HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազգեն Շուշանյան. Ի՛նչ որ կը մնայ ներկայէն յիշատակներու ոսկէփոշին է… (մաս 3)

Սկիզբը

Ձաւարէ փիլաւի քէֆը

1939-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Վազգեն Շուշանյանը Մարսելում էր իր լավ ընկերների շրջապատում: «Խնդրանք մը ունիմ, ձեզմէ մէկը կրնա՞յ ձաւարով փիլաւ մը եփել, տարիներէ ի վեր կարօտցեր եմ...Մա՜յրս...»: Պարզվեց, որ Կարո Փոլատյանը այդ գործի վարպետն է: «Ո՛չ մէկ ուրիշ բան, խոշոր կաթսայ մը փիլաւ, գինի: Հա՜, կանաչ սոխն ալ ինձմէ»: Վեց ընկերներով պիտի ճաշակեին փիլաւը: Մեկը գինի էր բերել, մեկը՝ ձմերուկ, մյուսը՝ բուլղարական ճերմակ պանիր, ինքը՝ կանաչ սոխ, հացը «առնուած էր կողքի փուռէն, որ Հայկ Սերինկիւլեանին կը պատկանէր: Ոսկէգոյն, կարկանդակէ մը աւելի համով: Ֆրանսայի հա՜ցը...»: Գրող Փոլատյանը՝ օրվա chef-ը, հետո խոստովանել է՝ «կաթսային մէջ իրականութեան մէջ դրած էի մէկ քիօ գառնուկի փափուկ միս՝ պզտիկ, թռչունի մը գլուխին մեծութեամբ ջարդուած, խոշոր լոլիկ մը, քանի մը գլուխ սոխ, քանի մը հատ ալ կծու պիպէռ: Զանոնք աղւոր մը տապկելէ ետք, լեցուցած էի հոն մէկ քիլօ ձաւար, աղ, սեւ պիպէռ եւ հարկ եղածին չափ ջուր»: Անշուշտ դրած էր նաև իր վարպետությունը և սիրտը:

Շուշանյանը թամադան էր: «Ոչ միայն թամատա, այլեւ՝ ամէն բան՝ կ'երգէր, կը պատմէր, կ'արտասանէր: Ուրախութեան չափ չկար: Ու մենք հինգս շատ աւելի ուրախ՝ մեր թանկագին ընկերոջ ուրախութենէն: ...«Տէրտէրն ունէր մի երէցկին»՝ ինքը կ'երգէր երգը ու մենք կ'ընկերանայինք իրեն...»:

Հրաժեշտից առաջ ասաց՝ «....կարօտս առի, հայութեան կարօտս»:

Ի սեր Ֆրանսիայի

Ուզում էր արձանագրվել ռազմաճակատ մեկնելու համար: Համոզում էր նաև ընկերներին՝ «Տա՛լ ինչ որ կը պարտինք այս երկրին, ուր ազատութեամբ շնչել ու ազատութեամբ կեանքը սիրել սորվեցանք,- տա՜լ, եթէ հարկ ըլլայ, ինչ որ մեր միակ հարստութիւնն է այժմ,- մեր կեանքը»: Ընկերներն էլ իրենց հերթին համոզում էին Վազգենին՝ հրաժարվելու այդ մտքից: Մանավանդ՝ առողջությունն էլ մի բան չէր:

Հակառակ հոգիիս ամբողջ երիտասարդութեան, մարմինս ծեր է, հինցած, մաշած...

Շուշանյանը երբեք էլ չի սիրել իր մարմինը. «...հաստ է, լայն, հասակս գրեթէ կարճ: Մսագործի ու մանր քաղքենիի, խանութպանի...մարմին մըն է...»: Ֆիզիկական բարդույթից, սպանված ընտանիքի կարոտից, միայնությունից իրեն շատ անօգնական էր զգում: Սփոփանքը պատահական կանայք էին՝ մի լեհուհի, մի հույն աղջիկ, մի հայ աղջիկ, թեթև ֆրանսուհիներ, որոնք, խառնիխուռն կրքեր արթնացնելով, հայտնվում էին գաղթական երիտասարդի՝ ինչպես իրենք էին կոչում ՝ Վանիի գրկում: Ոչինչ ավելին... Այսպես էր անցնում ամուրիի կյանքը, երբեմն՝ անգիտակցորեն փնտրելով մայրական, քրոջական հոգատարություն և ապավեն: Այդ վաղանցուկ սիրահետություններից ոչինչ չէր մնացել: Քամու բերած աղջիկները քամիով էլ քշվել էին:

Շուշանյանը հիմա կամաց-կամաց մարում էր: Իրենից հետո թողնելու էր հրաշալի գրականություն, որ, իրապես կարող էր թողնել համայն մարդկությանը, եթե բախտ ունենար թարգմանվելու: Թողնելու էր նաև խոհերով և պատգամներով իր Օրագիրը, կամ Անկարելի Օրագիրը, որ, ըստ իրեն, նշանակում էր «...անկեղծօրէն եւ առանց ճշմարտութիւնը ծածկելու հաշիվ տալ ինքզինքիդ...», որ ապրած օրերի, կատարած գործերի և զգացածի մի տեսակ «հաշվեփակն» էր: Եվ վերջապես միջոց էր՝ «Քեզ տեսնել մերկ՝ մեռելի մը պէս, ամբողջ արատներովդ, տկարութիւններովդ, արդարացումներովդ»: ...Սկզբում վարանում էր սկսել. «Ամէնէն շիտակ ու մաքուր կեանքին մէջ իսկ մութ կէտեր կան: Բաներ կան, որոնց մասին պէտք չէ բարձրաձայն խօսիլ»: Բայց թերևս՝ «Նախ՝ կը վախնայի թէ՝ փոխանակ օրագիր բռնելու՝ գրականութիւն կ՛ընեմ...»: Եվ իրոք՝ Շուշանյանի այդ տետրակներն ընթերցվում են գեղեցիկ գրականության պես: Ասում են, իբր խնդրել էր Օրագիրը լույս աշխարհ հանել միայն իր մահից 20 տարի անց: Բայց հեղինակի այս ցանկությունը չի հարգվել և հատվածաբար որոշ գրառումներ տպագրվել են մամուլում ավելի վաղ:

Հիվանդանոցը

Աքսորական կյանքի 4 տարին, գործարանային ծանր աշխատանքը, թերսնումը, կարոտը հայրենիքի, հարազատների և «աղքատին հաճոյքը», ինչպես ինքն էր կոչում ծխախոտը, հանգիստ արել էին իրենց սև գործը: Ծխում էր միայն «Boyard ֆրանսիական ամէնէն հաստ եւ ամէնէն զօրաւոր սիկարէթները»,- գրում է Կարո Փոլատյանը իր հուշերում:

Սկսել էր դժվար շնչել: Ջերմությունը 39-40-ից չէր իջնում: Հիվանդանոցի գաղափարից սարսափում էր՝ «գերեզման է հիւանդանոցը» պնդելով: Բայց արդեն ուրիշ ելք չուներ: Տարան Փարիզի Cochin հիվանդանոց: Պատգարակով փոխադրեցին լուսավոր և մեծ մի հիվանդասենյակ: Թիվ 1 մահճակալն իրենն էր: Եւս մոտ 40 հիվանդ կար նույն սենյակում: Շոյված էր բժշկուհու և հիվանդապահուհու վերաբերմունքից: Բնածին կարմիր այտերը ավելի կարմրած էին:

-Բնաւ հիւանդի երեւոյթ չունիս...,- իբր հուսադրելու համար, մի օր ասաց այցելած ընկերը:

-Այո,- պատասխանեց,- դագաղիս վրայ ալ դէմքս ու ձեռքերս այսպէս կարմիր պիտի ըլլան:

Այդ օրը, ցավոք չուշացավ: 1941թ. հունիս 2-ին՝ առավոտյան 10:45-ին գնաց: Գնաց օտարության մեջ, թեև, թե՛ իր, թե՛ հայրենազրկված հայության համար մտածում էր կամ հույս ուներ, թե «....Պանդխտութիւններ կան, որ պիտի վերջանան: Օր մը պիտի վերադառնանք երկիր ու ապրիլին, Հայոց անտառներուն մէջ, Լուսաւորչի աջը մեզ պիտի առաջնորդէ ու ձիւնին տակէ սրսփացող մանիշակներ պիտի հաւաքենք»:

Շուշանյանի այս անկատար երազանքի և սպասումի մասին մահվան օրը, հիվանդասենյակի թիվ 1 մահճակալի մոտ կանգնած՝ հիշեց իր լավ բարեկամ, գրող Լևոն Մոզյանը:

«...կեանքի մէջ չուզեցիր արմունկներով աջն ու ձախը հրմշտել, ճամբայ մը բանալու համար քեզի... չպզտիկցար բնաւ մանր ու ճղճիմ  հաշիւներով, ու մինչեւ վերջին վայրկեանդ հպարտ էիր ու խղճով ալ հանդարտ, որովհետեւ պարտական չմնացիր ոչ ոքի: Ընդհակառակը, կեանքը, մեր խեղճուկրակ կեանքն է որ պարտական մնաց քեզի:...Առանց երկիր երթալու, օտար հողի վրայ պիտի աւանդէիր վերջին շունչդ,- ահա թէ ինչ էր քու սարսափդ: Ու աչքերդ բաց գացիր...»:

SHUSHANYANI F --69 (4).jpg (1.15 MB)

 Ծոցատետրը

Երբ  գործազուրկ էր և ծայրաստիճան աղքատ, ընկերները օգնեցին: Փոքրիկ գրքույկի մեջ սյունակ-սյունակ գրեց նրանց անունները՝ Հայկ Սերէնկիւլեան, Սիսակ Սիսլեան, Յակոբ Մալաքեան՝ Անրի Վերնոյի հայրը և էլի ուրիշներ, ապա՝ նվիրատվության չափը... իսկ հետո, թեև այդպիսի պայման չէր դրված, առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձրեց գումարը, թեթևացած հոգով՝ նոր սյունակ ավելացնելով և նշում անելով գրքույկի մեջ մարած պարտքի մասին: Այն այդպես էլ մնաց ծոցագրպանում: «Հիվանդանոցին մէջ, գրպանէն գտնուեցաւ խնամքով պահուած, կոկիկ ու մաքուր փոքրիկ տետրակ մը...»,- վկայում է Լևոն Չորմիսյանը՝ պատմագետ:

Ժառանգությունը՝ իր պես գաղթական

1940-ի սեպտեմբեր 5-ին Վազգենը գրեց 7 որոշում-սկզբունք՝ մի տեսակ «կտակ» իր ապրելիք տարիների համար: Նվիրեց այն  նահատակ մորը՝ «Վասն ոսկերաց մօրս ու բանին Յաւերժական» վերտառութեամբ: Վերջին տողը հետևյալն է՝ «Վերադառնալ հայ միջաւայրին»: Իսկ իր բուն կտա՞կը: Վերջապես այն եղե՞լ է, թե՞ հորինված է:

Ոմանք իր շրջապատից պնդում էին, թե կտակ ունի, բայց ոչ ոք այն չէր տեսել, միայն բանավոր պատմում էին դրա բովանդակության մասին: Մյուսները հերքում էին կտակի առկայության հանգամանքը՝ ապացույցի բացակայությամբ պայմանավորված:

Երևանի Գրականության և արվեստի թանգարանում Վազգեն Շուշանյանի թղթածրարներում, ի թիվս այլ նյութերի և ձեռագրերի, առկա է գրողի՝ 1935թ. դեկտեմբերի 4-ի նամակը Վիեննայի Մխիթարյան Միաբանության գերաշնորհ աբբահորը: Շուշանյանը գրում է, թէ գաղթահայ կյանքի պայմաններից ելնելով՝ ստիպված կարող է անորոշ ժամանակով բացակայել Ֆրանսիայից, ուստի խնդրում է աբբահորը թույլատրել իր «շուրջ 2500 էջ անտիպ ձեռագրերը, 20-ի չափ կազմուած տետրերը» և այլն, արկղով ի պահ հանձնել Միաբանությանը: Իհարկե, նաև փոխանցելով կողպենքի բանալիի 1 օրինակ: «Անշուշտ պիտի փափաքիմ, որ բացի Ձեզմէ ոչ ոք իրաւունք ունենայ թղթատելու զանոնք»: Հետագա նամակագրությունից հայտնի է դառնում, ով աբբահայրը սիրահոժար ընդառաջում է Շուշանյանի խնդրանքին և ժամանակ առ ժամանակ էլ արկղից որոշ ձեռագրեր՝ հեղինակի խնդրանքով, ուղարկում է հետ իրեն:

Ամեն բան ընթանում էր ըստ պայմանավորվածության, քանի դեռ Վ. Շուշանյանը ողջ էր: 1960-ի փետրվար 22-ին Մկրտիչ Երիցյանցին գրած նամակում Մխիթարյան Ուխտի աբբահայր գերաշնորհ հայր Մեսրոպ Հապոզեանը հայտնում է, թե, իրենց պայմանավորվածության համաձայն, հրատարակիչ Փարամազ Տոնիկյանին են հանձնվել Միաբանությանը ի պահ տրված Շուշանյանի թղթերը, որոնք տեղափոխվել են Բեյրութ:

«...մաքուր սնտուկներով իրեն վստահուածը յանձնեց առաջին հանդիպողին: Ցրվեցան իր ձեռագրերը աջ ու ձախ: Հակառակ իր կտակին՝ իր օրագիրները արժանացան նոյն չար բախտին»: Զայրանում է Վազգենի լավ բարեկամ Կարո Փոլատյանը:

Կարծես Շուշանյանի գրավոր ժառանգությունը կրկնեց աքսորականի և գաղթականի իր իսկ ճակատագիրը: 1962-69թթ. Վազգեն Շուշանյանի դիվանից մի մաս հասնում է Երևան և ապահով պահվում Գրականության և արվեստի թանգարանում:

Փարիզի Bagneux-ն. Օսկար Ուայդին «չհանդիպեց»

Վազգեն Շուշանյանին հուղակավորեցին Փարիզի Բանյո արվարձանի գերեզմանատանը: Մոտ 21 տարի առաջ Օսկար Ուայլդին այդտեղից արդեն տեղափոխել էին Պեր Լաշեզ: Տարիներ անց էլ ի՛ր աճյունը հանեցին գերեզմանից, բայց ոչ թե պանթեոն տեղափոխելու համար, այլ նետելու հասարակական մի ընդհանուր փոսի մեջ՝ «Իր բարեկամներուն գձուձ հաշիւներուն հետևանքով....», ինչպես հետագայում գրում է խմբագիր Պողոս Սնապյանը: Բանն այն է, որ Ֆրանսիայում շիրիմների համար վճար էր նախատեսված: Արդեն հասկանալի է, թե ինչ նկատի ունի Պ. Սնապեանը: Մարսելի իր ընկերները շատ վրդովված էին. Ո՞ւր էին Փարիզի հայկական կառույցները , որպեսզի հետապնդեին այս հարցը: Եվ իհարկե ափսոսում էին, որ 1939-ի աշնանը, երբ Մարսելում էր և լավ տրամադրությամբ, ձաւարէ փիլաւի արարողությունից հետո էլ ասել էր «....կարօտս առի, հայութեան կարօտս», թողեցին վերադառնա Փարիզ՝ իր մենությանը: Եթե մնար Մարսիլիայում, ծովի օդը կնպաստեր թոքերի հիվանդության մեղմմանը: Իսկ, եթե այնուամենայնիվ մահանար, կթաղվեր Սուրբ Պետրոս գերեզմանատանը՝ Մկրտիչ Փորթուգալյանի, Միքայել Վարանդյանի կողքին, տարիներ անց էլ իրենց կմիանար Շավարշ Նարդունին: Հայ Մարսելը կհոգար, որ գերեզմանը լիներ խնամված և այցելելի:

Վերջաբան

Բանաստեղծ Վահրամ Թաթուլը իր մահախոսականում հույս է հայտնել, թե՝ «Ներկայ համատարած եսասիրութեան օրերուն՝ երբ մարդկային կեանքը շատ աւելի աժան դարձած է, քան մսացու կենդանիի մը կեանքը...» երիտասարդությունը «լքումի» չի մատնի Վազգեն Շուշանյանի հիշատակը: Բայց մի՞թե «լքումի» չէ մատնված գրողի հիշատակն այսօր...

Իսկ ո՛րն էր հենց Վ. Շուշանյանի առաջնային ցանկությունը և սպասումը՝ ցեղասպանությունը վերապրած հայրենակիցներից.

«Ես կ՛ուզեմ, որ ապրի հայոց ժողովուրդը»: «...Կը հաւատամ, գիտէ՞ք, թափուած, առատօրէն հոսած արիւններու: Անոնց ջերմութեան, ազնութեան, օգուտին: Կը հաւատամ մեր արեան, Հայոց արեան, որ որոշ ժամերու երակներուս մէջ կը փրփրի, կ'ուռի, կ'ալեկոծի կարծես: Մանուկներու, ծերերու, աշխատաւոր մարդոց սուրբ արիւնին: Գինովցէք ասկէ, կխոսէր կապոյտ աչքերով Նազովրեցին, ա՛յս է իմ արիւնս...Ես կը հաւատամ թափուած բոլոր արիւններուն բարութեանը, բայց նաեւ անոնց քինախնդրութեանը: Ես կը սպասեմ այդ քինախնդրութեան ժամուն»:

Պատգամը՝ Չկորսնցնել ապրելու հրճուանքը, այս գէշ օրերուն….

«Կ'անցնին բոլոր փոթորիկներն ու բոլոր ահագնադղորդ պատերազմները, կ'անցնին բոլոր հորդաներն ու բոլոր բարբարոսները, կ'անցնին բոլոր հերետիկոսներն ու բոլոր պզտիկ պարոնները` իրենց սուտ իմաստութեամբ: Հայոց Ազգ, քայլերդ դուրս մի՛ նետեր այս աւանդակներէն, այս ծործորներէն ու այս խոպան հողերէն: Եթէ նոյնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել, մագիլներովդ ճանկէ արդարութիւնդ, եթէ նոյնիսկ ստիպուած ըլլաս անգամ մը եւս ողնայարդ ծռել, ողջ հասակովդ ինկիր մեր կարմիր հողերուն վրայ: Աւելի լաւ է սողալ այստեղ՝ քան թէ գլուխ ցցել ուրիշին սահմաններուն վրայ: Ո՛չ մէկ նոր ելք այլեւս այս հողերէն: Ճակատագիրդ հոս է, եւ սրբութիւնդ` հոս, վասնզի հոսկէ է միայն, որ վաղը բոլոր փառքերը կրնան արթննալ, եւ բոլոր ցորենները բարձրանալ գեղուղէշ, բոլոր ակօսներէն...»:

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter