HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Փաշինյանի կառավարության միլիարդանոց «նվերը» նախկին պաշտոնյայի որդուն 

Նախկին իշխանության հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի որդին՝ Ալֆրեդ Սադոյանը, իր 33-ամյակի օրը՝ օգոստոսի 29-ին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հրաշալի «նվեր» է ստացել: 

Այդ օրը գործադիրը չզեկուցվող կարգով կայացրել է մի որոշում, որով Ա. Սադոյանի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին (Next Gen Sports) պիտի օտարի «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն: Սա պետական ընկերություն է, որն իր հաշվեկշռում ունի Երեւանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող շուրջ 2 հա հողամաս: Բայց սա ամենը չէ: Նույն որոշմամբ Կառավարությունն անհատույց օգտագործման իրավունքով 1,85 հա մակերեսով անշարժ գույք է տրամադրելու Սադոյանի ընկերությանը Ավան վարչական շրջանում: 

Կրթությամբ իրավաբան, դիվանագետ ու տնտեսագետ Ալֆրեդ Սադոյանն այս հողամասերում նախատեսում է սպորտային ներդրումային ծրագիր իրականացնել աշխարահռչակ իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ: 

Հիշեցնենք, որ Ռուբեն Սադոյանը 2007-2017 թթ. ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից, իսկ 2017-2022 թթ. ՀՀ դեսպանն էր Վրաստանում: Ալֆրեդ Սադոյանն էլ, ըստ իր LinkedIn-ի էջի, 2013-2018 թթ. աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ 2018-ի մայիս-հոկտեմբերին եղել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի օգնականը: 2021-2023 թթ. կրտսեր Սադոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ-ի կարգավորող մարմինն է) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի օգնականն էր։ Քամալյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2020-2024 թթ., իսկ վերջերս՝ օգոստոսի 27-ին, նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: 

Սադոյանները վաղուց նաեւ բիզնեսի սեփականատեր են: 

Այդուհանդերձ, «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն նոր ընկերություն է. հիմնադրվել է Երեւանում այս տարվա փետրվարին, սեփականատերն ու տնօրենը Ա. Սադոյանն է: Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ զբաղվում է սպորտի բնագավառում կրթական գործունեությամբ, իսկ ներդրումային ծրագրից տեղեկանում ենք, որ ընկերության հիմնական խնդիրը եւ նպատակը Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Սակայն, կրկին ՊԵԿ-ի համաձայն, ՍՊԸ-ի գործունեությունը ներկա պահին ժամանակավոր դադարեցված է: 

Մասնավորեցվող ընկերությունն ու 1,9 հեկտար հողամասը «Հրազդան» մարզադաշտի մոտ

«Հրազդան մարզահամալիր» պետական ՓԲԸ-ն 2006-ի դեկտեմբերին ներառվել է մասնավորեցվող պետական գույքի ցանկում: Փաստորեն, մինչեւ այս վերջին գործարքը պետությունը փորձում էր օտարել այդ ընկերությունն ու դրան պատկանող գույքը: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը հանձնվել էր ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին (ՊԳԿԿ): 

2023-ի մարտին Կառավարությունը որոշել է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող եւ ՓԲԸ-ին պատկանող հողամասից 1,55 հա-ն առանձնացնել եւ նվիրել Երեւան համայնքին՝ «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նոր մարզաբազա կառուցելու համար (մարզադպրոցը ներկայում գործում է Երեւանի Մոսկովյան 3 հասցեում, որի վերակառուցումը նպատակահարմար չի համարվել): Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ նշված 1,55 հեկտարի վրա (հասցեն՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 2/2, վերեւի քարտեզում՝ մանուշակագույն) շինարարությունը մեկնարկելու է 2024 թ. երկրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր): Կառուցվելու է ավելի քան 530 մարզիկի համար նախատեսված  մարզական կառույց: Շինարարության վերջնաժամկետը 2026 թվականն է, քանի որ մարմնամարզության 2027 թ. Եվրոպայի առաջնությունից առաջ (այն ընդունելու է Երեւանը) այստեղ փորձնական մրցումներ են անցկացվելու: 

2024 թ. հունիսին էլ Կառավարությունը որոշել է «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ի մնացած 2 հա հողամասից որպես նվիրատվություն վերցնել 0,1 հա-ն (վերեւի քարտեզում՝ շագանակագույն) եւ ապա ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին: Ծիծեռնակաբերդի խճուղի 2/1 հասցեի այս հողամասի վրա է գտնվում «Արարատ-73»-ին նվիրված ֆուտբոլիստների արձանախումբը, որը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ եւ բացվել է 2016 թ.: 

Եվ ահա օգոստոսի 29-ին գործադիրը որոշեց պետական ՓԲԸ-ն իր մնացած բոլոր ակտիվներով ու պարտավորություններով օտարել Ալֆրեդ Սադոյանի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին: 

Դեռ 2023-ի դեկտեմբերին կատարվել էր գնահատում, ինչի արդյունքում պարզվել էր, որ «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն ունի 3,23 մլրդ դրամի ակտիվ եւ 19 մլն դրամի պարտավորություն: Ընկերության ակտիվը եղել է 2 հա հողամասը Ծիծեռնակաբերդի խճուղու վրա, որից 0,1 հա-ն (շուկայական արժեքը՝ 192 մլն դրամ), ինչպես վերեւում ասվեց, վերցվել ու հանձնվել է ՊԳԿԿ-ին: Այդպիսով՝ մնացել է 1,9 հա հողամասը (հասցեն՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3, հողամասում (վերեւի քարտեզում՝ դեղին) կա 948 քմ մակերեսով շենք-շինություն, առկա է նաեւ 128 քմ ինքնակամ շինություն), որը գնահատվել է 3 մլրդ 37 մլն դրամ: Սրա հիման վրա էլ Կառավարությունը «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանել է 3 մլրդ 37 մլն դրամ, բայց թույլ է տվել, որ Սադոյանն այդ գումարը վճարի 10 տարում:

YerevanHybrid map of Yerevan — Yandex Maps
Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 հասցեն

Պարզվում է, սակայն, որ պետական ընկերությունն ուղղակի վաճառքով օտարելու եւ գումարը հետագա 10 տարում վճարելու նախագիծը, որը կազմել է ՊԳԿԿ-ն եւ ներկայացրել նրա վերադաս ՏԿԵՆ-ը, Կառավարության ներսում հարցեր է առաջացրել: 

Ինչու՞ ուղղակի վաճառք՝ տարաժամկետ վճարումով, այլ ոչ թե մրցույթ

Նախապես ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել էր 1,89 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարությունն առաջարկել էր հստակեցնել, թե ինչով է պայմանավորված 10 տարի տարաժամկետ վճարման տարբերակի ընտրությունը, եթե տարեկան վճարման գումարը կազմելու է ընդամենը 189 մլն դրամ: Առաջարկը չի ընդունվել ՏԿԵՆ-ի կողմից հետեւյալ հիմնավորմամբ. «Տարաժամկետ վճարումը հնարավորություն կտա ներդրողին ֆինանսական միջոցներն ուղղել ՀՀ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, որը իր հերթին կնպաստի ՀՀ կառավարության ռազմավարության իրականացմանը»: 

Ֆիննախը նաեւ նշել է, որ անհասկանալի է կոնկրետ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ի ընտրությունը։ «Կարծում ենք՝ շուկայում կան այլ կազմակերպություններ, որոնք ունեն ակումբներ հիմնելու, նմանատիպ ներդրումային ծրագրեր իրականացնելու փորձառություն, որոնք կարող են ներկայացնել առավել մրցունակ պայմաններ,- նկատել է ՖՆ-ն ու շարունակել,- ինչպես նաեւ առաջարկվող նախագծով առանց մրցույթի անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու (նկատի ունեն Ավանում գտնվող գույքը - հեղ.) եւ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձեւով իրացնելու արդյունքում նվազելու է պետության եւ/կամ համայնքի եկամուտներ գեներացնելու հնարավոր բազան, անհրաժեշտ է ներկայացնել պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի  այլընտրանքային օգտագործման արդյունքում հնարավոր եկամուտների վերաբերյալ հաշվարկներ, օրինակ՝ վարձակալությամբ տրամադրման կամ վաճառքի դեպքերում, իսկ ինչ վերաբերում է ՓԲԸ-ին, ապա անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն հիմնավորում՝ ինչու՞ է ՓԲԸ-ի մասնավորեցումը լավագույն լուծումը, արդյո՞ք դիտարկվել են ՓԲԸ-ի գործունեության իրականացման տարբերակներ, որոնք կարող էին առավել շահավետ լինել պետության համար»:

Այս դիտարկում-առաջարկը եւս չի ընդունվել ՏԿԵՆ-ի կողմից, որն արձագանքել է այսպես. ««Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ի նպատակը Երեւանում երկու տեղակայումով (Կենտրոն եւ Ավան - հեղ.) ակադեմիայի ենթակառուցվածքներ կառուցելն է, հետեւաբար նախագծով առաջարկվում է բաժետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձեւով»։ Ինչպես տեսնում ենք, ՖՆ-ի տրամաբանական դիտարկումների մեծ մասն անպատասխան է մնացել: 

Ֆիննախն առաջարկել է Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 հասցեի հողամասն (1,9 հա) օտարել մրցույթով. «Հաշվի առնելով ներդրումային ծրագրեր իրականացնելու նկատմամբ այլ ընկերությունների կողմից հնարավոր հետաքրքրությունը, ինչպես նաեւ պետական միջոցների օգտագործման արդյունավետության հնարավորինս բարձր մակարդակի ապահովումը, առաջարկում ենք նշված հասցեում գտնվող հողամասի օտարումն իրականացնել մրցութային կարգով՝ հնարավորություն ստեղծելով այլ ընկերություններին եւս ներկայացնել նշված հասցեում հնարավոր ներդրումային ծրագրեր»: ՏԿԵՆ-ն այս առաջարկը եւս չի ընդունել՝ փոխարենն առաջարկելով այն քննարկել ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում։

Ուզում էին 1,85 հա հողը նվիրել 25 տարով, հետո որոշել են հանձնել անհատույց օգտագործման

Բացի «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն եւ նրան պատկանող ու Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող 1,9 հա հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելուց՝ Ալֆրեդ Սադոյանի ընկերությունը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ստացել է Ավան վարչական շրջանում՝ Աճառյան 20/4 հասցեում գտնվող 1,85 հա հողամասը (ներքեւի քարտեզում՝ դեղին), որի վրա առկա են 4949 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինություններ եւ 6664 քմ մակերեսով ֆուտբոլային խաղադաշտ: Ամբողջ անշարժ գույքը գնահատվել է մոտ 3,8 մլրդ դրամ:

Ընդ որում՝ պետությանը պատկանող այս գույքը Կառավարությունը հետ է վերցրել ԿԳՄՍՆ-ին ենթակա «Խաղային մարզաձեւերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ից եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ-ից, որոնց տարիներ առաջ եւս տրվել էր անհատույց օգտագործման իրավունքով:

Հետաքրքիր է, որ նախապես ծրագրվել էր գույքը 25 տարով նվիրել «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին՝ պայմանով, որ ժամկետի վերջում, կատարված ներդրումներով հանդերձ, այն վերադարձվելու է պետությանը: Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչությունը նկատել է, որ դա օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց տարբերակ է, քանի որ նվիրատվության միակ պայմանը կարող է լինել գույքի կիրառությունը որոշակի նշանակությամբ: Սրանից հետո որոշվել է գույքը հանձնել անհատույց օգտագործման տարբերակով: 

YerevanMap of Yerevan with street names and house numbers — Yandex Maps
Աճառյան 20/4 հասցեն

Այս որոշման ֆոնին ստացվել է այնպես, որ ԿԳՄՍՆ-ին ենթակա «Խաղային մարզաձեւերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը զրկվել է գույքից: Եվ ահա նախնական քննարկումների ժամանակ ԿԳՄՍՆ-ն առաջարկել է նախագծում ներառել մի կետ, որով ՏԿԵ նախարարին կհանձնարարվի առաջիկայում Կառավարություն ներկայացնել մեկ այլ նախագիծ՝ նշված ՊՈԱԿ-ին անհատույց եւ անժամկետ oգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին: ՏԿԵՆ-ը նման կետ չի ներառել, բայց առաջարկել է հարցը քննարկել ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում:

Ի՞նչ ծրագիր է իրականացնելու Ալֆրեդ Սադոյանը

Աճառյան 20/4 հասցեում «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն նախատեսում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ֆուտբոլային ակադեմիա եւ ենթակառուցվածքներ, որոնք կներառեն խաղադաշտեր, վերականգնողական զոնա, մարզասրահ, լողավազան եւ այլն: Լինելու է 4 մարզադաշտ՝ մեծ, միջին եւ 2 հատ փոքր: Կառուցվելու է հյուրանոց-կացարան, որը հնարավորություն կտա մարզերում բնակվող եւ առավել տաղանդավոր երեխաներին հաճախել մարզումների Երեւանում գործող ակադեմիա: Հյուրանոցը հասանելի է լինելու նաեւ ֆուտբոլային թիմերի ու օտարերկրացի զբոսաշրջիկների համար: 

Ըստ ներդրումային նախագծի՝ ակադեմիայում մարզումներն իրականացվելու են միջազգային լավագույն փորձն ունեցող մարզական ծրագրերով, ներգրավվելու են եվրոպացի մարզիչներ, դիետոլոգներ եւ ֆուտբոլային վերլուծաբաններ, իսկ հայ մարզիկները հնարավորություն են ունենալու խաղային պրակտիկա ձեռք բերել արտերկրում: Ակադեմիայում գործելու են նաեւ կանանց ու աղջիկների ֆուտբոլային խմբեր:

Ներդրումային ծրագիրն իրագործելու համար «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն այս տարվա ապրիլի 2-ին պայմանագիր է կնքել աշխարահռչակ իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հետ՝ Հայաստանում հիմնելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա, այսինքն՝ Սադոյանի ձեռք բերած երեւանյան տարածքներում գործելու է Իտալիայի 36-ակի չեմպիոնի ակադեմիայի հայկական տարբերակը: Իտալական կողմի հետ պայմանագրի գործողությունը դադարեցնելու դեպքում սպորտային համալիրը կշարունակի ծառայել իր հիմնական նպատակին: 

Կառավարության որոշման համաձայն՝ Ալֆրեդ Սադոյանի ընկերությունն Ավանում փուլ առ փուլ պետք է կատարի 1 մլրդ դրամի ներդրում անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելուց հետո՝ 5 տարվա ընթացքում: Եթե ձեռքբերողը խախտի իր ներդրումային պարտավորությունները, նախատեսված են տուգանքներ: Ավելին՝ ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման: 

Ինչ վերաբերում է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի գործարքին, ապա այս ընկերությունը ձեռք բերելուց հետո՝ կրկին 5 տարվա ընթացքում, «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն պարտավորվել է Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 հասցեում փուլ առ փուլ կատարել 1,2 մլրդ դրամի ներդրում: Մասնավորապես՝ կառուցվելու են ֆուտբոլային ակադեմիայի մասնաշենք, խաղադաշտեր, ձեռք են բերվելու սարքավորումներ եւ տեխնիկա, իրականացվելու է բարեկարգում եւ կանաչապատում: 

Մինչեւ ՓԲԸ-ի օտարման գործարքի գնի՝ 3 մլրդ 37 մլն դրամի ամբողջական վճարումն ու ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը բաժնետոմսերն ու 1,9 հա հողամասը համարվելու են գրավադրված պետության օգտին: Այդ ընթացքում «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն անշարժ գույքի նկատմամբ գործարքներ իրականացնելիս պետք է ստանա Պետգույքի կառավարման կոմիտեի համաձայնությունը: Սահմանվել է նաեւ, որ մասնավորեցումը չի կարող հանգեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի հանրային նշանակության փոփոխությանը, իսկ գնորդը պարտավորվում է 25 տարի ժամկետով պահպանել դրա գործունեության հիմնական ուղղությունը (ըստ ՊԵԿ-ի՝ ՓԲԸ-ն զբաղվում է սպորտային օբյեկտների գործունեությամբ)։

Գույքի վաճառքի գնի 70 տոկոսն (2,1 մլրդ դրամ) ուղղվելու է ՀՀ պետբյուջե, իսկ 30 տոկոսը (911 մլն դրամ)՝ Երեւան համայնքի ֆոնդային բյուջե:

Ներդրումներն ուշացնելու դեպքում նախատեսված են տուգանքներ, իսկ եթե «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն խախտի նաեւ տուգանքների վճարման եւ չկատարած ներդրումներն ամբողջացնելու ժամկետները, ապա ՊԳԿԿ-ն դիմելու է դատարան՝ գնորդին պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու կամ պայմանագիրը լուծելու, ինչպես նաեւ պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու եւ (կամ) օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով:

Առաջին նկարի ձեւավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter