
«Ֆլայ Արնան» զրկվեց օդանավ շահագործողի վկայականից
Հայկական «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը («Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ), որի գլխին սկսեցին սեւ ամպեր կուտակվել նախորդ տարեվերջին, այսօր վերջնականապես զրկվեց կոմերցիոն գործունեություն ծավալելու առանցքային փաստաթղթից՝ օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ): Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կայքից։
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ն այս տարվա մարտի 7-ին 6 ամսով կասեցրել էր ավիափոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը, քանի որ ընկերությունը չուներ օդանավ: Ըստ ՀՀ օրենսդրության, ՕՇՎ ունեցող ավիաընկերությունը պետք է լինի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ գոնե ունենա օդանավի վարձակալության (ենթավարձակալության) մասին հուշագիր, այլապես նրա ՕՇՎ-ի գործողությունը կկասեցվի առավելագույնը 6 ամսով, եւ այս ընթացքում փոխադրողը պետք է քայլեր ձեռնարկի՝ օրենսդրական նշված պահանջը բավարարելու համար: Չբավարարելու դեպքում նրա վկայականի ուժը կորցրած կճանաչվի:
Ավիաընկերությունը ՕՇՎ ստացել էր 2022 թ. մայիսի 5-ին, իսկ կոմերցիոն թռիչքները մեկնարկել էր նույն տարվա հուլիսի 3-ին: Վերջին նման թռիչքը եղել է այս տարվա հունվարի 16-ին, ինչից հետո «Ֆլայ Արնայի» միակ ինքնաթիռը կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում: Փետրվարի 26-ին այս բորտը տեղափոխվել է Շարժա, իսկ մարտի 6-ին դուրս է բերվել հայկական ռեգիստրից: Սրա հիման վրա էլ ՔԱԿ-ը կասեցրել է ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը:
Այդուհանդերձ, նախորդ տարեվերջից արդեն պարզ էր, որ լուրջ կոնֆլիկտ կա հայ-արաբական օպերատորի շուրջ: Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնայի» 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ է:
«Հետքը» գրել է, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջեւ հակասություններ են ծագել համատեղ ձեռնարկության կառավարման ու ֆինանսական ներդրումների հարցերի շուրջ, ինչն էլ հանգեցրել է դրա գործունեության դադարեցմանը:
- Ինչու՞ փակվեց «Ֆլայ Արնան». արդյոք այն չդիմացավ մրցակցությանը, ինչպես ասում է Փաշինյանը
- Ինչու՞ ձախողվեց հայ-արաբական «Ֆլայ Արնան». Կառավարության արձագանքն ու աշխատողների բացահայտումները
Ներկայում քննարկումներ են ընթանում «Ֆլայ Արնայի» լուծարման վերաբերյալ, սակայն, դատելով իրադարձություններից, հայկական ու արաբական կողմերը համաձայնության չեն գալիս: Նկատենք, որ վատ վիճակում է նաեւ ավիաընկերության հայկական բաժնետեր ԱՆԻՖ-ը, որը եւս լուծարման ճանապարհին է:
«Ֆլայ Արնան» իր գործունեության ընթացքում հասցրել է նաեւ պարտքեր կուտակել, եւ պարտատերերի թվում առանձնանում են ավիաընկերության շուրջ ինը տասնյակ աշխատակիցները: Վերջիններս հայտնվել են հայկական ու արաբական բաժնետերերի վեճի արանքում ու այս պատմության մեջ ամենաշատ տուժողներից են:
Լուսանկարում՝ «Ֆլայ Արնայի» ինքնաթիռները՝ «Զվարթնոցում» (արխիվ, ավիաընկերության ֆեյսբուքյան էջից)
Մեկնաբանել