
Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պարագայում. Հաքան Ֆիդան
Թուրքիայի Հանրապետությունը կարող է բացել հարևան Հայաստանի հետ սահմանը այդ երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը, եթե այն (հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հեղ․)դրական ավարտվի, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել սահմանին մեր դարպասները»,- թուրքական Sabah պարբերականին հայտարարել է թուրք նախարարը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 30-ին հանդիպել էին երկու երկրների սահմանին՝ դրա արդյունքներով հաստատելով առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու մտադրությունը:
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել