HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհն անցնում է քաղաքացու հողատարածքի միջով. սեփականատերը քանդել է այն

Հեղուշ Հարությունյանն Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքից է։ ԽՍՀՄ տարիներին նա 2 240 մետր հողատարածք էր ստացել Մուղնի-Կարբի բնակավայրերի մեջտեղում։ Տարիների ընթացքում ծառեր է տնկել, մաքրել տարածքը, այգի հիմնել։ 

Հեղուշ Հարությունյանի հողատարածքին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում նա նստարաններ է տեղադրել, որ մյուս հողամասերի տերերն ու ինքը այգիներում աշխատելուց հետո հանգստանալու տեղ ունենան։

2000-ականներից էլ բերել է, վագոն տնակ է տեղադրել ու ամբողջ օրն անցկացնում է այնտեղ։ Հեղուշ Հարությունյանից բացի, ճանապարհի եզրերին 75հա-ի վրա 30-ից ավել այգի ունեցողներ կան։ 

Երեկ՝ օգոստոսի 29-ին, Աշտարակից դեպի Մուղնի և Կարբի գնացող ճանապարհի մի հատված տեխնիկայով քանդվել է: Պարզվում է՝ ճանապարհի այդ հատվածը սեփականատեր ունի եւ, փաստորեն, ճանապարհն անցնում է իր տարածքի միջով։

Տարածքը պատկանում է Սերժիկ Գևորգյանին, ով երկու շաբաթ առաջ եկել և չափագրել է իր տարածքն ու բնակիչներին և հողատարծք ունեցողներին հայտնել, որ ճանապարհն անցնում է իր հողամասի միջով։ Այգիների տերերը բացատրել են, որ դա Կարբի գյուղի այդ թաղամասը և այգիները մայրուղուն կապող միակ ճանապարհն է, բայց Սերժիկ Գևորգյանը ցույց է տվել կադաստրի վկայականն ու ասել, որ դա իր տարածքն է։ 

Նույն օրը ՝ օգոստոսի 29-ին, Սերժիկ Գևորգյանը տեխնիկա է բերել և քանդել ճանապարհը։ Սերժիկ Գևորգյանը նաև ոստիկանության աշխատակիցներին էր հրավիրել, որ կարողանա քանդման աշխատանքներն անխոչընդոտ անել։

Կարբի գյուղի ամառանոցային թաղամասի  բնակիչները մեքենայով չեն կարող դուրս գալ մայրուղի, քանի որ այն ամբողջությամբ քանդված է։ 

Գործարար Աշոտ Խաչատրյանը 2002 թվականին Կարբիում 11 հա հողատարածք է վարձակալել, ապա մի քանի տարի անց  սեփականաշնորհել է այն։ 22 տարվա ընթացքում Աշոտ Խաչատրյանը նույն ճանապարհով է իր հողատարածք գնացել։ Օրեր առաջ իմացել է, որ ճանապարհը սեփականատեր ունի և այն քանդել են։

«Այս ամբողջ ընթացքում մենք այդ ճանապարհով ենք երթևեկել։ Հնարավոր չէր պատկերացնել, թե ինչ կարգի քարքարոտ էր, մենք այդ ճանապարհը մաքրել ենք, նորոգել ենք։ Հայտնվեց մարդը, հասկացանք, որ ճանապարհն անցնում է իր տարածքի միջով, գուցե ինչ-որ թյուրիմացություն է, մենք ասացինք՝ դիմենք Աշտարակի համայնքապետարան, թող ճիշտ ուղով անցկացնեն ճանապարհը, գնացինք, իրենք բացարձակ անտարբերություն ցույց տվեցին, հետո այդ մարդը՝ սեփականատերը, բերեց ոստիկաններ, որոնք կանգնեցին իր կողքին, որ ինքը ճանապարհը փորի։ Այդ ոստիկաններն էլ ոչ թե մտածեցին, որ այնտեղ էդքան այգիներ կան, բնակիչներ են, այլ այս մի կտոր դատակ հողատարածքի մասին»,-ասում է Աշոտ Խաչատրյանը։ 

Այգիների սեփականատերերն ասում են, թե նախկինում երբեք չեն տեսել Սերժիկ Գևորգյանին։ Չեն իմացել, որ այն ճանապարհը, որով 30 տարուց ավելի է, ինչ երթևեկում են, սեփականատեր ունի։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Սերժիկ Գևորգյանի հետ։ Ո՛չ բնակիչները, ո՛չ էլ համայնքապետարանի աշխատակիցները նրանից որևէ կոնտակտային տվյալ չունեին։

«Հետքը» դիմել է նաև Աշտարակի համայնքապետարան։ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե խնդրի մասին օգոստոսի 29-ին՝ աշխատանքային օրվա ավարտին են տեղեկացել։ Այն կուսումնասիրեն, և եթե պարզվի, որ ճանապարհն անցնում է Սերժիկ Գևորգյանին պատկանող տարածքով, ապա բնակիչների համար պետք է նոր ճանապարհ բացեն, իսկ եթե պարզվի, որ քարտեզագրման սխալ կա, իրավական ճանապարհով հարցին լուծում կտրվի։

Չնայած համայնքապետարանում խոսում են նոր ճանապարհի մասին՝ այգիների սեփականատերերը դրան համաձայն չեն, քանի որ նոր ճանապարհով անցնելու համար պետք է մի քանի կմ շրջանցեն։ Բացի այդ, այն քարքարոտ է, և վերանորոգման կարիք կա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter