HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հանիայի սպանությունից հետո ԵՄ-ն և ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի հարցով հրատապ բանակցություններ են վարել

Եվրոպացի և ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման թեմայով շտապ բանակցություններ են վարել՝ Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Բանակցությունների նպատակը տարածաշրջանում լայնածավալ պատերազմից խուսափելն է։

Պարբերականի տվյալներով՝ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան «կենսական կարևորության» բանակցություններ է անցկացրել Թեհրանում, իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրգը, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համար, բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես պարբերականին անանունության պայմանով հայտնել են պաշտոնյաները, բանակցությունների նպատակն էր Իրանին համոզել կա՛մ չպատասխանել այս հարձակմանը, որի համար Թեհրանը մեղադրում է Իսրայելին, կա՛մ սահմանափակվել խորհրդանշական գործողություններով: «Երեկ գիշերվանից բոլորը ճնշում են գործադրում Թեհրանի վրա, որպեսզի նա չարձագանքի և զուսպ լինի իր գործողություններում»,- պարբերականին հայտնել է արևմտյան դիվանագետներից մեկը, որը ներգրավված է եղել բանակցային գործընթացում։ 

Ավելի վաղ գրել էինք, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Հանիայի սպանության: The New York Times-ը, հղում անելով իրանցի երեք պաշտոնյաների, որոնք տեղյակ են հրամանի մասին, գրել էր, որ հրամանը տրվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ նիստի ժամանակ, որը կայացել էր հուլիսի 31-ի առավոտյան։

Թե կոնկրետ ինչ բնույթի հարձակման մասին է խոսքը, և որքանով մասշտաբային, դեռ պարզ չէ։ 

Իսմայիլ Հանիան սպանվել էր Թեհրանում, որտեղ մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: ՀԱՄԱՍ-ը սպանության պատասխանատու է հայտարարել Իսրայելին, իսկ այդ երկրի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել Հանիայի սպանությանն իրենց մասնակցությունը։ 

Լուսանկարը՝ Associated Press/Virginia Mayo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter