Պոլսում Վազգենը իջևանեց մորական տատի տանը: Հենց նրա հարևանուհին էլ՝ 2 հույն քույրերից ավագը, ստիպեց իր պատանի սրտին   զարմանքից և ուրախությունից աղմուկով բաբախել: Այդ աղջկա «ներկայութիւնը անորորշ խռովքով մը կը ցնցէր զիս: Բարձրահասակ էր ու արդէն քսանն անց, բարեձեւ ու լի մարմին մը ունէր ու դէմքի խուզարկելու եղանակ մը, որ ողնասիւնէս շիրմին զգայնութիւն մը կը վազեցնէր»:

Ահա այսպես՝ ինքնակենսագրականում Վազգենը նկարագրում է այդ հույն աղջկանից ստացած զգացողությունները: Եվ չի մոռանում խոստովանել, որ այդ աղջիկը իր մորեղբոր ընկերուհին էր, որին հաճելի էր 16-ամյա երիտասարդի հուզմունքը իր նկատմամբ, որին դուր էր գալիս ինչ-որ մի դեղնակտուցի համար ցանկալի լինելը: 1918-ի ավարտին Վազգենը Պոլսից մեկնեց Ռոդոսթո: Պատճառն անշուշտ այդ անսանձ աղջիկը չէր իր տարօրինակ ակնարկներով, և զուգահեռաբար մորեղբոր հետ տարվող ‎սիրախաղով: Պատճառը ծննդավայրը տեսնելու և նոր կյանքն այնտեղ սկսելու երազանքն էր: Տարիներ անց, արդեն Ֆրանսիայում, վերլուծելով ցեղասպանությունից հետո 1919-ին վերստին Ռոդոսթոյում հաստատված հայության հոգեբանությունը, Վ. Շուշանյանը կփաստի, թե հայերն աստիճանաբար վերադարձան քաղաք, ընդունելով կատարված իրողությունը ու նաև հոգու խորքում հաշտվելով թուրքերի հետ կողք-կողքի ապրելու հեռանկարի հետ: Դա՝ «Հաւաքական յիշողութեան բացակայութիւնն էր, մոռնալով մօտիկ անցեալը, վերադարձողները կը յուսային Թուրքիոյ սահմաններու մէջ այլեւս խաղաղութեամբ ապրիլ»: Եվ այնուամենայնիվ,  ապահովական ոչ մեկ ձեռնարկ չարին հայերը: Եվ  երկրորդ անգամ, իրենց խելքից, ընկան միևնույն ծուղակի մեջ: Ռոդոսթոյի երկրորդ անկումից հետո   Վազգենին սպասվում էին նոր փորձություններ, նոր ճանապարհներ, որոնցից մեկը բերելու էր Հայաստան: Իսկ առայժմ նա կրկին եկավ Պոլիս իր մեծ մոր տուն: Դա 1919-ի մայիսն էր: Ընդունվեց Արմաշի գյուղատնտեսական վարժարան:

SHUSHANYANI F --69 (3).jpg (584 KB)

Օ՜ փոշեթաւալ պողոտաներուն վրայ...  նո՛ր յուզումներ, հին յիշատակներ, հեռաւոր զգայութիւններ...

Պոլիսը երկու դեմք ուներ` ողբերգական և զեխական: Ամեն քայլափոխի և ամեն վայրկյան 3-4 տարվա վաղեմության դեպքերի վերհուշն էր, միևնույն ժամանակ այդ վերհուշը պճնանքի մեջ  քողարկել փորձող ներկան էր: «Բիւր ու նուրբ օրիորդներ մանր քայլերով կը սահէին քովէդ՝ եվրոպական անուշահոտութիւններով օծելով միջոցը: Քիչ մը ջղային ծեքծեքումներով կ'օրօրուէին` ջանալով նմանիլ փարիզեան քաթոլիկ պչրուհիներուն…Կ'երթայի Սուրբ Երրորդութիւն եկեղեցի, բայց քաղաքը չորս կողմէն կը կանչեր զիս: Փողոցները մեծցած տղու հոգիս էր, որ չէր ուզեր օրինաւոր ու բնական կեանքի մը վերադառնալ»: Դուրսը կանչում էր Վազգենին, և դա հասկանալի էր: Թեթևությունը այնտեղ էր` փողոցում, կանանց մեջ, սրճարաններում, ճեմուղիներում: Նրան այնքան պետք էր այդ թեթևությունը՝ այն ամենից հետո, ինչի միջով անցել էր:  «Կարելի՞ է միթէ մոռնալ Թաթավլայի (Կոստանդնուպոլսի հունական թաղամաս) յոյն աղջիկները, որ զուարթ լրբութեամբ մը կը ժպտէին...»:

Ինքն իր մեջ միաժամանակ կրում էր մորը` բարի, տաք, գեղեցիկ մորը, կրում էր հույզերը խնամքով թաքցնող սառը, խիստ հորը, շատ կարճ ապրած եղբորը և քրոջը: Մի խոսքով՝ կրում էր իր մեջ Շուշանյանների ոչնչացված ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին: Խոստովանել է. «Ապրած եմ կծկուած ինքզինքիս վրայ, ինչպես խղունջ մը իր պատեանին մէջ ու միայն արեւոտ ու լաւ օրերուն է, որ գլուխս հանած եմ դուրս»: Հիմա Պոլսում ևս նա ինքն իրեն հանում է փողոց՝  կանանց տեսքով արև գտնելու հույսով, որոնց թեկուզ ներկայությունը, նրանց կողքով անցնելը և անուշայուղի բույրն առնելը, փեշի տակից մետաքսե գուլպաների մեջ սրունքը, կամ իսլամուհիների սև ֆերաճեի տակ մեջքի սադրիչ գալարումները նշմարելը, նրա համար բացում էին երևակայելու, պատկերացնելու և հաճելիի դռները: Այստեղ Պոլսի փողոցներում Վազգեն Շուշանյանը սկսեց ոչ միայն տղամարդ դառնալ, այլև ընտիր գրող:

Ինչ շնորհ, ինչ կարօտ, ինչ դիւթանք այդ բառին մէջ իսկ․ Հայաստան

Քեմալականների ասպարեզ իջնելով, Արմաշի վարժարանը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն: Բայց Հայաստանի անկախության ամիսներ էին մնացել: Ռուս-թուրքական բարեկամության բուռն շրջանն էր: Վարժարանը գործեց Նոր Բայազետում տարուց էլ պակաս: Շուշանյանը 1921-ի մայիսին կրկին մեկնեց Պոլիս՝ իր հետ տանելով Հայաստանի անկախության կորստի վկայությունը, Փետրվարյան ապստամբության փլուզված հույսը, Դիլիջանում բոլշևիկների կողմից արգելափակված լինելու փորձառությունը: Եվ շուտով հեռացավ Ֆրանսիա՝ Մարսել, ապա՝ Փարիզ, որտեղ ուսումը և բանվորությունը հերթագայում էին միմյանց: Չնչին վարձատրությունը ինքնաշարժի Ռընո գործարանում էր, ապա Գրենոբլի տարբեր գործարաններում, Մոնրուժի մետաղագործարանում, որով պետք է հոգար աղքատիկ ապրուստը և կարողանար ուսման վարձերը տալ, նաև օգնել իր պես գաղթական ընկերներին: Վալապրի Երկրագործական վարժարանից հասավ մինչև Մամիրոլի Կաթնատնտեսական ֆրասիական վարժարան, ապա՝ Փարիզի Սորբոն:

1933-ից, կարծես, քիչ-քիչ ոտքի էր կանգնում: Անգամ նշանակվում է Ռուանի ֆրանսիական գիշերօթիկ վարժարանի տնօրինության ընդհանուր քարտուղար: Այս գործն էլ խափանվում է 2-րդ աշխարհամարտով: «Ուրիշներուն մտքի ու հոգիի հաց կը մատակարարէր, ինք առանց հանապազօրեայ հացի՝ Փլաս Սորպոնէն Պուլվառ Սէն Միշէլ վերարկուն վրան ձգած, թերթերու կամ գրքերու դէզ մը անութին տակ իր թշուառութիւնը կը պտտցնէր, քիթը վեր քաշելով ի խնդիր քանի մը տաք քրուասաններու...»,- հիշում է Մեսրոպ Գույումճեանը:

SHUSHANYANI F --69 (1).jpg (637 KB)

Արիւնս դեռ կանուխէն կը խայտար յեղափոխական ալիքներով...Մարմինս բնակարան շինեցի ընդվզումի ու ան այժմ կ'որոտայ...

Դեռ 1925-ին միացել էր ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի խմբագրությանը: Հեղափոխական, առողջ ազգային կրակով էր վառված: Եվ շուտով հիասթափություն և կառույցի լքում, «որուն մէկ զինւորը կը մնամ, գրպանս անդամատետր ըլլայ կամ ոչ»:

Մեսրոպ Գույումճեանը իր հուշերում գրում է. «Դաշնակցութիւնը քաղքենիական ճամբան բռնած էր...հանգստաւէտութիւն, confort կը փնտռէր ֆէտայիութենէն Բիւրօ հասած ընկերը: Տաք յարկաբաժին, տաք ջուր, պաղ ջուր: Վազգէն չէր հադուրժեր այս լիւքսին»:

« ...դիտած էք որ մեր ընկերները վարսերնին օծանելիքներով փայլեցուցած, լաւ հագուած, պարասրահներ կ'երթան»,- հարցնում էր Շուշանյանը: Ընկերների հետ ստանձնել էր «Մարտկոցական» շարժումը և  «Մարտկոց» թերթի հրատարակումը՝ ջանալով կուսակցական «լյուքսի» հակում ունեցող վերնախավը չշփոթել ազնիվ գաղափարական կուսակցականների հետ:

Արքայ մըն էր...

Երբ 1928թ. հունվարին Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատնից զորավար Անդրանիկի մասունքները տեղափոխվեցին Փարիզի գերեզմանատուն, Վազգեն Շուշանյանն այնտեղ էր՝ Պեր Լաշեզում: Մեծ հերոսին հրաժեշտ տալն իր պարտքն էր: Բայց այն, ինչ տեսավ այդ օրը, անհնար էր նկարագրել խոսքերով: «Ո՛վ որ հանդիսատէս եղած է Փարիզ Անդրանիկի թաղումին՝ դիւրութեամբ չի կրնար մոռնալ իր աչքերուն առջեւ այդ օրը պարզուած տեսարանը. ժողովրդին հարազատ ընդերքներէն ծնած այդ ռամիկ զօրավարը ցայժմ կիսաստուածի մը պէս կ'իշխէ հազարաւոր երիտասարդներու հոգիներուն վրայ...»:

Սիրած ու չսիրածը...

«Չափազանցուած և յանցաւոր սիրով մը սիրած եմ բոլոր գեղեցիկ բաները: ...Սիրած եմ աղջիկներ որ իմս չեղան բնաւ, մարդիկ որ զիս չսիրեցին, մանուկներ որ ուրիշինն են, սիրած եմ ամբողջ աշխարհը, մեծ ու կորստաբեր սիրով մը»: Բայց անողոք հակասերով էր լցված բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենց մտավորական էին երևակայում ՝ «...կարելի չէ առաջին հանդիպած էջ մրոտողին կամ բառ գլորողին մտաւորական շէնշող պսակ մը պարգեւել»: Մահվանից 2 ամիս առաջ գրեց իր վերջին երկար տողերը՝ «Ո՞վ է մտաւորականը» վերտառությամբ, վերջում նշելով՝ «Ահա այն դասախօսութիւնը, որ պիտի ուզէի կարդալ, եթէ դասախօս ըլլայի՝ որեւէ հայ Երկրորդական վարժարանի աշակերտներուն»:

Եվ ի՞նչ է պատասխանում ինքն իրեն տված հարցին՝ ո՞վ է մտաւորականը: Ամփոփելով՝ այն մեկը, «...ով ընդունակ է իր անձնական պզտիկ շահերը վտանգի տակ դնել՝ պաշտպանելու համար իր գաղափարները... որ իր էութեան է՛ն նուրբ թելերով կը պատկանի ազգային հաւաքականութեան մը ու կ'արտայայտէ զայն, անոր մարդկային լինելիութեամբ»:

Յաճախ կշտացած եմ բառերու հացով ու արբած գաղափարներու գինիով...

Ցեղասպանությունից հետո հայկական  սփյուռք ձևավորող  գրագետ «Փարիզի տղոցմէ» մեկն էր և լավագույններից մեկը: Փարիզի տղաքը՝ հավաքական մենքը, կարիք ուներ շարժում հաղորդելու ոչ միայն ընդարմացած օրերին, այլև՝ գրականությանը: Ծնվեց «Մենք»-ի շարժումը իր գրական հանդեսով: Հայրենիքը և հարազատներին կարոտող ջահելները օտար, վտանգավոր, կորչելու, ուծացվելու համար պարարտ ֆրանսիաներում և այլուր ի՞նչ գրականություն պիտի ստեղծեին՝ չարաբաստիկ անցյալի մոռացումի, թե անցյալի վերարժևորումի:

Վազգեն Շուշանյանը «Մենք»-ի սյուներից մեկն էր, Շահնուրի հետ, Շահնուրի պես և Շահնուրից տարբեր: Գաղափարական և գեղագիտական բախումներն անպակաս էին սփյուռքահայ գրականություն ստեղծողների միջև: Եվ Շուշանյանը դրանց կիզակետում էր՝ երբեմն անարդար, երբեմն ջղային, երբեմն՝ չափն անցած... Իր բախումների նյութերի շուրջ կարելի է վիճել, իր գրչընկերների վրա հարձակումները կարելի է արդարացնել կամ մերժել, բայց ի՛ր լեզուն, ի՛ր հայերենը անսակարկելի է և բացառիկ:

«Հայո՜ց լեզու, որքա՜ն կը սիրեմ քեզ: Ո՛չ մէկ աղջիկ երկրի վրայ կրնայ պարծենալ, թէ այդքան խանդաղատանք, այդքան գորով, այդքան աղապատանք ստացած է ինձմէ: Հաւատարմութիւնը, որ կը զգամ քեզի հանդէպ` աւելի՛ զօրաւոր է, քան մեր այս եղկելի կեանքը: Կ'ուզէի քեզ սորվիլ մինչեւ վերջին վայրկեանը, քու յետին շեշտերդ ու քու յետին բառերդ: Քու ներքին երաժշտութիւնդ ու քու գծած ճամբադ` պատմութեան մէջ: Դուն, որ մեր աղօթքն ես ու մեր հաճոյքը, հայո՜ց լեզու, կը սիրե՛մ քեզ»:

Հայերենի սերը նրան փոխանցել էր «Ս. դեմոկրատ հնչակեան» օրիորդ Նունիկ Տեր-Ղևոնդյանը՝ դպրոցի իր, զարմանալիորեն, ֆրանսերենի առաջին ուսուցչուհին, որին չարուկ տղաները «Գրաբառ մատմազէլ» էին կոչում: «Ի՜նչ քաղցր էին անոր շրթներուն վրայ հայ լեզուին բառերը...»:

Շարունակելի...

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter