HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ովքե՞ր են ԱՕԿՍ-ի շենքի վարձակալները

ԱՕԿՍ-ի շենքը վարձակալել են գործարար եղբայրներ Հայկ եւ Ղուկաս Խաչատրյանները:

Հիշեցնենք, որ Կառավարությունն այս տարվա հունիսի 6-ին որոշել էր 10 տարով վարձակալության հանձնել Աբովյան 3 հասցեի շենքի (ԱՕԿՍ) 651,6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը: Պետությանը վերադարձված շենքն ու դրա զբաղեցրած հողամասը 2023 թ. նոյեմբերին ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին:

ԱՕԿՍ-ի շենքի ընդհանուր տարածքը 701,4 քմ է, սակայն վարձակալության մրցույթի է ներկայացվել դրանից 651,6 քմ-ն (1-3-րդ հարկեր), քանի որ շենքի 49,8 քմ մակերեսով նկուղային տարածքը կից է «Թիֆլիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան 3 շենք թիվ 1 շինություն հասցեին, ու «Թիֆլիսը» դիմել է ՊԳԿ-ին՝ այդ նկուղային տարածքը վարձակալելու խնդրանքով:   

Օգոստոսի 17-ին Պետգույքի կառավարման կոմիտեն (ՊԳԿ) հայտարարեց, որ պետությանը վերադարձված Աբովյան 3 հասցեի շենքի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն, որն առաջարկել է 16,2 մլն դրամ ամսական վարձավճար: ՊԳԿ-ն վարձակալության մեկնարկային գին էր հայտարարել 15,4 մլն դրամը:

Կոմիտեն հայտնել է, որ վարձակալողը նախատեսում է 2 տարում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Ըստ վարձակալության նախագծի՝ ԱՕԿՍ-ի շենքում են միավորվելու բարձր արվեստն ու նորաձեւությունը։ Ներդրումային ծրագրի տեսլականն է՝ Երեւանը դարձնել նորաձեւության համաշխարհային կենտրոններից մեկը՝ ստեղծելով բացառիկ համալիր, որտեղ միաժամանակ կներկայացվեն համաշխարհային ու հայկական արվեստի լավագույն նմուշները։ Տարածքում գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» եւ դասական սրճարաններ։ ՊԳԿ-ի տեղեկացմամբ՝ մրցույթի հաղթողին որոշելու համար հաշվի են առնվել անշարժ գույքի համար առաջարկվող ամսական վարձավճարն ու իրականացվելիք ներդրումների չափը։

«Զեթ ընդ Էյ». հագուստի խոշոր ներկրողը

2005 թ. Երեւանում հիմնադրված «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն (Z&A) պատկանում է գործարար եղբայրներ Հայկ եւ Ղուկաս Խաչատրյաններին: Հայկը Կանադայի քաղաքացի է, Ղուկասը՝ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս եւ Նեւիս պետության: Ընդ որում՝ հայկական ընկերության անմիջական սեփականատերը Կանադայում գրանցված Nork Capital Management Inc. ընկերությունն է, որն էլ 50-50 համամասնությամբ պատկանում է եղբայրներին:

Հայկ Խաչատրյան

«Զեթ ընդ Էյ»-ը հագուստի արտասահմանյան հայտնի ապրանքանիշերի ներկրող ու վաճառող է, այդ թվում՝ Ermenegildo Zegna, Emporio Armani, Burberry, Marc Jacobs, Red Valentino, OVS, Coincasa, Polo Ralph Lauren:

2024 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մեջ եղել է 560-րդը: Ընկերությունը 6 ամսում վճարել է 304,5 մլն դրամ հարկ, որի 77 տոկոսը հավաքագրել են մաքսային մարմինները (սա տրամաբանական է, քանի որ այն զբաղվում է ներկրումներով):

Հագուստեղենի այլ ընկերություններ

Խաչատրյաններին է պատկանում նաեւ 2012-ին հիմնադրված երեւանյան «Իսոլա» ՍՊԸ-ն, որն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հագուստի մանրածախ առեւտրով: Այն եւս Nork Capital Management Inc.-ի միջոցով հավասարաչափ պատկանում է եղբայրներին: «Իսոլան» այս տարվա առաջին կիսամյակում եղել է 224-րդ հարկատուն՝ վճարելով 697 մլն դրամ հարկ:

2020-ին Երեւանում հիմնադրվել էր «Պան Եուրոփիան Ֆեշն Գրուպ» ՍՊԸ-ն (Pan European Fashion Group), որի սեփականատերը հունգարական Nork Holding ընկերության միջոցով Ղուկաս Խաչատրյանն էր: Երեւանյան ընկերությունը հետագայում լուծարվել է:

Ղուկաս Խաչատրյան

2023 ու 2024 թթ. էլ կրկին Երեւանում գրանցվել են «Յութու Ռիթեյլ Գրուպ» (Yooto Retail Group) եւ «Յութու Սթորս» (Yooto Stores) ՍՊԸ-ները: Սրանք եւս կանադական Nork Capital Management Inc.-ի միջոցով հավասարաչափ պատկանում են եղբայրներին: Երկու ընկերություններն էլ, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում են ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առեւտրով: Սրանք ներկայացնում են yooto.online հագուստի առեւտրի հարթակը, որի հասցեն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում է ու համընկնում է Nork Holding-ի հասցեին, եւ «Yooto» խանութը:  

Հայկ եւ Ղուկաս Խաչատրյանները, սակայն, միայն հագուստի ներմուծմամբ ու առեւտրով չէ, որ զբաղվում են:

Ձավարեղեն

Նրանց է պատկանում «Մառանիկ» ՍՊԸ-ն (2003 թ.), որն զբաղվում է ձավարեղենի եւ համեմունքների ներկրմամբ, փաթեթավորմամբ ու վաճառքով: Այս ընկերությունում եւս Խաչատրյաններն իրենց մասնակցությունն ապահովում են կանադական Nork Capital Management Inc.-ի միջոցով: 2024 թ. առաջին կիսամյակում «Մառանիկը» նույնպես եղել է 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ընկերությունը վճարած 167 մլն դրամ ընդհանուր հարկերով 960-րդն էր:

Շինանյութ եւ սանտեխնիկա

Խաչատրյան եղբայրները միասին 27 տոկոս ներկայություն ունեն 2001-ից գործող «Իմէքս Գրուպ» ՍՊԸ-ում (հայտնի է «Իդեալ Համակարգ» խանութների ցանցով), որն զբաղվում է շինանյութի եւ սանտեխնիկայի վաճառքով: Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ 183-րդ հարկատուն էր, հարկերի ընդհանուր ծավալը՝ 848 մլն դրամ:

Եթե «Իմէքս Գրուպի» հարկերի 97 տոկոսը հավաքագրել են հարկային մարմինները, ինչը նշանակում է, որ ընկերությունն զբաղվում է իրացմամբ, ապա Խաչատրյաններին փոխկապակցված եւ 2023-ին հիմնադրված «Նորք Հոմ Ռիթեյլ» ՍՊԸ-ն, ըստ էության, կենտրոնացած է վերոնշյալ շինանյութի ու սանտեխնիկայի ներկրումների վրա: Այս ՍՊԸ-ն 2024 թ. առաջին կիսամյակում եղել է 318-րդ հարկատուն՝ վճարելով ընդհանուր 505 մլն դրամ, որի 87 տոկոսը հավաքագրել են մաքսային մարմինները: «Նորք Հոմ Ռիթեյլը» կանադական Nork Capital Management Inc.-ի միջոցով պատկանում է Հայկ Խաչատրյանին:

Ղուկաս Խաչատրյանն էլ 50 տոկոս մասնակցություն ունի «Իդեալ Մաստեր» ՍՊԸ-ում (2018 թ.), որն զբաղվում է տեխնիկական ծառայությունների մատուցմամբ:

Խաչատրյանների՝ շինարարական ոլորտի ընկերություններից է «Լիտոկոլ ԱՄ Կո» ՍՊԸ-ն (Litokol AM Co), որն զբաղվում է շինարարական չոր շաղախի արտադրությամբ: Ընկերությունում 30-ական տոկոս ունեն Ղուկասն ու Հայկը (երկուսն էլ՝ Nork Capital Management Inc.-ի միջոցով), իսկ մնացած 40 տոկոսը իտալական Litokol բաժնետիրական ընկերության միջոցով պատկանում է իտալուհի Դանիելա Կոտտաֆավիին (Daniela Cottafavi):

Nork Capital Management Inc.-ը (այսինքն՝ Խաչատրյանները անուղղակի ձեւով) հիմնադիր է նաեւ հետեւյալ ընկերություններում՝ «Նորք Դիստրիբյուշնս» ՍՊԸ (Nork Distributions, գործունեության տեսակը՝ շինանյութի մեծածախ առեւտուր), «Նորքսիս» ՍՊԸ (Norksys, կանադական ընկերության միջոցով Խաչատրյաններին է պատկանում 52 տոկոսը, գործունեության տեսակը՝ ծրագրային ապահովում):

Շինարարություն

Խաչատրյան եղբայրների բիզնես հետաքրության տիրույթում է նաեւ շինարարության ոլորտը: Կանադական ընկերության միջոցով Հայկն ու Ղուկասը հավասարաչափ կիսում են 2022 թ. Երեւանում հիմնադրված «Նորք Դեվելոփմենթս» ՍՊԸ-ն (Nork Develoments): Ընկերությունը ներքին հարդարման ու ձեւավորման աշխատանքներ է կատարում թե՛ Խաչատրյանների ընկերությունների, թե՛ այլ պատվիրատուների համար: 

Հաշվի առնելով Խաչատրյանների բիզնես ցանցի ծավալներն ու ֆինանսական կարողությունները՝ կարելի է ասել, որ ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության 16,2 մլն դրամ ամսավճարն ու նախատեսվող ներդրումների չափը ամենեւին ծանր բեռ չեն նրանց համար: 

ՀԳ. Չնայած Պետգույքի կառավարման կոմիտեն հայտնել էր, որ վարձակալության մրցույթում հաղթել է «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն, այս հոդվածի հրապարակումից հետո «Կերոն» զարգացման հիմնադրամն ու «Զեթ ընդ Էյ» եւ Maison Marom ընկերությունները հայտարարել են, որ մրցույթում հաղթել են միասին եւ ԱՕԿՍ-ի շենքի նախագիծը համատեղ են իրականացնելու:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter