HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորին աջակցող տնտեսագետի հաստիք՝ Հակակոռուպցիոն դատարանում․ ինչ խնդիրներ են տեսնում կողմերը

Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը համալրվել է գլխավոր մասնագետ-տնտեսագետի 2 նոր հաստիքով, իսկ Հակակոռուպցիոն Վերաքննիչ դատարանը՝ առաջատար մասնագետ-տնտեսագետի 1 նոր հաստիքով։ Այս հաստիքների համալրումն արվել է դատարանում Դատական դեպարտամենտի իրականացրած կարիքների գնահատման արդյունքում։ Սակայն հաստիքները դեռևս թափուր են։ Նախատեսված աշխատավարձը գլխավոր մասնագետ-տնտեսագետի համար 160 484 դրամ է՝ առանց հարկերի, իսկ առաջատար մասնագետ-տնտեսագետի համար՝ 139 272 դրամ է՝ առանց հարկերի։

Նշենք, որ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում քննության են ենթակա պետական շահերի պաշտպանությանը վերաբերող և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը։

Քանի որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը ծավալուն են՝ հագեցած տարիների հաշվարկներով, դատարանի աշխատակազմում տնտեսագետի հաստիքի անհրաժեշտություն տեսնում են թե՛ Դատախազությունը, թե՛ փաստաբանական համայնքը, թե՛ դատավորները։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման տարբեր վարույթներով փաստաբան ներգրավված Վահագն Գրիգորյանը նշում է՝ Դատախազությունում կան համապատասխան կրթություն ունեցող անձինք, որոնք հաշվարկներն անում են, իսկ դատարանը պարտավոր է ստուգել այդ հաշվարկների իսկությունը: 

Փաստաբանը կարծում է, որ հաշվարկներ անելիս դատավորի սխալվելու ռիսկը մեծ է, ինչի հետևանքով վճռի հիմքում կարող է դրվել սխալ հաշվարկ։ «Եթե սխալ հաշվարկը դատարանը դրեց իր վճռի հիմքում եւ հայցը բավարարեց, եւ նույնիսկ եթե դատարանի վճիռը բեկանվի, այդ դատավորը, միեւնույն է, պատասխանատվություն չի կրելու, իրեն, մեծ հաշվով,  հետաքրքիր չէ՝ հաշվարկը սխալ կլինի, թե՝ ճիշտ։ Դատարանը շատ լուրջ շահագրգռվածություն չունի, որ ծայրից ծայր միայն ճիշտ հաշվարկ հաստատի, որովհետեւ մի վճռի բեկանում կամ մասնակի բեկանում դատավորի կյանքում, հավատացեք, ոչինչ չի փոխելու դեպի բացասականը։ Շահագրգիռ կողմը միայն պատասխանող անձինք են, որ հաշվարկները ճիշտ լինեն»,- համոզմունք է հայտնում Գրիգորյանը։

Նա նշում է՝ դատարաններին միջնորդում են ֆինանսատնտեսագիտական կամ դատահաշվապահական փորձաքննություն նշանակել, սակայն մերժում են ստանում՝ պատճառաբանությամբ, որ գործ ունեն պարզ մաթեմատիկական գործողությունների հետ՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, տոկոսի հաշվում։ Սակայն փաստաբանը վստահեցնում է, որ հաշվարկները շատ ավելի բարդ գործողություններ են ենթադրում։ «Օրինակ, ավանդների դեպքում տոկոսները հաշվարկվում են անընդհատ, ավանդի գումարը հանվում է, նորից ներդրվում է եւ այլն, եւ այլն»,- ասում է նա։ 

Նշենք, որ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի ձևավորումից՝ 2021թ․ ապրիլի 14-ից ի վեր, ի վեր կա 3 վճիռ։

Վճիռներից մեկն էլ կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանը։ Վերջինս «Հետքի» հետ զրույցում նշում է, որ դատարանի աշխատակազմում ֆինանսիստի առկայությունը կնպաստի, որ վճիռները սահմանված ժամկետում հրապարակվեն։ Դատավորն ասում է՝ չի հասցրել վճիռը հրապարակել օրենքով նախատեսված 15-օրյա ժամկետում, քանի որ հաշվարկները ծավալուն են եղել և 7 օրով հետաձգել է վճռի հրապարակումը։

«15 օրը քիչ էր, որպեսզի կարողանայինք այդ հաշվարկների վրայով անցնել, ստուգել, հասկանալ՝ ճի՞շտ է, ինչ-որ տեղ թերացում կա՞ր, թե՞ ոչ, որովհետեւ թեկուզ եթե հայցվորը Excel ֆորմատով է բերում այդ հաշվարկը, որտեղ բանաձեւեր կան կիրառված, նույնիսկ այդ դեպքում պետք է ճշտել՝ արդյոք բոլոր թվերը ներառված են, եւ արդյոք այդ բանաձեւը աշխատել է, որովհետեւ հնարավոր է, որ զուտ ինչ-որ տեխնիկական վիպակ է եղել, ինչ-որ մի թիվ, մի 0 պակաս գրված լինի, և ամբողջ հաշվարկի տրամաբանությունը փոխվի, իսկ դատական ակտով պետք է այդ տեսանկյունից հստակ եզրահանգումներ կատարվեն»,- նշում է դատավորը։ Ավագյանն ընդգծում է՝ գործը, որի վերաբերյալ վճիռ է կայացրել, քիչ թե շատ թեթեւ գործերից է եղել, որտեղ քիչ գույք է ներառված եղել։

Դատավոր Նարինե Ավագյանի խոսքով՝ ֆինանսիստն անհրաժեշտ է զուտ նրա համար, որ դատարանին օգնի այդ ծավալներով հաշվարկներն ավելի արագ անել։ «Միեւնույն է, ինչքան էլ աշխատակազմը, այդ ներկայացուցիչը հաշվարկներն անեն, դատավորը եւս մեկ անգամ պետք է ամեն դեպքում ստուգի, որ վստահ լինի՝ ամեն ինչ ճիշտ է արվում, հիմա նույն աշխատակազմը, այո, ինչ-որ բաներ բերում է դատավորին, բայց դատավորն է վերջում ստորագրելու ու պատասխանատվություն կրելու այն դատական ակտի համար, որ կայացվում է»,- ասում է նա։

Իսկ տնտեսագետը, ըստ դատավոր Նարինե Ավագյանի, ընդամենը դատարանի աշխատակազմի աշխատակից է լինելու, և քանի որ կոնկրետ դատավորին կցված չի լինելու, միակ պատասխանատվությունը իր նկատմամբ, եթե լավ չկատարի իր աշխատանքը, կարգապահական տույժը, կարգապահական պատասխանավությունը կլինեն՝ ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատումը։ Դատավորը կրկնում է՝ դատական ակտի համար պատասխանատու է այն կայացրած դատարանը։

Հուլիսի 23-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը Հայաստանում» թեմայով «Հետքի» կազմակերպած քննարկման ժամանակ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը ևս հաստատեց, որ դատարանում ֆինանսիստի բացակայությունը խնդրահարույց է։ Նրա կարծիքով՝ հաշվարկները մեծ բարդություն չեն ներկայացնում, բայց այդ հաշվարկներն այնքան շատ են, որ առանց որոշակի գործիքների կիրառման՝ դրանք իրականացնելը շատ մեծ դժվարություն է ներկայացնում։ «Պատասխանող կողմն էլ զուրկ չէ մասնագետներ ներառելու հնարավորությունից, և դատավորը մեծ ծանրաբեռնվածության տակ կարող է մտնել այն դեպքում, երբ պատասխանող կողմը վիճարկի Դատախազության կատարած հաշվարկի արժանահավատությունը»,- ասաց Սիրո Ամիրխանյանը։

Դատավոր Նարինե Ավագյանին ուղղված մեր հարցին, թե Հակակոռուպցիոն դատարանի բացվելիս դատավորները հաշվարկներ կատարելու համար տնտեսագիտական ոլորտի դասընթացներ անցե՞լ են, Ավագյանը նշեց, որ նման թեմայով վերապատրաստում չեն ունեցել։ Նա հաշվարկների հետ կապված վերապատրաստման անհրաժեշտություն չի էլ տեսնում։ «Այստեղ ավելի շատ զուտ մարդ է անհրաժեշտ, որպեսզի աջակցի, օգնի։ Մասնագիտական տեսանկյունից, այո, միգուցե անհրաժեշտություն կլինի զուտ ինչ-որ հմտությունների տեսանկյունից, բայց մեզ համար կարեւոր է, որ հենց լրացուցիչ ինչ-որ մեկը լինի, որ կարողանա դատարանի աշխատակազմին օգնել այդ հարցում»,- ասում է նա։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով, դատավոր Նարինե Ավագյանի խոսքով, դատարանի կողմից իրավական գնահատականը հետևյալն է՝ արդյոք ապօրինի է գույքը, թե՝ ոչ, իսկ թվաբանական տեսանկյունից դատավորը կարիք ունի անձի, որը կարողանա դատարանին աջակցել, որ արդյունավետ ու ողջամիտ ժամկետների շրջանակում կարողանա վճիռը հրապարակել։ 

Դատավոր Նարինե Ավագյանն ասում է՝ 2-ից ավելի հաստիքներ էին ուզել Բարձրագույն դատական խորհրդից։ «Մենք հիմա կարելի է ասել՝ հասնում ենք վճռների կայացման փուլին, բայց այնպես չէ, որ տարբեր դատավորների մոտ միանգամից իրար վրա կգան այդ վճիռները, այսինքն՝ ժամկետային ինչ-որ խզում կունենանք, ու միգուցե այդ 2 մասնագետները կկարողանան ամբողջությամբ աջակցել, բայց այն պահից սկսած, երբ միաժամանակ  սկսենք արդեն գնալ վճիռների հրապարակումներին, կարծում եմ, որ այդ ժամանակ արդեն ֆիզիկապես ուղղակի չեն հասցնի»,- ասում է դատավորը։ Դատավոր Նարինե Ավագյանն ասում է՝ ցանկացել էին, որ յուրաքանչյուր դատավորի 1 հաստիք տրամադրեն, որ մասնագետը կարողանա այդ աջակցությունն իրականացնել։ Իսկ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավորները հինգն են։

Արդարադատության նախարարության խորհրդական Ռուբինա Մխիթարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից Դատական դեպարտամենտը այն մոտեցումն է որդեգրել, որ ոչ թե յուրաքանչյուր դատավորի հաստիքը տրամադրվի, այլ կոնկրետ դատարանին մի քանի հաստիք տրամադրվի։ Ըստ նրա՝ դատարանից էլ արձագանք չի եղել յուրաքանչյուր դատավորին ֆինանսիստ տրամադրելու վերաբերյալ։ «Կարծում եմ՝ պրակտիկան ցույց կտա, թե ինչքանով է արդյունավետ այս մոտեցումը, եթե չէ, ապա վստահաբար կվերանայվի, այսինքն՝ այլ մեխանիզմ կմշակվի»,- ասում է Ռուբինա Մխիթարյանը։ 

Թե ինչու ի սկզբանե այս հաստիքը չէր հատկացվել Հակակոռուպցիոն դատարանին, Ռուբինա Մխիթարյանը պարզաբանում է․ «Շեշտը դրվում է ոչ թե կոնկրետ հաստիքի վրա, այլ կարողությունների զարգացման վրա, ինչը որ փորձում ենք էս միջոցառման («ՀՀ 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության», խմբ․) շրջանակներում ապահովել»։  Ըստ նրա՝ Հակակոռուպցիոն դատարանը պետք է լինի մասնագիտացված, եւ դա է եղել կոնցեպտը, այսինքն՝ կոնկրետ հաստիքների կոնցեպտով առաջ չեն գնացել։

Գլխավոր լուսանկարը պատրաստվել է Midjourney-ով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter