HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Վարորդն է գողացել». հողում թաղված, ապա պահեստ հասած թռչնամսի մասին ասում է հիմնադիրը

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերության հիմնադիր, տնօրեն Մարտիկ (Արթուր) Անդրասյանը պնդում է, որ օրեր առաջ թաղված թռչնամիսը հողի տակից հանել է իրենց ընկերության վարորդը։ Ըստ նրա՝ վարորդն ինքնուրույն է որոշել 1.7 տոննա թռչնամիսը հողից հանել և պահեստ տեղափոխել:  

Թռչնամիսն, ըստ Մարտիկ Անդրասյանի, վարորդը շներին կերակրելու համար է գողացել։ Ընկերությունը վարորդի դեմ հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Վերջինս, ըստ Դավթյանի, երկու օրով ձերբակալվել է, քանի որ մեղքն ընդունել է, գողոնը՝ վերադարձրել։

Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն և տեսանյութ տարածեց, ըստ որի՝ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի աշխատակիցները հողից հանել են օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիսը և տարել ընկերության պահեստ։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) եզրակացության՝ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության ներմուծած 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի միսը եղել է օգտագործման համար ոչ պիտանի։ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների (ՊԵԿ) մասնակցությամբ այն ոչնչացվել է՝ թաղել են Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում։ 

Սակայն նույն օրը, ըստ ՊԵԿ-ի, պարզվել է, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով հողի տակից հանել թաղված թռչնամիսն ու տեղափոխել իրենց ընկերության տարածք։ Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ 

Թռչնամիսը ներմուծվել է Բրազիլիայից։ Ապրանքում, ըստ ընկերության ստացած եզրակացության, ՍԱՏՄ-ն հայտնաբերել է լիստերիա բակտերիա։ Այն կարող է առաջացնել լիստերիոզ հիվանդություն։ 

«Հետքի» հետ զրույցում «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի իրավաբան Բաբկեն Դավթյանը նշում է, որ թռչնամսի թաղման գործընթացը սկսվել է հուլիսի 30-ին՝ առավոտյան մոտ ժամը 9:00-ից: Թռչնամսով բեռնված մեքենաները ընկերության տարածքից դուրս են եկել Մաքսային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ և ճանապարհվել Կոտայքի մարզի Ակունք համայնքի աղբավայր։ 

«Եթե ճիշտ եմ հիշում՝ երեք մեքենա է եղել։ Մեքենաներից մեկի՝ «Զիլ»-ի վարորդը ճանապարհին հաջողացրել, հետ է ընկել։ Իր ներկայացնելով՝ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի ասֆալտային գոտուց, թռչնամսի մի մասը դատարկել է։ Ներկայացնում է, որ իր շան համար է դատարկել, և մեքենայում թողել է դատարկ արկղերը։ Այսինքն՝ մինչև թաղելն է դատարկել որոշ քանակություն։ Ինքն ասում է, որ աղբավայրի մոտակայքում է եղել»,- նշում է իրավաբանը։ 

Ըստ նրա՝ նշված մեքենան ուշ է հասել թռչնամսի ոչնչացման վայր։ Մաքսայինի աշխատակիցները նկատել են, որ «Զիլ»-ում գտնվող արկղերը դատարկ են։ Այդ մեքենան փակել են, հետ են ուղարկել և կասեցրել այդ մեքենայում գտնվող թռչնամսի ոչնչացման գործընթացը։ Դավթյանը շեշտում է, որ խոսքը ոչ թե ամբողջ խմբաքանակի մասին է, այլ՝ միայն մոտ 1.7 տոննայի (1680 կգ): 

«Ընկերության հիմնադիրը վարորդին ուղարկել է գողացված ապրանքը հետ բերելու։ Մեր մոտ կասկածներ կային, և անմիջապես Ոստիկանություն հաղորդում ենք ներկայացրել վարորդի կատարած գողության վերաբերյալ։ 

Նա այդ ապրանքները նորից բարձել է մեքենան և հետ է բերել ընկերության պահեստ։ Իրեն տրվել են այլ արկղեր, ու դատարկել է այդ արկղերում։ Պահեստը փակվել է, ու նրանք բոլորը գնացել են տուն։ Նույն օրը երեկոյան ՊԵԿ աշխատակիցները եկել են պահեստներ և ստուգումներ իրականացրել բոլոր պահեստներում։ Բոլորում ամեն ինչ մաքուր է եղել։ Վերջին պահեստում եղել է վարորդի գողացած թռչնամիսը»,- ասում է Բաբկեն Դավթյանը։

Աշխատակցի անունը Դավթյանը չի հայտնում՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ, և մինչև գործի ավարտը նպատակահարմար չի համարում հայտարարել։

Ինչու՞ էր ընկերության հիմնադիրը՝ Մարտիկ (Արթուր) Անդրասյանը, վարորդին ուղղորդել  աղբավայրի մոտ դատարկած թռչնամիսը նորից ընկերության տարածք բերել և ինչու՞ է թույլ տվել պահեստում տեղավորել այն։ Արդյոք պահեստում այլ մթերքների համար վնասակար չէ՞ր այն։

Այս հարցերին ի պատասխան՝ Բաբկեն Դավթյանը նշում է, որ եթե ապրանքը մնար դրսում, գուցե իրավապահների հետ ավելի մեծ խնդիրներ ունենային։ Իսկ ընկերության տարածքում դրսում թողնելով՝ ապրանքը կարող էր հալվել, հոտը՝ տարածվել, քանի որ սառեցված էր։

«Մենք չգիտեինք, թե ինչ էր լինելու հաջորդ օրը՝ գալու էին տանելու ոչնչացմա՞ն, թե՞ ոչ։ Տոպրակների մեջ, հերմետիկ փակ էր թռչնամիսը։ Եթե նույնիսկ այդ մսամթերքը փչացած լիներ, չէր կարող այլ մթերքների վարակել»,- ասում է ընկերության իրավաբանը։

«Ինչու՞ մինչև պահեստում տեղավորելը ընկերության հիմնադիրը կամ իրավաբանը չեն զգուշացրել ՊԵԿ աշխատակիցներին»,-հարցին Դավթյանը պատասխանում է, որ արդեն ուշ ժամ է եղել, այդ ժամին զանգել չէին կարող։ 

Ըստ նրա՝ ՊԵԿ-ի տեսանյութում երևացող փոսերը նախատեսված չեն եղել միայն 13.5 տոննայի համար, այլ՝ 48 տոննայի։ Բացի նշված 13.5 տոննա խմբաքանակը, այլ խմբաքանակ ևս պետք է ոչնչացվեր։ Դավթյանի խոսքով՝ երկու տարբեր ապրանքներ են եղել։ ՊԵԿ-ի նշած խմբաքանակում փաթեթավորված էին հավի թևեր, ոչ թե՝ ամբողջական հավեր։ 

«Այդ փոսում, որը իրենք նկարել են և ցույց են տալիս, թե դատարկ է, պետք է դատարկվեր 48 տոննա, ոչ թե՝ 13.5 տոննա, ինչպես նշված է նյութում։ Նախ՝ այդ խմբաքանակը 14.4 տոննա էր, ոչ թե՝ 13.5, ինչպես նշված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։ ՊԵԿ-ի փոխարեն չեմ կարող ասել, թե ինչու են 13.5 տոննա նշել։ Դատարակ մասում պետք է դեռ ապրանք լցվեր։ Հիմա իրենք այդ դատարկ փոսը ներկայացնում են, իբրև թե, լցվել ու դատարկվել է, բայց այդ փոսը դատարկ է եղել, նոր պետք է լցվեր։ Եթե ինչ-որ մեկը դա նույնիսկ արել է, դա հաստատ մեր ընկերության կողմից չի արվել»,- նշում է Դավթյանը։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ ընկերությունը կարող է օգտագործման համար ոչ պիտանի ապրանքը հետ ուղարկել և ոչ թե՝ ոչնչացնել։ Ինչու՞ ընկերությունը հետ չի ուղարկել ապրանքը։ 

Իրավաբան Բաբկեն Դավթյանը նշում է, որ տնտեսվարողը, որը մատակարարել է թռչնամիսը, հետ չի ընդունում ապրանքը։ 

Ինչու՞ մատակարարը հետ չի ընդունում, եթե թռչնամսի մեջ հայտնաբերվել է լիստերիա, որը լուրջ հիվանդության պատճառ կարող է դառնալ՝ հայտնի չէ։ Դավթյանը միայն նշում է, որ բրազիլական ընկերության չափանիշներն այլ են։

Ընկերության հիմնադիր Մարտիկ (Արթուր) Անդրասյանը «Հետքին» ասաց, որ ՊԵԿ-ի տարածած տեսանյութից հետո ընկերության անունից գրություն են ուղարկել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքների և ՊԵԿ-ի տարածած կադրերի վրա։ 

Մարտիկ (Արթուր) Անդրասյանը կարծում է, որ թռչնամսի այս պատմությամբ փորձ է արվում իր գործարար համբավը զրոյացնել։ «Հայաստանում բիզնեսները պաշտպանված չեն»,- ասում է նա՝ հավելելով, որ ինքը գործարարությամբ է զբաղվում նաև Ռուսաստանում և Վրաստանում։ 

Ո՞վ է ճիշտ, ո՞վ մեղավոր, ինչպե՞ս է իրականում տեղի ունեցել թռչնամսի այս պատմությունը՝ փորձում է պարզել ՀՀ քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշեց, որ առայժմ թեմայի վերաբերյալ նորություն հայտնել չի կարող։ Երբ իրավական գնահատական տրվի, Կոմիտեն կհայտնի մանրամասները։ 

Գործն իրավապահներին փոխանցելուց հետո ՍԱՏՄ-ն ու ՊԵԿ-ը դեպքի մասին մանրամասներ չեն հայտնում։

Հիշեցնենք, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը գրանցվել է 1995 թվականին։ Սկզբում այն կոչվել է «Աստղիկ-95», 2000 թվականին անվանափոխվել է։ Գործունեություն է իրականացնում Կոտայքի մարզում։ 

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ն զբաղվում է ոչ միայն թռչնամսի ներմուծմամբ և առևտրով, այլև՝ ձեթի, ձավարեղենի, խտացրած կաթի, մսի, շոկոլադի, խաղալիքների, հիգիենիկ տակդիրների ներմուծմամբ։

Դեռևս 2012 թվականին «Հետք»-ը գրել է, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ն զբաղվում է գոմեշի մսի ներկրմամբ, և ընկերության անունը կապվել է բանակում հայտնաբերված գոմեշի մսի աղմկահարույց պատմության հետ։

Ընկերությունը պատկանում է գործարար Մարտիկ (Արթուր) Անդրասյանին, որպես սեփականատերեր գրանցված են նաեւ նրա զավակները։ Գործարարի անձնագրային անունը Մարտիկ է, սակայն նրան ճանաչում են որպես Արթուր։ Լինելով «Օրիգինալ» սուրճի արտադրամասի սեփականատերը՝ գործարարը հայտնի է «Կոֆեի Արթուր», «Օրիգինիալի Արթուր» անուններով։ Նրա ընտանիքին են պատկանում Աբովյանում գործող «Օրիգինիալ» սուպերմարկետների ցանցը, նույնանուն ռեստորանը Կաթնաղբյուրում, Աբովյանում գործող «Օրիգինալ ֆուդ» (Original Food) ճաշարանը, Ինտերնետի և TV-ի մատակարար «Արմքոմ» ընկերությունը և այլն։ 

Գլխավոր լուսանկարում՝ Մարտիկ (Արթուր) Անդրասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter