HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Բաքվում կայանալիք COP29-ին

Ադրբեջանը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) մասնակցելու նպատակով հրավիրել է նաև Հայաստանին։ Այդ մասին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հատարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը։

«Մենք ունենք ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս մեկ օրվա ընթացքում ընդունել մոտ 40 000 հյուրի: Հրավերներ են ուղարկվել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։ Ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Մենք ակնկալում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հայաստանը ևս հրավիրված է»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ համաժողովի շրջանակներում կքննարկվեն ազգային, տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրներ, իսկ համաժողովի հիմնական թեման կլինի կլիմայի ֆինանսավորումը։

Նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակվեց համատեղ մի հայտարարություն, որն արվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի կողմից։ Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ էր արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների: Բացի այդ,  Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն էր հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը։

Ավելի վաղ, հայկական կողմը հայտարարել էր, որ դեռևս որոշում չկա, թե արդյոք Երևանը կմասնակցի այս համաժողովին։ Բացի այդ, երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին համաժողովի նախաշեմին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: 

«Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել դեպի կայուն և հարատև խաղաղություն: Ադրբեջանը պետք է օգտագործի COP29-ի խթանը՝ Հայաստանի հետ խաղաղություն ստորագրելու համար»,- Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերը մեջբերել էր EUobserver կայքը։

Լուսանկարը՝ Euronews-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter