HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արվեստը և կինը. Ռոմանոս Մելիքյան (մաս 2)

սկիզբը

Իմ տառապող հոգին  ուզեցել է ձգտել միշտ վառության կամ զառ-վառության...

1923 թվականն էր: Մտերմության 4-րդ տարվա ավարտին նա գրեց: «Երբ քեզ հանդիպեցի, չգիտեմ ինչ եղավ և ինչ պետք է լիներ, միայն մի բան ինձ համար մշտական է և անվիճելի, որ թե քո և թե իմ (չեմ ուզում ասած լինել մեր՝ չժխտելու համար թե քո և թե իմ անհատականությունը) մերձեցումը, մտերմությունը պետք է լիներ զար-վառ, հեռու գրքային կյանքից, հեռու ֆալշ ռոմանտիզմից և հեռու քաղքենի վարակումից: Իմ վերաբերմունքը չի արտահայտվել այն լեզվով-լեքսիկոնով, որ գործածում են մեզ շրջապատողները: Մեր խոսելու ձևը տարբեր էր, ինչպես տարբեր էր մեր սիրելու ձևը: Ես չգիտեմ, իմ շրջապատում կա մի զույգ, որ կարողանա  այնպես ինտենսիվությամբ և գեղեցկությամբ զուգորդել անհատական և սոցիալական հաճույքները, ինչպես դու և ես: Ես չգիտեմ, իմ շրջապատի մեջ մի զույգ, որ 4 տարուց հետո այդչափ ձգտի թարմ ու վառ պահել իրենց ամեն մի հարաբերություն, ինչպես դու և ես... Իմ աշխատանքս այս գործում եղել է շատ քիչ, ստեղծել միայն իմպուլսներ քեզ համար՝ լավ Արուսյակին որոնելու ու գտնելու, միայն այսքանը: …Ես էսօր մի համեստ բարեմաղթություն ունեմ, մի խնդրանք դեպի բնությունը-իմ անզուգական Արուսյակիս անզուգական աչքերը, ո՛վ բնություն, զվարթացրու զառ-վառ գույներովդ, ինչպես ես եմ աշխատել զվարթացնել իմ Արուսյակիս սիրտը զառ-վառ ձայներով: Համբուրում եմ աչքերդ` միշտ քո Ռոմանոս»: 

 Մինչ զմրուխտ աչքերը 

1916-ին Ռոմանոս Մելիքյանը մեկնեց Վան՝ նպաստամատույց առաքելությամբ: Նաև՝ ժողովրդական երգեր գրի առնելու հանձնառությամբ: Իսկապես բավական գրառումներ արեց այստեղ: Ազգագրական մեղեդիները գերել էին իրեն: Դրանք հետագայում օգնեցին իր ստեղծագործական կյանքում: Բայց բնիկ հայկական երգերի բացահայտումից և մշակութային ժառանգությունը պահպանելու և վերապրեցնելու համար կատարած գործից ստացած  հոգեկան բավարարվածությանը զուգահեռ նաև ներքին մեծ արհավիրք ապրեց. այն, ինչ տեսավ իր աչքով, հակասում էր տիեզերքի ներդաշնակությանը, բնության օրենքներին. մարդու կողմից մարդու հանդեպ կատարված գերագույն ոճիրը: Եկեղեցում իրար վրա լցված դիակների տեսարանը անընդհատ աչքին էր գալիս:

 «Արվեստի խնդիրը կապված է գերազանցապես արվեստագետի խղճի հետ... » 

Ռոմանոսը մեծ պատրաստակամությամբ ընդունեց Երևան տեղափոխվելու և երաժշտական կյանքը կազմակերպելու հրավերը, որ ստացել էր Խորհրդային Հայաստանի իշխանություններից: Նա էլ իր հերթին Երևանով խանդավառեց Թիֆլիսում գործող մյուս անվանի երաժիշտներին: Հիմնվեց երաժշտական ստուդիան, դրա հիմքի վրա էլ Կոնսերվատորիան: Իսկ 1924 թվականին էլ հերթը հասավ Ստեփանակերտում երաժշտական ուսումնարան հիմնելուն: Արցախի երաժշտական կյանքը արհեստավարժորեն կազմակերպելու համար Ռոմանոսը իր զառ- վառ, զմրուխտ աղջկան էլ վարակեց այդ գաղափարով: 1925-ի հոկտեմբեր 5-ին գրեց Արուսին՝  լուսավորելով Արցախի նյութով: «Մի քանի խոսք Ղարաբաղի և ղարաբաղցիների մասին ՝ Լեռնային Ղարաբաղ-պատմական Արցախն է, բնակիչները բնիկներ, լեզուն տեղական դիալեկտ, լի ժողովրդական հումորով: Ղարաբաղցիները զարմանալի վայելուչ կազմվածք ունեն...: Պառավ կանայք զարմանալի գրացիոզ քայլվածք ունեն-ուղղահայաց: Չկա կեղծ ամոթխածությունը, զարմանալի անմիջական են և քաղքենու հավակնություններից զուրկ: Սիրում են իրենց երկիրը  ոգևորությամբ՝ սկսած Տիգրան Նազարյանից մինչև վերջին գյուղի գյուղացին: Այդ ավերակ վայրը ոտքի են կանգնեցրել երկու տարվա ընթացքում: Շուրջը սարեր են անտառապատ և թփապատ, ասում են նմանվում է Տիրոլին, բայց թե Նազարյանին հարցնես՝ աշխարհում չկա այսպիսի շքեղ անկյուն: Օրական ճաշում են երկու անգամ...հա՜-հա՜-հա՜»: Եվ այսպես՝ Երևան, Ստեփանակերտ, Թիֆլիս: Կազմակերպչական, մանկավարժական, հասարակական աշխատանք, իսկ ստեղծագործականին մնում էր քիչ ժամանակ: Մի խոսքով,  երաժիշտ տաղանդավոր տղաների՝ Սպիրիդոն Մելիքյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Արշակ Ադամյանի, Միքայել Միրզայանի և իր սիրուն քնարական սոպրանո Արուսի հետ, որը Երևանի կոնսերվատորիայի մեներգեցողության առաջին դասախոսը եղավ, կազմակերպում էին Հայաստանյան երաժշտական կյանքը: Դե իհարկե՝  հավաքվելով Ալեքսանդր Սպենդիարյանի շուրջ, որն արդեն 1924-ից Երևանում էր: Ի դեպ՝ Երևանում Ռոմանոսը որոշ ժամանակ ապրել է Սպենդիարյանի տանը: Առավոտները միասին թեյում էին և անցնում գործի: Ճաշն էլ՝ ոնց պատահեր. ով որ տուն հրավիրեր: Իսկ ընթրելու շռայլություն իրենց թույլ էին տալիս միայն համերգներից հետո: Ապրել է նաև Խնկո Ապոր տանը, միշտ զգալով վերջինիս ընտանիքի բարյացկամությունը իր հանդեպ: 1929թ. դեկտեմբերի 12 Արուսին, որ հիմնականում Թիֆլիսում էր լինում, գրում է. «Ես ապրում եմ դեռ Խնկո-Ապոր մոտ, կինը զարմանալի ուշադիր և համբերատար է դեպի այսքան երկար ապրող հյուրը: Տանը ունենք «տովարիշչ» Թամարիկը: Հիշում է քեզ-«մյաու տյոտյային»:

1389.jpg (2.92 MB)

Արուս Բաբալյանը

Իսկ «մյաու տյոտյա»-ն  շատ բազմազբաղ էր հատկապես Թիֆլիսում: Հանաք բան չէ, 1930-ին     Թիֆլիսի Մարջանիշվիլու անվան վրացական թատրոնի կոնցերտմայստերն էր, զուգահեռաբար այդ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոնի երաժշտական մասի ղեկավարը: Ռոմանոսը միշտ սրտատրոփ սպասել է սիրելի կնոջ Երևան գալուն: Արուսի կարիերայի և ապրուստի քիչ թե շատ պատշաճ միջոցներ ունենալու համար նրանք ստիպված էին ապրել երկու քաղաքների միջև: «1934թ. ապրիլ 10, Երևան. ...շարունակ կարոտում եմ քեզ և ուզում եմ  որ իրար մոտ լինենք,  երբեմն թախծում եմ այդ պատճառով: ...Բայց դու համառում ես մնալ  էն հասկացողության մեջ, թէ կյանքն է ղեկավարում մեզ և ոչ թե մենք ենք կյանքին նորանոր բովանդակություն տվողը... Կմտածենք ոնց անենք, որ կարողանանք լավ ապրել և լավ աշխատել:  ...Հ ը՜ ը՜ ը՜, չմոռանաս հետդ բերելու երկու հատ հատակի չհօտկ-Երևանում չի գտնվում: Քո՝ Ռոմանոս»: 

 Տալոն  N 3652

1.Աբոնեմենտը ուրիշին տալն արգելված է:

2.Աբոնեմենտը առանց կնիքի անվավեր է:

3.Կորցրած աբոնեմենտը չի վերականգնվում:

4.Նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամն անցնելուց հետո տալոնը ուժի մեջ չէ:

«Բանկոոպ»-ի գրքույկի մեջ ուտելու իրավունքի դիմաց նվաստացման 4 աստիճանները, որ հայերենով և ռուսերենով  հիշեցնում էին Ռոմանոս Մելիքյանին, որ այն օրը, երբ հանդգնի ուշանալ ճաշարանից, քաղցած կման: Եվ մի ամբողջ ամիս կզրկվի կերակուրից, եթե կորցնի «Տալոն» N3652-ը:   

Գրականության և արվեստի թանգարանի Ռոմանոս Մելիքյանի պահոցի թերևս ամենատխուր փաստաթուղթն էր սա: Գուցե ավելի հուսահատեցնող, քան Արզնի առողջարանի N 54 գրքույկը,  կամ Երևանի քաղաքային 2-րդ հիվանդանոցի՝ 1931թ. հունիսի 19-ից հուլիսի 3-ը միջակայքում    առողջական վիճակի  բնութագիրը՝ տրված բժիշկներ Մանվելյանի և Մելյանի կողմից:

Հիվանդի հասակը 180, քաշը՝ 75.1 կգ

1929թ. սեպտեմբեր 14-ին Արզնի առողջարանում ապաքինվող Ռոմանոս Մելիքյանին բժիշկները նշանակել էին հանքային 17 վաննան և ֆոտոթերապիա: 45-ամյա բուժառուն գանգատվում  էր մեջքի ցավից, դյուրագրգռությունից և ընդհանուր թուլությունից: 1931թ. քաղաքային 2-րդ հիվանդանոցում բժիշկները արձանագրել էին՝ «խրոնիկ նեֆրիտի հիվանդությունը շարունակվում է, կարիք ունի երկարատև դիետիկ բուժման և սննդի»: Երիկամների և թոքերի հիվանդությունները Ռոմանոսը «վաստակել էր» դեռ 1922-ին: Գյումրիում կայանալիք համերգի համար դաշնամուր տեղափոխելիս, Ռոմանոսը օգնում էր բեռնակիրներին: Ինչպես եղավ ՝ վերջիններիս ձեռքից գործիքն ուղղակի ընկավ  հենց նրա մեջքին: Դեպքը կարելի կլիներ զավեշտական համարել, եթե այդքան լուրջ հետևանքներ չունենար:

Ռոմանոս Մելիքյանը անբողջովին սպառեց իր ուժերը՝ Երևանում, Ստեփանակերտում , Թիֆլիսում կազմակերպելով երաժշտական կրթության և երաժշտության մատուցման հարցերը, սպառվեց՝ կարոտելով իր «անպաշտոն» կնոջը, հաճախ էլ ստիպված եղավ դիմադրելու իր պրոֆեսիոնալիզմին նախանձողներին:

1404.jpg (363 KB)

Արուս Բաբալյանը

1935-ին մարտի 30-ին մահացավ Թիֆլիսում: Ամիսներ անց՝ հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայում վախճանվեց Կոմիտասը: Ռոմանոսը միշտ էր պնդում, թե Կոմիտասի ժառանգությունը պետք է ի մի բերվի և պահվի Հայաստանում: Թիֆլիսից նրա աճյունը տեղափոխեցին Երևան: Հետո բերեցին Կոմիտասինը: Եվ արվեստի մեծերի պանթեոնը ՝ արդեն Կոմիտասի անունը կրող,  դարձավ նրանց վերջին հանգրվանը: 

 Ռոմանոսից հետո

Արուս Բաբալյանը շարունակեց ծառայել երաժշտությանը: Իսկ ժամանակ հետո ամուսնացավ  թատրոնի ռեժիսոր, դերասան Ալեքսանդր Աբարյանի հետ: Նրանց նույնպես կապել էր արվեստը, անշուշտ, Արուս Բաբալյանի զմրուխտ աչքերը և հավերժ կանացի էությունը: Նույն ժամանակամիջոցում նրանք աշխատել են Թիֆլիսի հայկական պետական դրամատիկական թատրոնում՝ Արուսը որպես երաժշտական մասի պատասխանատու, Աբարյանը՝ գլխավոր ռեժիսոր: Ապա, երբ Ալեքսանդրը Գյումրիի թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, Արուս Բաբալյանն էլ դասավանդում էր այստեղի Կարա Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում:

Աբարյանը մահացավ Գյումրիում, բայց ուզեց թաղվել Թիֆլիսում: Գուցե որովհետև Արուսն էր այնտեղ ապրում:

Ինչ հիմար ամիս է փետրվարը. Միայն 28 օր... 

Թիֆլիսը տակնուվրա արեց ընտիր սուլուգունի ճարելու հույսով: Դարչոյի մոտ չկար, մի կերպ ինչ-որ տեղից գտավ: 2 կգ գնեց: Բայց կուլ չէր գնում առանց, թերևս, իր ամենից երկար և գաղտնի հրապուրանքի: Որոշեց ուղարկել Երևան:

Տարիքով իրենից բավական փոքր խոստումնալից, գեղեցկադեմ տղամարդուն նա սիրահարվել էր դեռ շատ վաղուց: Երբեք  մտքից  դուրս չեկավ տաղանդավոր այդ արտիստը: Արուսը միշտ քաջալերեց և հպարտացավ նրա հաջողություններով: Անգամ բանաստեղծություններ ձոնեց նրան: Գրեց սիրառատ նամակներ, սլացավ Երևան, սպասեց հանդիպման և հեռախոսազանգի, ինչ-որ պահից ՝ ապարդյուն: Նամակներն անպատասխան էին մնում, հեռախոսը  լռում էր, ժամադրությունները՝ չեղարկվում: Հերթական անգամ Արուսը Երևանում էր: Փետրվար ամիսն էր: Բայց  մարտի սկզբին պետք է անպայման Թիֆլիս վերադառնար: Իսկ նա դեռ սպասում էր հանդիպման: Հակառակի պես էլ փետրվարը կարճ ամիս էր, մարտը շուտ եկավ և, չհանդիպած, մեկնեց: Զգացումները խառնված էին: Զարմանալի կին էր Արուս Բաբալյանը: Մինչև առաջացած տարիք, մինչև մահ մնաց նույն կրքոտ և սիրառատ կինը, հատկապես իր ծածուկ սիրո համար:

«Դու միշտ իմ գարունն ես եղել, սրտիս գարունը և կմնաս այդպիսին մինչև իմ օրերի ավարտը»: Սա ո՛չ Ռոմանոս Մելիքյանին , ոչ էլ Ալեքսանդր Աբարյանին  էր վերաբերում:

Գլխավոր լուսանկարում՝ Ռ. Մելիքյանը, Ավ. Իսահակյանը, Մ. Սարյանը

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter