HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արմօյլ»-ը Եղվարդում բիտումի և քսայուղերի գործարանի ՇՄԱԳ նախագիծ է ներկայացրել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարար Հենրիկ Դերղոկասյանին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ն Եղվարդում բիտումի և քսայուղերի գործարանի շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագիծ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն (ՇՄՆ)։ ՇՄԱԳ նախագիծը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում։

Ինչպես նշված է նախագծում, «Արմօյլ» ընկերությունը նախատեսում է Եղվարդ քաղաքի արդյունաբերական գոտում կազմակերպել բիտումի օքսիդացման գործարան, որը կներառի նաև քսայուղերի պատրաստման և փաթեթավորման տեղամաս։ Բնական բիտումը (ձութ) օգտագործվում է ճանապարհաշինական աշխատանքներում։ Գործարանի շահագործմամբ, ըստ ընկերության ներկայացրած նախագծի, կստեղծվի 250 նոր աշխատատեղ 250-300 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նախապատմություն

«Արմօյլ» ՓԲԸ-ի կառուցած գործարանը գտնվում է Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում, որտեղ տեղակայված են արդյունաբերական և արտադրական մի շարք ձեռնարկություններ։ Բիտումի և քսայուղերի գործարան կառուցելու նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս 2015 թվականին, սակայն շինարարական տեմպերը դանդաղել են ֆինանսական խնդիրների պատճառով։ 2017 թվականին «Արմօյլ» ՓԲԸ-ի 50 տոկոս բաժնետոմսերը ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանը, որն այդ ժամանակ դեռևս ԱԺ պատգամավոր էր։ Ծառուկյանի՝ բաժնետոմսեր ձեռք բերելուց հետո գործարանի շինարարությունը արագընթաց շարունակվում է և մոտ երկու տարվա ընթացքում՝ ավարտվում։

Շինարարության ավարտից հետո, սակայն, գործարանում արտադրություն չի իրականացվում, որովհետև գործարանի շահագործման հետ կապված կային մի շարք իրավական, ինչպես նաև բնապահպանական հարցեր, որոնց պատասխանները այդպես էլ չէին տրվել։ Ընկերությունը դեռևս 2018 թվականին երկու անգամ ՇՄԱԳ նախագիծ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն (ՇՄՆ-ի նախկին անվանումը), սակայն երկու դեպքում էլ փորձաքննական կենտրոնը փաստաթղթերը վերադարձրել է՝ լրակազմ չլինելու պատճառով։ Դրանից հետո «Արմօյլ» ընկերությունը, մասնավորապես գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին, շարունակաբար պնդում էին, որ իրենց նախատեսած գործունեությունը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, մինչդեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդածի 4-րդ մասի 3.բ կետը սահմանում է, որ նավթավերամշակման արտադրությունը քիմիական արդյունաբերության ուղղություն է և ենթակա է փորձաքննության:

Եվ հենց այստեղ է, որ բախվում էին ընկերության և Բնապահպանության նախարարության կարծիքները, տարաձայնությունը հիմնականում բառախաղի արդյունք էր։ Ընկերությունը պնդում էր, թե իրենք նավթ չեն վերամշակում, այլ՝ նավթամթերք, իսկ «նավթամթերքի վերամշակում» արտահայտությունը վերը նշված օրենքով սահմանված չէ։ Այս հարցը նույնիսկ երկար քննարկվեց Կառավարության նիստում։ Այդ նիստի ընթացքում քննարկվում էր «Արմօյլ» ՓԲԸ-ին դեռևս 2015թ․ տրված հարկային արտոնության ժամկետը ևս երեք տարով երկարաձգելու հարցը, որն արդյունքում ընդունվեց, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հստակեցնել օրենքի ձևակերպումները։

Այս քննարկումներին զուգահեռ գործարանի կառուցումն առաջացրել էր նաև Եղվարդի Նատի թաղամասի բնակիչների դժգոհությունը, որոնք բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով թույլ չտալ գործարանի շահագործումը, քանի որ ըստ նրանց՝ այն լուրջ վնաս կհասցնի բնակավայրի շրջակա միջավայրին։

ArmOil (2).jpg (1.30 MB)
Նատի թաղամասի բնակելի գոտին և «Արմօյլ»-ի գործարանը

Ի վերջո, ընկերությանը երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնության հասնել Կառավարության հետ գործարանի շահագործման հարցում։ 2019 թվականին՝ գործարանի շինարարությունն ավարտելուց հետո, այն մինչև օրս էլ շահագործման չի հանձնվել։ 

Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքային խումբ էր ստեղծվել

2021 թվականի հուլիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիր և մեկամսյա ժամկետում վարչապետին ներկայացներ «Արմօյլ» ՓԲԸ-ի կառուցած գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի առաջարկած համապատասխան լուծումները՝ ճանապարհային քարտեզի տեսքով:

2021թ․ հոկտեմբերին գրավոր հարցում էինք ուղարկել միջգերատեսչական աշխատանքային խմբի նախագահ Արմեն Ղուլարյանին, որն այդ ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր։ Խնդրել էինք հայտնել, թե ի վերջո ուսումնասիրության ընթացքում ի՞նչ էր պարզել աշխատանքային խումբ։ Հարցման պատասխանում ասվում էր, որ ներկայացվել են մի շարք առաջարկներ՝ հակահրդեհային, սանիտարահիգիենիկ և շրջակա միջավայրի վրա ազդեցության պահանջների ապահովման տեսանկյունից։

Ինչպես արդեն նշեցինք, գործարանում շինարարական աշխատանքներն ավարտվել են 2019 թվականին։ Գործարանում երկար ժամանակ որևէ աշխատանք չէր իրականացվում, նույնիսկ փլվել էին գործարանի գրասենյակային շենքի արտաքին երեսպատման սալիկները։ Երկար դադարից հետո ընկերության գործունեության մասին կրկին հայտնի դարձավ այս տարվա ապրիլին, երբ Եղվարդ քաղաքի արվեստի դպրոցի դահլիճում կայացավ ընկերությանը՝ արտադրություն կազմակերպելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ առաջին հանրային լսումը։

Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 26-ին, «Արմօյլ» ՓԲԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել բիտումի և քսայուղերի գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծ։ Փորձաքննական կենտրոնի կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում գործարանն արդեն իրավական հիմքեր կստանա արտադրություն սկսելու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter