Իրանում Հանիայի սպանության գործով ձերբակալվել է ավելի քան 20 մարդ
Իրանում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության գործով: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածների թվում կան հետախուզության բարձրաստիճան սպաներ և զինվորական պաշտոնյաներ։ Նշվում է, որ իրանական հատուկ ծառայությունները կարծում են, որ Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի գործակալները դեռևս գտնվում են Իրանի տարածքում:
Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիան սպանվել էր հուլիսի 31-ին Թեհրանում, որտեղ մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Ամերիկյան The New York Times պարբերականը օգոստոսի 2-ին հայտնել էր, որ Իսմայիլ Հանիան սպանվել էր ռումբի պայթյունի հետևանքով, որը մոտ երկու ամիս առաջ էր արդեն տեղադրվել այդ հյուրատանը։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի սպանության պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա։ Հրեական պետության իշխանություններն այս գործողությունը չեն մեկնաբանել։ The New York Times-ը փոխանցել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանձնարարել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին։
Լուսանկարը՝ West Asia News Agency / Reuters / Scanpix / LETA
Մեկնաբանել